Նորություններ (7)
«Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:
Այս շաբաթվա «Նորություններ» հաղորդաշարը կսկսենք պաշտպանության ոլորտում Իրանի նոր ձեռքբերումով:
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին հաջողել է մեծ ձեռքբերումներ արձանագրել: Այդ ձեռքբերումներից է նավակործանների կառուցումը: Այս առումով Ջամարանը, Դամավանդ 1-ը և Սահանդը իրանական արտադրության «Մոջ» տեսակի նավակործաններ են: «Մոջ» դասին պատկանող «Ջամարան»-ը համարվում է Իրանում արտադրված առաջին նավակործանը, որը կառուցվել է ամբողջովին իրանական գիտելիքներով և հանձնվել է ռազմածովային ուժերին 2009 թվականին: Իրանի և այլ երկրների առևտրային նավերը պաշտպանելու համար միջազգային ջրերում 3000 կիլոմետր ճանապարհ անցնելու ունակությունն այս նավակործանի գործառական հնարավորություններից է:
«Դամավանդ 1»-ը Իրանում արտադրված «Մոջ» կարգի երկրորդ ռազմանավն է, որը 2015 թվականի մարտի 9-ին միացել է ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմին: Հեռավոր ջրերում բանակի ծովուժի ռազմավարական գործողություններին մասնակցությունը, ինչպես այդ կարգի մյուս նավակործանները, այս կործանիչի գործառական հնարավորություններից է համարվում: «Սահանդ»- ը «Մոջ» դասի երրորդ նավակործանն է, որը նախագծվել և կառուցվել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից: Այս նավը շահագործման է հանձնվել 2012 թվականի սեպտեմբերին: Այս նավը նախագծվել և կառուցվել է Ջամարան և Դամավանդ նավակործաններից հետո: Այս նավակործանի գործառական հնարավորություններից է օդային և ծովային թիրախներին հակադարձելը:
«Դենա» իրանական նավակործանը, որը ռազմածովային ոլորտում Իրանի զինված ուժերի վերջին ձեռքբերումն է, կարելի է համարել «Մոջ» դասի նավերի չորրորդ նավակործանը: Այս դասի լողամիջոցների նախագծումն ու կառուցումը կարելի է համարել իսլամական Իրանի ռազմական և արդյունաբերական գիտելիքների և տեխնոլոգիաների գլուխգործոց: «Դենա» նավակործանն ունակ է միաժամանակ բախվել 5 ծովային և 1 օդային թիրախների հետ:
Վերջերս Իրանի գործադիր և ռազմական պաշտոնյաների ներկայությամբ այս նավակործանը միացել է Բանդար Աբասում ռազմածովային ուժերի հարավային նավատորմին՝ «Շահին» հակաական նավի հետ միասին:
Անպտղությունն այն խնդիրներից է, որը կարող է առաջանալ շատ զույգերի մոտ: Այս հարցը միշտ հոգեբանական, ֆինանսական և այլ խնդիրներ է առաջացրել մարդկանց համար: Տարբեր գործոններ կարող են հանգեցնել անպտղության: Այդ իսկ պատճառով փորձագետները միշտ փնտրել են այս խնդրի լուծումը: Նոր ձեռքբերման մեջ Իրանի Ավիցեննայի անվան գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները իրենց հետազոտություններում պարզել են, որ ձվարանային պաշարների նվազումը խիստ կապված է իմունային համակարգի հետ կապված գործոնների հետ: Ըստ Ավիցեննայի անպտղության բուժման կենտրոնի իմունոլոգ դոկտոր Մարիամ Թավաքոլիի՝ այս բարդության պատճառները դեռ պարզ չեն, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գենետիկական, իմունաբանական, ինչպես նաև բնապահպանական և սննդային պատճառները և սթրեսը կարող են դերակատար լինել ձվարանային պաշարների նվազեցման գործում: Փորձագետի խոսքով, ձվարանային պաշարների գնահատման համար սովորաբար կիրառվում են տարբեր հորմոնալ թեստեր, սակայն այդ ստուգումները ցույց են տալիս միայն ձվարանային պաշարների քանակը, և ձվերի որակը ստուգող թեստեր չկան:
Իմունոլոգ դոկտոր Մարիամ Թավաքոլին նշել է, որ երբեմն իմունային համակարգը կարող է սխալվել և գործել ձվի կամ ձվարանների դեմ: Բացի այդ, մարմնում արտադրվում են հորմոններ, որոնք խթանում են ձվազատումը, և երբեմն իմունային համակարգը կարող է սխալմամբ գործել այդ հորմոնների ընկալիչների դեմ: Նման դեպքերում իմունային համակարգի սխալ գործունեությունը հորմոնների ընկալիչների, ձվի կամ ձվարանների դեմ կարող է նվազեցնել ձվարանային պաշարները: Չկա թեստ, որն անմիջականորեն հայտնաբերում է ձվի դեմ հակամարմինները, բայց իմունային համակարգի վրա մի շարք թեստեր կատարելով ՝ հնարավոր է անուղղակի ախտորոշում կատարել:
Եթե իմունաբանական գործոնների պատճառով ձվարանային պաշարների նվազում է առաջանում, պետք է փորձենք կարգավորել իմունային համակարգը, և դա արվում է իմունային համակարգը կարգավորող դեղամիջոցներ նշանակելով: Դեղամիջոցի տեսակը, քանակը և տևողությունը տարբեր են յուրաքանչյուր անձի համար, և բոլորի համար չկա մեկ դեղատոմս: Բուժման տևողությունը նույնպես տարբեր է, սակայն բուժման արդյունավետությունը տեսնելու համար անհրաժեշտ է առնվազն մեկից մեկուկես ամիս: Իհարկե, այս բուժումները չեն ավելացնում ձվարանային պաշարը, բայց կանխելով իմունային համակարգի վնասը մյուս ձվերին, բարձրացնում են դրանց որակը, և ձվերի որակը շատ կարևոր դեր է խաղում հղիության հավանականության մեջ:

Անցած շաբաթ, իրանցի անիմատորի գեղարվեստական նվաճման ականատես եղանք: Զագրեբի 31-րդ միջազգային անիմացիոն փառատոնի ժյուրին առաջին արտադրության լավագույն ֆիլմի մրցանակը շնորհել է Մահբուբե Կալաիին «Չորրորդ պատը» անիմացիան ստեղծելու համար:
Animafest փառատոնի ժյուրիի հայտարարության մեջ ասված է, որ «Չորրորդ պատը» իրանական ֆիլմը իր արժեքավոր փորձարարական տեխնիկայի համար, որը դիտողին տանում է գլխավոր հերոսի մտքերում, ինչպես նաև ընտանիքի դինամիկայի և սոցիալական քաղաքականության բարեփոխումների շեշտադրման պատճառով ընտրվել է որպես լավագույն առաջին արտադրության ֆիլմ Զլատկո Գրգիչ կոչվող հատվածում:
Զլատկո Գրգիչը, ում անունից տրվում է մրցանակը, Զագրեբի դպրոցի հիմնադիրներից և առաջատար տեսաբաններից է և «Պրոֆեսոր Բալթազար» անիմացիայի ստեղծողը: Սա առաջին անգամն է, որ իրանական անիմացիան այս կարևոր փառատոնում արժանանում է մեծ մրցանակի, իսկ նախկինում միայն «Պարոն եղնիկ» անիմացիան էր արժանացել այս փառատոնի գնահատանքին:
Բարեկամներ մինչ Իրանի մասին նորությունների մեկ այլ թողարկում, լավագույնն ենք մաղթում բոլորիդ: