Ազգային ինքնությունը և պարսից լեզուն վերակենդանացնող բանաստեղծ Ֆիրդուսին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i91708-Ազգային_ինքնությունը_և_պարսից_լեզուն_վերակենդանացնող_բանաստեղծ_Ֆիրդուսին
Այս հաղորդումը նվիրվում է իրանցի բանաստեղծ Ֆիրդուսու և պարսից լեզվի մեծարման օրվան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2018 20:21 Asia/Tehran

Այս հաղորդումը նվիրվում է իրանցի բանաստեղծ Ֆիրդուսու և պարսից լեզվի մեծարման օրվան:

 

Իրանցիները Ֆիրդուսու զավակներն են, որովհետև «Շահնամեն» իրանական մշակույթի ու արվեստի հազարամյակների նամակներն են: Եթե Ֆիրդուսին պատմության մեջ չհայտնվեր ու չստեղծեր «Շանհամեն», իրանցիներն այսօր թերևս պարսկերեն չէին խոսում: Ասում են, որ մի օր, եգիպտացի հանրահայտ գրող Հասանեյն  Հեյքյալին հարցրին. «Դուք, եգիպտացիներդ այդպիսի մշակութային փայլուն անցյալով ինչպե՞ս արաբալեզու դարձաք»: Նա պատասխանեց. «Որովհետև Ֆիրդուսի չունեինք»:

Նրանով հանդերձ, որ Իրանում բազմաթիվ գրքեր հրատարակվեցին արաբերենով և այդ լեզուն որոշակի ժամանակ բավականին տարածված էր Իրանում, սակայն չդարձավ այս երկրի պաշտոնական լեզուն: Պատմությունը վկայում է, որ իրանցիները պարսկերենը  պահպանել են գիտնականների ու մեծամեծների ջանքերի շնորհիվ: Մի շարժում, որն սկսվեց Յաղուբ Լես Սաֆարիի կողմից, ով Սաֆարյան դիանաստիայի ղեկավարն էր և շարունակվեց պալատական գրողների  ու բանաստաղծների կողմից մինչև Ռուդաքին, Դաղիղին և Օնսորին: Շարժման կարգախոսն էր «Ինչու պիտի ես դիմեմ այն խոսքով, որն իմ սեփականությունը չէ»: Շարժումը կատարելագործման հասցրեց Ֆիրդուսին, ստեղծելով եզակի «Շահնամե» պոեմը:

Ես կերտեցի փառքի մի գործ իմ աշխարհում հայրենի,
Այսուհետև ամեն հետնորդ ինձ արժանի գովք կանի:

Ո՛չ, չեմ մեռնի, թեկուզ անցնեն դար ու դարեր անքանակ,
Զի պտղաբեր խոսքի սերմեր ես ցանեցի երկնի տակ:

Եվ ամեն մարդ՝ ում մտքերը լուսավոր են և արթուն,
Միշտ իմ մասին լավ խոսք կասե, ինձ կպահե իր սրտում:

                                                         «Շահնամե»–ից

 

Իրանը պատմության ընթացքում դառը օրեր շատ է տեսել ու անցել է վայրիվերումների միջով: Ֆիրդուսին օտարների իշխանության դեմ պայքարելու համար հիմնվեց ազգային ու պատմական արժեքների վրա, որոնք հպարտություն էին համարվում յուրաքանչյուր իրանցու համար: Նա կարողացավ այդ արժեքների շնորհիվ երկիրը պաշտպանելու հոգեբանությունը վերակենդանացնել մարդկանց մեծ: «Շահնամեն» մեծ ազդեցություն թողեց իրանցիների մտածելակերպի վրա: Առաջին ազդեցությունն այն է, որ նա նոր շունչ տվեց հայրենասիրությանն ու հայրենիքին նվիրվելուն: Այնպես որ յուրաքանչյուր իրանցի, կարդալով Շահնամեն, լցվում է այդ զգացողություններով և նրա մոտ առաջանում է այն զգացողությունը, որ թերևս չկա ավելի վեհ զգացողություն, քան հայրենիքին նվիրվելը: Ֆիրդուսին համարվում է Իրանի ազգային հերոսներից: Հրաշալի բանաստեղծ, ով պարսից լեզվին նոր շունչ պարգևեց:   

Գրականագետ Աբոլֆազլ Խաթիբիի ասելով. «Ֆիրդուսին պարսից լեզուն իր ջանքերի շնորհիվ հաստատեց, իսկ «Շահնամեի» շնորհիվ այդ լեզուն փրկվեց օտար լեզուների ազդեցությունից ու պահպանեց դրա կառույցը: Պարսից լեզվի զարգացումն այսօր երախտապարտ է Ֆիրդուսու «Շահնամեին» և դրա համար էլ այսօր Ֆիրդուսու անունը շաղկապված է պարսից լեզվի հետ»:  

Շահնամեագետ, դոկտոր Խալեղի Մոթլաղն ասում է. «Մենք մեր ինքնության համար պարտական ենք պարսկերեն լեզվին: Իսկ այդ լեզուն որոշակիորեն պարտական է Ֆիրդուսու «Շահնամեին»: Այս տսեղծագործությունն ամենահարուստներից է բառապաշարով ու բառակապացություններով: Այն համարվում է առաջին գիրքը, որում ամբողջությամբ օգտագործվել է մաքուր պարսկերենը և դրանք ի մի բերելով, փոխանցվել են հաջորդ սերունդներին: Պարսկերենը իրանական տարբեր ազգերի ու ցեղերի միասնության խոհրդանիշն է: Ֆիրդուսու «Շահնամեն» այնպիսի վարպետությամբ հարստացրեց պարսկերեն լեզուն, որ պատմության ընթացքում այս լեզուն երբեք մոռացության չմատնվեց»: Հենց այդ պատճառով էլ Ֆիրդուսու «Շահնամեն» իրանցիների միասնության հիմքերից է: Ժամանակ պետք է անցներ, որպեսզի Ֆիրդուսու քայլը գնահատվեր: «Շահնամեն» Ֆիրդուսու գլուխգործոցն է: Ստեղծագործություն, որ ներկայացնում է  իրանցիների անցյալը և ինքնատիպությունը: Գրելով «Շահնամեն», Ֆիրդուսին փրկեց իրանական պատմությունը և այն փոխանցեց մյուս սերունդներին: Եթե Ֆիրդուսին չգրեր «Շահնամեն», այսօր իրանցիները չէին ճանաչի իրենց էպոսների հերոսներին: Այս ստեղծագործությունն Իրանի պատմության մի կարևոր ժամանակաշրջանի մասին է, որտեղ ընթերցողները ծանոթանում են իրենց ավանդական ծեսերի հետ: Ֆիրդուսին 30 տարի անդադար աշխատեց, որպեսզի ավարտին հասցներ «Շահնամեն»: Այս ստեղծագործությունն Իրանի ժողովրդի պատմության, մշակույթի ու հերոսությունների օրացույցն է:

Քեմբրիջի համալսարանի դասախոս Չարլզ Մենվիլը նշում է. «Ֆիրդուսու «Շահնամեի» ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ պահպանեց իրանցիների պատմությունը: Եվ դա Իրանի պատմության ամենապանծալի ժամանակաշրջանում: Սակայն ամենակարևորն այն է, որ նա այդ ամենը պահպանեց իրանցիների մայրենի լեզվով` պարսկերենով: Պետք է  ասել, որ Ֆիրդուսին շատ լավ ճանաչում էր իր ազգի ինքնությունը: Եվ իմ կարծիքով, Ֆիդրուսին այդ առումով ամենաճիշտ ընկալումն է ունեցել»:

Դոկտոր Խալեղի Մոթլաղը համոզված է, որ  պարսից գրականության և նույնիսկ համաշխարհային գրականության մեջ չկա ոչ մի գիրք, որը «Շահնամեի» նման դերակարատություն ունենա իր ժողովրդի ճակատարգրի մեջ: Իսկ ժամանակակից ֆիրդուսիագետ Մոհամմադալի Էսլամի Նադուշանի կարծիքով, սա ոչ միայն համաշխարհային գրականության կարևոր գրքերից մեկն է, այլ կարողացել է փոխել մի ժողովդրի ճակատագիրը: Նրա կարծիքով «Շահնամեն» փոխեց Իրանի ժողովրդի ճակատագիրը և եթե այն չլիներ, Իրանն այլ երկիր կլիներ: Նա ասում է. «Եթե «Շահնամեն» չլիներ, մեզ հետ կպատահեր այն, ինչ պատահեց Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի հետ»: Իրանի մշակույթի, գրականության ու լեզվի գոյատևումը տեղի ունեցավ Ֆիրդուսու «Շահնամեի» շնորհիվ: Ֆիրդուսին ոչ միայն բանաստեղծ է, այլ իր բանաստեղծություններով, հարուստ լեզվով կարողացավ մի ժողովրդի նորից կերտել»: Ֆիրդուսին միայն չի նկարագրել իրանցի  հերոսներին, այլ ամբողջ ժողովրդին: Հենց այդ պատճառով էլ ասում են, որ «Շահնամեն» Իրանի ժողովրդի ինքնության հայելին է: Եվ յուրաքանչյուր իրանցի, իր մշակույթի ու ինքնության հետ ծանոթանալու համար, պետք է ինքն իրեն տեսնի այդ հայելու մեջ:  Իրանցիները Ֆիրդուսու բառերով նորից ծնվեցին, աճեցին, ծլարձակեցին, զարգացան ու վերածնվեցին: Իրանն իր պատմության մեջ բանաստեղծությունների երկիր է համարվել: Ամենամեծ գրական արժեքները ստեղծվել են այս երկրում: Դրանցից են Հաֆեզի, Սաադիի, Խայամի, Նիզամիի, Խաղանիի, և Մոլավիի ստեղծագործությունները: Սակայն ինչու են բոլորը համակարծիք, որ Ֆիրդուսու հրաշք «Շահնամեն» դարձավ իրանցի մնալու չափանիշը: Պատասխանը կայանում է  նրանում, որ այս բոլոր մեծամեծները ներկայացրել են Իրանի ժողովրդի պատմության միայն մի հատվածը: Իսկ «Շահնամեում» ներկայացված է իրանական ինքնությունն իր բոլոր կողմերով: «Շահնամեում» մարդիկ գտնում են իրենց և հասկանում իրենց ով լինելը: Այս ստեղծագործությունը կարևոր է ոչ միայն իրանցիների, այլ  ամբողջ աշխարհի համար, քանի որ այն վեր է հանում մարդկային էությունը: Ֆիրդուսին մատ է դրել մարդկային ամենակարևոր խնդիրներից մեկի վրա, որ կա մինչ օրս`չարի ու բարու պայքարը: «Շահնամեի» հիմքը բարու հաղթանակն է չարի նկատմամբ: Իսկ “Շահնամեի” առանցքն իմաստնությունն է: Այն իմաստնության ու գիտության գանձարան է: Ընթերցողն այնտեղ սովորում է մարդկայնության, բարոյականության ու իմաստնության դասեր,    ազատամիտ լինելու և չարիքի դեմ չխոնարհվելու դասեր: Ընթերցողը ստանում է մարդկային ամենավեհ արժեքների դասերը, որոնք նրան սովորեցնում են մեծ ու դրական կոթողի հերոսները:

Այսօր Ֆիրդուսու և պարսից լեզվի մեծարման օրն է: Շնորհավորում ենք այս օրվա կապակցությամբ նրանց, ովքեր սիրում են պարսից լեզուն, գրականությունը և հատկապես` Ֆիրդուսու “Շահնամեն”: