Թուրքիայի անկարողությունը Կիպրոսում իր շահերն ապահովելու հարցում
Չնայած Կիպրոսի կղզում ճգնաժամի կարգավորմանը և Թուրքիայի ու Հունաստանի միջև տարաձայնությունների վերացմանն ուղղված տարածաշրջանային ու միջազգային ջանքերին, թվում է թե Անկարայի պաշտոնատարները մեծ հույսեր չեն փայփայում այդ կապակցությամբ:
Հակադարձելով Կիպրոսի հունաբնակ հատվածի պաշտոնատարների հետ բանակցությունները վերսկսելու և դաշնության ձևավորման մասին Եվրամիության վերջերս ներկայացրած առաջարկությանը, Թուրքիայի արտգործնախարար՝ Մեվլութ Չավուշօղլուն բացառել է Կիպրոսի բանակցությունների վերսկսումը և այն սկզբից ձախողված է համարել: Օրեր առաջ, սեպտեմբերի 19-ին, Չավուշօղլուն հայտարարել էր.«Անիմաստ է Կիպրոսում դաշնություն ստեղծելու նոր նախաձեռնություններ առաջ քաշելը, քանի որ դրանք դատապարտված են ձախողման»:
Կիպրոսի խնդրի համապարփակ լուծման նպատակով, Կիպրոսի խաղաղության և միասնության համաժողովի առաջին փուլը կայացել է 2017 թվականի հունվարի 12-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հյուրընկալությամբ: Բանակցությունների երկրորդ փուլը կայացել է նույն տարվա հունիսի 28-ից հուլիսի 8-ը, Շվեյցարիայի Քրանս Մոնթանա քաղաքում:
Կիպրոսի հունական և թուրքական հատվածների պաշտոնատարները 2017թվականից, ՄԱԿ-ի միջնորդությամբ գործնական քայլեր են ձեռնարկել երկկողմ բանակցությունների անցկացման նպատակով: Բանակցություններում նրանք ձգտում են ուղեքարտեզ մշակել Կիպրոսի հարցի վերջնական լուծման համար: Անցած փետրվարին, Կիպրոսի թրքաբնակ հատվածի նախագահ՝ Մուստաֆա Աքինջին ասել էր.«Կիպրոսում ֆեդերալիզմի քաղաքական ու գործադիր կառուցվածք չձևավորվելու դեպքում, Կիպրոսի թրքաբնակ հատվածն այլևս անկախ չի լինելու և փաստորեն Թուրքիայի մաս է կազմելու»:
Խոսքն ուղղելով եվրոպացիներին, Կիպրոսի թրքաբնակ հատվածի ինքնահռչակ նախագահն ասել է.«Եթե վարանեք, մեր երկիրը կմիանա Թուրքիային և նման բան մեզ համար շատ սարսափելի է»:
Այդ հայտարարություններին խիստ հակադարձել են Թուրքիայի պաշտոնատարները, հատկապես նախագահ՝ Էրդողանը:
Թուրքիայի կառավարությունը Կիպրոսը Թուրքիայի և օսմանյան կայսրության մի մասն է համարում: Այդ իսկ պատճառով անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում Անկարայի պաշտոնատարները ոչ մի ջանք չեն խնայել Կիպրոսի թրքաբնակ հատվածի պաշտոնապես ճանաչվելու ուղղությամբ: Այդուհանդերձ, Անկարայի պաշտոնատարների ջանքերը դրական չեն արդյունավորվել:
Մինչ այսօր ձախողել են Կիպրոսի հարցի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի և այլ միջազգային շրջանակների ջանքերը: Նիկոզիայի համալսարանի պատմության ու քաղաքականության ամբիոնի դասախոս, քաղաքական հարցերի փորձագետ՝ Հուբերթ Ֆասմանը համոզված է, որ չնայած միջազգային միջնորդություններին, հակամարտող կողմերի միջև լարվածությունը սրվում է և դա իրողություն է:
Անգլիական Գարդիան օրաթերթին տված հարցազրույցում, քաղաքական հարցերի այս փորձագետը հավաստիացրել է, որ խաղաղության բանակցությունները Կիպրոսի ջրերում նավթի ու գազի պաշարների հայտնաբերման զոհ են դարձել և դա Կիպրոսի հարցի անբաժանելի մասն է դարձել:
***
Կիպրոսի հարցը Թուրքիայի և Հունաստանի միջև գոյություն ունեցող գլխավոր տարաձայնությունն է համարվում: Այս տարաձայնությունները երկրորդ աշխարհամարտից հետո վայրիվերումներով լի են եղել: 21-րդ դարի առաջին տասնամյակում Միջերկրական ծովի արևելյան հատվածում նավթի ու գազի հայտնաբերմամբ, այդ տարաձայնություններն առավել սրվեցին: Այդ տարածքում ածխաջրածնային ռեսուրսների հայտնաբերմամբ մի շարք այլ պետություններ ևս միացան այդ հակամարտության: ԱՄՆ-ից, Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից բացի, վերջերս Սաուդյան Արաբիան է ներքաշվել Կիպրոսի հարցում և այդպիսով թվում է, թե հակամարտության կողմերը նոր տարաձայնություններ են դիմագրավելու:
1974թ. Կիպրոսի թուրքերին աջակցելու նպատակով Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո, Կիպրոսը բաժանվեց թուրքական և հունական հատվածների: 1980թ. Կիպրոսի թրքաբնակ հատվածը անկախություն հայտարարելով, իրեն հռչակեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և պաշտոնապես ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Սակայն Կիպրոսի հունաբնակ հատվածը 1983թ. ՄԱԿ-ի և Եվրամիության անդամ է դարձել: Դա նշանակում է, որ Կիպրոսի թրքաբնակ հատվածը Կիպրոսի հանրապետության մաս չի կազմում և այդ մասը Թուրքիայի աջակցությամբ է պահպանում իր գոյությունը: Թուրքիայի կողմից Կիպրոսի թուրքերին կատարվող ֆինանսական աջակցությունը գաղտնի է և իրական թվերը չեն հրապարակվում: Սակայն որոշ ենթադրությունների համաձայն, 1980-ականներին Անկարայի կառավարությունը շուրջ իննը միլիոն դոլար հատկացրել է Կիպրոսի թրքաբնակ հատվածին: Ակնհայտ է, որ 1990-ականներից ի վեր այդ թիվն աճել է:
***
Հաշվի առնելով այն փաստը, որ Կիպրոսի հունական հատվածի նկատմամբ միջազգային աջակցությունը շատ լուրջ է, չպետք է անտեսել այն հավանականությունը, որ Կիպրոսում ներկայությունը շարունակելու Անկարայի կառավարության ջանքերը, կարող են հանգեցնել անգամ ՄԱԿ-ում Թուրքիայի մեկուսացման:
Իսկ հարց է ծագում, թե Անկարայի պաշտոնատարներն ինչու են սկզբից ձախողված համարում Կիպրոսի խաղաղության և միասնության բանակցությունների շարունակվելը:Անտարակույս Կիպրոսի հունական ու թուրքական հատվածների միջև տարաձայնությունների կարգավորմամբ, Թուրքիայի կառավարությունը կորցնելու է Միջերկրականի արևելքում ներկայության քաղաքական ու տնտեսական շահերը: Այդ իսկ պատճառով, Անկարայի պաշտոնատարները շահագրգռված չեն վերջ դնել Կիպրոսի ներքին խնդիրներին: Ներկայիս Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում Կիպրոսի կառավարության ինքնիշխանությունը կղզու հյուսիսային հատվածի նկատմամբ: Կիպրոսի կղզու մեկ երրորդը թուրքերի, իսկ երկու երրորդը հույների տրամադրության տակ է: ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Կիպրոսի կղզու անկախությունը և Կիպրոսը Եվրամիության անդամ պետություն է համարվում:
***
Այս անբարենպաստ պայմաններում, Անկարայի կառավարության պաշտոնատարները Կիպրոսի թուրքական հատվածը «Հայրենիքի զավակ» են կոչում և բազմիցս հայտարարել են.«Կիպրոսի թուրքական հատվածի շահերը Թուրքիայի ազգային շահերն են և թուրքերը մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանելու են այդ շահերը»:
Կիպրոսի հյուսիսում գտնվող թուրքական հատվածում ներկայիս շուրջ 30 հազար թուրք զորայիններ են տեղակայված, որոնք այդ տարածքի անվտանգությունն են ապահովում: Անկասկած, ներկայիս իրավիճակը շարունակվելով, բարդանալու են Թուրքիայի ներքին ու տարածաշրջանային խնդիրները: Կիպրոսի հյուսիսային հատվածի բնակիչները ևս դժգոհ են ստեղծված իրավիճակից: Նման պայմաններում, Թուրքիայում ևս մեծանալու են Անկարայի կառավարության նկատմամբ դժգոհությունները: