Իրանի մարզիկները համաշխարհային օլիմպիադայում
Բարոն Պիեր դե Կուբերտինը, ով վերականգնել է Օլիմպիադայի հերոսական խաղերը, ասել է. "Օլիմպիադայում կարևորը մասնակցությունն է և ոչ հաղթանակը: Ինչպես որ կյանքում կարևոր են ջանքն ու եռանդը և ոչ թե հաղթելը: Պայքարի մեջ կարևորը ճիշտ կռվելն է և ոչ թե հաղթելը:
Օլիմպիական մրցումներն առաջին անգամ կայացան Հունաստանում` Քծա 776թ.: Այդ ժամանակ մարզիկները մրցում էին միայն վազքում: Կանայք մրցություններին մասնակցելու կամ դրանց հետևելու իրավունք չունեին, քանի որ խաղերը հատուկ էին միայն տղամարդկանց: Յուրաքանչյուր 4 տարին մեկ տեղի էին ունենում մրցումներ, որոնք կոչվում էին Օլիմպիադա: 1170 տարիներ շարունակ հույները նույնպես Օլիմիպիական խաղերը կազմակերպում էին չորս տարին մեկ: Իհարկե, այս ընթացքում ամեն անգամ ավելանում էր նոր մարզաձև: Վազքին ավելացավ ըմբշամարտը, բռնցքամարտը, ցատկը, թեթև ատլետիկան, և այլ մարզաձևեր: Օլիմպիական խաղերը դադարեցվեցին 394թ.` հռոմեական կայսեր՝ Թեոդոս 1-ի հրովարտակով: Խաղերը վերսկսվեցին 1896թ` Աթենքում: Այնուհետև Օլիմպիադան կազմակերպվում էր տարբեր երկրներում: Հատկանշական է, որ Օլիմպիական խաղեր չեն անցկացվել երեք շրջան` առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների պատճառով: Օլիմպիադայի կոչն է` Citius, Altius, Fortius, ինչը նշանակում է. Ավելի արագ, Ավելի բարձր ու Ավելի ուժեղ:
Ամառային Օլիմպիադայում կազմակերպվում են մրցումներ նետաձգություն, բատմինթոն, բեյսբոլ, բասկետբոլ, ըմբշամարտ, թիավարություն, հեծանվավազք, լող, սուսերամարտ, ֆուտբոլ, գիմնաստիկա, հանդբոլ, հոկեյ, ձյուդո, վազք, սեղանի թենիս, նավավարություն, թեքվանդո, թենիս, թեթև ատլետիկա, վոլեյբոլ, ջրային գնդակ մարզաձևերում: Օլիմպիական դրոշի վրա նշված է հինգ օղակ` կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր գույներով, սպիտակ ֆոնի վրա: Յուրաքանչյուր օղակ ներկայացնում է աշխարհի մի մայրցամաքը, որոնք Օլիմպիական խաղերի ժամանակ միանում են:
2016թ Ռիոյում ընթանում են Օլիմիպիական 31-րդ խաղերը: Խաղերի բացումը տեղի ունեցավ Բրազիլիայի Մարականա մարզադաշտում:Հանդիսավոր բացումը երկարատև ու գեղեցիկ էր: Մրցումներին մասնակցում են 10 հազար մարզիկներ` աշխարհի 206 երկրներից: Այս շրջանի խաղերի կազմակերպիչներն ընտրել են "Նոր աշխարհ" կոչը: Օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահ` Թոմաս Բախը այս կոչի մասին ասում է. "Սա հենց այն կարևոր բանն է, որ Օլիմպիական շարժումը փնտրում է: Այսինքն` փոխել աշխարհը և ստեղծել ավելի լավ աշխարհ: Այստեղ` Ռիոյում, բոլորը փորձում են ձեռք բերել նոր արդյունք: Ռիոն խաղերից հետո կդառնա ավելի նոր ու գեղեցիկ քաղաք":
Մրցումների այս շրջանում կխաղարկվի 306 ոսկե մեդալ` 28 մարզաձևերում: Մեդալների մեծ մասը հատկացվելու են թեթև ատլետիկային` 47 մեդալ: Իսկ լողին կհատկացվի 34 ոսկե մեդալ: Եվս 18-ական ոսկե մեդալ կտրվի հեծանվորդներին ու գիմնաստներին:
Այնուամենայնիվ, լրագրողներն այս օրերին խոսում են նաև Օլիմպիադայի բացասական կողմերի մասին: Նրանց հաղորդումների համաձայն, Ռիո դե Ժանեյրոյում մթնոլորտն այնքան էլ Օլիմպիական չէ: Շատ երկրներ բողոք են ներկայացրել Համաշխարհային Օլիմպիական Կոմիտեին` Բրազիլիայի թեկնածությունն ընդունելու համար, քանի որ ըստ նրանց, այս երկրում առկա են քաղաքական ու ներքին սուր կոնֆլիկտներ: Մարդիկ անտարբեր են մարզիկների նկատմամբ և անքան էլ չեն ոգևորվում նրանց տեսնելիս: Խանութներում մեծ մասամբ վաճառվում են Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հագուստները և շատ քիչ`օլիմպիադայի համար նախատեսված հագուստներ: Մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը, ոստիկանական ուժերը բողոքի ցույց կազմակերպեցին` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը: Ոստիկանները քաղաքի միջազգային օդանավակայանում գործադուլ հայտարարեցին: Նրանք իրենց ձեռքերում բռնել էին մի պաստառ, որի վրա գրված էր . «Բարի գալուստ դժոխք : Քանի որ ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատողները աշխատավարձ չեն ստացել, դուք հայտնվել եք անապահով վիճակում»: Իսկ նախքան խաղերի բացումը, հարձակում իրականացվեց չինացի լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վրա, որի ընթացքում սպանվեց 6 բրազիլացի: Մի կողմից երկրում տիրող քաղաքական ճգնաժամը և մյուս կողմից նախագահի առկախված վիճակը և դրան գումարած Զիկա վիրուսի հայտնաբերվելը, բացասական ազդեցություն են ունեցել խաղերի անցկացման վրա: Որոշ հաղորդումների համաձայն, խաղերի կայացման վայրում բացակայում են նպաստավոր պայմաններ մարզիկների կեցության համար և շատ մարզիկներ նախընտրել են մնալ հյուրանոցներում:
Իրանի կողմից այս շրջանի մրցումներին մասնակցել է 63 մարզիկ` 14 մարզաձևերում` վոլեյբոլ, ձյուդո, նավավարություն, ըմբշամարտ, սեղանի թենիս, ծանրամարտ, հեծանվավազք, սուսերամարտ, թեթև ատլետիկա, ըմբշամարտ, թեքվանդո, նետաձգություն, և լող: Վոլեյբոլի հավաքականը Իրանի միակ հավաքական խումբն է որը մասնակցում է խաղերին: Իրանի պատվիրակությունն անվանվել է Իմամ Ռեզայի պատվիրակություն, քանի որ այս օրերին նշվում է Իմամ Ռեզայի ծնունդը, ով իսլամ կրոնի առաջնորդներից է և ութերորդ իմամը:
1900 թ մինչև 2012թ.-ի ժամանակահատվածում տեղի ունեցած Oլիմպիական խաղերի արդյունքում, իրանցի մարզիկներին հաջողվել է ձեռք բերել 60 մեդալ` 15 ոսկե, 20 արծաթե և 25 բրոնզե: Իրանն առաջին անգամ մրցումներին մասնակցել է 1900 թ.: Առաջին իրանցին, ով Օլիմպիադայում մեդալ է ստացել, եղել է ծանրորդ Ջաֆար Սալմասին, ով Լոնդոնի 1948թ. Օլիմպիական խաղերում 60կգ քաշային կարգում, ստացավ բրոնզե մեդալ: Իսկ առաջին ոսկե մեդալը նվաճել է ազատ ոճի ըմբիշ Էմամալի Հաբիբին` Մելբուռնի 1956թ խաղերի ժամանակ:
Ամենաշատ մեդալներն իրանցիները նվաճել են ըմբշամարտում: Իրանցի ըմբիշների մեդալներն այս ընթացքում եղել են 38-ը, իսկ ծանրորդներինը` 16-ը: Նախորդ շրջանի մրցումներում իրանական պատվիրակությունը նվաճել է 4 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը Ռիոյի խաղերի ժամանակ ներկայացրել է Օլիմպիադայի 50 լավագույն մարզիկների անունները: Այդ ցուցակում է նաև իրանցի մարզիկ Համիդ Սուրիայի անունը, ով 2012թ դարձավ ըմբշմարտի չեմպիոն , ինչպես նաև Զահրա Նեըմաթիի անունը: Վերջինս 2012թ. պարալիմպիկ խաղերի չեմպիոն դարձավ նետաձգության մարզաձևում: Նա իրանցի առաջին մարզուհին էր, ով կարողացավ ոսկե մեդալ նվաճել: Զահրա Նեըմաթին խաղերից հետո հրավիրվեց ՄԱԿ` ելույթի համար: Դրանից հետո նա նվաճեց լավագույն հաշմանդամ մարզուհու տիտղոսը: Հետաքրքրական է, որ Զահրա Նեըմաթին մասնակցել է նաև ներկայումս անցկացվող մրցումներին, քանի որ Օլիմպիական միջազգային կոմիտեն թույլ է տալիս, որ այս մրցումներին մասնակցեն նաև հաշմանդամ մարզիկներ:
Իրանցի մարզուհիներն արդեն մի քանի տարի մասնակցում են Օլիմպիական խաղերին: Եվ նրանց թիվը գնալով աճում է: Այս շրջանին իրանցի մարզուհիները հանդես են գալիս նետաձգության, թեթև ատլետիկայի, սեղանի թենիսի, նավավարության և թեքվանդոյի մարզաձևերում: Օգոստոսի 21-ին ավարտվելու են Ռիոյի խաղերը: Դրանից հետո` սեպտեմբերի 4-ին, ծածանվելու է Պարալիմպիկ խաղերի դրոշը: Իսկ Պարալիմպիկ խաղերը ավարտվելու են սեպտեմբերի 18-ին: