Հոկտեմբեր 08, 2018 06:55 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանից «Կերպարանափոխում» ռադիոբեմադրությունը շահեց Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների միության (ABU) լավագույն ռադիոբեմադրության մրցանակը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների միության (ABU)55-րդ նստաշրջանի փակման հանդիսության ընթացքում ABU-ի լավագույն ռադիոբեմադրության մրցանակը հանձնվեց իրանական «Կերպարանափոխություն» ռադիոբեմադրությանը:

Մեհդի Ազարիի բեմադրած «Կերպարանափոխություն» ռադիոբեմադրությունն անդրադառնում է թմրամոլ անձի վրա հոգեմետ դեղերի ազդեցությանը:

ABU-ի տարեկան մրցանակը հանձնվում է հեռուստատեսային յոթ ռադիոյի յոթ անվանակարգերում Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների միության անդամների լավագույն արտադրանքներին:

ԻԻՀ-ն այս միության ակտիվ անդամներից է:

 

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի ընթացքում նշվելու է Իրանում տպագրության հիմնադրման 380-ամյակը:

Գերմանիայում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդության և Սպահանի հայոց թեմի համագործակցությամբ, Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսի ընթացքում, Իրանում տպագրության հիմնադրման 380-ամյակին նվիրված նիստ է գումարվելու:

Իրանում և Միջին Արևելքում առաջին տպարանի հիմնադրման 380-ամյակին նվիրված նիստը գումարվելու է հոկտեմբերի 10-ին:

Միջոցառման ժամանակ ցուցադրվելու է առաջին անգամ 1638 թվականին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում պատրաստված տպագրության սարքի միջոցով տպագրված «Սաղմոսարան»-ի առաջին էջը, որը բնօրինակը պահվում է Բրիտանիայի թանգարանում:

Տպագրության այս սարքն առանձնանում է նրանով, որ դրա պատրաստման համար Խաչատուր վրդ. Կեսարացին չի ընդօրինակել Գուտենբերգի պատրաստած սարքը և ստեղծել է իր սեփական սարքը:

Այն պայմաններում, երբ արևմտյան ԶԼՄ-ներում Իրանից խեղաթյուրված պատկեր է ներկայացվում, այս միջոցառումն ու ցուցադրությունը կարևոր են այն տեսակետից, որ վկայում են հայերի և մուսուլման իրանցիների միջև եղած մշակութային առնչությունների մասին:

 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ նվիրատվության արարողություն:

Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Արմինե Մինասյանն իր հոր անձնական գրադարանից Մատենադարանին նվիրաբերեց 21 միավորից բաղկացած, 1668-1912 թթ. տպագրված հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արմինե Մինասյանի խոսքով` իր և հոր ցանկությունն է, որ թանկարժեք գրքերը Հայաստանում  լինեն: «Եթե արտասահմանում որևէ մեկն ունի թանկարժեք մի իր կամ գիրք, թող բերի Հայաստան. այս հողի վրա պետք է մնա ու հավերժանա»,- նշեց Մինասյանը:

Լևոն Մինասյանի դուստրը պատմեց, որ իր հայրն ուներ 3000-ից ավել գիրք և շարունակ հազվագյուտ գրքեր էր փնտրում:

«Նոր Ջուղայում նրան գրքեր էին  բերում տալիս, իսկ ինքը շարունակ փնտրում էր հազվագյուտ գրքեր: Նա սովորեցնում էր, թե ինչպես գրքերին վերաբերվել: Գրքի հանդեպ իր հարգանքը և սերը շատ մեծ էր, և մեզ այդպես էր դաստիարակում»,- ընդգծեց Մինասյանը:

Մինասյանը հավելեց, որ 2015 և 2016 թվականին  նվիրաբերել է հազվագյուտ և թանկարժեք գեղանկարներ և գրքեր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով՝ Արմինե Մինասյանը Մատենադարանին նվիրաբերել է շատ արժեքավոր գրքեր: «Լևոն Մինասյանը ամբողջ հոգով ու սրտով կապված էր Հայաստանին և մշտական կապի մեջ է եղել Մատենադարանի հետ: Նա տարիների ընթացքում  54 արժեքավոր ձեռագրերեր է նվիրել Մատենադարանին, և համարվում է ամենախոշոր նվիրատուներից մեկը»,- շեշտեց Տեր-Ղևոնդյանը:

«Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրություն

 

Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «Մուսկարի» ասոցիացիան հայտարարում են, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում բացվել է «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրությունը։

ԳԱԿ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ, ցուցադրության շրջանակներում կներկայացվեն հայտնի իրանցի լուսանկարչուհու հիսուներեք աշխատանքներ: Շադի Ղադիրյանի յոթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ և այլն:

«Ցուցադրությունը յուրահատուկ անդրադարձ է՝ բացահայտելու լուսանկարչուհու ներաշխարհը և աշխարհընկալումը, որոնք մեզ են փոխանցվում թվացյալ պարզ, սակայն միանգամայն խորունկ պատկեր-ուղերձներով»,-նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. հոկտեմբերի 6-ից մինչև  դեկտեմբերի 23-ը:

Ցուցադրության կատալոգի տպագրությունը հովանավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր չի եղել միայն հայտնի երգիչ, այլ նաև կինոյի լեգենդ է, ով նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։ Ֆրանսիական «Սեզար» 44-րդ մրցանակաբաշխություն նվիրված կլինի Շառլ Ազնավուրին։

«Շառլ Ազնավուրը բացարձակ արտիստ է։ Երգիչ էր, երգահան, երգեր է գրել նաև ֆիլմերի համար... նա նաև մեծ դերասան է, ով գրել է սցենարներ։ Նրա կարիերան կինոյում հիանալի է»,- հաղորդագրության մեջ նշել է  ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի (Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի) նախագահ Ալեն Թերզյանը՝ հավելելով, որ  «Սեզար» 44-րդ մրցանակաբաշխությանը Ազնավուրին հարգաքի տուրք կմատուցվի, որը  տեղի կունենա փետրվարի 22-ին։

Ազնավուրը նկարահանվել է  «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո»,  «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Արարատ» և այլ ֆիլմերում, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:

Հիշեցնենք, որ Շ. Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Հոկտեմբերի 5-ին աշխարհահռչակ երգչին նվիրված Ազգային հարգանքի տուրքի միջոցառում էր Ֆրանսիայի Հաշմանդամների տանը։ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում ու Արցախում սգո օր է հայտարարվելու։

 

«Հովեր» պետական կամերային, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Սպեղանի» երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը գեղեցիկ համերգային ծրագրով շնորհավորեցին Կոմիտասի ծննդյան 149-ամյակը:

Համերգային երեկոն անցկացվեց հոկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Մեր հանրապետության լավագույն երգչախմբերը կներկայացնեն Կոմիտասի   խմբերգերը, հայ կոմպոզիտորական դպրոցի  ներկայացուցիչների ստեղծագործություններ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների խմբերգային գործեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նշեց փառատոնի կազմկոմիտեի անդամ Դավիթ  Ղազարյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ Կոմիտասը  հոգևոր և աշխարհիկ խմբերգերի, մեներգերի այնպիսի հարուստ ժառանգություն է թողել, հիմնված ազգային երաժշտության վրա, որը պետք է ամբողջ աշխարհը ճանաչի:

Մլքեյանը շեշտեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հատկապես մեր երկիրը պետք է քայլեր ձեռնարկի Կոմիտասի գործերը հանրահռչակելու համար: «Որպեսզի աշխարհը ճանաչի հայ ազգին, պետք է ճանաչի մեր մշակույթը: Կարծում եմ՝ մենք շատ քիչ ենք աշխատում այդ ուղղությամբ, այնինչ Կոմիտասի թողած ժառանգությամբ պետք է հիանա ողջ աշխարհը»,- ընդգծեց նա:

Համերգային ծրագրի ընթացքում երգչախմբերը կատարեցին Կոմիտասի, Յոհաննես Բրամսի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտին Վարդազարյանի և այլ սիրված կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Միջոցառումն անցկացվեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում:

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» 

 

«Միայն Էդուարդ Տեր-Ղազարյանին հաջողվեց մեծ հանճարներ Չապլինին և Պագանինիին տեղավորել ասեղի անցքի մեջ, ստեղծել աշխարհի ամենափոքր ջութակը... Նրա միկրոգլուխգործոցները որպես նվեր ստացան Ռոքֆելլերը, Ինդիրա Գանդին, Խրուշչովը, Եղիսաբեթ II-ը և այլք»։  Աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան 95-ամյակի առթիվ հոկտեմբերի 9-15-ը տեղի կունենա «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  Այցելուները հնարավորություն կունենան առաջին անգամ Երևանում պապի գլուխգործոցների կողքին տեսնել նաև նրա անվանակից թոռան միկրոաշխատանքները։

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը, որի հեղինակը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն է:

Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս Պապի աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրել էր Սրբազան Քահանայապետին: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ, Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղել էր և շնորհակալություն հայտնել:

Ավելի ուշ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարգևատրել էր  հայ վարպետին։

«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոն

 

Այս տարի լրանում է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնի 10-ամյակը, որն իր ձևաչափով, ճանաչելիութամբ և ընձեռած հնարավորություններով միակն է տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, 2018 թվականը նշանավորվում է Հայկական անիմացիայի 80-ամյա հոբելյանով:

Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «ՌեԱնիմանիա»-ի 10-րդ փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։ Փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

Մոնսերատ Կաբալյե

 

Բարսելոնայում 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, երգչուհին սեպտեմբերի վերջին բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում:

Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե ծնվել է 1933 թվականի ապրիլի 12-ին: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից:

2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: