Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (17)
Ցանկացած պետության ռազմավարական և հիմնարար արդյունաբերական ոլորտներից է ռազմական արդյունաբերությունը՝ Ազգային հոզորության խորհրդանիշը, որը շատ ազդեցիկ է միջազգային հավասարումներում: Այս ոլորտում ասելիք ունեցող երկրները օժտված են առավել բարձր տեխնոլոգիաներով և ունեն ավելի բարձրակարգ մասնագետներ ու սարքավորումներ: Այս հանգամանքը ավելի մեծ նշանակություն է ստանում, երբ հաշվի ենք առնում, որ այս արդյունաբերությունը կարևոր դեր է խաղում նաև տնտեսության այլ ոլորտների որակի և քանակի բարելավման գործում:
Ըստ զարգացման ոլորտում տնտեսագետների, ռազմական ծախսերը առաջացնում են ենթակառուցվածքներ և մայր արդյունաբերություններ՝ խթանելով մակրոտնտեսական աճը: Այնպես որ ռազմական ոլորտում ներդրումները և դրա աճն ու զարգացումը կարող են նպաստել այլ ոլորտներում կարողությունների զարգացմանը, ինչպիսիք են տիեզերական, ծովային նավարկության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտները: Բացի այդ, այս արդյունաբերության արտադրությունից ու արտահանումից առաջացած ավելացված արժեքը կարող է մեծացնել համախառն ներքին արդյունքը: Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» հաղորդաշարի հերթական համարում հակիրճ կանդրադառնանք Իրանի ռազմական արդյունաբերությանը: Մնացեք մեզ հետ:
***********
Իրանի պաշտպանական արդյունաբերությունը հիմնադրվել է Փահլավի երկրորդի օրոք և ձևավորվել է ՆԱՏՕ-ի ռազմական դոկտրինի շրջանակներում: Այդ ժամանակներում այս արդյունաբերության արտադրության հզորությունը կարողանում էր բավարարել Իրանի Զինված ուժերի կարիքների միայն մի փոքր մասը, և նրա տեխնիկական նվաճումները սահմանափակվում էին մոնտաժման հոսքագծերի և պահպանման ու վերանորոգման հնարավորությունների շահագործմամբ: Իսլամական հեղափոխությունից առաջ Իրանը տարածաշրջանում զենքի խոշոր ներկրողներից մեկն էր: Թեև երկրի նավթային եկամուտների զգալի մասը ծախսվում էր զենքի գնումների համար, այդուհանդերձ այդ զենքերը ձեռք էին բերվում ոչ թէ Իրանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման, այլ Արևմտյան Ասիայում և նույնիսկ Աֆրիկայում ամերիկյան արտասահմանային շահերի ապահովման ու պահպանման համար: Իրանի Իսլամական հեղափոխությունից առաջ Իրանի զենքերի մեծ մասը ներմուծվում էր ԱՄՆ-ից և Եվրոպայից: 1973-1977թթ. Իրանի Շահը տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք պատվիրեց Միացյալ Նահանգներից ու Բրիտանիայից, և նույնիսկ Իսլամական հեղափոխությունից մեկ տարի առաջ (1977թ.), Իրանի Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը Սիոնիստական ռեժիմի հետ համատեղ նախագիծ սկսեց տարբեր տեսակի հրթիռներ արտադրելու համար, որը դադարեցվեց Փահլավիների իշխանության ավարտմամբ:
Հեղափոխությունից առաջ Իրանի պաշտպանական արդյունաբերությունը արտադրում էր մոտ 30 տեսակի պաշտպանական զենքեր, որոնց մեծ մասը անհատական էին: Զինված ուժերում 40 հազար արտասահմանյան խորհրդականներ պատասխանատու էին ձեռք բերված զենքերի մշակման, արտադրման և պահպանման համար, ինչպիսիք էին Տավ հրթիռներն ու օդուժի կործանիչները, և նրանք թույլ չէին տալիս իրանցի աշխատուժերին միջամտել այդ գործերին: 1971-1978 թվականների ընթացքում Իրանն ԱՄՆ-ից գնեց տասնիննը միլիարդ դոլարի սպառազինություն: Շահի ամբիցիաները, տարածաշրջանային անկայունությունը և ԱՄՆ-ի ռազմական դոկտրինը, որն ուղղված էր Պարսից ծոցի անվտանգության կառուցվածքում Իրանի միջնորդված ներկայությանը, խթանեցին Իրանի պաշտպանական ոլորտի աճը: Իսլամական հեղափոխության հաղթանակով և Իմամ Խոմեյնիի կողմից Իրանի ժողովրդի մոտ ինքնավստահության ոգու ներշնչմամբ նոր հեռանկար բացվեց Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Իրանի պաշտպանական արդյունաբերության զարգացման սկիզբը պետք է փնտրել Իրանի ժողովրդի դեմ Սադամ Հուսեյնի կողմից պարտադրված պատերազմի ութամյա ժամանակահատվածում: Չնայած հեղափոխության առաջին տասնամյակում տեղի ունեցան Ամերիկայից ու եվրոպական երկրներից ռազմական կախվածության դադարեցումը, ռազմական խորհրդականների հեռացումը և Իրանի դեմ իրաքյան Բաասական բանակի համակողմանի ներխուժումը, այդուանդերձ Իրանի պաշտպանական արդյունաբերությունը կյանքի կոչելով պահեստամասերի արտադրման մշակույթը,կարողացավ ապահովել սպառազինությունների պահեստամասեր ու դետալներ։ Ութ տարի տևողությամբ իրաքյան Բաասական ռեժիմի դիմաց իրանական ժողովրդի խիզախ դիմադրությունը տեղի ունեցավ այն դեպքում, երբ այդ ընթացքում իրաքյան Բաասական ռեժիմը երեք անգամ վերակառուցեց իր բանակը:
Իրանի պաշտպանական արդյունաբերության պատմության մեջ իսլամական Հեղափոխության երկրորդ տասնամյակը պետք է դիտարկել որպես հակադարձ ինժեներային եղանակով ունեցած նմանատիպ զենքերի ու զինամթերքների արտադրման տասնամյակ: Չնայած Արևմտյան ու Արևելյան երկրների կողմից լայնատարած ռազմական պատժամիջոցներին, Իրանի պաշտպանական արդյունաբերությունը կարողացավ այդ շրջանում զարգանալ ու բարգավաճել իր ութամյա սրբազան պաշտպանության փորձառության միջոցով՝ ապավինելով իր իմաստուն երիտասարդության մասնագիտությանն ու հանձնառությանը: Հրթիռային ոլորտն ու հրթիռային կարողությունների բարձրացումն այն նշանավոր ոլորտներից է, որտեղ երկրի պաշտպանական արդյունաբերությունն իրեն փայլուն է դրսևորել: Այս ոլորտում երկրի պաշտպանական արդյունաբերությունը կարողացել է էապես բարձրացնել Իրանի զսպողական հզորությունը՝ կառուցված համակարգերի արդիականացմամբ, արկերի հեռահարության ու արագության մեծացմամբ, կետային թիրախի նշանառության կատարելագործմամբ և զենքերի տեղափոխությունների ու գործածման դյուրացմամբ։ Արտադրված բոլոր զենքերն, այդ թվում՝ բալիստիկ, ցամաքից ցամաք, ցամաքից օդ և ցամաքից ծով հրթիռները արտադրվել են իրանական կարողությունների ու այս հողի զավակների շնորհիվ: Հրթիռային բնագավառում Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ համաշխարհային մակարդակով առաջատար տերությունների շարքում է:
«Սիմորղ» և «Սաֆիր» արբանյակային հրթիռների արտադրությանը զուգահեռ, Պաշտպանության նախարարության կողմից «Քոսար» կործանիչի նախագծման ու արտադրման կարողությունը հարուցել է աշխարհում պետությունների ռազմական կցորդների զարմանքը: Կործանիչ արտադրելու համար պետք է ձեռք բերել բարձր տեխնոլոգիաներ, որին հասել են իրանցի փորձագետները: Տեղական հարձակողական ուղղաթիռների արտադրման և զինված ուժերին աջակցման կարողության ձեռք բերումը ևս Իրանի պաշտպանական արդյունաբերության հաջողություններից է: Անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավռում Իրանն այժմ առաջատար երկրներից է՝ իր երկար թռիչքային ունակությամբ հեռահար ԱԹՍ-ներով, որոնք կարող են կրել հրթիռներ և իրականացնել օդային դիտարկումներ: «Ֆաթեհ» կոչվող իրանական սուզանավը Հնդկական օվկիանոսի խորքերում պաշտպանում է տարածքային և միջազգային ջրերը: Իրանն աշխարհի 5 առաջատար երկրների շարքում է արագընթաց նավերի կառուցման բնագավառում, որոնք ունակ են հրթիռներ կրել 125 կմ/ժամ արագությամբ. Տեխնոլոգիա, որը նույնիսկ որոշ առաջադեմ երկրներ ի վիճակի չեն նախագծել և արտադրել: Բարձր հեռահարությամբ «Բավար 373» կոչվող հակաօդային պաշտպանական համակարգի շնորհիվ Իրանը նման համակարգ ունեցող չորս երկրներից մեկն է: Այնուամենայնիվ, մի շարք նկատառումներից ելնելով, հրապարակայնորեն չեն հայտարարվել պաշտպանական սարքավորումների որոշ նախագծերի ու արտադրությունների մասին:
Զինվորական ղեկավարների խոսքով, չնայած տարբեր պատժամիջոցների, այսօր Իրանի պաշտպանական արդյունաբերության առաջընթացը ցույց է տալիս 2300% աճ, ինչը համեմատելի չէ նախահեղափոխական շրջանի հետ: Ներկայումս Իրանն իր տրամադրության տակ ունի աշխարհի ամենազարգացած ռազմա-պաշտպանական արդյունաբերություններից մեկը և «Global Fire Power»- ի վերջին վարկանիշային աղյուսակի համաձայն, ռազմական հզորության առումով, 2019թ. Իրանը աշխարհում 137 երկրների շարքում զբաղեցնում է 14-րդ տեղը, մինչդեռ Իրանի ռազմական ծախսերը շատ ցածր են նույնիսկ տարածաշրջանային ստանդարտներով: Երկրի պաշտպանության ընդհանուր բյուջեն 6 միլիարդ դոլարից էլ պակաս է, ինչը աննշան թիվ է տարածաշրջանի որոշ երկրների 70 միլիարդ դոլարի հասնող և գերտերությունների հարյուր միլիարդավոր դոլարների հասնող ծախսերի համեմատությամբ:
Ցանկացած երկրի պաշտպանական արդյունաբերությունը ոչ միայն ապահովում է պաշտպանական ենթակառուցվածքները, այլև կիրառություններ ունի նաև քաղաքական, բարեկեցության և տնտեսական ոլորտներում: Այս հանգամանքը կարող է հնարավորություն տալ պետությունների այլ տնտեսական ոլորտներին օգտագործել պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները, իսկ պաշտպանական արդյունաբերությանը հնարավորություն տալ կատարելագործել իր հնարավորությունները՝ մուտք գործելով տնտեսական ակտիվությունների ոլորտ: Ներկայումս այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են ամերիկյան McKenzie-ն, Չինաստանի Norinco-ն և CNPC-ը, Հարավային Կորեայի Daelim-ը և Hyundai-ը և Իտալիայի Eni-ն, որոնք ձևավորվել են ռազմական հիմունքներով, տնտեսական առաքելություններ են իրականացնում նույնիսկ աշխարհի այլ երկրներում: Փաստորեն, աշխարհի որոշ երկրներ ձգտում են ապահովել իրենց ռազմական ընկերությունների մուտքն այլ երկրների շինարարական նախագծեր՝ որպես անվտանգության խնդիր: 1775թ. ԱՄՆ-ի բանակի ինժեներական խումբը սկսեց իր շինարարական գործունեությունը և այսօր աշխարհի տարբեր երկրներում կառուցապատումից հետո, որպես սեփականություն է վերցրել ջրամբարների ու էլեկտրակայանների ավելի քան 600 նախագիծ:
Իրանի պաշտպանական արդյունաբերությունը, իր հսկայական հնարավորություններով, մասնագետներով, գիտելիքներով և նույնիսկ երկակի նպատակներով նորամուծություններ ստեղծելով, հնարավորություն է ստեղծել զարգացնելու այլ համապատասխան տնտեսական ոլորտները: «Խաթամ Ալ-Անբիա» կառուցապատման կայազորն Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի ստորաբաժանումներից մեկն է, որը ձևավորվել է Իրանի դեմ Իրաքի կողմից պարտադրված պատերազմից հետո: Մտնելով շինարարության և կառուցապատման գործունեության ոլորտ, այս կառույցը, մասնավոր հատվածի կողքին, ջանքեր է գործադրել օժանդակելու կառավարությանն իր շինարարական ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում:
«Խաթամ ալ-Անբիա» կառուցապատման բազայի ակտիվություններից կարելի է նշել «Հարավային Փարս» կոչվող գազի հանքավայրի 15, 16, 22, 23 և 24-րդ փուլերում գազի վերամշակման գործարանների նախագծման, կառուցման ու շահագործման բազմաթիվ նախագծերը, աշխարհի ամենամեծ կոնդենսատների վերամշակման գործարանի՝ «Պարսից ծոցի աստղ» կոչվող վերամշակման գործարանի կառուցումը, ինչպես նաև տարբեր տեսակ նավթի և գազի ծովային հարթակների նախագծումը, կառուցումն ու տեղադրումը: «Խաթամ ալ-Անբիա» կառուցապատման բազայի ձեռքբերումներից և ունակություններից են նաև Երկրի բազմաթիվ նահանգներում տարբեր տեսակի մեխանիզացված և ոչ մեխանիզացված ջրային թունելների նախագծումն ու հորատումը, ավելի քան 60 ամբարտակների կառուցումը և երկրի ջրային պաշարների մոտ 50 տոկոսի պահեստավորումն ու մակերեսային ջրերի պահպանումը, համակցված ցիկլով աշխատող էլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների կառուցումը, տարբեր տեսակի արագընթաց մայրուղիների կառուցումը, թվով 4 օվկիանոսային նավերի արտադրումը, տարբեր տեսակ նավերի կառուցումն ու նորոգումը, քաղաքային և միջքաղաքային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների կառուցումը և այլն: Ձեռք բերված հաջողությունների արժեքն առավել բացահայտ է դառնում այն ժամանակ, երբ մենք հաշվի ենք առնում, որ այս համալիրը և նրան ենթակա բոլոր ընկերությունները, հիմնարկները, տնօրենների խորհրդի անդամներն ու տնօրենները 2007 թվականից սկսած մինչ այժմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ենթարկվել են պատժամիջոցների:
Այսօր Իրանի պաշտպանական արդյունաբերության նվաճումները, զսպելով երկրի և Իսլամական հեղափոխության թշնամիների հարաճուն սպառնալիքները, դիտարկվում են որպես, ազգային ինքնավստահության և ներքին կարողություններին ապավինելու խորհրդանիշ, և կարողացել են օրինակ ծառայել այլ տեղական արտադրական արդյունաբերությունները առաջ մղելու համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գերիշխանական համակարգի դաժան պատժամիջոցներին դիմակայելու նպատակով։