Նա գալու է (Նվիրված Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնին)
Հունվարի 6-ն Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է, ով խաղաղության մարգարեն է համարվում և վերջին փրկչի աջակիցը: Այս հաղորդումը նվիրում ենք բոլոր նրանց, ում սիրտը բաբախում է միակ Աստծո հույսով և ովքեր սիրում են Հիսուսին:
Ողջույն աստվածային բոլոր մարգարեներին, որ ինչպես բարեբեր անձրև, մաղում են ծարավ հոգիների վրա և մարդու թառամած հոգին աստվածային կատարյալ անձրևով թարմացնում:
Աստծո ողջույնը Հիսուսին, որ վերակենդանացրեց մեռածներին ու արթնացրեց քնածներին: Ողջույն նրա հետևորդներին, որ հետևելով Հիսուսին, նրա և մյուս աստվածային մարգարեների գաղափարները տարածում են: Շնորհավոր Հիսուս Քիստոսի ծնունդը:
Տարբեր լեզուներով շնորհավորում են Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը
Մարդու արարումից առ այսօր, աստվածային բոլոր մարգարեները, որ ուղարկվել են միակ Աստծո կողմից, մարդկանց համար բերել են մի միասնական պատգամ, որը ցույց է տալիս, թե որն է երջանկության ու փրկության ճանապարհը: Այդ մարգարեներից է Հիսուսը, ով իսլամի մարգարեից 621 տարի առաջ, ծնվեց Բեթղեհեմում: Այս վեհապանծ մարգարեն, բացի նրանից, որ իր հետ երկնային գիրք բերեց, հրաշափառ ծնունդ ունեցավ: Նա, չունենալով հայր, երկնային հրաշքով, ծնվեց մաքրամաքուր Մարիամից:
Ղուրանի Մարիամ սուրահի 16-21-րդ այաներում, Աստված Մարիամի մասին ասում է. «Այս գրքում (Ղուրանում), հիշիր Մարիամի կյանքը: Աստծուն պաշտելու համար հեռացավ իր մերձավորներից ու գնաց մզկիթի արևելյան հատվածն ու նրանց առաջ մի վարագույր իջեցրեց: Հենց այս ժամանակ, մենք մեր սուրբ հոգուն` Գաբրիելին, ուղարկեցինք նրա մոտ: Գաբրիելը նրա մոտ հայտնվեց մարդկային կերպարով: Մարիամը վախեցած ասաց. «Ես ապավինում եմ Աստծուն»: Գաբրիելն ասաց. «Ես մարդ չեմ: Ես ուղարկվել եմ, որպեսզի քեզ ընծայեմ մի որդի, ով մեծանալու է արժանի կերպով»: Մարիամն ասաց. «Ինչպես կարող ես ինձ որդի նվիրել, երբ որևէ տղամարդ ինձ հետ չի շփվել և ես անմաքուր չեմ եղել»: Գաբրիելը պատասխանեց. «Իրականությունն այն է, ինչ ես ասացի: Քո Աստված հրամայել է և սա ինձ համար հեշտ է: Մենք այսպես քեզ որդի ենք տալու, որպեսզի կատարվի այն, ինչ պետք է կատարվի և նա հանդիսանա մեր բարության աղբյուրն ու նրա արարումն այսպիսով անկասկած լինի»:
Այն ժամանակաշրջանը, երբ Մարիամը հղի էր իր որդով, տարբեր կերպ է ներկայացվում: Որոշ աղբյուրների համաձայն, Մարիամը հղի է եղել 6 ամիս: Այլ աղբյուրների համաձայն` նա հղի է եղել 9 ժամ, ինը ամսվա փոխարեն: Երբ Մարիամի երկունքի ցավերը բռնեցին, նա հեռացավ ու գնաց մի չոր արմավենու մոտ: Նա վախենում էր, որ մարդիկ կքննադատեն իրեն ու Աստծուց խնդրում էր որ մահանա: Սակայն Աստծո կամոք, Հիսուսը, որ նոր էր ծնվել, սկսեց խոսել ու ասաց. «Մի տխրիր: Եթե մեկին տեսար, որ քեզ անհանգստացնում է, ես նրան կպատասխանեմ: Դու պահք պահիր և ասա, որ լռության պահք ես պահում հանուն գթառատ Աստծո»: Ապա Մարիամը, ամուր սրտով, իր որդուն գիրկն առած, վերադարձավ իր ժողովրդի մոտ: Մարդիկ սկզբում նրա մասին վատ կարծիքներ հայտնեցին, ասելով. «Ով Ահարոնի դուստր, դու շատ վատ արարք ես գործել: Քո ծնողներն անբարոյական չէին, դու ինչու այդպիսին դարձար»: Մարիամը հասկացրեց, որ լռության պահք է պահում և խնդրեց բոլոր հարցերն ուղղել իր որդուն: Մարդիկ զարմացած հարցրին. «Մենք ինչպես ենք կարող խոսել մի նորածին երեխայի հետ»:

Հենց այստեղ էր, որ մարդիկ առաջին անգամ տեսան Հիսուսի հրաշքը, քանի որ այդ ժամանակ, Աստծո կամքով, Հիսուսը խոսեց մարդկանց հետ: Նա ասաց. «Ես Աստծո ծառան եմ: Նա ինձ նշանակեց որպես մարգարե, ինձ տվեց երկնային գիրք և շնորհաշատ արարած նշանակեց: Նա ինձ պատվիրել է աղոթել, քանի դեռ կենդանի եմ: Նա ինձ պատվիրել է բարի լինել մորս հետ և ինձ դժբախտ ու անհնազանդ չի արարել: Ուրեմն ողջույն այն օրվան, որ ես ծնվեցի, այն օրվան, որ մեռնելու եմ և այն օրվան, որ մարգարե եմ հռչակվելու»:
Հիսուսն իր ծնվելուց մի քանի ժամ հետո, իր մոր անմեղությունն ապացուցեց, և ներկայացրեց իր առաքելությունը: Սակայն այդ ժամանակ նա դեռ չէր ստանձնել աստվածային կրոնը քարոզելու ու մարդկանց առաջնորդելու պատասխանատվությունը: Բացի այդ, նրա կյանքին սպառնում էին մի խումբ հրեաներ: Այդ պատճառով, Աստված հրամայեց, որ Հիսուսը տեղափոխվի ապահով վայր, որտեղ մեծանա ու պատրաստվի իր առաքելության համար: Ինչպես որ Աստված իր մյուս մարգարեներին էր հրաշք գործելու կարողություն տվել, Հիսուսին էլ օժտեց այդ կարողությամբ, որպեսզի նա ապացուցեր իր մարգարե լինելը: Հրաշքներից մեկն այն էր, որ Հիսուսը կավից թռչուններ էր սարքում, այնուհետև փչում դրանց վրա և դրանք կենդանանում էին: Բացի այդ, Աստված Հիսուսին օժտել էր կույրերին ու բորոտներին բուժելու և մեռյալներին կենդանացնելու կարողությամբ: Նա Աստծո հրամանով կենդանացրեց բազմաթիվ մարդկանց: Նա կարողանում էր ասել, թե մարդիկ իրենց տներում ինչ են կերել կամ պաշարել: Այս ամենով հանդերձ, Հիսուսի հետևորդների թիվը մեծ չէր: Երբ Հիսուսը հայտնվեց, Իսրայելի ժողովրդի առաջնորդները վտանգ զգացին ու սադրանքներ նյութեցին նրա դեմ: Նրանք Հիսուսին համարում էին խոչընդոտ իրենց ցանկությունների համար ու որոշեցին նրան սպանել: Սակայն Աստված թաքցրեց նրան թշնամիներից ու նրանք ձերբակալեցին մի մարդու, ով նման էր Հիսուսին: Քրիստոնյաներն ու այլ կրոնների հետևորդները հավատացած են, որ նրա թշնամիները խաչեցին նրան մի ուրբաթ օր: Սակայն մահից երեք օր անց, նա հարություն առավ ու համբարձվեց երկինք: Սակայն Ղուրանը մերժում է Հիսուսի սպանվելն ու խաչվելը, ասելով, որ մարդիկ Հիսուսին չեն խաչել, այլ մեկ ուրիշ մարդու: Եվ Աստված հենց ինքը նրան իր մոտ է կանչել:
Այո, Աստված պահպանեց նրան թշնամիներից ու տարավ երկինք, որպեսզի հարմար ժամանակ վերադարձնի երկիր: Հիսուսի վերադարձը մարդկանց փրկության համար է ու նաև նրա համար, որ ստեղծվի մի գեղեցիկ աշխարհ: Չորս ավետարանների ասելով, Հիսուսը վերադառնալու է ու կռվելու է բռնատերերի դեմ և նրանց ոչնչացնելուց հետո, մարդկությանն ուղեկցելու է դեպի փրկություն, նրանց տալով կատարյալ կյանք: Հենց այդ պատճառով է, որ նրանք պետք է սպասեն նրա հայտնվելուն, ստեղծեն պայմաններ, որպեսզի նա վերադառնա: Ավետարանում այս կապակցությամբ ասվում է. «Կապեք ձեր գոտիներն ու վառեք լույսերը: Եղեք նրանց նման, որ սպասում են իրենց առաջնորդին: Նա գալու է այն ժամանակ, երբ չեք սպասում»: Եվ այս վերադարձը համընկնելու է որոշ բնական, քաղաքական ու հասարակական իրադարձությունների հետ: Մուսուլմանները նույնպես հավատացած են, որ Հիսուսը վերադառնալու է: Սուննի ու շիա տարբեր աղբյուրներում խոսվում է այդ մասին: Իսլամի մեծ մարգարեն այդ մասին ասում է. «Ինչպես կլինեք, երբ Մարիամի որդի Հիսուսն իջնի ու առաջնորդի ձեզ»: Մեկ այլ տեղ ասվում է, որ Հիսուսն իմամ Զամանի հետևում կանգնած աղոթելու է: Դա պատճառ կդառնա, որ նրանք, որ սպասում են Հիսուսին, հակվեն դեպի իսլամ: Այլ խոսքով, Աստծո իմաստությունը պահանջում է, որ Հիսուսը գնա երկինք, այնուհետև վերադառնա, որպեսզի մարդկանց առաջնորդի դեպի իմաստություն:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք խաղաղության, բարեկամության և մտքի ու հոգու առողջության մարգարեի ծնունդը: Շնորհավորում ենք Հիսուսի ծնունդն ասելով. «Ողջույն քեզ, ողջույն այն օրը, որ ծնվեցիր և այն օրը, որ վերադառնալու ես»: (Մարիամ սուրահի 33-րդ այա):