Հոկտեմբեր 25, 2018 06:23 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իտալիայի «Կրոնն այսօր» 21-րդ միջազգային կինոփառատոնում իրանական կինոն նվաճել է երեք մրցանակ: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Իտալիայի  «Կրոնն այսօր» 21-րդ միջազգային  փառատոնի միջազգային բաժնում ժյուրիի հատուկ մրցանակին և Դեյվիդ Զուրդանի անվան շքանշանին է արժանացել Սաիդ Նեջաթիի «Անձրևը դանդաղ է գալիս»  կարճամետրաժ ֆիլմը: Շահրիար Փուրսիդյանի Վերադարձ ֆիլմը նվաճել է «Կանանց հայացք» բաժնի հատուկ մրցանակը:

«Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնը հիմնադրվել է 1997 թվականին: Փառատոնի գլխավոր թեման աշխարհի ժողովուրդների ավանդական կյանքի ու հավատալիքների միջև կապն է: Փառատոնի անցկացման նպատակն է տարբեր մշակույթների ու հավատալիքների միջև ստեղծել երկխոսության ու խաղաղության մշակույթ:

«Կրոնն այսօր» 21-րդ միջազգային կինոփառատոնը կայացել է հոտկեմբերի 4-11-ը Իտալիայի Տրենտո քաղաքում:

«Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր»

 

«Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսում ներառված են ձեռագրեր, հնատիպ գրքեր,  քարտեզներ, լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել դարերի ընթացքում հայերի և ֆրանսիացիների միջև ձևավորված մշակութային, պատմամշակութային հարաբերությունների և փոխազդեցությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում անցկացվող 17-րդ գագաթնաժողովի շրջանակում իրականացվող միջոցառումը բացվեց հոկտեմբերի 11-ին Մատենադարանում:

«Կան ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են չորրորդ դարը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները ավելի են ակտիվացել խաչակիրների ժամանակաշրջանում: Պետք է փաստենք, որ այդ ժամանակ ֆրանսիացիների աչքին հայերը հերետիկոսներ էին, բայց կապերն ակնառու էին»,- նշեց ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը շեշտեց, որ շատ է կարևորում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված  ցուցահանդեսը:

«Գագաթնաժողովի ընթացքում ուրախալի փաստ եմ արձանագրել: Տարբեր երկրների ղեկավարներն իրենց ելույթներում առանձնակի  ընդգծում էին մշակույթի դերը ժողովուրդների, ազգերի, պետությունների մերձեցման հարցում: Դա ևս մեկ առիթ է արձանագրելու, որ մեր մշակույթով, մեր առանձնահատկություններով հետաքրքիր ենք աշխարհին և պետք է շարունակենք հանրահռչակել այն»,- շեշտեց նախարարը:

Ջիվան Գասպարյան

 

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 90 տարեկան: Վաղ առավոտից հանրաճանաչ երաժիշտը շնորհավորանքներ էր ստանում աշխարհի տարբեր երկրներից, սակայն, ինչպես ինքն է ասում, բացարձակ տրամադրված չէ տարեդարձը տոնելու:

«Մեծանուն մարդ, իսկական ընկեր ու բարեկամ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորուստն ինձ համար ծանր էր: Հետևաբար` ես տրամադրված չեմ և չեմ կարող իմ տարեդարձը տոնել: Սիրտս տխուր է…Շառլ Ազնավուրի հետ մենք պայմանավորվել էինք, որ նա ֆրանկոֆոնիայի օրերին գալու էր Հայաստան, միասին նշելու ենք իմ 90-ամյակը, միասին ձայնագրություններ պետք է անեինք, բայց չստացվեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Ջիվան Գասպարյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին, Ջիվան Գասպարյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին Երևանում կանցկացվի համերգ, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Ես չեմ ուզում դրսից մարդիկ հրավիրվեն, ցանկանում եմ, որ բեմում լինեն ազգությամբ հայ իմ ընկերները: Բեմում կլինեմ ես, իմ սաները, երաժշտական ոլորտի իմ ընկերները: Այդ երեկոն նվիրված կլինի ինձ: Կհնչեն իմ գրված, ինչպես նաև ժողովրդական երգեր: Ի դեպ, ես Գյումրիին նվիրված երգ եմ գրել, որը նույնպես այդ երեկո կհնչի»,-ասաց Ջիվան Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդման: 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը: Նույն թվականին անգլիացի երաժիշտ Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին»,  «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն:

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:

 

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործի կատարմամբ տրվեց կոմպոզիտորի երաժշտության 3-րդ փառատոնի մեկնարկը: Բացման համերգին հոկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Երեկոյի ընթացքում, բացի վերնոշյալ ստեղծագործությունից, նվագախումբը ներկայացրեց «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար,  Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները:

Նշենք, որ Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ:

Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում:

«Սպիտակ»

 

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող  ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմն ընդգրկվել է 2019թ. «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում: Ֆիլմն առաջադրվել է Հայաստանի կողմից, ընդգրկված է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Բացի Հայաստանից, այս անվանակարգում ներկայացված է ևս 86 երկրից  ֆիլմեր։ Մալավին և Նիգերն առաջին անգամ  են դիմել։

«Օսկարի» հավակնորդները հայտնի կդառնան 2019 թվականի հունվարի 22-ին։

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թ. փետրվարի 24-ին։

Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ»  ֆիլմը  1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին է: Նկարահանվել է երկրաշարժի 30-րդ տարելիցին: Թեև ֆիլմն անվանվել է «Սպիտակ», ռեժիսորը ֆիլմի առաջին մասը նկարահանել է Ղրիմում, երկրորդ մասը` Հայաստանում։

Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում: Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր: Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած: Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները: Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ: Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել:

Սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է։ «Սպիտակ» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։

Դոն Ասկարյան

 

Բեռլինում հոկտեմբերի 6-ին վախճանվել է հայ կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը:

Դոն Ասկարյանը ծնվել է 1949 թվականին, Ստեփանակերտում: 1967 թվականին Մոսկվայում ուսուցանել է պատմություն և արվեստ, եղել է ռեժիսորի օգնական, ֆիլմերի քննադատ, աշակերտել է Անդրեյ Տարկովսկուն: 1973 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ 1975-1977 թվականներին աքսորվել է Սիբիր՝ Խորհրդային բանակում ծառայությունից հրաժարվելու համար, 1978 թվականին ԽՍՀՄ-ից արտաքսվել է Արևմտյան Գերմանիա, որտեղ էլ կնոջ՝ Մարգարիտի հետ ստեղծել է «Մարգարիտ Ոսկանյան» կինոֆիրման։

Հայաստանի անկախությունից հետո վերադարձել է հայրենիք և սկսել նկարահանել ֆիլմեր:

Ասկարյանի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից՝ARD, WDR, ZDF, Channel 4, 3 sat, Arte և այլն։ «Վտանգավոր լույս» գրքի հեղինակն է։ Լուսանկարների անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի Նարեկացի արվեստի կենտրոնում, որտեղ ներկայացրել է 1969 թվականից Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում և շատ այլ վայրերում կատարած աշխատանքներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երևանում և այլուր։

Հայտնի կինոռեժիսորի գործերից են՝ «Կոմիտաս», «Լեռնային Ղարաբաղ» (ցուցադրվել է գերմանական հեռուստատեսությամբ), «Ավետիք», «Փարաջանով», «Հին հռոմեական ճանապարհին»,«Արարատ. 14 տեսանկյուն», «Հայրիկ» ֆիլմերը:

Դոն Ասկարյանը բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր է՝ Վենետիկի կինոփառատոնի 6 մեդալ («Կոմիտաս» ֆիլմի համար), Ոսկե տեսախցիկ «Միջազգային ԱՐՏ կինոփառատոնում վաստակի համար»,Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակ և այլն:

«Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողով

 

Արամ Խաչատրյանի տուն - թանգարանում հոկտեմբերի 25-27-ը տեղի է ունենալու երկօրյա միջազգային գիտաժողով «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և տուն – թանգարանի հիմնադրման 40 ամյակներին:

Տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գիտաժողովի մասնակիցների թվում են նաև կոմպոզիտորի ուսանողները, անվանի երաժիշտներ և հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիա, Գերմանիա, Եգիպտոս, Լատվիա, Տաջիկստան, Ռուսաստանի Դաշնություն, Թաթարստան, Վրաստան: Գիտաժողովին ներկա է լինելու նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ հայտնի արվեստագետ Մոսկվայից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջանների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մասնագետները:

Գիտաժողովի նպատակն է նորովի լուսաբանել Արամ Խաչատրյանի ժառանգության տեղն ու դերը 21-րդ դարի երաժշտական աշխարհում:

Արթյուր Ռեմբո

 

Փարիզում Sotheby's աճուրդում 405 հազար եվրոյով վաճառվել է ֆրանսիացի բանաստեղծ Արթյուր Ռեմբոյի նամակը։

Պարբերականը նշում է, որ բանաստեղծը նամակը գրել է քրոջը 1891 թվականին։

Ըստ աղբյուրի՝  նամակում Ռեմբոն արտահայտվում այնպես, ինչպես վախեցած ու միայնակ մարդը: Սակայն նամակի բովանդակությունը չի ներկայացվում:

«Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon)

 

Անանուն գնորդը, ով Sotheby's աճուրդում ձեռք էր բերել  բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի «Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon) կտավը, չի  հրաժարվի գործարքից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են աճուրդային տնից։

Հիշեցնենք, որ Բենքսիի կտավը 1 042 000 եվրո վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը։

Sotheby's-ի ներկայացուցիչը պատմել է, որ Բենքսիի կտավի գնորդուհին եվրոպացի հայտնի կոլեկցիոներ է։

«Երբ անցած շաբաթ  աճուրդի ժամանակ հարվածեց փայտիկը և նկարը կտրտվեց, սկզբում ես շոկի մեջ էի, բայց կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ այժմ իմ հավաքածուում կլինի արվեստի պատմության մի մաս»,- ասել է նկարի սեփականատերը։

The Wall Street Journal  թերթը նշել է, որ այժմ նկարն այլ անուն ունի՝ «Սեր՝ աղբամանում»։