Ռուհոլլահի դպրոցում(2.Սոցիալական արդարություն)
Այս հաղոդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչ դեր ուներ սոցիալական արդարությունն իմամ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք իմամ Խոմեյնիի հակաբռնատիրական գաղափարախոսության մասին, նշելով, որ իմամ Խոմեյնին, հենվելով իսլամի ուսմունքների և հատկապես շիա ուղղության ուսմունքների վրա, ներքին ու արտաքին բռնատերերի դեմ պայքարն իր կարևոր սկզբունքը դարձրեց: Հենց այս պատճառով, իսլամական հեղափոխության մեջ բռնության դեմ պայքարն ու քաղաքական անկախության ձեռքբերումը հեղափոխական ժողովրդի ամենակարևոր նպատակներից էր: Հեղափոխություն, որը տեղի ունեցավ սառը պատերազմի ժամանակ և բոլոր հակաիմպերիալիստական շարժումները կրում էին մարքսիստական բնույթ: Իմամ Խոմեյնին խիզախորեն հայտարարեց, որ և Միացյալ Նահանգները և Խորհրդային միությունը, համաշխարհային բռնատիրության ներկայացուցիչներ են: Նա իր հարձակման թիրախը դարձրեց երկու կողմերին և «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք» կոչը դարձրեց ԻԻՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունը:

Սոցիալական արդարությունը մշտապես եղել է Իրանի ժողովրդի երազանքը: Երկրորդ աշխարհամարտից հետո, ԽՍՀՄ-ը մարքսիստական ու սոցիալիստական գաղափարախության հիման վրա, դարձավ սոցիալական արդարության ջատագովը, փորձելով այդ գաղափարախոսությունը ներկայացնել որպես արդարատենչ գաղափարախոսություն: Սակայն իմամ Խոմեյնին իսլամ կրոնի և շիա ուղղության ուսմունքների հիման վրա ներկայացրեց սոցիալական արդարությունը, որպեսզի Իրանի ժողովրդի երազանքն իրականություն դարձնի: Իրանի ժողովուրդը 19-րդ դարից հետո լայնածավալ պայքար սկսեց սոցիալական արդարության համար: Սակայն չնայած բոլոր հաջողություններին, մինչև 1979թ. իսլամական հեղափոխությունը, չէր հաջողվել հաստատել այնպիսի վարչակարգ, որը կարիքավոր դասկարգի պաշտպանը լինի և հասարակությունից վերացնի անարդարությունը:
Իմամ Խոմեյնին սոցիալական արդարությունը դարձրեց ժողովրդի պայքարի ամենակարևոր նպատակներից մեկը: Իսկ որպեսզի հասկանանք, թե իմամ Խոմեյնին ինչ պատճառներով սկսեց իր պայքարը, նախ պետք է խոսենք այն մասին, թե ինչ տեղ է զբաղեցնում արդարությունն իսլամում: Իհարկե բոլորը գիտեն, որ արդարությունը քաղաքական տեսությունների կարևոր հիմքերից է և բազմաթիվ մտավորականներ այս մասին աշխատություններ են ներկայացրել: Նրանք փորձել են ներկայացնել սոցիալական արդարության կողմերը: Արևմուտքի դասական ժամանակաշրջանում, մեծ փիլիսոփաներ Արիստոտելն ու Պլատոնը, իսլամական ժամանակաշրջանում Ֆարաբին և այլոք, արդարությունը դարձրել են իրենց ամենակարևոր խնդիրը: Իսլամում և շիա ուղղության մեջ, արդարությունը համարվում է ամենակարևոր սկզբունքը: Աստծված արդար է,այս յուրահատկությունը դրսևորվել է շիա մտավորականների քաղաքական ու սոցիալական գաղափարախոսության մեջ: Ղուրանում արդարությունը կարևոր սկզբունք է, որի վրա էլ հիմնված է արարչագործությունը: Եվ այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել այդ սկզբունքի հիման վրա, դառնալով բոլոր կրոնների վերջնական նպատակը: Ղուրանի տեսակետից, արդարությունը մի բնածին արժեք է և ամեն ինչի անվտանգությունը կախված է դրանից: Այդ իսկ պատճառով, Աստված բոլոր մարդկանց ու հատկապես հավատացյալներին, պատվիրում է արդարություն իրականացնել մարդկային հարաբերություններում: Ղուրանի տեսակետից արդարությունը շաղախված է մարդու էության հետ և մարդիկ պետք է ոչ մի ջանք չխնայեն այն հաստատելու համար: Իսկ նրանք, ովքեր այս ուղղությամբ քայլ են կատարում, Աստծո սիրելի արարածներն են: Հենց այդ պատճառվ էլ իսլամի մարգարեն և նրա հետևորդ իմամ Խոմեյնին, կարևորել են հասարակական, սոցիալական արդարությունը և դրա համար չեն խնայել ոչ մի ջանք:
Իմամ Խոմեյնիի օրինակը եղել են իսլամի մարգարեն և իսլամի առաջնորդներից իմամ Ալին: Իսլամի մարգարեն իր կյանքի ընթացքում մշտապես եղել է արդարության ջատագով և կարիքավորների պաշտպան: Իր մարգարեության ժամանակ, ներկայացրել է սոցիալական արդարությունն իսլամի տեսակետից և փորձ է արել փոխելով այս կապակցությամբ մարդկանց տեսակետը, արդարության համար հարմար պայմաններ ստեղծել: Կրոնական տեսակետից, իսլամի մարգարեի այս գաղափարախոսությունն ունի տարբեր կողմեր: Առաջինն այն է, որ մարդիկ ստեղծվելու ժամանակ հավասար են եղել: Իսլամի մարգարեի տեսակետից, բոլոր մարդիկ, անկախ իրենց մաշկի գույնից ու ազգությունից հավասար են և ոչ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի: Ուրեմն նրանք պետք է նաև հավասար իրավունք ունենան իրենց ճակատագիրը տնօրինելու հարցում: Նա համոզված էր, որ բոլոր մարդիկ հավասար են ու պետք է համագործակցեն իրար հետ` արդար հասարակություն ձևավորելու համար: Իսլամի մարգարեն մուսուլմաններին եղբայրության կոչ էր անում, որպեսզի ապրեն կողք կողքի և արդար պայմաններում: Իսլամի ուսմունքների մեջ կարևորվում են արդարությունը և ուրիշների իրավունքը հարգելը, ինչն առողջ հասարակություն ստեղծելու նախապայմանն է:

Իմամ Խոմեյնին, ներշնչվելով իմամ Ալիի ժամանակներից, արդարության կապակցությամբ համոզված է, որ դա իսլամական հասարակության հիմքերից է: Իմամ Խոմեյնիի տեսակետից, հասարակական արդարությունը բոլոր սոցիալական խմբերի ու մարմինների հիմքն է կազմում և հանդիսանում է իդեալական հասարակութան առանձնահատկությունը: Իմամ Խոմեյնին համոզված էր, որ կրոնական իշխանությունը կարող է իրականություն դարձնել սոցիալական արդարությունը: Նա համոզված էր, որ բոլոր օրենքները, կրոնական կամ այլ բնութի, պետք է կազմվեն արդարության հիման վրա, որովհետև դրանք ստեղծվել են, որպեսզի հասարակության մեջ հաստատեն արդարությունը: Նա իր “Ալ Բեյ” գրքում գրում է. “Կրոնական վճիռները և իսլամի օրենքները միջոցներ են, որպեսզի իշխանություն հաստատվի և տարածվի արդարությունը”: Մեկ այլ տեղ նա ասում է. “Իսլամն ապստամբեց արդարության իշխանություն հաստատելու նպատակով, որտեղ բոլոր օրենքները, այդ թվում` ժողովրդի հարկերի գանձումը, պետք է իրականացվեն արդար կերպով: Եվ դա պետք է տարածվի նաև դատական համակարգում”:
Իմամ Խոմեյնին մարգարեների առաքելությունը համարում էր արդարության հաստատումը հասարակական և անձնական կյանքում: Նրա ասելով, բոլոր մարգարեները նպատակ ունեն սոցիալական արդարություն հաստատել և հասարակության մեջ և մարդկանց անհատական կյանքում: Հենց այդ պատճառով էլ իմամ Խոմեյնին ԻԻՀ վարչակարգի ստեղծման հիմքը համարում էր արդարությունը: Նա նշում էր, որ իսլամական հանրապետությունը բռնատիրություն և ուժի կիրառում չէ: Այս պետությունը մտածելու է կարիքավոր դասակարգի մասին, նրանց իրավունքների պաշտպանն է լինելու և աստվածային արդարությունը հաստատվելու է հասարակության մեջ: Իմամ Խոմեյնիի կարծիքով, արդարությունն ունի երկու կողմ` հասարակական ու անձնական: Նրա կարծիքով, սոցիալական արդարությունը կարևոր է ինչպես անձնական արդարությունը և դրանք լրացնում են իրար: Որովհետև անձնական արդարությունը պայմաններ է ստեղծում սոցիալական արդարության համար, իսկ սոցիալական հավասարությունն արդար հարաբերություններ է հաստատում մարդկանց մեջ: Իմամ խոմեյնին համոզված էր, որ սոցիալական արդարությունը կարող է հաստատել ֆաղիհը, որը պետք է լինի արդար: “Վելայաթ ֆաղիհի իշխանությունը” գրքում նա ասում է, որ միայն արդար ֆաղիհը կարող է հաստատել կրոնի ուսմունքները և արդարությունը: Նա դատապարտում է բռնատիրության վրա հիմնված իշխանությունը, կարևորելով բռնատեր իշխանության դեմ պայքարը և համարելով, որ յուրաքանչյուր մուսուլման այդ ուղղությամբ պարտականություն ունի: Իմամ Խոմեյնիի տեսակետից, կրոնական իշխանությունում, որի ղեկավարն է արդար ֆաղիհը, հնարավոր է սոցիալական արդարություն հաստատել: