ԶԼՄ-ների ճգնաժամը՝ 2020թ․ ճգնաժամային տարում
2020թ. ավարտվեց և կորոնավիրուսի տարածումը քաղաքական, տնտեսական ու սոցիալական ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհի երկրների վրա: Այն իր ազդեցությունն ունեցավ նաև ԶԼՄ-ների վրա: 2020թվականը մեկուսացման, վախի և հիվանդությունների տարի էր: Իհարկե, դրա հետ միասին, չկորավ նաև մարդկանց հույսը, ովքեր տեսան բուժաշխատողների անձնվեր աշխատանքը:
2020թ մեդիա դաշտի իրադարձություններին հետևելով, պետք է ասել, որ կորոնավիրուսի հետ կապված դեպքերն առաջին տեղն էին զբաղեցնում ԶԼՄ-ներում: Ինչպես արդեն նշեցինք, կորոնավիրուսն ազդեց բոլոր ոլորտների վրա, սկսած արդյունաբերությունից, մինչև մշակույթ: Այս տարվա ընթացքում, բազմաթիվ ժամանցային կենտրոններ, կինոթատրոններ ու զբոսաշրջային վայրեր փակվեցին: Բազմաթիվ համերգներ չեղարկվեցին: Այդուհանդերձ, կորոնավիրուսի պատվաստման մասին լուրերը համաշխարհային հանրությանը հույս ներշնչեցին, որ հնարավոր է հաղթահարել այս չարաբաստիկ վիրուսը:
Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանն անցած տարվա ընթացքում, հատկապես ԶԼՄ- ների հետ նրա հարաբերություններին, պետք է ասել, որ նա զբաղվեց միայն ճգնաժամեր արտադրելով: Նա ԶԼՄ-ներին մեղադրեց ստեր տարածելու մեջ, նշելով, որ դրանք փորձում են կորոնավիրուսը ներկայացնել սարսափելի ձևով: Ավելի ուշ, հարցազրույցներից մեկում, նա նշեց, որ սիրում է թվիթներ անել, սակայն հաճախ փոշմանում է իր գրածների համար: ԱՄՆ նախագահն ասաց, որ պահի տակ ազդված ինչ որ թվիթ է գրում, ինչից հետո նրան զանգում ու հարցնում են թե արդյոք նա նման բան է գրե՞լ: Դոնալդ Թրամփը նաև անցած տարի ԶԼՄ-ներին անվանեց ժողովրդի թշնամիներ։
Չնայած ԱՄՆ-ն համարվում է աշխարհի ամենաազատ երկիրը, սակայն այդ երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերը բազմաթիվ են: Թրամփն առաջին իսկ օրերից լուրջ չվերաբերվեց կորոնավիրուսին և նույնիսկ ծաղրեց դրա լրջությունը: Արդյունքը եղավ այն, որ վարակվածության ու մահացության ամենամեծ թիվը գրանցվեց այդ երկրում: Եվ երբ քննադատությունների տարափ սկսվեց նրա դեմ, Թրամփը փորձեց դրանք ուղղել ԶԼՄ-ների դեմ, նրանց մեղադրելով ճգնաժամը խորացնելու մեջ:
Կորոնավիրուսի տարածմամբ, ամենամեծ վնասը կրեցին այն տնտեսական կենտրոնները, որոնք հնարավորություն չունեին եկամուտ ստեղծել և իրենց կյանքը կախված էր տնտեսական այլ ոլորտներից: ԶԼՄ-ները համարվում են այդ կենտրոններից:
Օրինակ Աֆղանստանում, ԶԼՄ-ները հնարավորություն չունեն իրենց եկամուտներն ապահովել գովազդի կամ տնտեսական այլ ոլորտներում զբաղվածությամբ, կամ պետական ֆինանսավորմամբ: Հենց այդ պատճառով, դրանցից շատերը կորոնավիրուսի պատճառով փակվեցին, իսկ նրանք, որ շարունակեցին աշխատել, հայտնվեցին բարդ ֆինասնական վիճակում: Պետք է նշել, որ այն ԶԼՄ-ները, որոնք շարունակեցին աշխատել, ըստ երևույթին համոզված են, որ ունեն մեծ առաքելություն, որը պետք է իրականացնել և դրա համար պետք է մեծ աջակցություն ստանալ: Այս ԶԼՆ-ները հուսով են, որ այս տարի ճգնաժամը կհաղթահարվի և իրենք կվերադառնան բնականոն աշխատանքի:
Իսկ հիմա անցնենք աշխարհի մյուս կողմը:
Վերջերս Ավստրալիայում քննվել է մի դատական հայց՝ Ռուպերտ Մերդոքի մեդիա կայսրության դեմ, որը հրապարակվեց նաև համացանցում: Ավելի քան կես միլիոն մարդ ստորագրեց հայցի տակ: Այս հայցը ներկայացվել է Քեվին Ռադի կողմից, ով եղել է Ավստրալիայի նախկին վարչապետ և Աշխատավորների կուսակցության ղեկավար: Պարոն Ռադը, ով ենթարկվել էր Ռուպերտ Մերդոքի ղեկավարած News Corporation օրաթերթերի հարձակմանը, հրապարակեց մի տեսանյութ, որում քննադատելով Մերդոքին, նշեց, որ վերջինս Ավստրալիայի ներքին քաղաքականության համար վերածվել է քաղցկեղի: Նա նշեց, որ Քուինսլենդ նահանգում, որտեղ ինքն ապրում է և որը մեծ ազդեցություն ունի երկրի ընտրությունների արդյունքների վրա, բոլոր լրատվամիջոցները գտնվում են Ռուպերտ Մերդոքի ազդեցության տակ: իսկ վերջինս օգտվում է այդ ազդեցությունից, որոշելով երկրի քաղաքականության ընթացքը:
Իսկ Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության զեկույցում, որը հրապարակվեց 2020թ վերջին, նշվում է, որ 2020թ աշխարհի տարբեր ծայրերում սպանվել է 50 լրագրող: Հատկանշական է, որ պատերազմող երկրներում զոհված լրագրողների թիվն ավելի քիչ է եղել: Զեկույցի համաձայն, անցած 10 տարիների ընթացքում, աշխարհում զոհվել է 937 լրագրող: Կազմակերպությունն անդրադարձել է նաև ԶԼՄ-ների նկատմամբ Դոնալդ Թրամփի թշնամությանը, նշելով, որ լրագրողների աշխատանքի նկատմամբ ատելությունն ԱՄՆ-ում ավելի է խորացել և շատ քիչ ղեկավարներ են Թրամփի նման ատելությամբ արտահայտվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասին:
Եվրախորհրդի հրապարակած տարեկան զեկույցը, որը վերաբերում է 47 եվրոպական երկրներում լրատվամիջոցների ազատությանը, վկայում է, որ Եվրոպա մայրցամաքում լրատվամիջոցների ազատությունն օրեցօր ենթարկվում է նոր սպառնալիքների: Զեկույցում ասվում է, որ 2020թ․ բազմաթիվ լրագրողների սպառնացել են սպանել: Թուրքիան, Ռուսաստանը, Մալթան ու Բուլղարիան այն երկրների շարքում են, որտեղ ավելի շատ են գրանցվել նման դեպքեր: Զեկույցում նշվում է, որ այս երկրներում լրագրողների նկատմամբ անպատշաճ վերաբերմունք է ցուցաբերվել: Զեկույցում նաև ասվում է, որ 30 լրագրող անցած տարվա ընթացքում խոշտանգվել են, ավելի քան 100 լրագրող կալանավորվել է: Զեկույցում ասվում է , որ Եվրոպայում 33 լրագրողների նկատմամբ տեղի է ունեցել հարձակում, 17 դեպքում լրագրողները կալանավորվել են, գրանցվել է 43 խոշտանգման և սպանության փորձի 2 դեպք: