Վրաստանում քննարկվել է հայ–վրացական սահմանին առաջացող հերթերի խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i248340-Վրաստանում_քննարկվել_է_հայ_վրացական_սահմանին_առաջացող_հերթերի_խնդիրը
Վրաստանում քննարկվել է հայ-վրացական պետական սահմանի անցակետում առաջացող հերթերի հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
(last modified 2026-07-31T09:24:33+00:00 )
Հուլիս 31, 2026 12:40 Asia/Tehran
  • Վրաստանում քննարկվել է հայ–վրացական սահմանին առաջացող հերթերի խնդիրը

Վրաստանում քննարկվել է հայ-վրացական պետական սահմանի անցակետում առաջացող հերթերի հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի (ՍԶ) պատվիրակությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով Վրաստան է այցելել հուլիսի 27-30-ը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԱԾ ՍԶ հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը։

«Հանդիպման ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպում է եղել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։   Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները։

Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, վերապատրաստման հնարավորություններին, քանի որ այնտեղ նաև սահմանապահներն են վերապատրաստվում։

Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ ՍԶ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։

Գնդապետ Գարիկ Մուրադյանը Թամազաշվիլիին շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։