Հաղորդում՝ նվիրված իրանցի մեծ գիտնական Խաջե Նասիրեդդին Թուսիին
Գերմանացի մեծ մտածող, անվանի արևելագետ և պատմաբան՝ Կարլ Բրոքըլման․«Անվարան կարելի է ասել, որ Խաջե Նասիրեդդին Թուսին համարվում է յոթերդ դարի ամենահայտնի գիտնականն ու գրականագետը»։
Յուրաքանչյուր երկրի վեհությունն ու պատիվը ճանաչվում են նրա ժողովրդի գիտական, գրական, ու գեղարվեստական ստեղծագործություններով ու ազգային արժանապատվության պահպանմամբ։
Իրանը ծնել, սնել և համաշխարհային քաղաքակրթությանն է մատուցել հուժկու տաղանդների մի համաստեղություն։ Տաղանդներ, որոնք գիտության ու գրականության ոլորտներում ունեն համաշխարհային հռչակ: Իրանցի հայտնի գիտնականները, փիլիսոփաները, գրականագետները, բանաստեղծները, միստիկներն ու պատմաբաններն ունեն մեծ համբավ: Իրանի գիտության, քաղաքականության և մշակույթի ոլորտների տաղանդներից մեկը Խաջե Նասիրեդդին Թուսին է: Խաջե Նասիրեդդին Թուսին ծնվել ու մեծացել է Իրանի պատմության ամենածանր ժամանակաշրջանում: Պատմական այս ականավոր դեմքն իր մտավոր տաղանդով և մոնղոլական արքունիքում ձեռք բերած հեղինակության ու ազդեցության շնորհիվ, իր երկրի օգտին կարևոր քայլեր կատարեց և մեծ ծառայություններ մատուցեց գիտության ու գրականության աշխարհին։ Նա իր ուրույն ու կարևոր դերն է ունեցել շիականության տարածման գործում։
Լուսնային հիջրեթի 597 թվականի Ջամադի Ալ-Ավվալ ամսի 11-ի արշալույսին, լույս աշխարհ եկավ իմաստնության և մաթեմատիկայի փայլուն աստղը։ Այս օրը ծնվեց մի երեխա, ով հետագայում դարձավ շիա աշխարհի պարծանքներից մեկը։ Անունը Մոհամմեդ էր։ Նա որդին էր Շեյխ Վաջիհեդդին Մոհամմեդ Իբն Հասանի, ով մեծ սեր ու հարգանք էր տածում Իսլամի մեծ մարգարեի ընտանիքի նկատմամբ։ Նրա հայրը Ղոմ քաղաքի կիրթ մարդկանցից էր։ Իսլամական գիտությունների ոլորտում եղել է ժամանակի առաջատարներից։ Մոհամմեդի անունը հետագայում դարձավ Աբու Ջաաֆար։ Նա ճանաչված է Նասիրեդդին, վարպետ Ալ Բաշիր և Խաջե մականուններով։
Խաջե Նասիրեդդին Թուսիի մանկությունն անցել է Թուս քաղաքում։ Այդ տարիներին նա իր գիտնական ու հարգարժան հոր մոտ սովորում է գրել-կարդալ , Ղուրանի ընթերցում , արաբերեն և պարսկերեն լեզուների կանոնները։ Մայրը օգնում էր որդուն ընթերցել Ղուրան և կարդալ պարսկերեն նյութեր։ Այնուհետև հոր հորդորներով Խաջե Նասիրեդդին Թուսին ուսումը շարունակում է իր քեռու՝ Նուրեդդին Ալի Իբն Մոհամմեդ Շիի մոտ, ով մաթեմատիկայի, իմաստնության և տրամաբանության ոլորտներում անվանի գիտնական էր։ Թուսիի գիտության նկատմամբ ծարավը նույնիսկ քեռու մոտ սովորելիս չի հագենում ,ուստի հոր առաջարկով, նա կրթությունը շարունակում է ժամանակի հայտնի մաթեմատիկոս Քեմալեդդին Մոհամմեդ Հասեբի մոտ,բայց քանի ամիս չանցած վերջինս որոշում է ճամփորդել։ Քեմալեդդին Մոհամմեդ Հասեբը մինչ ուղևորության մեկնելը իր աշակերտի հորն այսպես է ասում․-«Ես որդուդ սովորեցրի այն ամենն ինչ գիտեի , այժմ նա այնպիսի հարցեր է տալիս,որոնց պատասխանը երբեմն չգիտեմ»։

Խաջե Նասիրեդդին Թուսին տիրապետում էր մաթեմատիկային , բժշկագիտությանը, երկրաչափությանը, աստղագիտությանը, փիլիսոփայությանը, իսլամական իրավագիտությանն ու Աստվածաբանությանը։ Մոնղոլների Իրան կատարած արշավանքից հետո, երբ Խաջե Նասիրեդդին Թուսին ներգրավվեց Հուլագու խանի կառավարության կազմում, դրանից ոչ միայն չտուժեց Խաջե Նասիրեդդին Թուսիի դիրքը , այլև երևան եկան նրա գիտական ստեղծագործությունների մեծ մասը։ Նա այդ շրջանում իր քաղաքական հեղինակության շնորհիվ առավել քան երևէ հայտնի դարձավ։ Խաջեի քաղաքական դիրքը այդ պատմական ժամանակաշրջանում մեծ օգուտ բերեց Իրանին ու իրանցուն։ Այն ժամանակաշրջանում երբ մոնղոլական տիրապետությունը փորձում էր ոչնչացնել Իրանի մշակույթի ու քաղաքակրթության արժեքավոր բաղադրիչները , Նասիրեդդին Թուսին կարողացավ ամենայն խոհեմությամբ կանխել դա։ Այդ ժամանակաշրջանում նա հիմնեց գրադարան, դպրոցներ ու ֆակուլտետներ։ Ուսանողների համար իրավունքներ ու առավելություններ սահմանեց։ Եվ արդյունքում աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ ուղևորվում էին Իրան և թիթեռի նման պտտվում պայծառ լույսի շուրջը։
Խաջե Նասիրեդդին Թուսիի կարևոր քայլերից մեկը հիջրեթի 657 թվականին կառուցած աստղադիտարանն է։ Թեև նա նախքան աստղադիտարանի պաշտոնական բացումը հրաժեշտ տվեց իր բեղմնավոր կյանքին, բայց նրա ավագ որդին ստանձնեց այդ հսկայական շենքի կառավարման պատասխանատվությունը և ավարտին հասցրեց իր հոր աշխատանքը։
Մարաղայի աստղադիտարանը ժամանակին և նախքան աստղադիտակի գյուտը եղել է աշխարհի ամենամեծ աստղադիտարանը
Աստղագիտության միջազգային հիմնադրամն այն անվանումն է, որ վայել է այս աստղադիտարանին,որի նշանակությանն անդրադարձել են իսլամական ու արևմտյան մեծ թվով գիտնականները։ Նրանք համոզված են, որ Մարաղայում կառուցված աստղադիտարանի շնորհիվ, իսլամական աշխարհում աստղագիտության ոլորտում առաջընթաց է արձանագրվել։ Ֆիզիկայի նոբելյան մրցանակի դափնեկիր՝ պակիստանցի մուսուլման ֆիզիկոս հանգուցյալ Դոկտոր Աբդոլսալամն ասում է․-«Իսլամական աշխարհի 20 աստղագետներ մեծ գիտնական Խաջե Նասիրեդդին Թուսիի գլխավորությամբ նախագծել են Մարաղայի աստղադիտարանը ,որ հավանաբար աշխարհի առաջին աստղադիտարանն է համարվում»։Մեկ այլ տեղ նա ասում է․-«Ստամբուլի , Չինաստանի , և նույնիսկ 12-րդ դարում Հնդկաստանի աստղադիտարանները կառուցվել են Մարաղայի աստղադիտարանի օրինակով»։
Նախքան Խաջե Նասիրեդդին Թուսին, մաթեմատիկայի ու աստղագիտության առարկաների շուրջ կային անհամաձայնություններ ու վիճաբանություններ, որոնք աստիճանաբար վերացան։ Խաջե Նասիրեդդին Թուսիին հաջողվեց ամբողջացնել այդ առարկաները և նոր շունչ հաղորդել դրանց, ինչը պատճառ դարձավ,որ Շեյխ Բահայիի ժամանակաշրջանում և այնուհետև աստղագիտության ու մաթեմատիկայի առարկաներն ընդգրկվեն կրոնագիտական դպրոցներում դասավանդվող առարկաների ցանկում։ Խաջե Նասիրեդդին Թուսին իր գիտական բարձր դիրքի շնորհիվ ժամանակի գիտնականների շրջանում մեծ սեր ու հարգանք էր վայելում։ Շատ գիտնականներ ցանկանում էին նրա հետ կապ հաստատել։ Նա հարգում էր իր ժամանակի գիտնականներին։ Խաջե Նասիրեդդին Թուսին տարբեր համոզմունքների տեր գիտնականներին ի մի բերեց Մարաղայի աստղադիտարանում և համագործակցեց նրանց հետ։ Չինացի գիտնականներ, իրանցի ու արաբ իսլամագետներ , փիլիսոփաներ, Աստվածաբաններ, մաթեմատիկոսներ և աստղագետներ կրոնական տարբեր դավանանքներով աշխատում էին Մարաղայի աստղադիտարանում։

Խաջե Նասիրեդդին Թուսիի մտքերը կարևոր ազդեցություն ունեցան ինչպես իսլամադավան, այնպես էլ քրիստոնյա միջնադարյան փիլիսոփաների վրա։ Նրա մտածողի և միստիկի կերպարը, ով չի հրաժարվում իր գիտելիքներն ուրիշներին փոխանցելուց, սակայն խուսափում է աշխարհիկ փառաբանությունից, շատ հանրաճանաչ է որպես «իրական» մուսուլմանի՝ հավատացյալի օրինակ։ Նա մեծ նշանակություն էր տալիս բարոյականությանը , և համոզված էր ,որ հասարակությունը բարեփոխելու համար պետք է բարեփոխել հասարակության բարոյական նորմերը։ Նա ուներ առողջ սիրտ ու առողջ միտք։ ։«Նասերի էթիկան» գիրքը համարվում է նրա հայտնի ստեղծագործություններից։ Գիրքը օրինակ է ծառայել շատ մուսուլման ու ոչ-մուսուլման գրողների համար։
Խաջե Նասիրեդդին Թուսիից հետո գրված գրքերն ու աշխատություններն ազդեցություն են կրել Խաջեի ստեղծագործություններից։ Նույնիսկ քրիստոնյաներն են ազդվել Խաջե Նասիրեդդին Թուսիից։ Որպես օրինակ՝ Աբու Ալ Ֆարաջը ,ով ճանաչված է Իբն Ալ Էբրի անունով և համարվում է Խաջեի օրոք քրիստոնյաների առաջատարներից, իր ստեղծագործության մեջ ազդվել է Խաջե Նասիրեդդին Թուսիից։ Իրանում ու Հնդկաստանում բարոյագիտության ու հոգևորի մասին ինչ-որ բան գրելիս, յուրաքանչյուր հեղինակ հետևել է Խաջեի գրքին։
Խաջե Նասիրեդդին Թուսիի կատարելության ձգտող ոգին չէր բավարարվում Թուսի ու Նեյշաբուրի դպրոցների գիտելիքներով։ Գիտության նկատմամբ նրա ծարավը տարիներ անց դարձյալ չէր հագենում։ Նա ձգտում էր գտնել այնպիսի սիրտ ունեցող մարդու ,ում կկարողանար կատարելության հասցնել։ Նա Նեյշաբուրի հայտնի գիտնականների ,այդ թվում Աթթար Նեյշաբուրի մոտ գիտության բերքը հավաքելուց հետո մեկնեց Իրաք և իսլամական իրավագիտություն սովորեց Մոինեդդին Սալեմ Իբն Բադրան Մեսրի Մազենիի մոտ։
Իրանցի անվանի փիլիսոփա, մութաքալիմ (Նա ով զբաղվում է քալամով՝ Աստվածաբան), Ֆակիհ (մուսուլման իրավագետ), գիտնական, մաթեմատիկոս և դիվանագետ Խաջե Նասիրեդդին Թուսիի վեհ անհատականությունը և նրա գիտական դիրքը դարեր շարունակ մեծ հիացմունք ու զարմանք են պատճառել աշխարհի գիտական շրջանակներին։ Մաթեմատիկայի և աստղագիտության ոլորտներում Խաջե Նասիրեդդին Թուսիի գիտական ձեռքբերումները համընկնում են ժամանակակից աշխարհի վերջին գիտական նորությունների հետ, որի արդյունքում ավելի է բարձրացել նրա դիրքը գիտության աշխարհում։ Խաջե Նասիրեդդին Թուսին հեղինակել է 190 գրքեր ու աշխատություններ մաթեմատիկայի, աստղագիտության ու փիլիսոփայության վերաբերյալ: Գերմանացի մեծ մտածող, անվանի արևելագետ և պատմաբան՝ Կարլ Բրոքըլմանն ասել է. «Անվարան կարելի է ասել,որ Խաջե Նասիրեդդին Թուսին համարվում է յոթերդ դարի ամենահայտնի գիտնականն ու գրականագետը»:
Խաջե Նասիրեդդին Թուսին , այս խոշոր գիտնականը, իսլամի ու մուսուլմանների ազնիվ ծառայողը հիջրեթի 673 թվականի Զի Ալ Ղաադա ամսի 18-ին Բաղդադում հրաժշետ տվեց իր արգասավոր կյանքին։
Բյուր հարգանք նրա հիշատակին։