Գազա․դիմադրություն և ճնշումներ
Իրանական դեյ ամսի 29-ին նշվում է Գազայի ազգային օրը։ Այս օրը խորհրդանշական է Գազայի ժողովրդի համար, քանի որ արտահայտում է նրանց իրավունքների խախտումը Սիոնիստական հանցավոր ռեժիմի կողմից և այդ ժողովրդի սխրագործությունը։ Դեյի 29-ը, Երուսաղեմի համաշխարհային օրվա նմանությամբ, հնարավորություն է ընձեռնում, որպեսզի Գազայի ժողովրդի հառաչանքերն ու ազատության կանչը հասնի միջազգային հանրությանը։
Սիոնիստական օկուպատ ռեժիմը 2008 թվականի դեկտեմբերի 27-ին միակողմանի պատերազմ սկսեց, որը հայտնի է նաև «թափվող արճիճ» անունով։ Պատերազմը այդ հանցավոր ռեժիմի կողմից ձեռնարկվեց իսլամական դիմադրությունը կոտրելու համար։ Նրանք հավատում էին, որ կարող են 7-10 օրվա ընթացքում հաղթել պատերազմը, սակայն իրականությունն այն է, որ պատերազմի սկսվելուց 22 օր հետո՝ հունվարի 17-ին, որը համապատասխանում է իրանական դեյ ամսի 29-ին, սիոնիստական ռեժիմի ուժերը ստիպված եղան խայտառակ կերպով նահանջել Գազայի հատվածից։ Հենց այս պատճառով է, որ դեյի 29-ը ընդունված է նշել որպես Գազայի ազգային օր։ Այսօրվա թողարկումը նվիրված է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի ժողովրդի նկատմամբ կատարած բազմաթիվ հանցագործություններին և նրանց ճնշված վիճակին։
Պաղեստինը վերջին երկու տասնամյակներում երկու ինթիֆադաների և Իսրայելի հրահրած երկու՝ 2008 և 2014 թվականների պատերազմների ականատեսը եղավ։ Այդ պատերազմների և ինթիֆադաների ընթացքում զոհվածները հիմնականում Գազայի հատվածի բնակիչներ են եղել։ 360 կիլոմետր ձգվող այս հատվածում ապրում են մոտ 1.8 միլիոն մարդիկ։ Այն համարվում է աշխարհում ամենախիտ բնակեցված կետը։ Գազայի հատվածում ապրում են 1300 քրիստոնյաներ, իսկ բնակչության մնացած, գերակշռող մասը մուսուլմաններ են։ Սիոնիստական հանցավոր ռեժիմի կատարած հանցագործություններից ամենաշատը տուժել և տուժում է հենց այս հատվածը, քանի որ գրեթե մշտապես գտնվում է Իսրայելի նշանառության տակ։ Հատկանշական է, որ 2007 թվականից մինչ այժմ այս հատվածը ամբողջովին շրջապատված է Իսրայելի կողմից։
Իսրայելական գործոնի ազդեցության պատճառով այժմ Գազայի ժողովուրդը անհամար խնդիրներ ունեն։ Այդ հատվածի բնակիչներից շատերը իրենց կյանքը զոհել են Սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմում։ Միացյալ ազգերի կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն 2014 թվականի 51-օրյա Իսրայել-Գազա պատերազմում 2312 պաղեստինցի է զոհվել։ Զոհերից 2256-ը Գազայի շրջանից են եղել և 56-ը Հորդանանի գետի արևմտյան ափից։ Նույն՝ 51-օրյա պատերազմում ավելի քան 1500 երեխաներ են որբացել։ 2014 թվականին սկսված այդ պատերազմի ընթացքում զոհվել են 551 և վիրավորվել ավելի քան 3370 երեխաներ։ Վիրավորված երեխաների մեկ երրորդը այժմ անդամալույծ են։
Այդ պատերազմի թողած ցավալի հետևանքներից ևս մեկն այն է, որ ներկայումս ամբողջ աշխարհում հաշվարկվում են մոտ 7 միլիոն անտուն և հայրենազրկված պաղեստինցիներ։ Հատկանշական է, որ այդ 7 միլիոն մարդկանց մեջ նույնպես գերակշռող մասը Գազայի բնակիչներ են։ Հաշվարկները ցույց են տվել, որ Գազայի բնակչության 74-ը անտուն է ներկայումս։ Գազայի տարածքում գոյություն ունեն անտունների համար նախատեսված 8 ճամբարներ, որոնցից չորսը գտնվում է գյուղերում, իսկ մյուսը չորսը՝ քաղաքում։ Մարդկանց անօթևան դառնալու գլխավոր պատճառը պատերազմն է հանդիսանում։ Բավական է նշել միայն, որ 2014 թվականի պատերազմի ընթացքում Գազայի տարածքում անօթևան են դարձել ավելի քան 65 հազար մարդիկ։ Հաշվարկների համաձայն՝ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2005-ի ապրիլը ընկած ժամանակահատվածում Սիոնիստական օկուպանտ ռեժիմի բանակի ձեռնարկած հարձակողական գործողությունների հետևանքով Պաղեստինում քանդվել է 73576 շինություն, որոնցից 28709-ը՝ Գազայի հատվածում։ 4778 շինություն քանդվել է ամբողջությամբ։ Գազայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փերնիլ Այրոնսայդը ասել է, որ 2014 թվականի պատերազմի ընթացքում շարքից դուրս է եկել 17 հազար բնակարան, որի հետևանքով Գազայում ավելի քան 100 հազար մարդ անօթևան է մնացել։
Ցավով պետք է նշենք, որ պատերազմով չեն ավարտվում Գազայի հատվածի բնակիչների խնդիրները։ Այդ տարածքին պատերազմից ոչ պակաս վնաս է հասցնում նաև սիոնիստների կողմից ամբողջովին շրջափակված լինելը։ 2006 թվականից ի վեր Գազայի շրջափակման պատճառով աշխատատեղերի և սննդի ապահովման ոլորտներում անմխիթար վիճակ է ստեղծվել։ Գործազրկության մակարդակով Գազայի հատվածը աշխարհում առաջին հորիզոնականում է գտնվում։ Ընդհանուր առմամբ գործազրկությունը Գազայում կազմում է 43 տոկոս, իսկ երիտասարդության շրջանում այն հասնում է աննախադեպ 60 տոկոսի։ Գործազրկութունը այս տարածքում աղքատության և սննդի պակասի պատճառ է դարձել։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 2000-ից 2016 թվականները ընկած ժամանակահատվածում աղքատության մակարդակը Գազայում 30-ից հասել է մինչև 80 տոկոս։ Գազայի բնակչության 80 տոկոսը այժմ ապրում է միջազգային մարդասիրական օգնությունների հաշվին։ Բնակչության 73 տոկոսը բախվում է սննդային անվտանգության բազմաթիվ խնդիրների։ Հատկանշական է, որ Գազայի բնակչության մոտ կեսը կազմում են 15 տարեկանից ցածր երեխաները, ովքեր բնականաբար ավելի զգայուն են պատերազմական իրավիճակից առաջացած բարդությունների նկատմամբ։ Այս ցուցանիշը հետագայում կարող է ավելանալ, քանի որ Գազայում բնակչության բնական աճը կազմում է տարեկան 6 տոկոս։
Պաղեստինում յոթ տարեկան և ավելի փոքր երեխաների մահացության մակարդակը յոթ անգամ ավելի է Իսրայելի նույն տարիքի երեխաների մահացության մակարդակից։ Պաղեստինցի երեխաների 30 տոկոսը մահանում է մինչև հինգ տարեկան դառնալը։ Հորդանանի գետի արևմտյան ափին լույս աշխարհ եկած ամեն 1000 երեխաներից 21-ը մահանում են մինչև մեկ տարեկան դառնալը, իսկ Գազայում լույս աշխարհ եկած ամեն 1000 երեխաներից 31-ն են մահանում՝ չհաղթահարելով մեկամյա տարիքային շեմը։ Մահացության նման բարձր մակարդակի հիմանական պատճառներն են հանդիսանում սակավարյունությունը, սննդային անբավարարությունն ու թերսնումը։ Բավական է միայն նշել, որ Գազայի հատվածի հղի կանանց 39.1 և Հորդանանի գետի արևմտայն ափի կանանց 15.4 տոկոսը տառապում են սակավարյունությամբ։ Գազայի հատվածում խմելու ջրի խնդիր ևս կա։ Այդ տարածքի բնակչությունը հաճախ ստիպված է լինում ոչ օգտագործելի ջրերից օգտվել, ինչն էլ բազմաթիվ հիվանդությունների և թունավորումների պատճառ է հանդիսանում։ 2013 թվականին Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցի ավելի քան մեկ միլիոն բնակչություն զրկված է եղել՝ ՄԱԿ-ի կողմից որպես նորմա հաստատված օրական 100 լիտր ջուր օգտագործելու հնարավորությունից։ Գազայի հատվածի բնակչության օգտագործած ջրի 95 տոկոսը ոչ օգտագործելի է և հարուստ է նիտրատներով, ինչը նույնպես բազմաթիվ հիվանդություններ է առաջացնում՝ հատկապես երեխաների մոտ։ Նույն անմխիթար վիճակը տիրում է նաև առողջապահության ոլորտում։ Մարդկանցից շատերը զրկված են համապատասխան բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ 2014 թվականի պատերազմի ընթացքում վնասվել են 67 հիվանդանոցներ և 7 առողջապահական կենտրոններ։ Իսրայելի կողմից Գազայի տարածքի շրջափակումը բավականին բարդ իրավիճակ է ստեղծել նաև էլեկտրամատակարարման և դեղորայքների ապահովման ոլորտում։
Գազայի հատվածում բարդ իրավիճակ է ստեղծվել նաև կրթության ոլորտում, որի հիմնական պատճառը նույնպես պատերազմն է։ Բանն այն է, որ ռազմական գործողությունների ընթացքում մեծապես տուժել են դպրոցներն ու կրթական համալիրները։ Գազայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փերնիլ Այրոնսայդը նշել է, որ 2014 թվականի պատերազմի ժամանակ իսրայելական բանակի կատարած ռազմական գործողությունների հետևանքով շարքից դուրս է եկել 219 դպրոց։ 22 դպրոցներ քանդվել են ամբողջովին։
Պաղեստինցի երեխաներից շատերը ստիպված են լինում կիսատ թողնել դպրոցական կրթությունը և աշխատել իրենց և իրենց ընտանիքների պահանջները բավարարելու համար։ Գազայի հատվածի երեխաների միայն 70 տոկոսն է դիմում նախնական կրթություն ստանալու համար։ Անօթևանների ճամբարներում ապրող երեխաները շատ դեպքերում նույնպես զրկված են լինում կրթություն ստանալու հնարավորությունից։ Կրթություն ստանալը իրոք հրատապ խնդիր է Գազայում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացրած զեկույցների համաձայն 2013 թվականին Գազայում ավելի քան 123 հազար երեխաներ ստիպված են եղել կիսատ թողնել իրենց կրթությունը դպրոցական մակարդակից։

Պատերազմում տեղի ունեցող դեպքերը, արյունալի ընդհարումները, վիրավորների հառաչանքները, ծնողներին կորցնելը, պայթյունների ձայները և բազմաթիվ նմանատիպ գործոնները սարսափելի ազդեցություն են ունենում երեխաների հոգեկան առողջության վրա։ Հոգեբանները երեխաների մոտ պատերազմներից հետո առաջացած հոգեկան խնդիրները անվանում են «սթրեսային խանգարումներ»։ 2007 թվականին 229 գազացի երիտասարդների հոգեկան վիճակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց 68.9 տոկոսը ունի հոգեկան լուրջ խնդիր, 40 տոկոսը՝ նյարդային խանգարումներ և 94.9 տոկոսը անհանգստության սիմպտոմներ։ 2008 թվականին 200 ընտանիքներում անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց երեխաների 70.1 տոկոսը հետպատերազմյան սթրեսային վիճակում են գտնվում և 33.9 տոկոսը անհանգստության սուր նախանշաններ ունեն։ 2008 թվականին 1137 երեխաների բժշկական զննությունը ցույց է տվել, որ նրանց 99 տոկոսը ստորացման զգացումով է տառապում։ Երեխաների մեծամասնությունը նյարդային լուրջ խանգարումներ են ստացել ռմբակոծությունների ձայներից, զոհվածների հուղարկավորության արարողությունը տեսնելուց, տանկերի և հրանոթների ձայներից։ Նման հոգեկան և նյարդային խնդիրներ շատ տարածված են Գազայի բնակչության՝ հատկապես երեխաների շրջանում։ 2014 թվականին այդ տարածքում կատարված հաշվարկների արդյունքնում պարզվել է, որ 13-ից 18 տարեկան երեխաների 92 տոկոսը հոգեկան բազմապիսի շեղումներով են տառապում։
Այս բոլոր տեղեկությունները ցույց են տալիս, թե ներկայումս ինչ պայմաններում են ապրում Գազայի հատվածի բնակիչները և որքան ճնշված են նրանք։ Անկասկած Գազան կարելի է համարել դիմադրության եզակի մի կենտրոն, քանի որ այսպիսի պայմաններում անգամ տարածքի բնակչությունը չի հանձնվում Սիոնիստական դաժան, բռնի և օրինախախտ ռեժիմի առաջ։
تصاویری از وضعیت فاجعه بار غزه