Նովռուզյան ավանդույթներն ու ծեսերը (1)
Նովռուզյան ավանդույթների մասին երկար կարելի է խոսել: Այս և հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք այս հնամյա ավանդույթների ու ծեսերի մասին:
Արդեն լսվում է գարնան ոտնաձայնը: Առաջիկա օրերին իրանցիներն ընդառաջ են գնալու ազգային մեծ տոնին: Հին ու բազմամյա տոն, որն խորհրդանշում է իրանցիների սրտակցությունն ու միասնությունը :
Նովռուզն իրանցիների համար համարվում է վաղնջական շրջաններից մնացած տոն , որտեղ հարգվում են կրոնական սկզբունքները և ազգային ավանդույթները: Գարնանային այս տոնը խորհրդանշում է գեղեցկություն, մարդկային բարոյականություն ՝ իր մեջ կրելով բարոյական ու հոգևոր արժեքներ, ինչն էլ ավելի նշանակալի է դարձրել այս տոնը: Իրանական մշակույթի հարատևմանը նպաստող այդ գործոնն ուղեկցվում է բազմաթիվ գեղեցիկ երևույթներով, որոնք տարիների ընթացքում ոչ միայն մոռացության չեն մատնվել, այլև գնալով ավելի են հղկվել ու պահպանվել:
Ամեն տարի ձմռան վերջին օրերին գարնան գալստյան մասին են ավետում ամենուրեք տարածված թարմ օդն ու վերածնված բնությունը: Այդ օրերին Իրանի քաղաքներն ու գյուղերը լցվում են թարմ շնչով: Ասես ամեն ինչ շարժման ու եռուզեռի մեջ է : Նոր տարվան մնացած հաշված օրերին , ամենուր տարածվում են ծաղիկների անուշ ու թարմ բույրը: Խանութների մոտ շարված մանուշակների փնջերը խոսում են վերածնվող բնության գալստյան մասին: Քաղաքի տարբեր անկյուններում կարելի է տեսնել նոր լվացված գորգեր: Գունանավորվում են փողոցները, շուկան ու քաղաքի ամեն մի անկյուն: Մարդաշատ են դառնում հագուստի խանութներն ու մթերային վաճառքի կենտրոնները : Տեղ առ տեղ կարելի է տեսնել մարդիկ, որոնք փողոցի անկյունում ապրանքներ են շարել ՝ վաճառելու համար: Ամեն մարդ փորձում է իր հնարավորությունների սահմաններում գնումներ անել և նախապատրաստվել տոնական օրերին ու նոր տարվան:
Նովռուզյան գեղեցիկ ավանդույթներից մեկն է տան մաքրությունը : Իրանցիների մոտ այս ավանդույթն առանձնակի նշանակություն ունի: Նոր տարուն երկու –երեք շաբաթ մնացած , բոլորն անցնում են մաքրության աշխատանքի: Մաքրում են տուն ու բակ, փողոց ու դուռ-լուսամուտ: Իրանցիներն տարեվերջի մաքրությանը «Խանեթեքանի» են ասում ՝ ինչը թարգմանաբար նշանակում է տունը թափ տալ: Տոնական օրերին յուրահատուկ տեսք են ընդունում քաղաքներն ու գյուղերը, փողոցներն ու բնակարանները:
خانه تکانی در نوروز
Տարեվերջին անցյալի վատ, մութ ու անցանկալի հուշերը և Նովռուզի սեմին քաղաքների ու տների բոլոր անկյունները մաքրելով, իրանցիներն ընդառաջ են գնում բարուն ու մաքրությանն ու լուսավոր տարուն: Փաստորեն մինչև նոր տարին, իրանցիներն իրենց կյանքում դրական փոփոխություններ են կատարում՝ պատրաստվելով դիմավորել Նոր տարին : Ի հարկե մաքրությանն ուշադրություն է դարձվում ոչ միայն նախատոնական օրերին: Իսլամն առանձնապես կարևորում է մաքրությունը ՝ այն հավատքի դրսևորում համարելով: Գարնանամուտին մաքրության ու թարմության շունչը զգալի է ամենուր: Մարդիկ մաքրում ու թարմացնում են ոչ միայն տներն ու փողոցները, այլև իրենց հոգիները : Այդպիսով նովռուզյան տոնական օրերին մարդիկ միմյանց նկատմամբ ավելի ջերմ են լինում:
Գարնանն ընդառաջ իրանցիները նաև կանաչի են աճեցնում: Մի քանի օր մնացած Նոր տարուն ցորենի, ոսպի և այլ ընդեղենի հատիկները դրվում են հատուկ ափսեների մեջ : Աճեցրած կանաչին իրանցիները համարում են բարիքի , առատության ու կյանքի խորհրդանիշ: Դա դրվում է տոնական հաֆթսինի ավանդական սեղանին, իսկ տարվա 13-րդ օրը ՝ «Սիզդաբեդար»-ին, արդեն ծլարձակած կանաչին թողնում են բնության գրկում ՝ այն դաշտերին կամ հոսող ջրին հանձնելով:
Իրանի տարբեր շրջաններում տարածված է նաև տարեմուտի սեմին թխվածքներ պատրաստելու ավանդույթը: Դա արվում է կանանց համագործակցությամբ: Տնական թխվածքներ պատրաստելու համար պահանջվում է հմտություն, իսկ արդյունքը ստացվում է հրաշալի տոնական թխվածք: Թեև մեր օրերին տարբեր խանութներից էլ կարելի է գնել նույն տոնական քաղցրավենիքներն ու բլիթները, սակայն տնական և հատուկ իրանական ճաշակով զարդարված թխվածքներն առանձնահատուկ տոնական ջերմություն են բերում բոլորին: Նովռուզյան նախատոնական օրերին պատրաստվում է նաև սամանու կամ ածիկ: Դա համարվում է ավանդական հաֆթսինի սեղանի մասնիկ: Ածիկի պարսկերեն բառերը սկսվում է «Ս» տառով ՝ սամանու:Սամանուն պատրաստվում է ցորենի ծիլերի հյութից , որն ունի սննդական բարձր արժեք:
طریقه پخت سمنو
Իրանական ընտանիքներում , նոր տարվա նախօրեին տոնական հատուկ ճաշատեսակ է պատրաստվում: Ավանդական ու տոնական սեղանն առիթ է, որպեսզի տան ու գերդաստանի մեծ ու փոքր անդամները հավաքվեն սեղանի շուրջ:
Նովռուզի տոնի սեմին Իրանի շատ քաղաքներում կա մի ավանդույթ : Փեսացուի հարազատները տարբեր տոնական հագուստներ և ուտելիքներ են որպես նվեր տանում հարսնացուի տուն : Նվերների փաթեթում սովորաբար լինում են շորիկներ,ոսկեղեն, քաղցրավենիք, չարազեղեն և այլ հետաքրքիր նվերներ: Իսկ այդ տարվա ընթացքում նոր ամուսնացած հարսի ընտանիքը նորապսակ զույգին ուղարկում է տոնական ճաշ, մրգեր, ոսկի, հագուստ և չարազեղեն:
Իրանցիների մոտ շնորհավորական բացիկների փոխանակումը տարածված ու ընդունված ավանդույթ է եղել: Սովորաբար նա, ով ընտանիքից հեռու է , շնորհավորական բացիկներով է իր կարոտը, շնորհավորանքն ու բարեմաղթանքներն ուղարկում իր հարազատներին: Բացիկներ, որոնց վրա պատկերված են գարնանային գունագեղ ծաղիկներ և գեղեցիկ ձեռագրով գրված բարեմաղթանքներ ու աղոթքներ: Ի հարկե վերջին տարիներին տեխնոլոգիայի զարգացման հաշվին, ցավոք այս ավանդույթը խամրել է : Շնորհավորական գեղեցիկ բացիկներին փոխարինում են էլեկտրոնային նամակները, կարճ հաղորդագրությունները, մուլտի մեդիա հաղորդագրությունները: Մեր օրերին արդեն էլեկտրոնային նամակները, ինտերնետային միջավայրը , նաև պատկերային ու ձայնային արդիական միջոցներն առանձնահատուկ գրավչություն են տարածել ժողովրդի մոտ : Տեխնոլոգիական միջոցներ, որոնց օգնությամբ են միմյանց շնորհավորում գարնանամուտն ու նոր տարին:
Տարեվերջի օրերին գերեզմաններ այցելության ավանդույթն ունի հին արմատներ: Այս իմաստալի ավանդույթը կատարելով և բնության զարթոնքի օրերին հանգուցյալների շիրիմներին այցելելը և նրանց հիշելը, վկայում է իրանցիների մոտ մանուկներից, պատանիներից, երիտասարդներից ու տարեցներից բացի, հանգուցյալների նկատմամբ հարգանքի մասին: Ըստ ավանդույթի իրանցիները գերեզմաններ են այցելում տարվա վերջին հինգշաբթի երեկոյան:
Սգակիր ընտանիքների հարազատները տան անդամների համար վառ գույներով զգեստ են տանում ՝ նրանց խրախուսելով տոնական օրերին հանել սև զգեստը, որպեսզի տարին սկսվի ուրախությամբ ու վառ գույներով: Իսկ եթե ընտանիքների կամ մարդկանց միջև կան խռովություն և սրտնեղություն,տարեվերջին գերդաստանի մեծահասակների միջնորդությամբ, այդ բոլորը մոռացության են տրվում ՝ խռովությանը փոխարինելու են գալիս հաշտությունն ու համերաշխությունը:
Տարեվերջին ընդունված ու Աստվածահաճո ավանդույթ է կարիքավորներին օգնելը: Ուստի նախատոնական օրերին, ողջ Իրանի տարբեր քաղաքներում հանդիպում ենք կենտրոնների, որոնք հատկացված են ժողովրդական օգնություններն ու նվերները հավաքելու աշխատանքին: Այսպիսով տոնական օրերին մարդիկ խրախուսվում են միմյանց ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական ու հուզական աջակցություն ցուցաբերել, որպեսզի տարեմուտի ու գարնան ուրախությունն ու գունագեղությունը հավասարապես բաժին հասնի բոլորին: Շնորհավորում ենք գարնանամուտի կապակցությամբ ՝ մաղթելով բոլորին հաջողությամբ ու ուրախությամբ լի տարի: