Պարոյր Սեւակի թոռը՝ Թեհրանում
Բացառիկ հարցազրոյց հայ մեծանուն գրող եւ բանաստեղծ Պարոյր Սեւակի արժանի ժառանգորդ՝ Սեւակ Արմէնի Ղազարեանի հետ:
2018 թւականի մայիսին Թեհրանի գրքի 31-րդ միջազգային ցուցահանդէսին իր մասնակցութիւնն էր բերել ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը, որի պատասխանատուներից մէկն էր հայ մեծանուն գրող եւ բանաստեղծ Պարոյր Սեւակի թոռը՝ Սեւակ Արմէնի Ղազարեանը: Առիթը պատեհ համարելով հանդիպեցի նրան եւ վարեցի սոյն հարցազրոյցը, որը Ձեր ուշադրութեանն եմ յանձնում:
ՎԵՐԺԻԿ ԹԱՀՄԱԶԵԱՆ
Հ.- Ամէն բանից առաջ խնդրում եմ Ձեզ ներկայացնել:
Պ.- Այժմ աշխատում եմ ՀՀ Մշակոյթի նախարարութիւնում, որպէս մշակութային ժառանգութեան եւ ժողովրդական արհեստների վարչութեան պետ: Վարչութիւնը համակարգում է հինգ ոլորտ՝ թանգարաններ, յուշարձաններ, ոչ-նիւթական ժառանգութիւն, գրադարաններ եւ գրականութիւն: Նախարարութիւնում աշխատում եմ արդէն ութ ամիս: 2013 թւականից աշխատում եմ նաեւ Հայաստանի Երեւանի Պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետում հայ նորագոյն գրականութեան ամբիոնում, որպէս դասախօս: Սովորել եմ նոյն համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետում՝ բակալաւրը, մագիստրատուրան, ասպիրանտուրան: 2013 թւականին պաշտպանել եմ թեկնածուական ատենախօսութիւն՝ «Պարոյր Սեւակի անտիպ ժառանգութիւնը»՝ գեղարւեստական արձակ եւ գրականագիտութիւն թեմայով: Այժմ երեսուն տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ մէկ արու զաւակ:
Հ.- Ինչո՞վ էր պայմանաւորւած Ձեր այս մասնագիտութեան ընտրութիւնը, արդեօք Ձեր պապի՝ անմահանուն Սեւակի ազդեցութի՞ւնն էր, թէ այլ հանգամանքներ կային:
Պ.- Մասնագիտութեան ընտրութիւնը իհարկէ պայմանաւորւած էր թէ՛ ժառանգութեամբ, եւ թէ՛ ընտանիքում տիրող այն մթնոլորտով, որտեղ մշտապէս սերմանւել է սէր գրքի հանդէպ, բայց նաեւ ուղղակի զուտ իմ անձնական նախասիրութիւնն էր, որովհետեւ վաղ տարիքից ես հասկացայ, որ գրականութիւնն իմ տարերքն է: Սկզբում կարդում էի հիմնականում հայ պատմիչների, յետոյ նաեւ ոչ միայն հայ նորագոյն գրականութիւն, այլեւ համաշխարհային գրականութիւն, ինչպէս հայերէն առաւելապէս ռուսերէն լեզւով, քանի որ իննսունական թւականների վերջերին երկուհազարական թւականների սկզբին դեռեւս այդքան շատ հայերէն թարգմանւած չկային օտարալեզու գրողները, յամենայնդէպս այն չափով, որչափով որ ինձ էր պէտք եւ այժմ էլ իմ տան գրադարանի մօտ ութսուն տոկոսը ռուսերէն գրքերն են, այսինքն ոչ թէ հէնց ռուս գրողների, այլ ընդհանրապէս համաշխարհային գրողներ, թէեւ ռուս գրականութիւնը շատ եմ սիրում եւ գնահատում: Ընտրութիւնս հէնց նրանով էր պայմանաւորւած, որ գրականութիւնը ինձ շատ բան է տւել եւ տալիս, առաջին հերթին մտածել է սովորեցնում, սովորեցնում է ցանկացած իրողութիւն չընդունել հէնց այնպէս ինչպէս որ կայ, այլ փորձել հասկանալ՝ ինչու է սա այսպէս, արդեօք այդպէս էլ պիտի լինի, մնայ, թէ կարելի է ինչ որ բան փոխել: Գրականութիւնը ինձ վրայ մշտապէս ունեցել է խոր ազդեցութիւն, ես, իհարկէ, խօսում եմ մեծ գրականութեան մասին, մեծ գրողների մասին, որոշ գրողներ փոխել են իմ կեանքը, իմ կեանքում ինչ որ կարեւոր էական որոշումներ կայացնելու վրայ են ազդել, այնպէս որ սրանով էր պայմանաւորւած, որ այդ վաղ հասակից դա միշտ զգացել եմ, ընդորում որքան էլ գուցէ տարօրինակ հնչի շատ աւելի արձակ ստեղծագործութիւնների մէջ, քան պոէզիայի. շատ աւելի արձակի սիրահար եմ քան պոէզիայի, կան պոէտներ, որոնք իմն են, ինձ գերում են, նրանց ժամանակ առ ժամանակ վերընթերցում եմ, բայց նրանց թիւը հատուկենտ են, շատ աւելի մեծ թիւ են կազմում հայ եւ համաշխարհային արձակագիրները: Հայ գրականութիւնից կարող եմ առանձնացնել Բակունցին, Մատթէոսեանին, համաշխարհային գրականութիւնից, առաջին հերթին ռուս մեծ գրողներին՝ Դաստայեւսկի, Տոլստոյ, Գոգոլ, Չեխով, 20-րդ դարից արդէն Բուլգակով, Պաստեռնակ, Սալժենիցին եւ այլն: Ամերիկեան գրականութիւնից շատ եմ սիրում Հեմինգւէյ, Ֆիցջերալդ եւ իհարկէ ֆրանսիական գրականութիւնը՝ սկսած թերեւս 19-րդ դարից՝ Բալզակ, Ստենդալ, Զոլա եւ աւելի նոր ժամանակներ՝ Սարտր, Կամիւ եւ միւս գրողները, ասենք Կաֆկա, Կոնդերա: 20-րդ դարի առաջին երկրորդ կէսի իսպանալեզու մոգական ռէալիզմ կոչւող գրականութիւնն եմ շատ սիրում յանձինս՝ Մարկէզի, Բորխէզի, Կորպասառի եւ այլ տարբեր հեղինակների: Այնպէս որ ընտրութիւնը՝ ընտրել բանասիրութեան ֆակուլտետը, պայմանաւորւած էր գրականութեան հանդէպ ունեցած սիրով, որն էլ արդէն դպրոցի վերջին տարին հասկացայ, որ ուզում եմ ինձ նւիրել գրականութեան ուսումնասիրմանը, վերլուծութեանը, մեկնաբանութեանը:
Հ.- Խնդրում եմ պատմել այն զգացումների մասին, որոնք որպէս Պարոյր Սեւակի թոռ համակում են Ձեզ կեանքում:
Պ.- Պարոյր Սեւակի թոռ լինելու հանգամանքը զգացել եմ ամբողջ կեանքում սկսած ամենավաղ տարիքից՝ մանկապարտէզից՝ դեռեւս երեք-չորս տարեկանից, երբ դեռ լիովին չես գիտակցում, որ դու ում ժառանգն ես, գիտես որ ինչ-որ մեծ մարդու ժառանգն ես, բայց չես պատկերացնում, որ այդ մարդը կոնկրետ ինչ գործ է արել, ինչ ժառանգութիւն է թողել, նորմալ չգիտես թէ անգամ գրողն ինչ է, բայց ուշադրութեան կենտրոնում եղել եմ այդքան վաղ հասակից, ինչը հաճելի լինելու հետ մէկտեղ (դէ գիտէք ուշադրութեան կենտրոնում լինելը լաւ բան է), բայց նաեւ շատ պատասխանատու է, որովհետեւ անընդհատ քեզ նայում են, քո ամէն մի քայլը չափում են, ձեւում են, եւ դու մշտապէս պիտի հաշւի առնես, որ ամբոխից դու կոնկրետ քեզնից անկախ պատճառներով, տարբերւում ես, եւ դա դու չես որոշել, այլ այդպէս է ստացւել: Սա շատ պարտաւորեցնող է եւ տարիների հետ մէկ-տեղ, երբ մի քիչ մեծանում ես, հասկանում ես, թէ արդէն ում ժառանգն ես, կոնկրետ ինչպիսի գործունէութիւն է ծաւալել, ինչպիսի մարդ է եղել, պարտաւորեցումը երեւի կրկնակի աւելի է դառնում եւ հանրութիւնն էլ քեզանից ակնկալում է որոշակի վարքագիծ, որոշակի պահւածք, որին էլ դու փորձում ես համապատասխանել, բայց այստեղ մի շատ կարեւոր բան կայ, որ այդ ամենի մէջ, այդ ամենի ընթացքում չկորցնես քո անհատականութիւնը, քո եսը, սա ինձ համար շատ կարեւոր է եղել յատկապէս դպրոցական այդ վերջին շրջանում՝ տասնչորս, տասնհինգ, տասնվեց տարեկանում, երեւի մինչեւ համալսարան ընդունւելը, որովհետեւ կայ այսպիսի երեւոյթ՝ մեծ մարդկանց ժառանգները երբեմն իրենք լիարժէք չեն կայանում, լիարժէք անհատականութիւններ չեն դառնում, որովհետեւ իրենց անընդհատ ասոցացնում են իրենց մեծ նախորդների հետ, եւ այստեղ շատ կարեւոր է, չակերտաւոր ասած, չկոտրւել, սեփական եսը, սեփական անհատականութիւնը պահել՝ հասկանալով, որ շատ լաւ է, որ դու մեծ մարդու ժառանգ ես, բայց նաեւ գիտակցելով, որ դու ունես քո եսը, որ դու ինքնուրոյն մարդ ես եւ ուզում ես ինքդ էլ ինչ որ գործ արած լինես, ինքդ ինչ որ ժառանգութիւն թողնես, սա շատ կարեւոր է այն պարզ պատճառով, որ դու կարողանաս հանրութեան մէջ կայանաս, որպէս ինքնուրոյն անձ: Ես փորձել եմ եւ մշտապէս ինձ թւում է, բարեբախտաբար, ստացւել է գիծը պահել, այսինքն լինել մեծ մարդու ժառանգ, բայց միեւնոյն ժամանակ լինել անհատականութիւն, ունենալ ինքնուրոյնութիւն: Զբաղւել մի գործով, որ ինձ մեծ հաճոյք է պատճառում, առաջին հերթին ոչ թէ այն պատճառով, որ այդ գործով զբաղւել է իմ մեծ նախորդը, այլ որ դա հէնց իմն է, եթէ ես այդպիսի նախորդ էլ չունենայի, միեւնոյնն է կը զբաղւէի այդպիսի գործով:
Հ.- Գիտեմ որ գիտութիւնների թեկնածու էք սեւակագիտութեան գծով, խնդրում եմ այդ մասին բացատրել:
Պ.- Կեանքի բերումով այնպէս ստացւեց, որ քանի որ Սեւակի արխիւը՝ ամբողջ ժառանգութիւնը՝ տպւած եւ անտիպ մեզ մօտ, մեր ընտանիքում է, սկսեցի ուսումնասիրել այդ ժառանգութիւնը եւ թեկնածուական ատենախօսութիւնս հէնց դրան էր նւիրւած, որից յետոյ սկսեցի տպագրել առանձին գրքերով Սեւակի տարբեր գործեր, որոնցից առաջինը Սեւակի անտիպ վէպն էր, ինչի մասին շատ քչերը գիտէին, որ Սեւակը անտիպ եւ ցաւօք անաւարտ վէպ ունի գրած, որը կոչւում է «Ամանէջ». վերնագիրը Սեւակը վերցրել է իր հայրենի գիւղի՝ «Չանախչի»-ի անւանից, որը թուրքերէն բառ է եւ նշանակում է ամանի մէջ: Այդ բառը հայացրել է եւ դարձրել է Ամանէջ եւ իմ կարծիքով շատ յաջող վէպ է ստացւել, որովհետեւ եթէ դիտարկենք նաեւ ժամանակաշրջանը՝ 1950-ական թւականները, Սովետական Միութիւնը, Ստալինը 1953 թւականին նոր մահացել էր, գրականութիւնը դեռ չէր ձերբազատւել գաղափարական կաղապարւածութիւնից, ապա կը տեսնենք, որ այս վէպում ընդհանրապէս նման բաներ չկան, չկայ գաղափարախօսութիւն, չկայ քաղաքականութիւն, չկան ինչ որ պատրաստի շինծու կեղծ կերպարներ, այլ կան գիւղացիներ: Դէպքերը իբրեւ թէ կատարւում են 20-րդ դարի սկզբի փոքրիկ հայկական հեռաւոր խուլ գիւղում: Սրա հետ զուգահեռ մէկ- տեղ չկայ նաեւ գիւղագրութիւն ասւածը, այսինքն Սեւակը ոչ թէ խորանում, մանրանում է գիւղական ինչ որ նիստ ու կացի, կենցաղի նկարագրութիւնների մէջ, այլ պատկերում է մարդկանց՝ կենդանի կերպարներ է ստեղծում՝ իրենց ամենատարբեր յոյզերով՝ տխրութիւններով, ուրախութիւններով, սիրով, դաւաճանութեամբ, հայրենիքի հանդէպ ունեցած զգացումներով, ներընտանեկան յարաբերութիւններով, այսինքն իր խնդիրը իր տարբեր հերոսների հոգեբանութիւնը բացայայտելն է: Վէպը աւելի յարում է հոգեբանական վէպի ժանրին եւ չունի բարեբախտաբար որեւէ քաղաքական ենթատեքստ, որով քաղաքական գունաւորում չի ստանում. յամենայնդէպս այն հատւածը, որը մեզ է հասել բացարձակապէս դրանից զուրկ է: Սա առաջին ամբողջական անտիպ գործն էր, որ ես տպագրեցի: Երկրորդը արդէն Սեւակի երկու գիտական գործեր էին, որոնից մէկը իր առաջին թեկնածուական ատենախօսութիւնն էր՝ «Կարծեցեալ Շապուհ Բագրատունին եւ Վաղ վերածննդի հարցերը Հայաստանում», որը Սեւակը գրել է 1945-48 թւականներին եւ իրենից անկախ պաճառներով կրկին անաւարտ է թողել: Քառասնականներին՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Սովետական Միութիւնը ի դէմս Ստալինի զարկ տւեց պատմական թեմատիկայի լուսաբանմանը, որովհետեւ պատմութիւնը հերոսական օրինակներ էր տալիս, ոգեշնչում էր ժողովրդին՝ կռւելու, չյանձնւելու ֆաշիստների դէմ պատերազմելու. այս շրջանին գրւեց Դերենիկ Դեմիրճեանի «Վարդանանք» վէպը: Սովետական Միութիւնում նկարահանւեց «Պետրոս Ա.» յայտնի ֆիլմը, որը ցուցադրւում էր ամբողջ Միութեան կինօթատրոններում, որպէս ոգեշընչման առարկայ. Սակայն, երբ պատերազմը աւարտւեց Ստալինը շատ արագ հասկացաւ, որ նոյն պատմութիւնը մարդկանց համար կարող է օրինակ ծառայել՝ գահընկէց անելու կամ յամենայնդէպս ըմբոստանալու տոտալիտար ռեժիմների եւ անարդար ղեկավարների դէմ եւ այսպիսով որոշում կայացւեց ընդհանրապէս արգելել՝ պատմական թեմատիկան, չանդրադառնալ պատմական թեմատիկային՝ ամբողջ Սովետական Միութիւնում՝ մասնաւորապէս Հայաստանում եւ Սեւակին ու նրա ասպիրանտ միւս ընկերներին առաջարկեցին մի կողմ դնել իրենց թեկնածուական աշխատութիւնները: Սեւակի դէպքում իր աշխատութիւնը գրեթէ աւարտւած էր, մի քանի գլուխ էր մնում, որ աւարտէր ամբողջացնել եւ առաջարկել են, որ գրել ժամանակակից գրողների մասին, ինչի առթիւ Սեւակը հետագային իր անցեալը ներկայացրած ինքնակենսագրականում յիշում է, որ անուններ տւեցին ժամանակակից գրողների, որոնք ասում է, եթէ Նոյ նահապետի չափ էլ երկար ապրէին, երբեւէ այդ արժանիքը չէին ունենայ, որ իրենց համար ինչ որ մէկը նստէր եւ թեկնածուական ատենախօսութիւն գրէր եւ ամբողջ գրականութեան ինստիտուտի՝ որտեղ որ Սեւակը ուսանում էր եւ պատրաստւում էր հետագայում աշխատել, այդ ինստիտուտի ղեկավար կազմը ցրւում է. Սեւակի ղեկավարին մեծ գիտնական՝ Կարօ Մելիք-Օհանջանեանին, որին արդէն բռնադատել էին երեսնական թւականներին, աշխատանքից հեռացնում են: Սեւակն էլ ստիպւած Մոսկւայի ճամբան է բռնում. գնում է Մոսկւա եւ փաստօրէն գիտութիւնների թեկնածու դառնալու փոխարէն դառնում է առաջին կուրսի ուսանող՝ ընդունւում է Մոսկւայի Գորկու անւան գրականութեան ինստիտուտ: Իր ասպիրանտ ընկերներից ոմանց բախտը այդքան էլ չբերեց, օրինակ Գէորգ Աբգարեանը՝ հետագայում նոյնպէս շատ յայտնի գիտնական, միջնադարագէտ ընդհանրապէս աքսորւեց Սիբիր: «Կարծեցեալ Շապուհ բագրատունին եւ վաղ վերածննդի հարցերը Հայաստանում»՝ սա մի գործ է, որը գիտական մեծ նշանակութիւն ունի, որովհետեւ Սեւակը բարձրացնում է հարցեր այդ կարծեցեալ Շապուհին նւիրւած 10-11-րդ դարի պատմիչ, որի աշխատութիւնը ի տարբերութիւն իր ժամանակի միւս աշխա- տութիւնների մի հետաքրքիր տարբերութիւն ունէր, որի բնոյթը շատ աշխարհիկ էր, սովորաբար այդ շրջանին գրում էին կրօնական բնոյթի ստեղծագործութիւններ, իսկ այս պատմիչի գրածը տարօրինակ կերպով աշխարհիկ բնոյթի է, եւ սրանով էր հետաքրքրել Սեւակին այս թեման, թէ ով է այս պատմիչը, իրականում երբ է գրւել այդ գործը, որովհետեւ սկզբից կարծում էին, թէ դա գրւել է 9-րդ դարում եւ ինչպիսի (Շար. 6-րդ էջում) ԷՋ 6-ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 30 ՄԱՅԻՍԻ 2018 ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ, ԹԻՒ 107 (23029) բովանդակութիւն ունի, նա այսպիսի տարբեր հարցերի վերլուծութեամբ է զբաղւում այդ ատենախօսութեան մէջ: Սա մի գործ էր, որը ընդգրկւած է այդ գրքում, որ ընդհանրական գրքի վերնագիրը կոչւում է «Անտիպ ուսումնասիրութիւններ»: Երկրորդ ատենախօսութիւնը կոչւում է «Սայեաթ Նովան եւ հայ միջնադարը». այն շարունակութիւնն է «Սայեաթ Նովա» ատենախօսութեան, որը նա պաշտպանեց 1967 թւականին, որի համար արժանացաւ միանգամից բանասիրական գիտութիւնների դոկտորի կոչման. Եթէ «Սայեաթ Նովա» ատենախօսութեան մէջ Սեւակը հիմնականում անդրադառնում է Սայեաթ Նովայի կենսագրութեան եւ ստեղծագործութեան վերլուծութեանը, ապա այստեղ համեմատում է գրեթէ անխըտիր միջնադարեան բոլոր գրողներին Սայեաթ Նովայի ստեղծագործութեան հետ՝ վերլուծելով թէ Սայեաթ Նովային եւ թէ յատկապէս միջնադարեան այդ հեղինակներին: Այս աշխատութիւնը Սեւակի կեանքի երեւի թէ վերջին մեծ գործն է, որ հասցրել է կատարել, որովհետեւ սկսում է շարադրել աշխատանքը 1970 թւականի հոկտեմբեր ամսին եւ անաւարտ էլի թողնում ցաւօք սրտի՝ մահւան պատճառով: Վերջին գրառումները 1971 թւականի մայիս ամսին է վերաբերում, Սեւակը մահւանից երեք օր առաջ հարցազրոյց ունի տւած, որտեղ նշում է, որ իր ամենամօտակայ պլանների մէջ է մտնում աւարտել «Սայեաթ Նովան եւ հայ միջնադարը» աշխատութիւնը: Յետոյ պատրաստւում էր Նարեկացիի աշխատանքների վերլուծութեամբ զբաղւել: Այս աշխատութիւնը ուշագրաւ է յատկապէս նրանով, որ գրւած է շատ պարզ մատչելի լեզւով, տարբերւում է ժամանակի գիտական շատ ու շատ աշխատութիւններից ինչպէս դրանից առաջ գրւած, այնպէս էլ դրանից յետոյ գրւած, շատ մատչելի է ցանկացած ընթերցողի, այսինքն ամենեւին միայն գիտնականների համար գրւած չէ. ցանկացած հայ ընթերցող այնտեղ շատ հետաքրքիր նիւթեր կը գտնի միջնադարեան գրականութեան վերաբերեալ, միջնադարեան մեր գրողների պատկերացումների վերաբերեալ, որոնք ամենեւին այդքան էլ կրօնական չեն, ինչպէս ցոյց է տալիս Սեւակը, այլ շատ հետաքրքիր բանաստեղծական աշխարհիկ մտքեր եւ գաղափարներ են իրենց մէջ պարունակում. նաեւ կրօնական տեսակէտից աստւածաշնչեան շատ հետաքրքիր վերլուծութիւններ կան, հէնց Սեւակի վերլուծութիւնները, յայտնի է, որ Սեւակի գրականութիւնը ընդհանրապէս մասնաւորապէս իր պոէզիան մեծապէս ազդւած են Աստւածաշնչից. նա աստւածաշնչեան տարբեր պատկերներ կիրառում է իր պոէզիայում: Այստեղ էլ տարբեր դրւագներ՝ թէ Հին, թէ Նոր Կտակարանից, վերլուծում է եւ իր ուրոյն մեկնաբանութիւններն է տալիս, յաճախ գուցէ ընթերցողի համար անսպասելի, բայց չափազանց հետաքրքիր: Այնպէս որ այս երկու աշխատութիւնների համադրութիւնը կազմեց երկրորդ գիրքը, որը ինչպէս ասացի կոչւեց «Անտիպ ուսումնասիրութիւններ»: Մօտակայ պլաններում է երրորդ գիրքը, որը «Մարդը ափի մէջ» գրքի վերահրատարակութիւնը կը լինի: «Մարդը ափի մէջ» գիրքը ընդհանրապէս միայն մէկ հրատարակութիւն է ունեցել Սեւակի կեանքի օրօք՝ 1963 թւականին, Երեւանում. դրանից յետոյ որպէս առանձին գիրք չի վերահրատարակւել, բայց իմ նպատակը ոչ թէ ուղղակի նոյնութեամբ այս գրքի վերահրատարակելն է, այլ ամբողջացնելն է. որոշակի ուսումնասիրութիւն կատարելուց յետոյ, ես հասկացայ, որ «Մարդը ափի մէջ» գիրքը ժամանակին բաւականին կրճատւել է, մկրատւել է, գործեր են հանւել: Մասամբ դա եղել է հէնց հեղինակի՝ Սեւակի որոշմամբ, այսինքն հասկացել է, որ անիմաստ է այդ գործերը դնել, քանի որ այսպէս թէ այնպէս չեն թողնելու անցնի: Մասամբ էլ եղել է ժամանակի ցենզուրայի, գրաքննութեան ստիպմամբ եւ ուսումնասիրելով բոլոր ձեռագրերը, եկայ այն համոզման, որ բաւական մեծ թւով գործեր, մի քանի տասնեակի հասնող՝ երեսուն-քառասուն, եթէ ոչ աւելին, չեն տպւել: Առանց այն էլ այդ գիրքը իր ժամանակի համար յեղափոխական նշանակութիւն ունեցաւ: Սեւակը բերեց բոլորովին նոր պոէզիա հայ գրականութիւն, բոլորովին նոր ոճ: Ժամանակին գուցէ այնքան էլ չընկալւելով, մասամբ չընկալւելով, օրինակ՝ նոյն Գուրգէն Մահարին ժամանակին գրեց յօդւած, որտեղ եւ գովաբանում էր մի կողմից, բայց միւս կողմից նաեւ քննադատում էր այս նոր գրքի որոշ գործեր, բայց խորապէս, իհարկէ, գիրքը շատ մեծ յաջողութիւն ունեցաւ եւ Պարոյր Սեւակ գրողին նոր ճանաչողութիւն ու փառք բերեց, չնայած մինչեւ այդ կար արդէն «Անլռելի զանգակատուն»-ը եւ այն արդէն ճանաչում էին, բայց այստեղ Սեւակը հանդէս եկաւ բոլորովին նոր ոճով եւ ասելիքով եւ ահա այս մի քանի տասնեակի հասնող անտիպ գործերը կը գան կամբողջացնեն «Մարդը ափի մէջ» գիրքը, որովհետեւ կան գործեր, որոնք խիստ քաղաքական ենթատեքստ ունեն, օրինակ քննադատում են ժամանակի իշխանութիւնների նիստ ու կացը, ժամանակի ամենատարբեր բնոյթի պարտադրանքները: Կան գործեր, որտեղ այդ մարդը ափի մէջ, այսինքն մարդու անհատականութիւնը է՛լ աւելի է ընդգծւում, է՛լ աւելի է կարեւորւում, թէ ինչքան կարեւոր է տոտալիտար դիկտատուրայի պայմաններում չկորցնել սեփական անհատականութիւնը, անկախ մտածողութիւնը, եւ որպէս մարդ, այլ ոչ թէ որպէս ինչ որ կաղապարւած մէկը շարունակել ապրել, արարել, ստեղծագործել: Գիրքը կարելի է ասել ութսուն տոկոսով պատրաստ է, հիմնական աշխատանքը արւած է, կան որոշ գործեր, որոնք կապւած են արդէն գրքի ամբողջացման հետ, գրքի վերջնական խմբագրման եւ մի քանի անգամ վերանայելու: Եւ յոյսով եմ մօտ ժամանակներս առիթ կունենամ ամբողջացնել եւ հրատարակել այս գիրքը: Ի դէպ ցանկացած սեւակեան գործ ուսումնասիրելիս եւ կամ գիրք հրատարակելիս ես անպայման վերջում խորհրդակցում եմ հօրս՝ Արմէն Սեւակի Ղազարեանի հետ, որը նոյնպէս գրականագէտ է, որը նոյնպէս դասաւանդում է Երեւանի Պետական համալսարանում, որը իմ ամենալաւ խորհրդատուն է, խմբագիրն է՝ ինչպէս եւ ընդհանրապէս գրականութեան առումով, այնպէս էլ մասնաւորապէս Սեւակին, Սեւակ գրողին ճանաչելու առումով, այսինքն ցանկացած աշխատանք, որը կատարւում է: Հայրս հանգամանքների բերումով այնքան էլ ժամանակ չունի ինձ հետ միասին գործով զբաղւելու, բայց վերջում անպայման իրար հետ մի անգամ նայում ենք, բոլոր վիճարկելի հարցերը փորձում ենք ի մի բերել, երբեմն լաւ էլ վիճում ենք, բայց արդիւնքում՝ փաստերի համադրմամբ գալիս ենք ինչ որ օբիեկտիւ եզրայանգումների եւ հրատարակում ենք գիրքը: Սրանից բացի աւելի հեռաւոր պլաններ ունենք Սեւակի անտիպ յօդւածների մէկ կամ երկու հատորեակ տպագրելը, որովհետեւ բաւականին անտիպ հրապարակախօսական նիւթեր են մնացել արխիւում եւ առաւել հեռաւոր շրջանում է արդէն Սեւակի ընդհանրապէս անտիպ պոէզիայի ամբողջացումը, որը այս նշածս աշխատանքներից ամենաբարդն է, քանի որ արխիւը համակարգւած չէ առանձին-առանձին. Սեւակը, որպէս կանոն գրում էր աշխատանքային տետրերի մէջ, որտեղ ասենք տասնհինգ բանաստեղծութեան մէջ կարող է մէկը անտիպ լինի, այսինքն այդ ամբողջը պիտի մանրամասն կարդալ, ուսումնասի րել եւ անտիպները գտնել, հանել դրանց միջից, ինչն իր հերթին ուրիշ պրոբլեմներ ունի՝ զուտ գրական-բանասիրական տեսանկիւնից: Գործը կարող է երբեւէ հայերէն հրատարակւած չլինէր եւ ասենք սովետական տարիներին հրատարակւած լինէր օրինակ՝ ռուսերէն կամ ուկրայներէն լեզուներով, բայց ինքը այլեւս անտիպ չի կարող համարւել, քանի որ այնուամենայնիւ ունեցել է ինչ որ մի հրատարակութիւն, կապ չունի թէ ինչ լեզւով եւ այս աշխատանքը ենթադրում է ոչ միայն Սեւակի արխիւի համապարփակ եւ խորը ուսումնասիրութիւնը, այլեւ ժամանակի մամուլի՝ ոչ միայն հայալեզու, այլեւ ռուսերէն եւ ընդհանրապէս սովետական մամուլի հանգամանալից ուսումնասիրութիւնը, որպէսզի յանկարծ որեւէ գործ չներկայացւի, որպէս անտիպ, իսկ յետոյ պարզւի, որ սա անտիպ չէ եւ որեւէ մի այլ թերթում, կամ ամսագրում կամ պարբերականում ժամանակին տպւել է: Սա բարդ աշխատանք է, որը գուցէ ես մենակ չանեմ, գուցէ հետագայում ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծւի երիտասարդ գիտնականներից կազմւած՝ համատեղ աշխատանքի միջոցով, որպէսզի շատ չձգւի, տասնամեակների չվերածւի: Այս են հիմնական ծրագրերը:
Հ.- Ձեր կարծիքով Սեւակը բանաստե՞ղծ էր, թէ գիտնակա՞ն:
Պ.- Ես վստահ եմ, որ Սեւակը ամենից առաջ բանաստեղծ էր՝ իր էութեամբ, իր բնաւորութեամբ, իր խառնւածքով եւ նաեւ իր գրողական գրական տաղանդով: Իհարկէ, որպէս գիտնական էլ շատ մեծ հետք եւ դեր ունի մեր գիտութեան պատմութեան մէջ, բաւական է ընթերցել ցանկացած յօդւած, էլ չեմ ասում աւելի մեծ աշխատանքներ, օրինակ՝ «Սայեաթ Նովա» եւ արդէն «Սայեաթ Նովան եւ հայ միջնադարը» աշխատութիւնները եւ ակնառու կը լինի Սեւակ գիտնականի մեծութիւնը, բայց այնուամենայնիւ իր գրողական կերպարով ինքը առաջին հերթին բանաստեղծ էր, առաջին հերթին պոէտ էր: Իր տարերքը, իր մեծագոյն սէրը գուցէ հէնց բանաստեղծութիւնն էր, պոէզիան էր եւ սա օրինակ հաստատւում է յիշատակածս «Ամանէջ» վէպի անաւարտ լինելու հանգամանքով, որովհետեւ վէպը անաւարտ է թողնում 1956-57 թւականներին, ինչը համընկնում է «Մարդը ափի մէջ» գրքի բանաստեղծութիւնների գրելու սկզբին, այսինքն իր մօտ ստացւում է բոլորովին այդ նոր ոճը՝ յեղափոխական ոճը եւ մնացած ամէն ինչ թողնում է մի կողմ ու անընդհատ գրում է այդ նոր ոճով. նոր պոէզիան փորձում է, այսպէս չակերտաւոր ասած՝ քանի դեռ գիծը բռնել է, յանկարծ բաց չթողնել եւ ինչքան հնարաւոր է շատ գրական արտադրանք տալ, ինչը հետագայում շտկւում է, խմբագրւում է բազմաթիւ անգամներ, բայց սա վկայում է այն մասին, որ պոէզիան նրա համար միշտ առաջնային էր, ամենից լաւ նա իր մտքերը արտայայտում էր պոէզիայի միջոցով:
Հ.- Ուզում եմ խնդրել պատմել Սեւակի տուն-թանգարանի եւ այն մասին, թէ ինչո՞ւ Սեւակի դին իր այգում, եւ ոչ թէ պանթէոնում ամփոփւեց:
Պ.- Սեւակը իր կեանքի վերջին տարիներին շատ կապւեց գիւղի իր տան հետ, ընդհանրապէս գիւղի տունը շատ մեծ դժւարութեամբ կառուցեց: Սովետական Միութիւնում ցանկացած շինարարական ապրանք շատ դժւար էր գտնւում, երբեմն ստիպւած էիր տասնեակ կամ հարիւրաւոր կիլոմետրներ կտրել ինչ-որ շինարարական մի ապրանք գտնելու համար եւ այդ տուն կառուցելը տեւեց տաս տարի, զուգահեռ դրան տան շրջակայքում շատ մեծ այգի է տնկել, իւրաքանչիւր ծառ իր ձեռքով է տնկել, շատ քրտնաջան է աշխատել: Դա էլ իր կեանքի վերջին մեծ ստեղծագործութիւնն է եղել: Եւ այսպէս ինքն իր ընկերների մօտ, մի քանի առիթով արտայայտւել է, որ իր մահից յետոյ կուզենար իր հայրենի գիւղում, իր ստեղծած այգում թաղւել եւ հէնց սա է եղել պատճառը, որ Սեւակը այդտեղ է թաղւած: Թանգարանը եւ տունը առանձին են, թանգարանը պետական հիմնարկ է, իսկ տունը դեռեւս տնօրինում են Սեւակի ժառանգները՝ որդիները: Ամենամեծ որդին՝ Հրաչեայ Ղազարեանը, ցաւօք մի քանի տարի է մահացել է, սակայն հայրս եւ նրա կրտսեր եղբայրը՝ Կորիւնը, որը Ամերիկայում է գտնւում, բայց ժամանակ առ ժամանակ ընտանիքով գալիս են Հայաստան եւ իրենք են տնօրինում, մենք էլ հիմնականում տարւայ որոշակի հատւած այնտեղ ենք լինում: Այցելուները միշտ գալիս են, այցելում են թանգարան, որտեղ կան Սեւակի անձնական բոլոր իրերը: Հիմա այդ տանը, որի մասին խօսում էի, Սեւակից անձնական գրեթէ ոչինչ չկայ, մենք ամէն ինչ յանձնել ենք թանգարանին եւ այցելուները կարող են տեսնել նրա գրքերը, ամենատարբեր անձնական իրերը՝ գրիչ, ծխամորճ, շախմատ, նարդի, հագուստ, նոյնիսկ կարող են տեսնել նրա երեւանեան բնակարանի՝ Կասեան-3 հասցէում գտնւող բնակարանի աշխատանքային սենեակի վերարտադրութիւնը: Այնտեղ կայ գրասեղան, կայ թախտ, որի վրայ Սեւակը յաճախ սիրում էր պառկել կամ թիկնել՝ եւ ստղծագործել. եւ էլի բազմաթիւ նիւթեր, որոնք առնչւում են բանաստեղծին՝ ցուցադրւում են թանգարանում: Ինչպէս նաեւ այցելուները պարտադիր այցելում են նաեւ շիրմի մօտ եւ իրենց յարգանքի տուրքն են մատուցում: Գիւղը 1994 թւականից վերանւանւել է Զանգակատուն՝ ի պատիւ Սեւակի ամենայայտնի գործերից՝ «Անլռելի զանգակատուն» պոէմայի:
Հ.- Իսկ կարելի է իմանալ Սեւակի ընտանիքում Ձեզանից եւ Ձեր հօրից բացի, որեւէ այլ մէկը զբաղւո՞ւմ է գրականութեամբ:
Պ.- Գրականութեամբ զբաղւողներ չունենք: Աւագ հօրեղբօրս երեխաներից տղան պատկանում է կինոյի աշխարհին՝ ռեժիսոր եւ օպերատոր, աղջիկը՝ տնտեսական եւ բիզնես աշխարհին: Կրտսեր հօրեղբայրս, որը ասացի գտնւում է Ամերիկայում, հիմնականում իրենց ընտանիքը բժշկութեան ուղին է ընտրել: Ինքը եւ կինը բժիշկներ են, երկու աղջիկներն էլ բժշկութեան ուղին են ընտրել, իսկ տղան իրաւաբանութեան ուղին, ինչպէս նաեւ իմ եղբայրս եւս իրաւաբանութեան ուղին են ընտրել: Հիմնականում պրոֆեսիոնալ ձեւով ես ու հայրս ենք զբաղւում գրականութեամբ:
Հ.- Դուք բացի գրականագիտութեամբ, արդեօք զբաղւե՞լ էք գեղարւեստական գրականութեամբ, գիրք ունէ՞ք:
Պ.- Ոչ, գեղարւեստական գործեր կամ գրքեր չունեմ, իմ բոլոր գործերը գիտական բնոյթի են՝ բանասիրական, գրականագիտական կամ հրապարակախօսական:
Հ.- «Պարոյր Սեւակ» անունով բազմաթիւ էջեր կան սոցցանցերում, արդեօք դուք կապ ունէ՞ք դրանց հետ:
Պ.- Ոչ բոլորովին, դրանք ոչ մէկը մեր կողմից չեն եւ յաճախ էլ սխալ նիւթեր են տեղադրւում եւ տարածւում: Երեւի մի օր մենք ստեղծենք մերը:
Հ.- Իսկ Ինչպէ՞ս էք պատրաստւում Պարոյր Սեւակի ծննդեան 100-ամեակին:
Պ.- Ես շատ մեծ մտայղացում ունեմ 100-ամեակի համար: Ես կուզենայի վերահրատարակել Սեւակի երկերի ժողովածուն: Ամենամեծ ժողովածուն մինչեւ հիմա հրատարակւած՝ Ալբերտ Արիստակէսեանի՝ շատ յայտնի սեւակագէտի՝ երեւի առաջին մեծ սեւակագէտի, հրատարակած գիրքն է: Ալբերտ Արիստակէսեանը Սեւակի բարեկամը, համագիւղացին, զուտ ընկերը, Սեւակի մահից յետոյ ձեռնամուխ եղաւ Սեւակի երկերի ժողովածուի հրատարակմանը, արդիւնքում ստեղծւեց վեցհատորեակ, եւ ինքն էլ գրեց Պարոյր Սեւակին նւիրւած մենագրութիւնը, որը մինչ օրս էլ շատ արժէքաւոր գիրք է: Չնայած քառասուն տարի է անցել, բայց այսօր այս անտիպ գործերի ի յայտ գալով ակնյայտ է դառնում, որ այդ վեց հատորը շատ քիչ է եւ նոյնիսկ այդ եղածն էլ պիտի թարմացւի, այս առումով կուզենայի տաս կամ նոյնիսկ տասներկու հատորեակ տպագրել 100-ամեակին ընդառաջ: Յարգելի Սեւակ, յայտնում եմ իմ խորին շնորհակալութիւնները Ձեզ՝ տւած հարցազրոյցի համար եւ յաջողութիւն եմ մաղթում:
alikonline.ir