Խայյամի պոեզիան ու գաղափարները (Նվիրված Խայյամի մեծարման օրվան)
Մայիսի 18-ն Իրանցի մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ Օմար Խայյամ Նեյշաբուրիի մեծարման օրն է: Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում:Ընկերակցեք մեզ:
Հմուտ բանասերներն արվեստի ուժով շունչ են հաղորդում բառերին ՝ դրանք կերապարանափոխելով ու վերակենդանացնելով: Բառերն առօրյայում հաղորդակցության պարզ միջոցներ են, սակայն երբ դրանք հայտնվում են պոետի ձեռքում, դառնում են գեղարվեստական գլուխգործոց, որը կարող է սրտեր գերել ու հույզեր արթնացնել: Բանասերը նպատակ չունի միմիայն լեզվի օգնությամբ ինչ որ միտք փոխանցել մեկ ուրիշի: Նա չի ցանկանում բառերով հասնել մտքերի միաձուլման: Նրա վեհ նպատակը սրտակցելն է:
Իրանցի մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ ՝ Օմար Խայյամ Նիշաբուրին ապրել է լուսնային հիջրեթի 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբին,(փրկչական 11-րդ դարի վերջերին և 12-րդ դարի սկզբին): Նա դարձել է աշխարհահռչակ բանաստեղծ շնորհիվ իր սակավաթիվ, սակայն միաժամանակ բովանդակալի ու իմաստալի ստեղծագործությունների: Նա մեծ համբավ է վայելել նաև գիտության այլ ճյուղերում: Խայյամի ստեղծագործությունները հանրահայտ են դարձել բանաստեղծի մահվանից հետո: Այսօր նաև արևելքում ու արևմուտքում Խայյամին ճանաչում են իր քառյակներով ՝ ռուբաիներով:
Օմար Խայյամի քառյակների հավաքածուն համարվում է աշխարհի գրական պատմության ամենափոքրածավալ հավաքածուն: Ինչպե՞ս է նման փոքրածավալ ստեղծագործություն հատում ճանաչելիության սահմանները և նրա տողերը լսելի են դառնում ամենահեռավոր երկրներում: Ինչպես ասել է Վիլ Դորանտը, փոքրիկ գիրքն ինչպի՞սի փիլիսոփայական մտքեր է արտահայտում: Խայյամի քառյակներում ի՞նչ խորհուրդ է թաքնված: Պարսից գրականության աշխարհում կան մեծ թվով բանաստեղծներ, որոնք իրենց ստեղծագործությունները համեմել են փիլիսիփայական մտքերով : Սակայն Խայյամը շարունակում է մնալ բարձրունքում: Դա Խայյամի բանաստեղծական տողերում թաքնված գրավչության ու նրբության արդյունքն է: Գրավչություն ու նրբություն, որոնք գերել են բրիտանացի բանաստեղծ Ֆիտզ Ջերալդին և նա նպատակադրվել է 1859 թ.-ին ներկայացնել այդ տողերի ազատ թարգմանությունը: Հենց այս թարգմանությունը նպաստեց Խայյամի պոեզիային ու գաղափարներին աշխարհի ճանաչմանը: 1859 թվականից մինչև 19-րդ դարի վերջը , ինչպես Արբերին է ասում, Ֆիթզ Ջերալդի կողմից թարգմանված Խայյամի բանաստեղծությունները հրատարակվել են 25 անգամ և մինչև 1929 թվականը, Խայյամի բանաստեղծական տողերից ներշնչված, 410 անգամ հրատարակվել են բանաստեղծի քառյակները, հրատարակվել են ավելի քան 700 գրքեր, գրվել են հոդվածներ, կատարվել են երաժշտական մշակումներ և թատերական ներկայացումներ : Այս թվերը վերջին տարիներին ավելացել են: Խայյամի տիեզերական համբավի մասին են վկայում տարբեր մեծությունների բերած փաստերը: Խայյամի բանաստեղծությունների թարգմանիչ Արբերիի և բրիտանացի գեղանկարիչ ու պոետ Ֆրեդ Ռիչարդզի վկայությամբ, Բրիտանիայում և ԱՄՆ-ում չի կարելի գտնել ուսանողի գրադարան, որտեղ չկա Խայյամի բանաստեղծությունների թարգմանությունը: Ասում են, թե բրիտանացի զինծառայողները երկրորդ աշխարհամարտի ժամանակ, գիրքը վերցրել են իրենց հետ: Պատմում են նաև, որ Խայյամի քառասուն քառյակներից հյուսած ասացվածքներ ու երգեր կան տարբեր ազգերի մշակութային գանձարանում:
Խայյամը պարսից գրականության խորհրդավոր ու առեղծվածային բանաստեղծներից մեկն է : Դարեր շարունակ խոսվելէ նրա մասին: Կան տարաձայնություններ այն հարցում, թե Խայյամը եղե՞լ է բարեպաշտ, թե՞ անհավատ բանաստեղծ: Պոետի երկակի անհատականության շուրջ տարաձայնությունները մի սխալ ընկալման հետևանք են: Փաստորեն մարդիկ յուրովի են հասկացել և վերլուծել Խայյամին: Նրանք, ովքեր ունեն միստիկական հակումներ, Խայյամին վերլուծում են իրենց եղանակով ՝ ուռճացնելով ու ընդգծելով նրա բանաստեղծական տողերում թաքնված կրոնական կողմերը : Մյուս խումբը ցանկանում է Խայյամի բանաստեղծությունը հասկանալ աշխարհիկ ցանկությունների ստվերում:
Պետք է նկատել, որ բանաստեղծի ստեղծագործությունները չեն արտացոլում նրա կյանքը: Այլ խոսքով, բանաստեղծությունը պոետի կենսակերպի հետ ոչ մի առնչություն չունի: Բանաստեղծական տողերը թաքցնում են նրա կենցաղը ՝ այլ ոչ թե բացահայտում: Ուրեմն, չի կարելի պոեզիայից հասկանալ, թե ինչպի՞սի կյանքով է ապրել բանաստեղծը : Պոեզիան պոետի ֆանտազիայի և ներքին ապրումների բախման արգասիքն է:
Խայյամը աստվածաճանաչ ու բարեպաշտ բանաստեղծ է : Նա խորհում է արարչության շուրջ: Իր մտքերի արտահայման համար, Խայյամն ընտրել է քառյակի ձևաչափը : Քառյակներում միտքը պետք է արտահայտել ընդամենը չորս տողերում: Քառյակի առաջին երեք տողերում բանաստեղծը հիմքն է դնում չորրորդ տողում ասվող մտքի: Պետք է լինել շատ հզոր այս կարճ տողերում խորը մտքեր արտահայտելու և ընթերցողի վրա տպավորություն թողնելու համար: Այս կախարդական ուժը Խայյամի քառյակներում դրսևորվում է բառերի ճիշտ ու դիպուկ ընտրությամբ: Խայյամի բանաստեղծությունում կա յուրահատուկ երաժշտականություն: Դա անտարակույս երաշխիքն է նրա խոսքի ազդեցության , որն էլ իր հերթին օգնում է պոետի գաղափարներն ընթերցողին փոխանցելուն:
Խայյամը գրում է չափազանց պարզ լեզվով: Նրա տողերը զերծ են բանաստեղծական բարդություններից ու խրթին ու կեղծ մտքերից : Խայյամի բանաստեղծությունն ամբողջությամբ իմաստային է: Նա իր ողջ ջանքերն ուղղում է մտքերի փոխանցմանը: Հավանաբար հենց այս պատճառով է նա ընտրել քառյակներն ՝ իր մտքերն արտահայտելու համար: Խայյամի բանաստեղծությունում չկա արհեստականություն: Նա արտահայտում է լուրջ մտքեր ՝ պոետիկական գաղտնաբառը պարզ է ու բացահայտ: Քանի որ տողերի խորքում են դրվել բանաստեղծի միտքը, ուստի ամեն մարդ յուրովի է հասկանում այն:
Խայյամի գաղափարախոսության երկու գլխավոր հենասյուները ՝ կյանքն ու մահն են: Մահը ստվերում է Խայյամի բանաստեղծություններում: Պիեր Պասկալը Խայյամի բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանության նախաբանում նշել է, որ մահվան թեման Խայյամի քառյակների եզակի հումքն է: Այդ գաղափարն այնքան խորն է դրված , որ նա ընթերցողին խորհուրդ է տալիս օգտվել տրված ժամանակից: Այստեղ ևս նկատելի են մահվան գաղափարի ներկայությունն ու պոտեի կողմից դրա կարևորումը: Սակայն դա չի նշանակում, որ պետք է վախենալ դրանից , քանի, որ հոգեբանության օրենքների համաձայն, նա ով վախենում է մահից, այսքան համառորեն չի խոսելու այդ երևույթի մասին : Մահից վախեցողն իր ուժերի սահմանում փորձում է խույս տալ դրանից:
Կյանքի ու մահվան երկու գաղափարներն առկա են Խայյամի քառյակներում: Դրանք քառյակներում պատկերվել են բանաստեղծական վրձնով: Հիմքում ի հարկե մտավորականին բնորոշ խորաթափանցությունն է: Իր քառյակներում Խայյամը փորձել է ընթերցողին հիշեցնել կյանքի յուրաքանչյուր վայրկյանի նշանակությունը: Նա խորը հայացքով է նայում աշխարհին և շինություններից մնացած ավերակներում տեսնում է մահվան հետքը: Հողում հանգիստ գտած մարդկանց մասին խորհելով, նա խոսում է աշխարհից նրանց հեռացման մասին և իր տողերում ազդարարում է ընթերցողին: Իր քառյակում նա խոսում է մի սիրահար մարդու մասին, ով կենդանության օրոք սիրել է, սակայն երբ ոչնչացել է մահվան ճիրաններին հանձնվելով, նրա հողից կավագործները կարաս են պատրաստել:
Խայյամը գիտակցաբար հողն ու կավը վերագրում է գեղեցիկ ու արժեքավոր երևույթներին ՝ ընթերցողի վրա ազդեցություն թողնելու համար: Որոշ դեպքերում , նա չի խոսում մահվան մասին, սակայն անդրադառնում է կյանքի անցնելուն և այդպիսով է հուշում մոտալուտ մահվան մասին: Նա խորհուրդ է տալիս կյանքի պահերը գնահատելով, հեռու մնալ մահվան գաղափարից և հանգիստ կյանք վայելել: