Ընտելանանք (5)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ուզած կյանքին հասնելու համար: «Ընտելանանք» նոր հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Մոհամմադ մարգարեն ասում է.«Բարի վերաբերմունք ցուցաբերեք ձեր երեխաներին, ինչպես կուզենայիք, որ ուրիշները ձեզ հետ վարվեին՝ բարությամբ և արդարությամբ»: Նաև մարգարեն ասել է. «Փառավոր Աստված ցանկանում է, որ դուք արդար վերաբերմունք ցուցաբերեք ձեր երեխաների նկատմամբ, նույնիսկ նրանց համբուրելու դեպքում»:
Նախորդ հաղորդումներում խոսեցինք ինքներս մեզ ուրիշների հետ համեմատելու, ինչպես նաև կողակցին ուրիշների հետ համեմատելու և հարաբերությունների վրա համեմատության կործանարար հետևանքների մասին: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «երեխաներին ուրիշների հետ համեմատելու» թեմային, քանի որ այս վատ սովորությունը, որը հաճախ նկատվում է երեխայի կամ դեռահասի ծնողների, ուսուցիչների և հարազատների մոտ, բացասական ազդեցություն է թողնում երեխայի վրա և երեխան զարգանալու փոխարեն կորցնում է իր ինքնավստահությունն ու մոտիվացիան: Ընդհանրապես, համեմատությունը կործանարար է, անկախ նրանից, թե դա կիրառում ենք երեխաների ու դեռահասների, թե մեծահասակների նկատմամբ: Սակայն երեխաների վրա դրա բացասական և կործանարար ազդեցությունն ավելի մեծ է։

Եթե ձեր երեխային ուրիշների հետ համեմատելը դառնա սովորություն, դուք կունենաք հիասթափված ու կամազուրկ երեխաներ, որոնց մեջ սերմանել եք թերարժեքության զգացում: Երեխաներին այլ ընկերների կամ նույնիսկ քույրերի ու եղբայրների հետ համեմատեը չի օգնի նրան: Ընդհակառակը, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա վարքի վրա: Համեմատությունները բացասաբար են անդրադառնում երեխայի աճի և զարգացման վրա: Իջնում է երեխայի ինքնագնահատականը, երեխան կորցնում է իր ինքնավստահությունը և նրա մոտ թերարժեքության զգացում է առաջանում: Այս սխալ վերաբերմունքը կանխելու համար դուք ինքներդ ձեզ համոզեք, որ յուրաքանչյուր երեխա զարգացման իր տեմպն ունի: Յուրաքանչյուր անձ ունի որոշակի թույլ կողմեր: Մի անհանգստացեք այս կապակցությամբ: Թերությունների վրա կենտրոնանալու փոխարեն, մտածեք ձեր երեխայի ուժեղ կողմերի մասին:
Որոշ ծնողներ կարծում են, որ եթե իրենց երեխաներին համեմատեն նրանց հետ, ովքեր կյանքում առաջադիմել են և շատ լավ վիճակում են գտնվում, դա մոտիվացիա կառաջացնի իրենց երեխաների մոտ ու հաջողության հասնելու համար նրանք կփորձեն հետևել ծնողների ներկայացրած անձի օրինակին: Բայց տեղի է ունենում հակառակը: Այս դեպքում երեխան կարող է հեռանալ իր «ես»-ից, և առանց մտածելու ընդօրինակել համեմատված անձին, սպանել ստեղծագործելու ունակությունը կամ կարող է ատել այն անձին, որի հետ համեմատվել է և ջանքեր գործադրել նրա իմիջը փչացնելու համար: Հաճախ առաջին դեպքը տեղի չի ունենում, և անձն այս սխալ համեմատության համար անընդհատ մեղադրում է իրեն և ուրիշներին ու ատում նրան, ում հետ համեմատվել է։ Ի վերջո, սա ոչ միայն չի օգնում անձի առաջընթացին, այլև կարող է պատճառ դառնալ, որ նա անընդհատ սխալներ փնտրի ուրիշների մեջ՝ ծնողներին ու շրջապատին ապացուցելու համար, որ այդ անձը, որի հետ համեմատվել է, արժանի չէ, ու նրանք սխալվում են: Ահա թե ինչու նա երբեք չի կարող որևէ քայլ առաջ գնալ իր կյանքում, քանի որ անընդհատ ձգտում է ապացուցել ուրիշների թույլ կողմերը և ավելի քիչ է մտածում սեփական առաջընթացի մասին։

Ընդհանրապես, կան կարևոր պատճառներ, թե ինչու ճիշտ չէ երեխաներին համեմատել միմյանց հետ և ինչ հետևանքներ կարող է ունենալ դա: Երեխայի մոտ առկա զայրույթը համեմատության հետևանքներից մեկն է: Երբ նրանց համար պարզ է դառնում, որ իրենք բավականաչափ լավը չեն, ոչ միայն դառնություն ու վրդովմունք են զգում ծնողների հանդեպ, այլև նույն զգացումն են ունենում եղբոր կամ ընկերոջ նկատմամբ: Ուստի խելամիտ կլինի ձեր երեխային նույնիսկ դրական առումով որևէ մեկի հետ չհամեմատել։
Ստախոսության պատճառներից է նաև երեխաներից չափազանց մեծ ակնկալիքը, տարբեր ոլորտների ընկերների ու հասակակիցների հետ նրանց համեմատելը։ Այն ծնողները, ովքեր մեծ ակնկալիքներ ունեն իրենց երեխաների կարողությունից և ընդունակությունից և ճնշում են նրանց, փաստորեն երեխաներին տանում են դեպի ստախոսություն: Ծնողները պետք է տեղյակ լինեն, որ երեխաներին ցանկացած տարիքում համեմատելը սխալ է, որը կարող է հանգեցնել հիասթափության և ինքնագնահատականի իջեցման և որ երեխան իրականում կարող է խույս տալ ծնողներից՝ համեմատվելուց խուսափելու համար, ինչը երբեմն անփոխարինելի ռիսկեր է պարունակում։
Ծնողները պետք է իմանան, որ համեմատելով իրենց երեխային ընկերների և ծանոթների հետ, նրանց միջև խորը ճեղք են առաջացնում, որի հետևանքով խանդի ու դժգոհության զգացում է առաջանում երեխայի մոտ, մի զգացում, որը կարող է ապագայում հանգեցնել տհաճ իրադարձությունների:
Նաև անընդհատ համեմատվող երեխաներն իրենց թերարժեք, նսեմացած ու երբեմն էլ անարժեք են զգում և կորցնում են նոր բաներ սովորելու ունակությունը: Երբ ծնողները անընդհատ անդրադառնում են իրենց երեխաների թերություններին ու սխալներին ու մատնանշում դրանք, փաստորեն նրանք վիրավորում են իրենց երեխաների ինքնասիրությունը:

Երեխաների մոտ սթրեսի առաջացումը, համեմատության ևս մեկ բացասական արդյունք է, քանի որ երեխաներին մշտական համեմատելը պատճառ է դառնում, որ երեխան իր տարեկիցների մոտ իր ուսերին ծանր բեռ զգա: Երեխաների համեմատությունը նրանց մեջ սթրես է առաջացնում և հանգեցնում մեկուսացման: Որոշ ծնողներ կարծում են, թե ուրիշներին լավ ներկայացնելով, իրենց երեխային կստիպեն փոխել իր վարքը և նմանվել այն անձին ում հետ համեմատվել է, ինչը թյուր կարծիք է: Դուք կարող եք զարմանալ՝ իմանալով, թե որքան երկար կարող են մնալ այս համեմատությունների դառը հիշողությունները ձեր երեխայի մտքում:
Այսպիսով, որոշ ծնողների սխալ սովորության հետևանքով և չնայած իրենց երեխայի հանդեպ ունեցած սիրուն, երեխային պարզապես համեմատելով մեկ ուրիշի հետ, նրանք մեծագույն վնասն են հասցնում նրան։ Ծնողների կարևորագույն պարտականություններից մեկը երեխայի ինքնագնահատականն ամրապնդելն ու նրան դեպի անկախություն տանելն է։ Բայց ցավոք սրտի, որոշ ծնողներ ցանկանում են իրենց կյանքում եղած բացը և երազանքներն իրականություն դարձնել իրենց երեխաների միջոցով, ինչը նրանց հիվանդացնում է: Ծնողները միշտ պետք է հիշեն հետևյալ կետերը։ Նախ, սիրելի ծնողներ, ձեր երեխաները ձեր սեփականությունը չեն: Նրանք ավելորդ ու խանգարող չեն, այլ Աստծու սիրո և ծնողների սիրո արդյունք են: Ծնողներն իրավունք չունեն բողոքելու որեւէ երեխայի ծնունդի համար։ Ձեր երեխաներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն գոյությունը, և պարտադիր չէ, որ երեխաները նման լինեն միմյանց կամ նման լինեն մյուսներին: Երեխաները նույնպես չպետք է հավերժ ապրեն ձեզ հետ և ձեր սկզբունքներով: Երեխաների առողջության համար իհարկե պատասխանատու են ծնողները։ Ինչպես ասացինք, երբ ծնողները համեմատում են իրենց երեխային ուրիշների հետ, դա երեխայի մոտ առաջացնում է զայրույթ և ատելություն իր և ծնողների նկատմամբ, իջնում է նրա ինքնագնահատականը, նա կորցնում ինքնավստահությունը, հակասություն է առաջանում նրա իրական «ես»-ի ու իդեալական «ես»-ի միջև և դրանից բխող ռիսկերը նվազեցնում են ուղեղի աշխատանքի արդյունավետությունը , առաջանում է վախ, ստախոսություն, տագնապ, և մտային խանգարումներ․․․ ինչը վտանգում է երեխայի առողջությունը։

Իրենց երեխային ուրիշների հետ համեմատելու փոխարեն ավելի լավ է ծնողները նախ սովորեն, որ երկու մարդու երբեք չի կարելի համեմատել, իսկ մեկին մեղադրել իր թերությունների համար: Յուրաքանչյուր մարդ պետք է իր աճելու պայմանների ու մշակույթի, կարողությունների, ունակությունների և հնարավորությունների հիմամբ համեմատվի իր անցյալի հետ: Սիրելի ծնողներ, ձեր երեխաներին սովորեցրեք ավելի լավ ճանաչել իրենց՝ այլոց հետ համեմատելու և ուրիշների հետ մրցելու փոխարեն, և իրենց կարողությունների և ունակությունների շրջանակում նպատակներ դնել ապագայի համար՝ լավագույնին հասնելու նպատակով, որպեսզի դառնան ավելի լավ և հաջողակ մարդիկ, ոչ թե փորձեն լինել ուրիշներից ավելի լավը կամ հավասարվել մյուսներին: Մարդու առաքելություններից մեկը առաջընթացն է, բայց ոչ թե առաջընթացը դեպի ուրիշները, այլ առաջընթաց իր ընտրած ճանապարհով, այսինքն՝ ամեն օր ավելի լավը լինել։ Առողջ հասարակություն ունենալու համար մեզ պետք են առողջ մարդիկ։ Համայնքի առողջությունը կախված է այդ համայնքի անդամների առողջությունից:

Կարևոր է նշել, որ մայր կամ հայր լինելը մրցակցություն չէ: Սիրելի ծնողներ դուք կարիք չունեք ցույց տալ մյուս ծնողներին, թե ձեր երեխաները որքան ավելի լավն են մյուսներից: Ուստի առաջարկվում է, որ ծնողները և ընդհանրապես մեծահասակները իրենց երեխային ուրիշների հետ համեմատելու փոխարեն,մտածեն այլընտրանքային մեթոդների մասին՝ մեթոդներ, որոնք ոչ միայն բացասական ազդեցություն չեն ունենում, այլ նաև նպաստում են երեխայի աճին և զարգացմանը: Օրինակ, գնահատեք ձեր երեխայի ջանքերը, նույնիսկ եթե նա զգալի առաջընթաց չի գրանցում, ինչը կբարձրացնի երեխաների ինքնավստահությունը: Դուք պետք է խրախուսեք ձեր երեխաներին հաղթահարել իրենց թույլ կողմերը: Եթե նրանք օգնության կարիք ունեն, աջակցեք նրանց: Դուք չպետք է անիրատեսական ակնկալիքներ ունենաք ձեր երեխաներից: Եվ վերջապես սիրեք ձեր երեխաներին անվերապահորեն, դա շատ կօգնի նրանց զարգացմանը։

Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ: