Քաշանը` Իրանի գրքի չորրորդ մայրաքաղաք
Փետրվարի 27-ին Թեհրանում ավարտվեց Իրանի գրքի մայրաքաղաքի ընտրության միջոցառումը և Քաշան քաղաքը ներկայացվեց որպես Իրանի գրքի չորրորդ մայրաքաղաք: «Իրանի գրքի մայրաքաղաք» նախագիծը մեկնարկել է մի քանի տարի առաջ և նպատակ ունի երկրում խթանել գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը:
«Իրանի գրքի մայրաքաղաք» նախագծի շրջանակներում, ամեն տարի, երկրի քաղաքներից մեկն ընտրվում է որպես գրքի մայրաքաղաք: Այս ծրագրի մի մասն ընդօրինակվել է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծից, սակայն ադապտացվել է Իրանի մշակութային առանձնահատկություններին:
«Գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագիծն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ամեն տարի, սկսած 2001 թվականից: Ծրագիրը լուրջ քայլեր է իրականացրել` ընթերցանությունը խթանելու հարցում: Այս ծրագրի շրջանակներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ ունի տարբեր մշակութային ծրագրերի իրականացմամբ, մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել ընթերցանության նկատմամբ: Իրանում անցկացվող ծրագրի նպատակն է սերտացնել գրքի ոլորտում պետական ու ոչ պետական կազմակերությունների համագործակցությունը և հովանավորել այս ոլորտի նոր նախաձեռնությունները: Ծրագրի շրջանակում իրականցվող մշակութային միջոցառումներն անցկացվում են երկրի ողջ տարածքում:

Նախագիծն առաջին անգամ իրականացվեց Իրանի հարավային Ահվազ քաղաքում: Ծրագրի առանձնահատությունը նորարարությունն էր և համագործակցությունը: Ահվազ քաղաքն ընտրվեց նաև այն պատճառով, որ ներկայացված ծրագրում մեծ ուշադրություն էր դարձվել հասարակական կազմակերությունների աշխատանքներին, մշակութային ու մարզական միջոցառումներին:
Երկրորդ տարին Իրանի գրքի մայրաքաղաք ընտրվեց Նիշապուր քաղաքը, երրորդ անգամ` Բուշեհրը: Բուշեհրը և Նիշապուրը նույնպես առաջարկել էին հետաքրքիր ծրագրեր և նախագծի շրջանակներում կազմակերպել էին հետաքրքիր միջոցառումներ: Ծրագրի շրջանակներում, Բուշեհր քաղաքը ներկայացրեց 32 նախագիծ: Ծրագրի նշանաբանն էր. "Ազատության հասնելու ճանապարհները թանկ են, բացի գրքից, որը բացառություն է կազմում":
Այժմ գտնվում ենք Իրանի գրքի մայրաքաղաք նախագծի չորրորդ տարվա շեմին: Փետրվարի 27-ին տեղի ունեցավ գրքի մայրաքաղաք ընտրելու միջոցառումը և Սպահան նահանգում գտնվող Քաշան քաղաքը 10 այլ քաղաքների շարքից ընտրվեց Իրանի գրքի չորրորդ մայրաքաղաք: Ծրագրին մասնակցել էին նաև գյուղեր, որոնցից 20-ն անցան եզրափակիչ: Ֆարս նահանգի Ֆահլիան գյուղը, որը մեկ տարի շարունակ մարդկանց մոտ տարածել էր գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, ընտրվեց գյուղերում գրքի փառատոնի անցկացման լավագույն վայր: Ծրագրին մասնակցել էին նաև մի շարք այլ գյուղեր` Իրանի տարբեր նահանգներից:
Իսկ այժմ անդրադառնանք Քաշան քաղաքին: Այն Սպահան նահանգի ամենակարևոր քաղաքներից մեկն է, գտնվում է ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա: Քաղաքը տեղակայված է մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա: Այն Թեհրանին ու Սպահանին միանում է երկաթգծով ու մայրուղիներով: Քաշանի բնակչությունը կազմում է մոտավորապես 400 հազար մարդ: Այս գեղեցիկ ու պատմական քաղաքը գտնվում է Իրանի անապատի արևմտյան մասում: Այն հնուց ի վեր հռչակված է եղել իր կաշվե արտադրանքներով, կավե սալիկներով, պղնձե ամաններով և այգիներով ու վարդաջրով: Քաշանն ունի 7 հազար տարվա պատմություն և շատ պատմաբաններ այն համարում են համաշխարհային քաղաքակրթության դարպասը: Քաշանից 3 կմ հեռավորության վրա գտնվում է կենտրոնական Իրանի քաղաքաշինության առաջին նմուշը` Սիալքը: Սիալքը պատմական տարածք է, որը գտնվում է Քաշանի Ֆին շրջանում: Այն ունի մոտավորապես 7 հազար տարվա պատմություն: Այստեղ իրականացված պեղումների արդյունքում գտնվել են բազմաթիվ հին իրեր: Քաշանի զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել ձեռարվեստը, ինչպես նաև զարգացած ու ժամանակակից արդյունաբերությունը: Գորգագործությունն այս քաղաքի ամենակարևոր արհեստներից է: Քաշանը շատ է կարևորվում հատկապես Ֆին աղբյուրով, որը գտնվում է քաղաքից 2 կմ հեռավորության վրա:
Աղբյուրն ունի վարար ջուր և շատերը այդ աղբյուրը տեսնելու համար գալիս են այստեղ: Աղբյուրը կարևոր դեր է ունեցել Քաշանի զարգացման գործում: Քաղաքում իրականացված պեղումների ժամանակ գտնվել են աքեմենյան ժամանակաշրջանի մետաղադրամներ: Այստեղ կան ատրուշաններ և պատմական վայրեր, ինչպես` Նիասարը, Նուշաբադը և Սարույե փոքրիկ քաղաքը, որը պատկանում է Սասանյան ժամանակաշրջանին: Իսլամական ժամանակաշրջանում նույնպես Քաշանը շատ զարգացավ: Այս ժամանակաշրջանում քաղաքում տարածվեցին խեցեգործությունն ու մետաղագործությունը: Երբ 5-րդ դարում Իրանում իշխանության եկան սելջուկները, Քաշանը մեծ նշանակություն ստացավ: Այս կապակցությամբ, պատմաբան Ռավենտին գրում է.«Պալատական նախարարների և քարտուղարների մեծ մասը Քաշանից էին: Քաշանի զարգացմամբ, երկրում զարգացան նաև արվեստն ու գրականությունը: Քաշանը դարձավ գրականության, արվեստի ու իմաստնության քաղաք: Այս ժամանակաշրջանում քաղաքը զարգացավ և կառուցվեցին բազմաթիվ դպրոցներ, մզկիթներ, հիվանդանոցներ ու գրադարաններ": Մոնղոլների արշավանքի ժամանակ Քաշանը մեծ վնասներ կրեց: Քաղաքի մի մասն ավերվեց ու թալանվեց: Սակայն որոշ ժամանակ անց, կառուցվեցին գորգագործության, տեքստիլագործության, խեցեգործւթյան կենտրոններ ու Քաշանը կրկին վերակենդանացավ: Այս ժամանակաշրջանում զարգացան նաև շուկաները: Սեֆյանների ժամանակ, ավելի քան 400 տարի առաջ, Քաշանում զարգացավ տեքստիլագործությունը և տարածվեց տարբեր տեսակի կտորների արտադրությունն, ինչպես` մետաքսը, քաթանը, թավիշը և այլն: Ֆրանսիացի զբոսաշրջիկ Շառդոնն ասում է. "Քաշանի ժողովրդի հարստության հիմքը տեքստիլագործությունն էր և մետաքսագործությունը":
Ղաջարների ժամանակ Քաշանը նույնպես զարգացավ և բազմաթիվ շինություններ կառուցվեցին: Սակայն քաղաքը հատկապես սերտոեն կապվում է Ղաջարների ժամանակաշրջանի վարչապետ Ամիր Քյաբիրի հետ: Իրանի ամենաեզակի դեմքերից մեկն ով իրեն նվիրեց երկրի ազատությանն ու անկախությանը, բազմաթիվ բարեփոխումներ իրականացրեց երկրում, զարկ տվեց մշակույթին ու տնտեսությանը, փորձեց երկրում տարածել արդարությունն ու արմատախիլ անել աղքատությունը: Այս ամենը նա արեց 3.5 տարվա պաշտոնավարության ընթացքում: Ամիր Քյաբիրը սպանվեց 1852թ հունվարի 10-ին, Քաշանի Ֆին պալատի բաղնիքում, Նասերեդդին շահի հրամանով: Եվ հենց այս իրադարձությունն Ամիր Քյաբիրի անունը սերտորեն կապեց Քաշան քաղաքի հետ:
Քաշանն ունի 19 պատմական շինություն, որոնք շատ լավ պահպանվել են: Այս շինություններն իրենց առանձնահատուկ ճարտարապետությամբ ու շքեղությամբ, համարվում են Քաշանի զարդը: Այդ շինություններից են Բորուջերդիների, Թաբաթաբաիների ու Աբբասյանների տները, Աղա Բոզորգե մզկիթն ու դպրոցը և Իմամի դպրոցը: Դրանք համարվում են իրանական ճարտարաետության եզակի նմուշներից: Այս շինությունները դեպի քաղաք են գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների:
Քաշանի պատմական տները
Քաշանն Իրանի պատմության ու քաղաքակրթության օրրանն է և հռչակված է Դար օլ մոմենին անվամբ: Դա նշանակում է , որ քաղաքն ունեցել է բազմաթիվ գիտնականներ ու գրողներ: Քաշանն ունի նաև զբոսաշրջային բազաթիվ գրավչություններ: Այստեղ միաժամանակ առկա են լեռնային ու անապատային տարածքներ: Քաշանում ամեն տարի տեղի է ունենում վարդաջրի պատրաստման ծեսը, որը դեպի քաղաք է գրավում բազաթիվ զբոսաշրջիկների: Քաշանն ունի երեք քույր քաղաք` Շվեդիայի Ումեա, Բուլղարիայի Կազանլիկ և Իրանի Սաբզեվար քաղաքները: