Ընտելանանք(2)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը:Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ուզած կյանքին հասնելու համար:«Ընտելանանք» նոր հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և կարող է դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Հարգելի բարեկամներ նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք կյանքում կարգուկանոն մտցնելու մասին:Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը՝ ավելի լավ է մանկուց սովորել կարգուկանոն պահպանել և ժամանակի ընթացքում երեխայի տարիքին համապատասխան շարունակել կարգուկանոնի պահպանումը, որպեսզի այն երեխայի համար դառնա լավ սովորություն։ Առանց հաշվի առնելու երեխայի մանկությունը, դեռահասության տարիքում նրանից կարգապահություն ակնկալելը, խելամիտ չէ, և եթե երեխան վարժվում է անկարգապահությանը, ապա շատ դժվար է փոխել նրա վարքը: Այս կապակցությամբ Իմամ Հասան Ասկարին ասում է. «Որևէ մեկին իր վատ սովորությունից հրաժարեցնելը կնմանի հրաշքի»:
Երեխաներին կյանքի հմտություններ սովորեցնելը նախ ծնողների և ապա դպրոցի պարտականություններից է։ Երեխաների մեջ կարգուկանոն հաստատելու համար առաջին հերթին պետք է խուսափել կոպիտ վերաբերմունքից և զայրույթից: Իսլամը մերժում է զայրույթը և նույնիսկ այն անվանել է չարիքի բանալի:Երբ անհրաժեշտություն եք համարում ձեր երեխաների համար կանոնների սահմանումը, նրանց մեջ կարգապահություն հաստատելու համար, դուք պետք է լինեք հաստատակամ այս կանոնների գործադրման մեջ և խուսափեք վարանելուց: Ճիշտ սովորություններ ձեռք բերելը ժամանակ է պահանջում և միշտ չէ, որ հնարավոր է: Մեկ այլ սկզբունք, որը պետք է դիտարկել կարգապահություն հաստատելու համար, վարքի աստիճանական ուղղման սկզբունքն է։ Աստվածային մարգարեները, ովքեր մարդկային հասարակության դաստիարակներն են եղել, իրենց բոլոր պատվիրանները միանգամից չէին փոխանցում ժողովրդին, այլ նրանք քայլ առ քայլ կատարում էին իրենց առաքելությունը: Որպեսզի կարգապահությունը երեխայի մեջ սկզբում ձևավորվի որպես վիճակ և հետո դառնա սովորություն, իսկ վերջում նրա առօրյայի հիմնական մասը, անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել ամրապնդել այդ սովորությունը։ Իմամ Ալին այս կապակցությամբ ասում է. «Աշխատել,աշխատել, հետո ուշադրություն դարձնել աշխատանքի ավարտին, այնուհետև ցուցաբերել համառություն, համառություն, ապա համբերություն, համբերություն»:
Երեխայի վարքագիծը բարելավելու համար առաջին հերթին նրա հետ պետք է դրական հարաբերություններ հաստատել։ Երեխան առավել քան այլ բան, կարիք ունի ծնողների հետ ակտիվ և շարունակական փոխգործակցության: Այսպիսով, երեխայի հետ ամեն օր ծրագիր կազմակերպեք։ Դուք կարող եք բացահայտել ձեր և երեխայի սիրելի խաղերն ու աշխատանքը: Կարեւորն այն է, որ երեխայի հետ խաղը լինի ինտերակտիվ եւ փոխադարձ։ Երեխային պետք են պահեր, թեկուզ կարճ, ծնողների հետ զվարճալի, գրավիչ և ինտերակտիվ աշխատանք կատարելու համար, որպեսզի ձեր միջև ամուր հուզական կապ հաստատվի: Անվերապահ սեր տվեք ձեր երեխային:Փորձեք հասկանալ նրա զգացմունքները: Այդ նպատակով ավելի լավ է դուք փորձեք արտահայտել երեխայի զգացմունքները։ Օրինակ, ասացեք «Ես հասկանում եմ, որ դու բարկացած ես» կամ հնարավորություն տվեք ավագ երեխային խոսելու այն մասին, թե ինչ է զգում: Կարևոր է, որ երեխան կարողանա արտահայտել իր զգացմունքները և զգալ, որ դուք հասկանում եք նրան»:

Երեխաներին դրական վարքագծի համար գնահատելը և նրանց խրախուսելը, էական ազդեցություն ունի և կնպաստի երեխայի լավ վարքագծի կայունացմանը և վատ վարքագծի նվազմանը:
Պարգևատրումը կարող է լինել մի քանի տեսակ, որոնցից յուրաքանչյուրը պետք է հնարավորինս օգտագործվի՝ կախված իրավիճակից: Երեխային նայելով, ժպտալով, գրկելով և շոյելով նրա դրական վարքագծին ուշադրություն դարձնելը կարող է արդյունավետ լինել այն ամրապնդելու համար: Նաև երեխայի լավ վարքագիծը խոսքերով գնահատելը` շատ արդյունավետ է ցանկալի վարքի ամրապնդման համար:
Դուք կարող եք դրական վարքագծի համար ձեր երեխային պարգևատրեք, օրինակ՝ այն ուտելիքներով, որոնք նա սիրում է: Իրավիճակային պարգևները ստեղծում են այն հնարավորությունները,որոնք սիրում է երեխան: Օրինակ գնալ այնտեղ, որտեղ երեխան սիրում է: Փորձեք պարգևը չշփոթել կաշառքի հետ։ Նախքան լավ վարքագիծ դրսևորելը երեխային տալ այն,ինչ նա ցանկանում է, հույս ունենալով, որ նա կդրսևորի ցանկալի վարքագիծ կամ կդադարեցնի բացասական վարքը, դա կնշանակի կաշառել երեխային: Պարգևատրելու օրենքը նախօրոք որոշված է, իսկ ճիշտ վարք դրսևորելուց հետո կիրառվում են պարգևներ և գովասանքներ։

Բացասական վարքագիծն ու անկարգությունը նվազեցնելու համար կարող ենք օգտագործել տարբեր մեթոդներ, այդ թվում՝ անտեսել, սահմանափակել և լռել, որոնք հայտնի են որպես հակադարձ մեթոդներ: Այս մեթոդները տարբերվում են՝ կախված վարքագծի տեսակից: Նախ պետք է բացահայտել բացասական վարքագիծը: Ձեր սահմանած վարքագծի վերաբերյալ հնարավորինս հստակ և կոնկրետ եղեք: Որքան քիչ թվով վարքեր նկատի ունենաք ուղղելու համար , այնքան մեծ է դրանց ուղղելու արդյունավետության հավանականությունը:
Անտեսելը հակադարձ մեթոդի մեկ այլ տեսակ է: Այս մեթոդը կիրառվում է վարքագծերի համար, որոնք միայն ուրիշների ուշադրությունը գրավելու նպատակ ունեն: Նկատի ունեցեք, որ նույնիսկ բացասական արձագանքները, ինչպես նայելը, հոնքերը խոժոռելը, կռվելը և այլն, մի տեսակ ուշադրություն են: Զրկելն այլ ճանապարհ է։ Լռություն պահպանելը սովորաբար օգտագործվում է այն վարքագծերի համար, որոնք անկառավարելի են և վնասակար ուրիշների համար: Այդ պահին երեխան գնում է մի անկյուն և կարճ ժամանակ հանգիստ նստում աթոռ։ Այդ պահին երեխայի դիմադրությունը կամ աղմուկ-աղաղակը չպետք է հանգեցնի լռության դադարեցմանը: Պետք է սպասել, որ նա հանդարտվի։ Առաջարկվում է լռություն պահպանելու ժամկետը սահմանել՝ երեխայի տարիքի յուրաքանչյուր տարվա դիմաց մեկ րոպե։ Օրինակ՝ 2 տարեկան երեխան պետք է 2 րոպե նստի աթոռին։

Ինչպես հաղորդման սկզբում ասացինք, շատ կարևոր է երեխային դաստիարակելու համար՝ զսպել ձեր զայրույթն ու հուզմունքը: Երեխան չպետք է զգա,որ իրեն ինչ-որ բանից զրկելու պատճառը ձեր զայրույթն է: Ավելի շուտ նա պետք է սովորի, որ իր սխալ պահվածքը որոշակի հետևանքներ ունի։ Երբ արձագանքում եք երեխայի սխալ պահվածքին, երբեք մի ասեք երեխային, որ դուք չեք սիրում նրան կամ որ նրա անհատականությունն ամբողջությամբ վատն է: Ավելի լավ է ցույց տալ նրան, որ դուք միայն չեք ընդունում նրա սխալ արարքը, այլապես սիրում եք նրան և որ նրա գոյությունն մեծ արժեք ունի ձեզ համար։ Բացի այդ, ձեր սահմանած պատիժը պետք է լինի անմիջապես երեխայի սխալ վարքագծից հետո:Նշենք,որ շատ կարևոր է, որ երբեք ֆիզիկական պատիժ չկիրառեք երեխաների նկատմամբ:

Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ: