Իրանի Իսլամական հեղափոխություն՝ եզակի հեղափոխություն (10)
Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ հռչակ է ձեռք բերել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում և այս ամենը շնորհիվ այն բանի, որ հեղափոխության հիմքը հանդիսանում էին իսլամական ճշմարիտ, առաջադիմական, տրամաբանական արժեքները, որոնք համապատասխանում էին մարդկային բնությանը։
Աշխարհի գերտերություննների կամքից անկախ Իրանում փայլեց իսլամական հեղափոխությունը՝ իր բոլոր դրական կողմերով։Այն իր հետ բերեց անասելի զարթոնք, որը օրինակ է ծառայում իսլամական ճնշված հասարակությունների համար։ Իրանի իսլամական հեղափոխությունը բռնահարված ժողովուրդների զարթոնքին զուգընթաց շարունակում է իր ուղին :
Անշուշտ քիչ հեղափոխություններ կարելի է թվել, որոնք, Իրանի իսլամական հեղափոխության նմանությամբ, մեծ արձագանք են գտել բոլոր հասարակություններում։ Հաջող ընթացած ցանկացած հեղափոխություն իր հետքն է թողնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերություններում։ Ասվածի ցայտուն օրինակներից են Ֆրանսիայում 1789-ին և Ռուսաստանում 1917-ին տեղի ունեցած մեծ հեղափոխությունները։ Իրանի իսլամական հեղափոխությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում պատմության ընթացքում տեղի ունեցած հեղափոխությունների շարքում։ Անցած 38 տարիների ընթացում հեղափոխության ազդեցությունը միջազգային ասպարեզում պահպանվել է։
Իսլամական հեղափոխությունը Իրանում ունեցավ հսկայական դեր և նշանակություն։ Այն ժողովրդական ահեղ բռունցքի հուժկու հարվածը դարձավ շահական բռնի ռեժիմին, որի հետևանքով այդ ռեժիմը տապալվեց և մարդկանց շնորհվեց երկար սպասված ազատությունը, որի համար նրանք անզիջում պայքար էին մղում։ Ներկայումս Իրանում ազատությունը և ժողովրդական սուվերենությունը գտնվում են բարձր մակարդակի վրա, որի վառ ապացույցը երկրի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են։ Իրանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, սկսած առաջնորդից և նախագահից, ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ընտրվում են մարդկանց կողմից։
Անկախությունը Իրանի իսլամական հեղափոխության մյուս կարևոր ձեռքբերումներից էր։ Լուսահոգի Իմամ Խոմեյնին շահական հանցավոր ռեժիմի դեմ պայքարի հենց սկզբից ասում էր, որ հեղափոխական շարժման նպատակը միայն շահի տապալումը և նրա ոչ ժողովրդավարական իշխանության կործանումը չէ։ Հոգեույս առաջնորդը վճռականորեն պնդում էր, որ շահի արտասահմանյան աջակիցները՝ հատկապես ԱՄՆ պետք է հեռանան Իրանից։ Իսլամական հեղափոխությունն էր, որ Իրանից վռնդեց ԱՄՆ-ին, Բրիտանիային և Սիոնիստական ռեժիմին, որոնք զբաղած էին երկրի հարստությունների անխնա թալանով։ Հիմանականում սա է պատճառը, որ այդ երկրները թշնամական դիրք են բռնել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։
Իրանի իսլամական հեղափոխության հիմքը կազմում են իսլամական արժեքներն ու օրենքները։ Իմամ Խոմեյնին բազմիցս նշում էր, որ Իսլամի ճշմարիտ ճանապարհով քայլողները մշտապես հասնում են հոգևոր և բարոյական բարձրակետի։ Իսլամական արժեքներով են կարգավորվում նաև փոխհարաբերությունները հասարակության անդամների միջև։ Անգնահատելի է կրոնի դերը նաև պետություն-հասարակություն հարաբերություններում։ Այս կապակցությամբ Իմամ Խոմեյնին ասում է․ «Իսլամը քաղաքականության կրոն է, Իսլամի միջոցով կարելի է երկիր կառավարել։ Այն, լինելով կրոն, իր մեջ է պարունակում նաև քաղաքական մի ողջ գաղափարախոսություն»։ Հենց այս պատճառով է որ, Իրանի ժողովրդի որոշմամբ և նրանց իսկ ընտրությամբ հեղափոխությունից հետո երկիրը դարձավ իսլամական հանրապետություն՝ հիմնված հոգևոր արժեքների վրա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարճ ժամանակահատվածում ապացուցեց իր կենսունակությունը միջազգային ասպարեզում։ Կրոնական ժողովրդավարության սկզբունքներով կառավարվող երկիրը կարողացավ հակադրվել Արևմուտքի կառավարման համակարգերին, որոնք մինչ այդ ճանաչված էին որպես լավագույնները։
Իրանի իսլամական հեղափոխությունը սկզբանպես նպատակաուղղված էր Իրանի ժողովրդի ազատության գաղափարի իրացմանը, սակայն այն մեծ նշանակություն ունեցավ նաև երկրից դուրս։ Բանն այն է, որ մինչ այդ բռնի ռեժիմներից և օտարերկրյա գաղութատիրություններից տառապող ժողովուրդները հասկացան, որ միասնական պայքարի, աննկուն կամքի և իսլամական արժեքների ճշմարիտ կիրառման դեպքում հնարավոր է հասնել ազատության և ազատվել կապանքներից։ Իրանի իսլամական հեղափոխությունը այս առումով մի մեծ պատգամ էր մյուս իսլամական հասարակություններին միավորելու և դժվարությունները հաղթահարելու համար։ Այն իր մեջ պատգամ էր կրում նաև գաղութատիրական քաղաքականություն վարող տերությունների համար։ Իսլամական հեղափոխության ծնունդը և հաղթանակը փաստորեն կանխորոշեց այդ երկրների մոտալուտ ձախողումը իրենց գաղութատիրական քաղաքականության մեջ։ Սուրբ Ղուրանում գրված է, որ պետք է պայքարել բոլոր բռնակալական ուժերի դեմ, քանի դա է միակ միջոցը նրանց կանգնեցնելու համար։
Հոգևոր բնույթը Իրանի իսլամական հեղափոխության հիմնական տարբերությունն է մյուս հեղափոխությունների համեմատությամբ։ Իրանցիների ընդվզումը տեղի ունեցավ Աստծո համար և նրա օրհնության ներքո։ Իրանը հեղափոխության հաղթանակից հետո մեծ զարթոնք ապրեց բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր հեղափոխության առաջադիմական հայացքներով։ Իսլամական հեղափոխության շարժման հիմնադիր Իմամ Խոմեյնիի միջոցով և ժողովրդի անվերապահ օժանդակությամբ տեղի ունեցավ նախորդ դարի մեծագույն իրադարձություններից մեկը։ Այդ իրադարձությունը, անշուշտ, ապացուցեց, որ աստվածային օրենքները գերակա են ամեն ինչի նկատմամբ։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ իսլամական հեղափոխությունը կատարվեց մի ժամանականշրջանում, երբ ամեն տեղ նյութապաշտություն էր տիրում և մերժվում էր հոգևորը։ Դա, իհարկե, մեծ արձագանք գտավ ողջ աշխարհում և զարմանք պատճառեց շատ շատերին։ Հենց այս է պատճառը, որ իսլամական հեղափոխությունը համախոհներ գտավ նաև ոչ մուսուլմանական երկրներում։ Իսլամական հեղափոխութան համախոհ են համարվում բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են աշխարհի չափից ավելի նյութականացմանը և հոգևորի ընկճմանը։ Այդ մարդկանց համար իսլամական հեղափոխությունը մի փառավոր օրինակ է, որը հնարավոր է դարձնում մարդկանց մեջ հոգևորի վերականգնումը։
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այն մեծ ազդեցություն ունեցավ այլ ազգերի վրա։ Շատ շատերը սկսեցին խոսել իսլամական հեղափոխության կարևոր ձեռքբերումների՝ ազատության, անկախության, արդարության, իսլամական ճշմարիտ օրենքների գերակայության մասին։ Հեղափոխության հաղթանակը կարևոր ազդեցություն ունեցավ նաև մյուս հեղափոխական շարժումների վրա՝ հարուստ փորձի տեսանկյունից։ Անցած 38 տարիների ընթացում շատ արևմտյան պետություններ մեղադրում էին Իրանին հեղափոխությունը քաղաքական ու ռազմական ճանապարհով արտահանելու մեջ։ Սակայն իրականությունն այլ է․իսլամական հեղափոխության գաղափարի տարածումն էր մարդկանց շրջանում, իսկ ինչպես հայտնի է լուսավոր և ճիշտ գաղափարներին զենք ու զինամթերք հարկավոր չէ։ Գաղափարը հնարավոր չէ պարտադրել որևէ մեկին, քանի որ, եթե այն լավն է, միևնույն է ընդունվելու է, իսկ հակառակ դեպքում՝ մերժվելու։ Այս է պատճառը, որ Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ հռչակ է ձեռք բերել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում և այս ամենը շնորհիվ այն բանի, որ հեղափոխության հիմքը հանդիսանում էին իսլամական ճշմարիտ, առաջադիմական, տրամաբանական արժեքները, որոնք համապատասխանում էին մարդկային բնությանը։ Աշխարհի գերտերություննների կամքից անկախ Իրանում փայլեց իսլամական հեղափոխությունը՝ իր բոլոր դրական կողմերով։ Այն իր հետ բերեց անասելի զարթոնք, որը օրինակ է ծառայում իսլամական ճնշված հասարակությունների համար։
Եթե հայացք նետենք Իրանի Իսլամական Հանրապետության վարած քաղաքականությանը Միջին Արևելքում, որը մեծապես բխում է իսլամական հեղափոխության պատգամներից, ապա կհասկանանք հեղափոխության ազդեցության տարածվածությունը Իրանից դուրս։ Որպես օրինակ քննարկենք Պաղեստինի դեպքը։ Իրանը ներկայումս իր ողջ քաղաքական ներուժը գործի է դրել պաղեստինցիների ոտնահարված իրավունքները վերականգնելու և վերջիններիս Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերի հետևանքներից զերծ պահելու ուղղությամբ։ Իրանի օժանդակությունը Պաղեստինին պատճառ է հանդիսանում, որպեսզի նրանք ավելի ամուր դիմադրություն ցույց տան սիոնիստներին։ Այժմ Պաղեստինում գործող ՀԱՄԱՍ և Պաղեստինի իսլամական ջիհադ կազմակերպությունները, որոնք մղձավանջ են դարձել սիրոնիստների համար, գործում են Իրանի իսլամական հեղափոխությունից ոգևորված և հավատում են, որ մի գեղեցիկ օր կհարգվեն իրենց բոլոր իրավունքները։ Երբ 1982 թվականին սիրոնիստները գրավեցին Լիբանանի հարավային տարածքների մի մասը, երկրում գործող Հեզբոլլահ խմբավորումը մեծ պայքար ծավալեց նրանց դեմ։ Հատկանշական է, որ Հեզբոլլահի անդամները նույնպես ոգեշնչված են Իրանի իսլամական հեղափոխության հաջողություններով և Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդին համարում են նաև իրենց առաջնորդը։
Երբ 2010 թվականին արաբական երկրներում իրավիճակը լարվեց, բոլորը կարծեցին, որ նրանց նպատակը, Իրանի նմանությամբ, իսլամական հեղափոխություն կատարելն է։ Այդ մասին էին վկայում այն բոլոր կարգախոսները, որոնք վանկարկում էր ժողովուրդը։ Նրանք դուրս էին եկել պայքարելու միապետական կարգերի դեմ հանուն ազատության և անկախության՝ Իրանի ժողովրդի նմանությամբ։ Չնայած որոշ երկրներում հեղափոխական շարժումները շեղվեցին իրենց իրական նպատակներից, սակայն գտնվեցին նաև երկրներ, որոնք հաջողության հասան։ Այժմ բավականին երկար ժամանակ է, ինչ Բահրեյնի ժողովուրդը պայքարում է Ալե Խալիֆայի հանցավոր և բռնի ռեժիմի անօրինությունների դեմ։ Եվ չնայած այն բանին, որ այդ ռեժիմը ձեռնարկում է ամեն հնարավոր քայլ մարդկանց ճնշելու համար, միևնույնն է, նրանց կամքը աննկուն է։
Եմենը մեկ այլ արաբական երկիր է, որի բնակչությունը իրանցիների նմանությամբ պայքար են սկսել ազատության և անկախության համար։ Սակայն այդ շարժումը Արևմուտքի և Սաուդյան Արաբիայի գործուն միջամտությամբ ճնշվում է։ Բանն այն է, որ Եմենի ժողովուրդը բացահայտորեն դուրս եկավ Ամերիկայի վարած քաղաքականության և Սիոնիստական ռեժիմի դեմ։ Այս քայլը բերեց այն բանին, որ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը Սաուդյան Արաբիայի հետ մեկտեղ մեծ և սարսափելի կոտորած սկսեն Եմենի ժողովրդի շրջանում։ Իրաքում ևս, ժողովուրդը, ոգեշնչված Իրանի իսլամական հեղափոխության փառահեղ օրինակով, պայքար սկսեց Սադամի ռեժիմի դեմ և երկրից դուրս շպրտեց այդ հանցագործին օժանդակող ԱՄՆ-ի զորքերը։ Ներկայումս նույնպես Իրաքը հաջող պայքար է մղում ահաբեկչական զանազան խմբավորումների դեմ՝ շարժվելով իսլամական հեղափոխության նախանշած ճանապարհով։
Իրանի իսլամական հեղափոխության ազդեցության տարածվածությունը վերոնշյալ երկրներով չի սահմանափակվում։ Մյուս երկրներից, որտեղ հեղափոխության ազդեցությունը շատ մեծ է, կարելի է նշել նաև Աֆղանստանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես արդեն նշել ենք՝ Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ տարածում ունի նաև ոչ մուսուլմական երկրներում։Առաջադիմական լինելը և իսլամական արժեքների մեծարումը հեղափոխության կարևոր առանձնահատկություններից են հանդիսանում, այդիսկ պատճառով դրա տարածումը և ազդեցությունը ողջ աշխարհում բնական երևույթ է։