Գեղարվեստական հաղորդում (290)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:
Իրանահայ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի կիսանդրին տեղադրվելու է Նոր Ջուղայի երաժշտական թանգարանում:
Ահմադ Արաբ Բեքին, ով վերցրել էր Լորիս Ճգնավորյանի կիսանդրին պատրաստելու պատասխանատվությունը, ISNA-ի հետ հարցազրույցում ասաց, որ արվեստագետի կիսանդրին պատրաստելու պատվերը ստացել են Իրանի հարավային շրջանների և Սպահանի հայոց ազգային առաջնորդարանից։
Արաբ Բեքին, ով երեք ամիս է հատկացրել այս կիսանդրին պատրաստելու համար, ասում է. «Լորիս Ճգնավորյանը երաժշտական աշխարհի հպարտություններից մեկն է, և բացի արվեստագետի փայլուն կարիերայից, մի բան, ինչը գրավում է իմ ուշադրությունը՝ նրա մտերիմ, ընկերական շփումն ու հարաբերություններն են շրջապատի մարդկանց հետ, այնպես, որ մարդը կարծում է՝ տարիներ շարունակ ապրել է նրա հետ»։
Նա հայտնում է, որ Լորիս Ճգնավորյանի կիսանդրին տեղափոխվել է Սպահանի «Նոր Ջուղայի հայերի երաժշտության գանձարան» թանգարան և շուտով կներկայացվի:

2022 թվականի Օսկարյան մրցանակաբաշխության արտասահմանյան լավագույն ֆիլմի անվանակարգում Իրանի կինոն ներկայացնելու է իրանցի հանրահայտ կինոբեմադրիչ Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմը:
Ասղար Ֆարհադին ավելի վաղ իր երկու ֆիլմերի՝ «Ամուսնալուծության» և «Էլիի մասին»-ի համար շահել է լավագույն արտասահմանյան ֆիլմի Օսկար մրցանակը:
Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմը Կաննի այս տարվա կինոփառատոնում ֆինլանդական մեկ այլ ֆիլմի հետ միասին շահեց Ժյուրիի հատուկ մրցանակը:
«Հերոսը» ֆիլմը նաև ցուցադրվել է այս տարվա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում:

Հեղինակավոր BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաև Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծված եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հոլովակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC Music Magazine-ում նշվում է, որ Կոմիտասը դարձել է 1915թ․ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության զոհը։ «Հայերի համար երաժշտությունը հիշողություն է։ Եվ ամեն անգամ, ապրիլի 24-ին՝ հայերի բնաջնջման հիշատակի օրը, նրանք ամբողջ աշխարհից հավաքվում են՝ հարգելու հանգուցյալների հիշատակը։ Հնչում են նաև Կոմիտասի երգերը»,- գրում է հեղինակը։
Հեղինակը վստահ է, որ եթե որևէ տեղ հարցնեն, թե ով է Հայաստանի մեծագույն կոմպոզիտորը, բոլորը Արամ Խաչատրյանի մասին են խոսելու, բայց հայերը Կոմիտասի անունն են հիշատակելու։ «Ինչպես խոստովանել է նրա ամենահայտնի հայրենակիցներից մեկը՝ Արամ Խաչատրյանը, նա միայնակ դրել է Հայաստանի դասական երաժշտության ավանդույթների հիմքը»,- գրում է նա։
Նա նշում է, որ Կոմիտասի ժառանգությունը համեստ է՝ մոտ 80 խմբերգ և երգեր, հայկական ազգային երգերի մշակումներ և մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ։

Նյու Յորքում հայտնաբերել են ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նոր կտավը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ կտավի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել: Նոր հայտնաբերված աշխատանքը հաջորդ ամիս կցուցադրվի Նյու Յորքի Hauser and Wirth ցուցասրահում:
Կտավը, որն անվանվել է «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), ավելացվում է Գորկու ընդհանուր հավաքածուին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Artnet News-ը:
«Այս հայտնագործությունը այն պահն է, որը մեզանից շատերին տարավ առաջին հերթին դեպի արվեստ, սա հրաշք էր ու անակնկալ, սա մեր իմացածից այն կողմ մտածելու հրավեր է, նոր հորիզոնների ակնարկ», - ասել է Hauser & Wirth-ի նախագահ Մարկ Պայոտը, ով, հաջորդ ամիս Նյու Յորքում չվաճառվող ցուցադրությանը կներկայացնի աշխատանքը։
Ենթադրվում է, կտավը թղթի վրա ՝ «Սահմանը» (1947) ավարտելուց հետո նկարիչը եղել է աշխատանքային բեղուն շրջանում՝ ամեն օր նոր գործ անելով։ Արդյունքում, նոր նկարչական կտավ չունենալու պատճառով, կտավը, որն այժմ նույնականացվում է որպես Անվերնագիր (Վիրջինիայի ամառ), նա պարզապես նկարել է նախկին աշխատանքի հետևում։
Միանգամայն հնարավոր է, որ սա այդպիսի միակ կտավը չէ: «Վատ գաղափար չէ կտավները հանել նկուղից, պատից, և ուսումնասիրել, միգուցե, մեկ կտավի վրա ևս մեկն է թաքնված»,- New York Times-ի հետ զրույցում նշել է նկարչի փեսան և «Բարձունքից. Արշիլ Գորկու կյանքը» գրքի հեղինակ Մեթյու Սփենդերը:

Շարունակվում են երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի՝ «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմի հաջողությունները արդեն հայրենիքում։
Ինչպես տեղեկացնում է ռեժիսոր Գարուշ Ղազարյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմը ճանաչվել է «Լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ»։
«Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահն է եղել դերասանուհի Տաթև Հովակիմյանը, անդամները ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյանը և եռաչափ ձևավորման մասնագետ՝ Գեորգի Պատարայան։
Ռեժիսորը պատրաստվում է իր նոր կարճամետրաժ ֆիլմի «Ի շրջանս յուր» երևանյան պրեմիերային, որի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Տաշքենդում։ Ֆիլմը նկարահանվել է Ուզբեկստանի Սամարխանդ քաղաքում։ Այն հանդիսանում է 2 երկրների՝ հայ-ուզբեկական համատեղ արտադրություն («Ուզբեկ Ֆիլմի» և «Յոշլիկ» կինոստուդիայի)»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմն ընտրվել է աշխարհի 3-րդ անիմացիոն ամենահին` «Սինանիմա» կինոփառատոնում (Պորտուգալիա) մասնակցելու համար, որը տեղի է ունենալու նոյեմբերի սկզբին:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Անիմեսթում (Ռումինիա)՝ հոկտեմբերի 15-ին, իսկ ասիական պրեմիերան տեղի կունենա Բուչոնի Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնում՝ Հարավային Կորեայում, դեռ մինչ Սինանիմայի մասնակցությունը:
Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան:

Հոկտեմբերի 22-ին, Երվանդ Քոչարի թանգարանում բացվեց «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցադրության կազմակերպման նպատակով «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Քոչարն այս շարքը ստեղծել է 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը:
Նշենք, որ Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ձևաչափերի: Այս ցուցադրությունը ոչ միայն ներկայացնում է քոչարական նկարազարդումները, այլև նորարարական լուծումների, ինքնատիպ գաղափարների կիրառմամբ նորովի է մեկնաբանում էպոսի առասպելական միջավայրը, որոնցից ներշնչվելով՝ Քոչարը ստեղծել է իր գրաֆիկական աշխատանքները:
Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ հավելվածը կիրառելի է 2017 թվականից, հասանելի է հայերենով և անգլերենով: Նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց նպաստել հայկական էպոսի նորովի տարածմանն ու հանրահռչակմանը, դրա մասին գիտելիքների պահպանմանն ու տարածմանը: Նորացված հավելվածում ավելացվել է ինտելեկտուալ ևս մեկ խաղ («Բառախաղ»), ստեղծվել են «Գիրք», «Պատկերասրահ» և «Կոմիքս» բաժինները:
Հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է բջջային հեռախոսի «Փլեյ մարկետ» («Play Market») կամ «Ափ սթոր» («App Store») դաշտերում որոնել հավելվածը` գրելով հայերեն կամ անգլերեն՝ Սասունցի Դավիթ («Sasunci Davit»):

Ռեժիսոր Հվան Ջոն Հեքի «Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալը, որը պատմում է գոյատևման դաժան խաղերի մասին, դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը, գրում է The Guardian-ը:
««Կաղամարի խաղը» պաշտոնապես ունի 111 միլիոն երկրպագու, ինչն այն դարձնում է մեր երբևէ ամենամեծ սերիալի մեկնարկը»,- Twitter-ում գրառում է կատարել Netflix-ը:
Պրեմիերայի օրվանից (25 օրվա ընթացքում) սերիալը 111 միլիոն դիտում է հավաքել։ Դա նշանակում է, որ «Կաղամարի խաղն» առաջ է անցել ամերիկյան «Բրիջերթոններ» սերիալից, որը ցուցադրության առաջին շաբաթների ընթացքում ընդհանուր առմամբ 82 միլիոն դիտում է հավաքել։
Հարավկորեական սերիալը Netflix-ի չարտերը գլխավորել է 90 երկրում:

13 հարկ, 28 հազար ցուցանմուշ և ռեստորան, որը նայում է Օսլո- ֆյորդին. Նորվեգիայի մայրաքաղաքում բացվել է հանրահայտ նկարիչ Էդվարդ Մունկի նոր թանգարանը: Նոր շենքը հինգ անգամ ավելի մեծ է, քան նախորդը։ Բացի ցուցասրահներից, այստեղ կա խանութ, գրադարան և ներկայացումների և սեմինարների համար նախատեսված տարածք:
«Այսօր մենք նշում ենք Մունկի նոր կյանքի սկիզբը»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ թանգարանի բացմանն ասել է Նորվեգիայի թագավար Հարալդ 5-րդը։
Էդվարդ Մունկը էքսպրեսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից է: Իր աշխատանքներում նա արծարծել է անհանգստության, վախերի, տառապանքի և ընդհանրապես հույզերի թեմաները:
Թանգարանում ցուցադրված է նաև նրա ամենահայտնի կտավը՝ «Ճիչը»: Բացի այդ, թանգարանում կարելի է տեսնել «Մադոննա», «Կյանքի պար», «Համբույր» և նկարչի բազմաթիվ ինքնանկարներ։
Էդվարդ Մունկի մայրը մահացել է տուբերկուլոզից, երբ նա ընդամենը հինգ տարեկան է եղել: Ավելի ուշ նույն հիվանդությունից մահացել է նաև նկարչի քույրը։ Կորուստը ողբերգական հետք է թողել վարպետի ողջ ստեղծագործական գործունեության վրա։
Էդվարդ Մունկը մահացել է 80 տարեկան հասակում, նա ամուսանացած չի եղել, երեխաներ չի ունեցել։ Մունկն իր բոլոր աշխատանքները կտակել է Օսլո քաղաքին։