Իրանի Յազդ քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած 41-րդ նիստում,որպես Իրանի իսլամական հանրապետությանը պատկանող 22-րդ համաշխարհային ժառանգություն՝Իրանի կենտրոնում գտնվող պատմական Յազդ քաղաքը գրանցել է համաշխարհային ժառանգության ցուցակում:
Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված են Իրանի 21 պատմական վայրեր և մեկ բնական ժառանգություն:
Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված հուշակոթողների տեսակետից Իրանը Միջինարևելյան տարածաշրջանում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում 11-րդ տեղը:
Յազդ պատմական քաղաքը ներկայումս Իրանի միակ բնակելի քաղաքն է, որը կարողացել է գրանցվել համաշխարհային ժառանգության ցուցակում: Յազդը աշխարհի ամենախոշոր քաղաքն է, որը կառուցվել է աղյուսով: Յազդի «Բաղե Դոլաթ» այգին Իրանի 9 այգիներից մեկն է, որ գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում նշված է, որ այդ քաղաքը իր սահմանափակ ջրային ռեսուրսներով կարողացել է գոյատևել անապատի սրտում: Այդ քաղաքում կան ջրանցքներ (քահրիզ), մզկիթներ, բաղնիքներ, շուկաներ, բնակարաններ, զրադաշտական տաճարներ, հին այգիներ, որոնք կազմում են անապատային քաղաքի հին կառուցվածքը:
Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 41-րդ նիստում,Ադրբեջանի, Քուվեյթի և Թուրքիայի դեսպանները անդրադառնալով Յազդ քաղաքի պատմական ու մշակութային նշանակությանը կարևորեցին այդ քաղաքի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցելու և պահպանելու նախաձեռնությունը:
Վիետնամը, Թունիսը և Լիբանանը ևս ընդգծեցին այդ քաղաքի համաշխարհային ժառանգության նշանակությունը:
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Յազդի բնակիչները միասնաբար պահպանել են քաղաքի հին կառուցվածքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մարիանա Քուրիան ասել է.-«Յազդի բնակիչները հյուրասեր են և հյուրընկալում են արտասահմանցիներին: Յազդում կենցաղային պայմանները շատ կարևոր են և բնակչությունը ճգնաժամային պայմաններում միասնաբար պահպանել է քաղաքի մշակութային ժառանգությունը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ասել է.-«Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվելու համար պետք է ցանկացած պատմական օբյեկտ գնահատվի համաշխարհային և մարդկային ժառանգության մակարդակում»:

Մարիանա Քուրիան Յազդի ջրանցքները (քահրիզ) այդ քաղաքի ամենատեսարժան վայրերը համարելով ասել է.-«Երբ մոտկից տեսա ջրանցքները զգացի որ հատել եմ հարյուրավոր տարիներ վաղեմություն ունեցող պատմությունը և սա մի զգացողություն է որը պետք է դառնա համաշխարհային արժեք»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ասել է.-«Բաղե դոլաթի ճարտարապետությունը յուրահատուկ է, որն ունի հազարավոր տարիների վաղեմություն և դեռ կանգուն է մնացել»:
Մարիանա Քուրիայի կարծիքով Յազդի յուրահատկություններից մեկն էլ այն է որ այնտեղ միմյանց կողքին են ապրում մուսուլմաններն ու զրադաշտականները:
Նա Յազդը բնութագրել է որպես ժողովրդական կազմակերպությունների քաղաք և հավելել է.-«Ժողովրդի ֆինանսական օգնություններով շարունակվում է քաղաքի կյանքը, քաղաքի բնակիչները բարի տրամադրությամբ են լցված զբոսաշրջիկների հանդեպ և ջերմորեն ընդունում են հյուրերին, իսկ հետաքրքիր է որ քաղաքում նվազ են հանցագործության դեպքեր»:
Յազդ քաղաքը շենքերի օդանցքներով և աղյուսով կառուցված հին բնակարաններով Իրանի տեսարժան վայրերից է համարվում: Այս քաղաքը հյուսիսից Քավիրի և հարավից Լութի անապատները հատելով կարողացել է հնագույն քաղաքակրթության մաս կազմել: Յազդը համարվում է Իրանի զրադաշտականների բնօրրանը և այնտեղ են ապրում մեծ թվով զրադաշտական կրոնի հետևորդներ: Քաղաքը հայտնի է իր տեքստիլ արվեստով և շենքերի օդանցքներով: Շենքերի վրա կառուցված օդանցքները օգնում են անապատային պայմաններում բնակարանների զովացմանը:

Յազդը տաք անապատում կառուցված քաղաք է, որը պահպանել է իր պատմական և ավանդական կառուցվածքը: Այն Յազդ նահանգի կենտրոնն է, որը գտնվում է Շիր Քուհ և Խարայեղ լեռների միջև ընկած Արդաքանի դաշտում:
Որոշ աշխարհագրագետների կարծիքով քաղաքը կառուցվել է Սասանյան Հազկերտ թագավորի ժամանակ, սակայն քաղաքի շենացումը տեղի է ունեցել հիջրեթի 8-րդ դարում: Պատմության ընթացքում Յազդի աթաբեկները մեծ դերակատարություն են ունեցել քաղաքի զարգացման և շենացման գործում:
Յազդ բառացիորեն նշանակում է անարատ ու սուրբ, և այն հայտնի է որպես՝ Աստծո սուրբ քաղաք: Քաղաքի բնակիչները պատմության ընթացքում եղել են միաստվածապաշտ, որի համար քաղաքը կոչվել է «Դարոլէբադա»: Յազդը կոչվում է նաև «Օդանցքների քաղաք», «Անապատի հարս» և «Հեծանիվների քաղաք» անուններով: 17-րդ դարից ի վեր քաղաքը դարձել էր դեպի Միջին Ասիա և Հնդկաստան ուղևորվող քարավանների կենտրոնը, որտեղից մետաքսը, տարբեր գործվածքներ և գորգեր արտահանվում էին այլ երկրներ:
Մարկո Պոլոն քաղաքն այսպես է նկարագրել.«Բավական գեղեցիկ և յուրահատուկ քաղաք, որը իրականում համարվում է մեծ առևտրական կենտրոն»:

Չինգիզ Խանի և Թեյմուրի արշավանքների ժամանակ Յազդը ամբողջությամբ ավերվում է, սակայն 15-րդ դարում այն նորից վերականգնվում և ծաղկում է:
Յազդը աշխարհի հնագույն քաղաքներից է: Քաղաքը ամբողջությամբ կառուցվել է դարչնագույն գեղեցիկ աղյուսով:
Յազդի կենտրոնական մզկիթը քաղաքի տեսարժան կարևոր վայրերից է: Մզկիթը կառուցվել է 12-րդ դարում, իսկ Մզկիթի բակում աստիճաններով մի անցք կա, որը միանում է Զարաջ ջրանցքին:
Կապույտ գմբեթով Սեյեդ Ռոքնաբադի սրբավայրը կառուցվել է քաղաքի ամենաբարձր վայրում և տեսանելի է քաղաքի ամեն կողմից: Լարիների պատմական բնակարանը և Իսկանդարի բանտը, որը ժամանակին եղել է դպրոց, Յազդ քաղաքի տեսարժան այլ վայրերից են:
Յազդի շուկայում է գտնվում «Ամիր Չաղմաղի» անվամբ համալիրը, որը համարվում է այդ քաղաքի պատմական, կրոնական և գեղարվեստական ստեղծագործությունների խորհրդանիշը:

«Դոլաթ Աբադ» պարտեզը ևս կառուցվել է 18-րդ դարում Քարիմ Խան զանդի թագավորության օրօք:
Այդ պարտեզում կառուցված օդանցքը քաղաքի ամենամեծ օդանցքն է համարվում:
Այս բոլորին պետք է ավելացնել զրադաշտականնների ատրուշանը և Յազդի Խամուշան բուրգը, որոնք քաղաքի առանձնահատուկ կոթողներից են համարվում:
Յազդը անզուգական քաղաք է, որն իր մեջ է պարունակում պատմական բազմաթիվ կոթողներ: