Առողջապահական հանդես (17.Ռևմատիկ հիվանդություններ)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124086-Առողջապահական_հանդես_(17.Ռևմատիկ_հիվանդություններ)
Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդությունները և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջության հասնելու ճանապարհները: Նշենք, որ հաղորդման ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և  չի համարվում բժշկական խորհրդատվություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2020 20:29 Asia/Tehran

Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդությունները և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջության հասնելու ճանապարհները: Նշենք, որ հաղորդման ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և  չի համարվում բժշկական խորհրդատվություն:

Ռևմատիզմը շատ տարածված քրոնիկ հիվանդութուն է, որը մարդկանց ուղեկցում է  ամբողջ կյանքում, բազմաթիվ դժվարություններ առաջացնելով նրանց համար:

Ռևմատիզմը շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքային հիվանդություն է` գերազանցապես  սրտանոթային համակարգի ախտահարմամբ, որի հիմնական կլինիկական բարդությունը  սրտի փականների ախտահարումն է,  արատների  ձևավորումը: Հիվանդության պատճառը սուր ինֆեկցիան է, որը հարուցվում է A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկի կողմից: Դեր ունի նաև օրգանիզմի պատասխան ռեակցիայի փոփոխությունը`պայմանավորված իմունաբանական պրոցեսների խանգարմամբ:

Սրտի ախտահարումից բացի, ռևմատիզմի կլինիկական արտահայտությունները ներառում են տենդը, թռչող բնույթի պոլիարթրիտը և նյարդաբանական դրսևորումները:Հիվանդությունը հաճախ զարգանում է մանկական տարիքում (5-15 տարեկան), երբ ստրեպտոկոկային ինֆեկցիան առավել սուր է ընթանում: Ռևմատիզմի զարգացման ռիսկի գործոններն են  անբարենպաստ սոցիալական պայմանները, այդ թվում` անբարենպաստ  բնակարանային պայմանները,  խոնավությունը: Վերջին 2-3 տասնամյակում ռևմատիզմով հիվանդացությունը և այդ հիվանդությունից մահացությունը նվազել են, թեպետ սրտի ռևմատիկ արատների տարածվածությունը մնում է բավականին բարձր:

Ռևմատիզմը հաճախ առաջանում է մանկական կամ երիտասարդ տարիքում և բնորոշվում է սրտի բորբոքային  բնույթի ախտահարմամբ պայմանավորված  փոփոխություններով և նշաններով: Ռևմատիկ  ընթացքի  առկայության առավել հավաստի չափանիշ է սրտի արատի ձևավորումը: Բավական բնորոշ է հիվանդության կապը նախորդող սուր ստրեպտոկոկային անգինայի հետ: Երբեմն ռևմատիկ կարդիտը կամ պոլիարթրիտը զարգանում են միայն ֆարինգիտից հետո` 2-3 շաբաթ անց:Ռևմատիկ պոլիարթրիտին բնորոշ են խոշոր  հոդերի`ծնկային, սրունքթաթային, բազկային, արմնկային թռչող  բնույթի ցավերը: Զննելիս հայտնաբերվում է ախտահարված հոդերի շրջանում ուռածություն, շոշափելիս և շարժվելիս` ցավոտություն: Հնարավոր է նաև հոդացավերի հայտնվելը: Ռևմատիկ գրոհի շրջանում բարձրանում է մարմնի ջերմությունը, հաճախ` սուբֆեբրիլ մակարդակի: Ացետիլսալիցիլաթթվի և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկներ ընդունելը հանգեցնում է հոդերում ցավերի և արթրիտի մյուս նշանների արագ անհետացմանը և ջերմության կանոնավորմանը: Ռևմատիզմի ավելի կարևոր արտահայտությունը, որով որոշվում է հիվանդության ընթացքը և  կանխատեսումը, ռևմատիկ կարդիտն է: Հաճախ ախտահարվում  են  սրտի բոլոր երեք թաղանթները: Ռևմատիկ միոկարդիտը սովորաբար թեթև է ընթանում: Ծանր դեպքերում կարող են զարգանալ սրտային անբավարարության նշաններ: 

Ռևմատոիդ արթրիտ

 

 Արթրիտը (հոդաբորբ) հաճախ հանդիպող հոդի բորբոքային հիվանդություն է:
 Այս հիվանդությունը կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների (տուբերկուլոզ, գոնորեա, բռուցելոզ, դիզինտերիա, անգինա և այլն), ինչպես նաև վնասվածքների հետևանքով: Արթրիտի շատ տարածված ձևերի (օրինակ` ռևմատիզմի ժամանակ) առաջացմանը նպաստում են ալերգիան, իմունիտետի խանգարումները: Արթրիտի առաջացման նախապայմաններ են օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածությունը, քրոնիկական օջախային վարակը` նշագեղձերի բորբոքումը, քթի հավելյալ ծոցերի բորբոքումը և օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները թուլացնող այլ գործոններ: Այսպես, օրինակ` ռևմատոիդ արթրիտը բնորոշվում է երկարատև ընթացքով և հաճախ հանգեցնում է հոդի խիստ ձևախախտման:

Արթրիտը դրսևորվում է հոդացավերով, որոնք ուժեղանում են շարժումների ժամանակ, գամվածության զգացումով, նկատվում է ուռածություն, հոդի ձևի և ուրվագծերի փոփոխություն, որը պայմանավորված է հոդային հյուսվածքների բորբոքմամբ, հոդի ոսկրաաճառային մակերևույթների խախտումներով, դրա խոռոչում բորբոքային հեղուկի կուտակմամբ: Հոդին հարող մաշկը շոշափելիս տաք է, երբեմն` կարմրած: Հիվանդությունն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, երբեմն` ջերմաստիճանի բարձրացմամբ: Հոդերի հիվանդություններն արտաքուստ իրար նման են, ուստի դրանց բազմազանությունն ախտորոշել կարող է միայն բժիշկը:

Ժամանակին սկսած և ճիշտ բուժումը (միայն բժշկի նշանակմամբ), դեղանյութերը և ֆիզիկական մեթոդները սովորաբար առողջացնում են: Երբեմն, հատկապես անուշադրության մատնված, ինչպես նաև քրոնիկական ձևերի կանոնավոր բուժման բացակայության դեպքերում կարող են առաջանալ հոդերի ձևախախտումներ` շարժումների սահմանափակմամբ: Բուժական ֆիզկուլտուրան և մերսումը սկսում են անմիջապես` սուր երևույթներն անհետանալուց հետո: Սկզբում կատարում են պարզ վարժություններ` մկանների լարումներն ու թուլացումները իրար հաջորդելով, աստիճանաբար դրանք բարձրացնում են:Այդ նպատակով մշակվել է վարժությունների հատուկ համալիր:Հիվանդության քրոնիկական ձևերի և հոդերի ֆունկցիայի արտահայտված խանգարումների դեպքում անհրաժեշտ է կանոնավոր մարզում, այլապես ծանրաշարժությունը կարող է խորանալ: Բավականին դժվար է գեր հիվանդների ողնաշարի, ոտքերի, կոնքի ախտահարված հոդերի բուժումը: Հեղուկները և քսուկներն օգտագործում են որպես ցավը հանգստացնող միջոց` բժշկի նշանակմամբ: Տնային միջոցները, որոնք հաճախ պարունակում են քիմիական ուժեղ գրգռիչներ, կարող են ակտիվացնել բորբոքային գործընթացը և առաջացնել մաշկի այրվածք: Առողջարանային բուժումը խորհուրդ է տրվում բորբոքային գործընթացի մեղմանալու շրջանում` միայն բժշկի նշանակմամբ:

 


Արթրիտը կանխարգելելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել վարակիչ հիվանդությունները, խուսափել մրսելուց, պահպանել բժշկի նշանակած ռեժիմն ու սննդակարգը: Մեծ նշանակություն ունեն օրգանիզմի կոփումը և ճիշտ ֆիզիկական դաստիարակությունը, ինչպես նաև աշխատանքի ու հանգստի պայմանների բավարարումը:

Դեռևս պարզ չեն  ռևմատիկ հիվանդությունների պատճառները: Այս հարցում դերակատարություն  ունեն նյարդային համակարգը, սնունդը, հոդացվերի առկայությունը, ցածր կալորիականությամբ սնունդը և մի շարք այլ գործոններ: