Իրանի իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից(7)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Ռոբին Րայթի տեսակետը Իրանի իսլամական հեղափոխության մասին։ Արևմտյան այդ լրագրողուհին լուսաբանել է Իրանի հեղափոխական շարժումը և մարդկանց պայքարը շահի բռնի ռեժիմի դեմ։ Կխոսենք նաև Իրանի իսլամական հեղափոխության վերաբերյալ Պիտեր Չելկովսկիի տեսանկյունի մասին։
Իրանի իսլամական հեղափոխությունը չի կարելի բնորոշել միայն որպես պայքար քաղաքական ռեժիմի փոփոխության համար։ Ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներից շատերի կարծիքով՝ իսլամական հեղափոխությունը ավերիչ մի երկրաշարժ էր Արևմուտքի համար։
Այժմ, սիրելի ռադիոլսողներ, մենք Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի երեսունութերորդ տարելիցի նախաշեմին ենք։ Հենց այս կապակցությամբ ձեզ համար պատրաստել ենք «Իրանի իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից» հաղորդաշարը, որը կոչված է լուսաբանել արևմուտքի հայտնի դեմքերի կարծիքները Իրանի իսլամական հեղափոխության մասին։
Արևմուտքում դժվար թե գտնվի մի լրագրող, ով Ռոբին Րայթի չափ տեղեկացված կլինի իրանական հետհեղափոխական մշակույթի և մարդկանց առօրյա կյանքի մասին։ Րայթը առաջին անգամ Իրանում է եղել 1973 թվականին՝ որպես լրագրող։ Նա Իրանում է գտնվել նաև հեղափոխության տարիներին։ Իրանում գտնվելու տարիներին նա գրել է «Վերջին մեծ հեղափոխությունը․ հեղափոխական շարժումն Իրանում» գիրքը, որտեղ հանգամանորեն և վերլուծաբանի տեսանկյունից ներկայացրել է Իրանում 1979-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները։
Ռոբին Րայթի կարծիքով Իրանի իսլամական հեղափոխությունը ներկայացնում է իսլամական ուսմունքը ամենաճշմարիտ ձևով։ Նա գրում է․ «Ես այստեղ տեսնում եմ գլխաշորով կանանց, ովքեր զբաղվում են հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Կանանց ակտիվ ներկայությունը հասարակության մեջ, անկասկած, իսլամական հեղափոխության մեծագույն արդյունքներից է»։ Ռոբին Րայթը ներկայացնում է Իրանի իսլամական հեղափոխությունը որպես մարդկության պատմության մեծագույն իրադարձություն և այն համեմատում է ֆրանսիական ու ռուսական հեղափոխությունների հետ։
Արևմուտքի մեկ այլ մտավորական Պիտեր Չելկովսկին Իրանի իսլամական հեղափոխության մասին «Մի հեղափոխության պատմություն» վերնագրով գիրք է հեղինակել։ Նա այսպես է բնորոշել իսլամական հեղափոխությունը․ «Իրանի իսլամական հեղափոխությունը պատմության բացառիկ իրադարձություններից էր, որը ցույց տվեց բոլորին, որ խոսքերն ու գաղափարները ավելի ուժեղ են, քան զենքը։ Իմամ Խոմեյնին իր ճշմարիտ գաղափարախոսությամբ և կարգախոսներով կարողացավ կործանել ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի գոյություն ունեցած համակարգը»։
Չելկովսկին իր գրքում խիստ քննադատում է շահական ռեժիմը և իսլամական հեղափոխության առաջացմանը զուգընթաց՝ կանխորոշում է դրա մոտալուտ կործանումը։ Նա հեղափոխականների միակ զենքը համարում է հավատը և կրոնը։ Չելկովսկին իր գրքում ներկայացնում է նաև բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ միայն ժողովրդի ակտիվ մասնակցությամբ է տեղի ունեցել 1979-ի Իրանի իսլամական հեղափոխությունը։