Գրքի հմայքը (42)
Հուշանգ Մորադի Քերմանին ժամանակակից ականավոր գրողներից է, ում ստեղծագործությունները գրավել են իրանցի կինոգործիչների ուշադրությունը։ Նա ասում է, որ իր ստեղծագործությունները երբեք ֆիլմ դառնալու համար չի գրում : Բայց նրանք իրենք էլ կինոտարբերակ դառնալու մեծ ներուժ ունեն։ Մորադի Քերմանին այս հատկանիշն անվանում է «պատկերագրում»: Բարձր տեսողական զգացողությամբ պատմություններ, որոնք ծագում են կինոյի նկատմամբ նրա երկարամյա հետաքրքրությունից։
Կինոն Իրան հասավ շատ շուտ՝ իր գյուտից մոտ տասը տարի անց։ Այն ժամանակ կինոն բոլոր երկրներում դարձավ պատմություններ ցուցադրելու միջոց։ Պատմություններ, որոնք ծանոթ էին բոլորին, իսկ կինոյի խնդիրն էր ընդամենը օբյեկտիվություն հաղորդել այն պատմություններին, որոնք հանդիսատեսը տարիներ շարունակ պատկերացրել էր իր իսկ մտքում՝ լսած պատմություններից։
Իրանական պատմությունների հիման վրա նկարահանված առաջին ֆիլմերն են «Լեյլի և Մաջնունը» և «Խոսրովն ու Շիրինը», որոնք հիմնված էին հիջրեթի վեցերորդ դարում իրանցի նշանավոր բանաստեղծ Նեզամի Գանջավիի համանուն բանաստեղծությունների վրա։
Աբդոլհոսեյն Սեպանտան առաջինն էր Իրանում, որ սկսեց ֆիլմեր պատրաստել գրական ստեղծագործությունների հիման վրա: Սպանտան, որն լիարժեք տիրապետում էր պարսից գրականության, 1334 թվականին (1934 թ.) նկարահանեց «Ֆերդուսի» ֆիլմը, որը նրա առաջին անկախ աշխատանքն էր որպես ռեժիսոր։ Այս ֆիլմը ներկայացնում էր Թուս քաղաքի դյուցազներգու բանաստեղծի կյանքը և Շահնամեի պատմվածքների մի անկյունը: Այս կինոգործչի երրորդ և չորրորդ ֆիլմերը նույնպես իրանական բանաստեղծությունների հիման վրա էին նկարահանվել։
Իրանական կինոյից ադապտացված ֆիլմերի հաջորդ ալիքը արտասահմանյան տեքստերի վրա հիմնված ֆիլմերն էին։ Գրքեր, որոնք հայտնի էին այլ աշխարհագրական վայրերում, որոնց այդ ժամանակ մոտենում էին իրանցի կինոգործիչները: Բայց այս ֆիլմերից շատերի ձախողմամբ իրանական կինոն վերադարձավ հին իրանական տեքստերին: Այս մոտեցմամբ նկարահանված գործերից էին «Ամիր Արսալան Նամդար», «Լեյլի և Մաջնուն», «Ռոստամ և Սոհրաբ», «Բիժան և Մանիժե» և «Ռոստամ Դաստան» ֆիլմերը։
Իրանական կինոյում հաջող ադապտացիաների սկիզբը պետք է համարել Դարյուշ Մեհրջույիի 1348 թվականին (1969 թ.) «Կովը» ֆիլմից։ Ֆիլմը Դարյուշ Մեհրջույիի և «Բայալի սգավորները» գրքի հեղինակ Ղոլամ Հոսեյն Սաեդիի փոխգործակցության արդյունքն էր։ «Կովը» ֆիլմը պատրաստելուց և նրա համաշխարհային հաջողությունից հետո Մեհրջույին իր հետագա ֆիլմերում առավելագույնս օգտագործեց գրականությունը, այն աստիճան, որ ոմանք նրան համարում են իրանական կինոյի ադապտացիաների հայրը։
1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում նոր մթնոլորտի շնորհիվ կինոարտադրությունը այլ գույն ստացավ։ Առաջին տարիների բազմաթիվ ադապտացիաներում շտապողականությունը, թեև թույլ ֆիլմեր բերեց էկրանների վրա, բայց կինոյի երկրպագուները և հեռուստադիտողները ծանոթացան բազմաթիվ գրական ստեղծագործությունների ու գրքերի և այս ամենը ազդեց հասարակության մեջ ընթերցանության համատարած ալիքի վրա։
Աստիճանաբար գեղարվեստական գրականությունն իր տեղը գրավեց իրանական կինոյում, իսկ կինոգործիչների մոտեցումը, հաջող ու սիրված գրքերի հանդեպ, խոստումնալից պայմաններ ստեղծեց։ Իրանական կինոն այլևս խորթ չէր ադապտացիայի հետ, և հայտնի ռեժիսորներն իրենց ֆիլմերը նկարահանելու համար օգտագործում էին գրական ստեղծագործություններ: Նասեր Թաղվային, Մասուդ Քիմիային, Բեհրուզ Աֆխամին, Քիոմարս Փուրահմադը, Ֆարզադ Մոթամենը և Դարյուշ Մեհրջույին իրանական կինոյի ամենակարևոր ռեժիսորներից են, ովքեր վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ֆիլմեր են նկարահանել գեղարվեստական գրականության հիման վրա:
Մանկապատանեկան գրականությունն ամենամեծ ազդեցությունն է ունեցել Իրանի հետհեղափոխական ժամանակաշրջանի կինոյի վրա, և «Հուշանգ Մորադի Քերմանի» անունը այն լավագույն գրողների թվում է, որոնց ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է ֆիլմ կամ հեռուստասերիալ: Մարզիե Բորումանդը՝ «Քաղցր ջեմ»-ով, Քիոմարս Փուրահմադը՝ «Մաջիդի հեքիաթներ» սերիալներով և ֆիլմերով, Դարյուշ Մեհրջույին՝ «Մայրիկի հյուրը», Էբրահիմ Ֆորուզեշը՝ «Խոմրե»-ով, Մոհամմադ Ալի Թալեբին՝ «Tick Talk»-ով», «Բրնձի քսակը» և «Սապոկ» ֆիլմերով այն կինոգործիչներից են, ովքեր Մորադի Քերմանիի պատմվածքների գրքերից ստեղծել են կինոստեղծագործություններ։ Իրականում Մորադի Քերմանիի «Մաջիդի հեքիաթներ» գիրքը, որը շրջադարձային է Քերմանիի ստեղծագործություններում և գեղարվեստական կյանքում, շրջադարձային է դարձել նաև Իրանի պատանեկան կինոյում։ Գիրք, որի հիմնական թեման հենց հեղինակի կյանքն է եղել։
Հուշանգ Մորադի Քերմանին ծնվել է 1323 թվականին (1944 թ.) Քերման նահանգի Սիրչ գյուղում։ Սովորել է գյուղի տարրական դպրոցում, որտեղ ապրել է տատիկի ու պապիկի հետ։ Փոքր տարիքից նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ընթերցանության նկատմամբ, և նրա երիտասարդ հորեղբայրը, ով գյուղի ուսուցիչ էր, անմասն չէր այդ հետաքրքրության ձևավորման գործում։ Նախնական կրթությունից հետո տեղափոխվել է Քերման և այնտեղ ապրել մինչև 15 տարեկան։ Հենց այս շրջանում էլ սիրահարվել է կինոյին։
Միջնակարգ դպրոցից հետո ընդունվել է համալսարան, իսկ Թեհրանում սովորել է դրամատիկական արվեստի ֆակուլտետում և միաժամանակ ստացել անգլերենի թարգմանության բակալավրի աստիճան։ 1339թ.-ից (1960թ.) սկսել է համագործակցել Քերմանի տեղական ռադիոյի հետ որպես գրող և որոշ ժամանակ անց մամուլում պատմվածքներ հրատարակելով ընդլայնել է իր գործունեությունը մամուլում :
1974 թվականին նա ստեղծեց «Մաջիդի հեքիաթներ» պատմվածքների շարքը, որ մի դեռահաս տղայի պատմությունն է, ով ապրում է Բիբիի՝ իր բարի տատիկի հետ։ Պատմության շնորհիվ ֆիլմը 1985 թվականին արժանացավ տարվա լավագույն գիրք հատուկ մրցանակի:
Մորադի Քերմանին արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի համաշխարհային մրցանակին իր «Գորգի գործարանի երեխաները» պատմվածքի համար 1985 թվականին, իսկ 1992 թվականին Բեռլինի Հանս Քրիստիան Անդերսեն համաշխարհային մրցանակի ժյուրիի կողմից համաշխարհային մանկական գրականության վրա իր խորը և լայնածավալ ազդեցության համար ընտրվել է որպես տարվա հեղինակ: Նա նաև արժանացել է լատինամերիկացի գրող և ազգային հերոս «Խոսե Մարտինիի» մրցանակին Կոստա Ռիկայում, և 1994 թվականին Ավստրիայի մանկապատանեկան տարվա գիրք մրցանակին արժանանալը Քերմանիի ձեռքբերումներից մեկն էր։
Մորադի Քերմանիի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ կենդանի լեզուներով, և նա հայտնի գործիչ է մանկապատանեկան գրականության աշխարհում։ Իրանում Հուշանգ Մորադի Քերմանին գնահատվել է որպես գրականության ոլորտում մնայուն գործիչ և պարսից լեզվի և գրականության ակադեմիայի մշտական անդամ է։
Հուշանգ Մորադի Քերմանիի ստեղծագործությունների առանձնահատկություններից են առածների ու ժողովրդական սովորույթների գործածությունը, խոսակցական բառերի օգտագործումը, արձակի ու չափածոյի միաձուլումը։ Թերևս Հուշանգ Մորադի Քերմանին միակ իրանցի գրողն է, ում կինո-հեռուստատեսային ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են իր պատմվածքների հիման վրա, տարբեր խնդիրներին անդրադառնալու և մտածելու տեղիք տալու բերումով նշանակալից ստեղծագործություններ են համարվում: «Մաջիդի հեքիաթները» հեռուստասերիալը հանդիսացել է Իրանում հեռուստադիտողներ գրավելու ամենահաջողակ սերիալներից մեկը։
Հուշանգ Մորադի Քերմանին ադապտացիա հասկացության մասին ասում է.«Հիմնականում ադապտացիան նշանակում է, որ բովանդակությունը մի անոթից գնում է մյուսը: Երբ բովանդակությունը գնում է մեկ այլ անոթ, այն ստանում է դրա տեսքը։ Այսպիսով, գեղարվեստական գրականության բովանդակությունը, երբ գնում է կինո, տարբերվում է: Կինոն սահմանափակ ժամանակ ունի, հաճախ 90-ից 120 րոպե, բայց գրականությունը այդպիսին չէ: Նույն ժամանակի սահմանափակության հարցը ստիպում է ռեժիսորին ընտրել աշխատանքի մի մասը։ Այդ իսկ պատճառով ես՝ որպես գրող, չեմ կարող ակնկալել, որ այն ամենը, ինչ գրում եմ, կլինի ֆիլմում։ Աշխատել եմ ավելի քան 20 ռեժիսորների հետ, կարճամետրաժ 20 րոպեանոց ֆիլմերից մինչև հեռուստասերիալ: Աշխատել եմ նաև սկսնակ ու մեծ փորձ ունեցող ռեժիսորների հետ և ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»։
Եվ վերջին նորությունն այն է, որ Հուշանգ Մորադի Քերմանին արդեն չորրորդ անգամ առաջադրվել է 2022 թվականին Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակին (Ալմա): Իրանի մանկական գրականության պատմության գիտահետազոտական ինստիտուտը հրապարակելով այս լուրը գրել է.«Այս հաստատությունը հերթական անգամ Հուշանգ Մորադի Քերմանիին առաջադրել է այս մրցանակի համար, քանի որ նրան համարում է այն ստեղծագործողներից մեկը, ով մեր հասարակության մեջ մեծ արժեք է հատկացրել «ընթերցանությանը։ Մորադի Քերմանին փորձել է ձայն լինել, որն արտացոլում է անապատի եզրին գտնվող զրկված և նվաստացած երեխաների տառապանքներն ու կարիքները՝ սկսած գորգագործներից մինչև անապատների եզրերին ապրող գյուղաբնակ երեխաներ: Այս ձայնը հանգել է ընթերցանությունը մեր հասարակության մեջ տարածմանը։
Մեր կարծիքով, Մորադի Քերմանին և նրա պատմվածքները մշակութային այս միջոցառմանը ներկա գտնվելու ամենաարժանավոր ներկայացուցիչներն են, քանի որ նրա ստեղծագործություններն պարունակում են ընթերցանությունը ընդլայնելու մի քանի հիմնական բաղադրիչներ: Համառություն և մարդկային արժեքների շեշտադրումը, հաճույք և լայն ազդեցություն երեխաների և պատանիների վրա, թարգմանելիություն և ազդեցություն այլ մշակույթների վրա և, ամենակարևորը, մարդկային հիմնարար արժեքը, որը գործում է որպես վեհ գրականություն, այն գրականությունը, որը ստեղծվել է մարդու հոգին մաքրելու, մարդուն չարություններից հեռացնելու և նրան բարությանը մոտեցնելու համար։
Մրցանակը 2002 թվականին Շվեդիայի մշակույթի նախարարության կողմից սահմանվել է ի հիշատակ Շվեդիայի լավագույն գրողներից՝ Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրենի։ Հաղթողների անունները հրապարակվում են ապրիլին։ Աստրիդ Լինդգրենի՝ որպես աղջկա և կնոջ, իսկ ավելի ուշ՝ որպես աշխարհի ամենահայտնի գրողներից մեկի կյանքը միշտ հայտնի է նրանց համար, ովքեր անհատական ջանքերով շրջակայքից իրենց բերում են ուշադրության կենտրոն, որպեսզի ոչ միայն իրենք երևան, այլ նաև տեսնվեն իրենց նմանները և նրանք ովքեր անտեսվել են: