«Տառապանք և գույն» գիրքը՝ իրանական արվեստի փառահեղ նմուշ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i44245-Տառապանք_և_գույն_գիրքը_իրանական_արվեստի_փառահեղ_նմուշ
«Տառապանք և գույն» հիանալի եռալեզու գիրքը պատմում է վարպետ Հոսեյն Բեհզադի կյանքի մասին, ով Իրանի ժամանակակից մանրանկարչության հայրն է համարվում։ Գրքի հեղինակը Մոհամմադռեզա Ասադզադեն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2016 16:33 Asia/Tehran
  • «Տառապանք և գույն» գիրքը՝ իրանական արվեստի փառահեղ նմուշ

«Տառապանք և գույն» հիանալի եռալեզու գիրքը պատմում է վարպետ Հոսեյն Բեհզադի կյանքի մասին, ով Իրանի ժամանակակից մանրանկարչության հայրն է համարվում։ Գրքի հեղինակը Մոհամմադռեզա Ասադզադեն է։

Արվեստն ու գեղեցկությունը մշտապես իրենց յուրահատուկ շունչն են ունեցել իրանցիների կյանքի ցանկացած բնագավառում։ Ամբողջ աշխարհի մակարդակով քիչ են այնպիսի քաղաքակրթությունները, որտեղ արվեստը նույնչափ զարգացած լինի ինչպես Իրանում։ Ասվածը վերաբերում է այնպիսի բնագավառներին ինչպիսիք են ճարտարապետությունը, այգեգործությունը, կիրառական արվեստները և այլն։

Իրանում արվեստներից շատ հայտնի է մանրանկարչությունը։ Իսլամական շրջանում սկզբնապես մանրանկարչությունը օգտագործվել է որպես գիտական՝ մասնավորապես դեղագիտական և բուսաբանության գրքերը համապատասխան նկարներով հարստացնելու համար։ Այնուհետև մանրանկարչությունը մեծ տարածում է գտնել նաև գեղարվեստական գրքերում։ Այս գեղեցիկ արվեստը կիրառվել է Ֆերդուսու «Շահնամեն» զարդարելու համար։ Արվեստն իր ծաղկման ու զարգացման բարձրակետին է հասել Թեյմուրյանների, այնուհետև Սաֆավյանների օրոք։ Այս շրջանում ի հայտ են եկել այնպիսի մանրանկարիչներ ինչպիսիք են Ռեզա Աբբասին, Բայսոնղուրը և Բեհզադը, ովքեր իրենց բարձրարժեք գործերով, մասնավորապես Շահնամեի նկարազարդումներով, հայտնի դարձան ամբողջ աշխարհում։ Սաֆավյանների ժամանակաշրջանի ավարտին այս արվեստը որակական առումով անկում ապրեց, իսկ Ղաջարների ժամանակաշրջանում բազմաթիվ ընդհանրություններ ձեռք բերեց եվրոպական արվեստի հետ։ Ղաջարների ժամանակաշրջանի ավարտից հետո Իրանում հստակ զգացվեց արևմտյան արվեստի դպրոցների ազդեցությունն ու տարածումը, ինչի հետևանքով բուն իրանական արմատներ ունեցող արվեստը մեկուսացավ։ Ահա այս պայմաններում իրանական նկարչության վերակենդանացման կարևոր առաքելությունն  իր վրա վերցրեց վաստակավոր մանրանկարիչ Հոսեյն Բեհզադը: Անշուշտ պետք է ասել, որ մեծ վարպետը տքնաջան աշխատանքի և երկաթյա կամքի շնորհիվ կարողացավ հասնել իր նպատակին։

Վարպետ Հոսեյն Բեհզադը

Հոսեյն Բեհզադն ապրել է 1894 -1968 թթ.-ին։ Նա դեռևս մանուկ հասակում զբաղվում էր գրչատուփեր պատրաստելով, սակայն հետագայում սիրահարվեց նկարչությանն ու իր կյանքը նվիրեց այդ արվեստին։ Մեծ վարպետն այսպես է նկարագրել նկարչության հանդեպ ունեցած իր զգացումները․«Մի տարօրինակ  անծանոթ զգացում եմ ունենում, երբ վերցնում եմ մատիտը կամ վրձինը և սկսում նկարել՝ ասես ծարավից տանջահար հասնում եմ զուլալ ջրի աղբյուրին և հագեցնում ծարավս։ Նկարչությունն իմ աշխարհն է»։

Հոսեյն Բեհզադը տասնութ տարեկան հասակում կառուցում է իր առանձին արվեստանոցը և սկսում այնտեղ զբաղվել իր այդքան սիրած գործով։ Նրա գործերը արագորեն մեծ արձագանք գտան և շուտով նա դարձավ գրքերի նկարազարդման ճանաչված վարպետ։ Նա իր կտավներից հանձնել է նաև Մոնակոյի արքայազն Արֆա Ալ-Դաուլային, ով դրանք տեղադրել է իր թանգարանում։ Նկարներ պատվիրողները շատ հաճախ Բեհզադի գործերը վաճառում էին Իրանից դուրս՝ որպես հնություն և այդպիսով հսկայական գումարներ էին վաստակում։

1935 թվականին վարպետը Ռաբինո անունով ֆրանսիացի հնեաբանի հետ մեկնում է Ֆրանսիա։ Այնտեղ հնություն վաճառողները գաղտնի դիմում են նրան և խնդրում աշխատել իրենց համար։ Նրանք հասկանում էին, որ վարպետ Բեհզադի գործերը հեշտությամբ կարողանում են որպես հնություն վաճառել։ Նա Ֆրանսիայում մնաց տասներեք ամիս և այդ ամբողջ ընթացքում ուսումնասիրեց Լուվր, Վերսալ  և Գիմե թանգարաններում գտնվող իրանական բազմաթիվ կտավներ։ Հետագայում վարպետը մանրամասնում է․«Իրանական և արտասահմանյան արվեստների իմ ուսումնասիրությունները մեկ նպատակ ունեին․ ես ցանկանում էի այդ երկուսի առանձնահատկությունների համադրությամբ ստանալ նոր ոճ, նոր գեղեցկություն»։

                Վարպետ Հոսեյն Բեհզադը

    

Իրան վերդառնալուց հետո վարպետ Բեհզադը աստիճանաբար մի կողմ է դնում առևտրական գործը և իր ամբողջ ժամանակը տրամադրում սիրած զբաղմունքին՝ նկարչությանը։ Մեծ վարպետը իրենից հետո թողել է արվեստի անգին նմուշներ։ Հոսեյն Բեհզադը տասնյոթ ցուցահանդես է կազմակերպել՝ ինչպես Իրանում, այնպես էլ արտասահմանում։ Ակտիվ մշակութային գործունեության և հիանալի գործերի համար նա ստացել է մի քանի մրցանակներ և մեդալներ։ Վաստակաշատ արվեստագետը տարիներ շարունակ աշխատել է որպես հնագիտության վարչության տեխնիկական մասնագետ, ինչպես նաև Թեհրանի գեղեցիկ արվեստների դպրոցի դասախոս։ Վարպետի տունը իր կտակի համաձայն վերածվել է նկարչության ուսուցման կենտրոնի։

Հոսեյն Բեհզադի ստեղծագործությունների խորությունն ու շքեղությունը ստացվել են տքնաջան աշխատանքի, անսահման տաղանդի և արվեստագետին հատուկ ոգևորության իդեալական համադրության արդյունքում։ Այս ամենի հետ մեկտեղ մեծ վարպետի աշխատանքներում նկատելի է այն պարզությունը, որը թերևս այսօր այդքան անհրաժեշտ է մարդ արարածին։ Նա կատարելության է հասցրել իր ստեղծագործությունները` ժամանակի  նկարչական նորարարությունների միջոցով։ Արվեստագետը մշտապես ջանացել է ստեղծել բուն իրանական արվեստի գործեր, այդ իսկ պատճառով սկսել է պատկերել ոչ թե մոնղոլական, այլ իրանական դեմքեր։ Այն նորարարությունը մեծ նշանակություն է ունեցել իրանական արվեստի համար, քանի որ փրկել է այն օտար ազդեցությունից։

Հոսեյն Բեհզադի մի շարք ստեղծագործություններ

Ֆրանսիացի գրող, արվեստագետ Ժան Կոկտոն Հոսեյն Բեհզադի մասին ասել է․«Նա արևելքի կախարդանքի մարգարեն է։ Եթե մինչ այժմ արևելքի ողջ շքեղությունը տեսնում էինք Հազար ու մի գիշերների պատմվածքներում և ոսկե պալատներում, ապա այժմ նույն շքեղությունը մեզ է փոխանցում ճերմակած մազերով ու ազդեցիկ աչքերով իրանցի փառահեղ նկարիչը՝ Հոսեյն Բեհզադը։ Անկասկած նա է մեր դարի մանրանկարչության ամենահռչակավոր դեմքը»։

Բեհզադից առաջ մանրանկարչության մեջ շատ տարածված ու մեծ էր մոնղոլական ազդեցությունը։ Գրեթե բոլոր ստեղծագործություններում առկա էին բուն մոնղոլական նախշեր ու պատկերներ, որոնք բոլորն էլ միմյանց նման ու միատոն էին։ Բեհզադը փոխեց այդ ոճը և իրանական առօրյան մտցրեց մանրանկարչության մեջ։ Նա սկսեց պատկերել այն ինչ իրանական է։ Մեծ վարպետը իր կյանքի ընթացքում թողել է ավելի քան չորս հարյուր ստեղծագործություն, որոնց մեջ հստակորեն երևում է թե ինչ նորարարություններ է մտցրել արվեստագետը մանրանկարչության ոլորտ։ Նա իր ստեղծագործություններում այնքան հմուտ կերպով է օգտագործել և համադրել պատկերավորման ու անատոմիայի օրենքները, որ դիտողը մինչև հոգու խորքը զմայլվում է նրա կտավներին նայելիս։ Ի հավելումն այս ամենի, արվեստագետը կարողանում էր մեծ վարպետությամբ պատկերել իրանցու մտածմունքները, սիրտն ու հոգին՝ այնպիսի վարպետությամբ, որ գրքերում արված պատկերազարդումներն անգամ կարելի է դիտարկել որպես առանձին՝ իր սեփական պատմությունը ունեցող կտավ։ Բոլոր վերը թվարկվածները Հոսեյն Բեհզադի ստեղծագործական ոճի և նրա ստեղծագործությունների առանձնահատկություններից են։

«Տառապանք և գույն՜ հիանալի գիրքը վարպետ Հոսեյն Բեհզադի մասին է, ով իրանական արդի մանրանկարչության հայրն է համարվում։ Գիրքի հեղինակն է Մոհամմադռեզա Ասադզադեն։ Աբանի քսանչորսին՝ գրքի և ընթերցանության ազգային օրը, Թեհրանում տեղի է ունեցել այս գրքի շնորհանդեսը։ Գիրքը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և որպես արվեստի բացառիկ նմուշ նեկայացվել ֆրանսիական ու ամերիկյան թանգարաններում։ Գիրքը բաղկացած է չորս հարյուր էջերից։

   «Տառապանք և գույն»գիրքը

 

 Այս հոյակապ գիրքը երեք լեզուներով տպագրվել է Փասարգադ բանկի, Ֆրանսիայի մշակութային միության և Գեղարվեստի ակադեմիայի ցուցաբերած օժանդակության շնորհիվ։ Գրքի շնորհանդեսին ներկա են եղել բազմաթիվ պատվավոր հյուրեր, այդ թվում՝ Իրանի Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Ռեզա Դավարի Արդաքանին, Ֆրանսիայի Սորբոնի արվեստի համալսարանի տնօրեն՝Ժան Պիեր Բրիգուդիոն և բազմաթիվ այլ մտավորականներ։

Շնորհանդեսի արարողության ժամանակ ելույթ է ունեցել  Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի դասախոս Ժան Պիեր Բրիգուդիոն․-«Այս գիրքը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում։ Գրքի ուսումնասիրմամբ մենք ծամոթանում ենք իրանական արվեստի բացառիկ նմուշների հետ։ Մենք կարող ենք խոսել իրանական նկարչության մասին, սակայն  Բեհզադի ստեղծագործությունները չեն կարող պարզապես նկարչություն կոչվել՝ դրանք խոսքի, պատկերի և հոգու միախառնուրդ են»։

Ժան Պիեր Բրիգուդիոն՝ Սորբոնի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի դեկանը «Տառապանք և գույն» գրքի շնորհանդեսի ժամանակ

Նա հավելել է․«Մենք նպատակ ունենք Ֆրանսիայում ևս տպագրել այս գիրքը և Փարիզում կազմակերպել հանդիսավոր շնորհանդես՝ ֆրանսիացի հայտնի նկարիչների ներկայությամբ։

Մահմուդ Դովլաթաբադին, շնորհակալություն հայտնելով գրքի տպագրման համար, շնորհանդեսի արարողության ժամանակ ասել է․«Տարիների ընթացքում մենք չենք կարողացել իրանական արվեստը լիարժեք ներկայացնել աշխարհին։ Սա շատ կարևոր քայլ է այդ ուղղությամբ և հետագայում նոր սերնդի նկարիչներն ու գրողները պետք է աշխատեն  այդ ուղղությամբ»։ Այդին Աղդաշլուն ասել է․«Հոսեյն Բեհզադը մեծ ներդրում  է ունեցել իրանական արվեստի մեջ։ Մենք պետք է նրա ստեղծագործությունները ներկայացնենք ամբողջ աշխարհին և այդպիսով նպաստենք իրանական արվեստի պահպանմանը»։

    Այդին Աղդաշլուն և Մահմուդ Աբադին «Տառապանք և գույն» գրքի շնորհանդեսի ժամանակ

 

Պետք է նշել նաև, որ պարսկերեն, անգլերեն և ֆրանսերեն եռալեզու գիրքը հավանության է արժանացել նաև Գերմանիայի Գյոթեի թանգարանի կողմից։ Արարողության ժամանակ  Գյոթեի թանգարանից ժամանած հյուրերը իրենց երախտիքի խոսքը հղեցին գրքի հեղինակին։ Այս տարի գիրքը ներկայացվել է Ֆրանկֆուրտի գրքերի ցուցահանդեսում՝ ընդ որում հատուկ տաղավարով, ինչը միանշանակ կարևոր դեր է խաղալու գրքի տարածման հարցում։

        Մոհամմադռեզա Ասադզադեն՝ «Տառապանք և գույն» գրքի շնորհանդեսի ժամանակ՝ Ֆրանկֆուրտ

 

Գրքի հեղինակ Մոհամմադռեզա Ասադզադեն ասել է․«Գրքի վրա սկսել եմ աշխատել դեռևս տասնհինգ տարի առաջ։ 2008 թվականին գրքում տեղ գտած ինքնակենսագրականն Ադրբեջանում գրական մրցանակի արժանացավ, որից անմիջապես հետո սկսեցի տեսքտերի և պատկերների դասակարգման աշխատանքները։ Այդ հարցում ինձ մեծ օգնություն են ցուցաբերել գեղարվեստի ակադեմիայի հայտնի պրոֆեսորներից շատերը, ովքեր իրենց ուղղումներով նպաստել են գրքի կատարելագործմանը»։