Նոռուզն Իրանում (2)
Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք Իրանում բնակվող քրդերի, բալուչների ու բախտիարիների շրջանում տարածված նոռուզի ավանդույթներին ու ծեսերին:
Իրանում բնակվում են տարբեր ազգեր, իրենց բազմազան սովորույթներով: Սակայն նոռուզի տոնակատարությունն Իրանի բոլոր բնակիչների և երկրից դուրս գտնվող իրանցիների համախմբան ու համերաշխության գործոնն է: Այդ իսկ պատճառով, նոռուզն Իրանի ամենակարևոր տոնակատարություններից մեկն է: Նոռուզի ժամանակ, բոլոր ցեղերի ու ազգերի ներկայացուցիչները նստում են մեկ ընդհանուր սեղանի շուրջ և նշում այս տոնը: Նախորդ հաղորդման ժամանակ ծանոթացանք Իրանի մի շարք ցեղախմբերի, այդ թվում` թրքալեզու իրանցիների ու ղաշղայիների շրջանում տարածված նոռուզյան ծեսերին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի մի խումբ այլ ցեղերի շրջանում տարածված նոռուզի ավանդույթների ու ծեսերի մասին: Հրավիրում ենք ձեզ, հետևել մեր հաղորդմանը:
Իրանի թուրքմենները, ինչպես իրենց մյուս հայրենակիցները, հատուկ ուշադրություն են դարձնում Նոռուզի տոնակատարությանն ու ծեսերին: Իրանցի թուրքմեններն ունեն մի ասացվածք` "Յիլինգ գալանի, նոռուզդան բալալի", որը նշանակում է, որ նոռուզն ավետում է նոր տարվա գալուստը: Այս ասացվածքը վկայում է, թե որքան կարևոր է նոռուզը թուրքմենների մոտ: Մարտ ամիսն իրանցիների մոտ նոր տարվա նախապատրաստության ամիսն է: Այս ժամանակ մարդիկ աճեցնում են նոռուզի խոտը, մաքրում են տունը, լվանում գորգերը, ներկում են բնակարանը, գնում են նոր հագուստ, չարազ, բրինձ ու ձեթ, որպեսզի դիմավորեն նոր տարին:
Որոշ թուրքմեններ, հին ավանդույթի համաձայն, սպիտակ ու սև թելերը հյուսում են ու դրանց մեջտեղում դնում ծխացող խեժ, աղ և հատուկ փայտի կտորներ, որը նրանք սուրբ փայտ են համարում: Այնուհետև դա կախում են մուտքի դռան վրա: Նրանք զարդարում են ձիերին, ներկում նրանց ճակատը, զանգակներ են կախում ոչխարների վզին: Զանգակների ձայնն ավետում է նոր տարվա գալուստը: Նոր տարվան նախորդող հինգշաբթի և ուրբաթ օրերին, նրանք մատաղ են ուղարկում հարևաններին, իրենց մահացածների հոգու հանգստության համար: Նրանք հավատացած են, որ մահացածների հոգիները վերադառնում են իրենց տները և եթե այնտեղ մաքուր է, նրանք իրենց լավ են զգում ու աղոթում են իրենց հարազատների համար: Հակառակ դեպքում նրանք տխրում են: Թուրքմենները նոռուզից մի քանի օր առաջ տներում ուդ են վառում :
Նախքան նոր տարվա գալուստը, կանայք եփում են սամանու, թխում են հաց ու քաղցրավենիք, իսկ տան պատից սև ու սպիտակ թելերով կախում են երկու փոքրիկ կտոր հաց, որպես առատության խոհրդանիշ: Երբ գալիս է նոր տարին, տան լույսերը վառված են, իսկ պատուհանները բաց, որպեսզի գարնանային թարմ օդը ներս մտնի: Տան մեծերը համբուրում են Ղուրանն ու կարդում Ղուրանի այաները, որպեսզի տարին լինի առատ, ուրախ ու հաջող: Այդ օրը տան բոլոր անդամները լոգանք են ընդունում ու հագնում նոր հագուստ, և աղոթում են: Ընտանիքի անդամներն այցելում են իրենց նախնիների ինչպես նաև նահատակների գերեմազններին, գառ են զոհաբերում ինչպես նաև բարեգործություն անում: Նախկինում տարածված էին այնպիսի ավանդույթներ, ինչպես` ձիավարությունը, ըմբշամարտը, և մի շարք այլ խաղեր , որոնք այսօր արդեն այնքան էլ տարածված չեն:
Բալուչներն, ինչպես Իրանի մյուս ազգերը, նույնպես նշում են գարնան ու բնության ծաղկման տոնը: Նրանք նույնպես նոռուզը տոնում են ուրախ տոնակատարություններով, տարբեր ծեսերով ու ավանդույթներով: Բալուչեստան նահանգի Մաքրան շրջանում գարնանամուտի ու նոռուզի տոնակատարությունները ավելի շատ կապված են արմավի ծառի ու արմավի դաշտի հետ: Գարնան ու նոր տարվա գալուստը ցույց տալու համար, բալուչները տների դռները զարդարում են արմավենու ճյուղերով ու տերևներով: Բալուչեստանի Մաքրանում տարածված մյուս ավանդույթը նոռուզի առաջին օրը շիվեր տնկելու սովորույթն է: Դրա համար, նրանք արմավի շիվերը, որոնք հատուկ ծեսի ժամանակ բաժանվում էին ծառից, դնում են առվի ափին, որպեսզի կանաչ մնան: Իսկ նոր տարվա շեմին, մեծերը դրանք նվիրում են երեխաներին և նրանց օգնում, տնկել դրանք: Բալուչեստանի մարդիկ գարնանամուտին ու նոր տարվա օրերին շատ ուրախ են և տարբեր ձևերով արտահայտում են իրենց ուրախությունը: Այս ընթացքում տեղի են ունենում հարսանիքներ և յոթ օր ու գիշեր մարդիկ պարում են ավանդական պարեր:
Նոռուզի ընթացքում հին ժամանակներում, ամեն գիշեր հատուկ ծեսեր էին կազմակերպվում խոնյագյարների ու փահլևանների մասնակցությամբ: Երգիչները երգում էին անցած պատմությունը և բալուչ ցեղի հերոսների մասին: Այնուհետև նրանք երգում էին հայրենի բնության գեղեցկությունն ու գիշերվա ավարտին պարում ազգային պարեր: Գարնան գալստյան հետ, Բալուչեստանի բնությունը սկսում է նոր կյանքը և բալուչների սրտերն էլ Մաքրանի գեղեցիկ բնության նման, կանաչում ու գարնանային են դառնում: Նրանք մաքրում են իրենց սրտերը քենից ու ատելությունից, և այցելում են իրար, սրտակցում իրար, քաղցրացնում իրենց սրտերը, սկսում են նոր ու մաքուր կյանք` մարդկային արժեքներով լի:
Բահարգահին` Գարնան տոնը, այն ավանդույթներից է, որը նշում են տարբեր ցեղախմբեր, ինչպես նաև քոչվոր բալուչները: Բալուչեստանում այս ծեսն իրականացնում են հատուկ խմբեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բալուչները բաղկացած են տարբեր խմբերից ու ցեղերից, այդ ցեղերից յուրաքանչյուրը հրավիրում է իր ղեկավարին, որպեսզի նրանք նախապատրաստեն բալուչների ամենակարևոր տոնակատարության միջոցառումները: Եթե Բալուչեստանում նոռուզին ծնվում է տղա երեխա, նրան տալիս են Նոռուզ կամ Նոբռուզ անունը: Իսկ եթե ծնվում է աղջիկ, նրան անվանում են այդ ժամանակ ծաղկած ծաղիկներից մեկի անունով:
«Հալաք լադի կամ Գոդամ լադի» արարողությունը, որը նույնպես նշվում է Բալուչեստանում, վերաբերում է քոչվորների`ձմեռային բնակության վայրերից դեպի նոր` գարնանային ու ամառային բնակության վայրեր տեղափոխվելուն: Այդ կապակցությամբ, քոչվորները նախորդ բնակավայրերից հավաքում են վրանները, որից հետո ցեղի բոլոր անդամները հավաքվում են իրար շուրջ ու երգում հատուկ երգեր, որոնք կոչվում են լիքու: Այդ երգերով նրանք հաջողություն են մաղթում տվյալ վայրին, և մյուս տարի վերադառնալու հույսով, և թույլտվություն խնդրելով ցեղախմբի մեծամեծներից, շարժվում են դեպի իրենց բնակության նոր վայրը: Նոր վայրը հասնելուց հետո, որտեղ արդեն գարուն է, երգելով տարբեր երգեր ու իրականացնելով Բահարգահի ծեսը, քոչվորները խփում են իրենց վրանները և արոտավայրերին ու կանաչ բնությանը նվիրված երգերով, տեղադրում են իրենց վրանները:
Քրդերը, որպես Իրանի բնակչության մի մասը, նույնպես մեծ շուքով նշում են նոռուզը: Նրանք այս պատմական տոնը նշում են տարբեր ծեսերով ու ավանդույթներով , որոնք այս հին ժողովորդի մշակույթի ու պատմության արտացոլանքն են: Քրդստանում նոռուզի տոնը նշում են տարբեր ծեսերով ու ավանդական խաղիկներով: Այս շրջանի մարդիկ տոնը սկսում են նշել մեկ ամիս առաջվանից, հին ավանդույթի համաձայն, ոսպի, սիսեռի, քունջութի, ցորենի ու ոսպի հատիկներ են ծլեցնում: Նոռուզը նշելու հարցում քրդերի տարբերությունը մյուս ազգերի հետ կայանում է նրանում, որ նոր տարվա գիշերը նրանք կրակներ են վառում տների տանիքներին ու մերձակա լեռներում:
« Հելավե, մալավե » հնագուն ծեսը, նույնպես քրդերի ավանդույթներից է, նշվում է տարվա վերջին օրերին և դրա հիմնական դերակատարները երեխաներն ու պատանիներն են: Ծեսի ընթացքում, մի խումբ երեխաներ, տնետուն անցնելով, քրդերենով ասում են. "Հելավե, մալավե, ձեր տղան փեսա դառնա, ձեր աղջիկը հարս դառնա": Տանտերերը երեխաներին նվերներ են տալիս: Հին ժամանակներում ամենլավ նվերը որ նրանք ստանում էին, ձուն էր: Այս ավանդույթն այսօր պահպանվել է հիմնականում գյուղական վայրերում:
"Քուսե գյարդի" կամ շնաձկանը ման տալու ծեսը նույնպես Քրդստանի հնագույն ծեսերից է, որն իրականացվում է նոր տարվա նախորդ գիշերը: Այս ավանդույթի նման մեկ այլ ավանդույթ գոյություն ունի ազերիների շրջանում, որն անվանում են "Քուսե գելին": Այս ծեսն իրականացվում է 4 կամ 6 հոգուց բաղկացած խմբի կողմից, տարբեր երգերի ու խաղերի ուղեկցությամբ: Այն ավետում է գարնան գալուստը և ձմռան ավարտը: Այս ծեսի ընթացքում, շնաձկան հագուստ հագած մարդը քայլում է, իսկ մեկ ուրիշը, շնաձկան վզին գցած պարանով, նրան տանում է իր հետևից: Այս ավանդույթը նույնպես այսօր պահպանվել է միայն գյուղական վայրերում:
"Քուսե գյարդի" կամ շնաձուկ պտտեցնելու ծեսը
Բախտիարիները նոր տարվան ընդառաջ, երկու շաբաթ առաջ սկսում են մաքրել տունը: Հաֆթ սինի սեղանին դնելու համար նրանք ծլեցնում են ոսպի, ցորենի կամ սիսեռի հատիկներ: Բախտիարիները շատ են կարևորում ծլեցրած կանաչը, քանի որ նրանք ապրում են բնության մեջ ու զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ: Նրանք համոզված են, որ այդ կանաչը խորհրդանշում է կանաչ ու բերքառատ տարվա սկիզբը:
Հնում կանաչը բերում էին դաշտերից, այն դնում էին որևէ ափսեի մեջ, ու ջրում էին, որպեսզի կանաչ մնա: Չահարշանբե սուրին այս շրջանում ավանդաբար նվշվող ծեսերից է: Տարվա վերջին չորեքշաբթի օրվա գիշերը, մարդիկ կրակ են վառում ու թռչում դրա վրայով, նրանք ցանկություն են պահում, որ բոլոր դժվարություններն ու դժվար օրերը մնան անցյալում:
Այս տարածքում տարածված է ցորենը հատուկ ձևով բովելու ավանդույթը: Այդ ցորենն անվանում են ծխեցրած ցորեն: Նման կերպ ցորենը պատրաստելու համար, այն նախ լվանում են, այնուհետև դնում կաթի մեջ, որից հետո բովում են: Թեթև բոված բրինձն ու կանեփի սերմերը նույնպես խառնում են այս ցորենի հետ և տոնի ժամանակ հյուրասիրում հյուրերին:
Բախտիրարիների նոռուզյան ծեսերը
Նոռուզից առաջ նախապատրաստվում է հաֆթ սինի սեղանը: Բախտիարիները նոր տարվան արդեն տեղափոխվում են ավելի կանաչ վայրեր ու խփում իրենց վրանները: Նոր տարվա գալու հետ միասին, տան մեծերը կարդում են Ղուրան: Դրանից հետո, ընտանիքի բոլոր անդամները նույնպես լավ տարի ունենալու համար, Ղուրան են կարդում: Ընտանիքի հայրը Ղուրանի թերթերի արանքում գումար է դնում, և նոր տարվա մեկնարկից հետո, այդ գումարը նվիրում է ընտանիքի անդամներին: Այս գումարը խորհրդանշում է բարեբեր տարի և լավ կյանք: Բախտիարիների մոտ տարածված ուրախ ավանդույթներից են ուրախ ավանդական բակային խաղերը , որոնք ուղեկցվում են սազ ու դհոլով և տարածված են հիմնականում մեծահասակների շրջանում: