Գրքի հմայքը (45)
https://parstoday.ir/hy/radio/world-i171810-Գրքի_հմայքը_(45)
Որպես մշակութային արժեք գրքի վաճառքը պահանջում է սկզբունքներ, որոնք մի փոքր դժվարացնում են ոլորտում գործունեություն ծավալողների գործը: Ինչպես բջջային հեռախոս վաճառողը գիտի տարբեր հեռախոսների առանձնահատկությունների մասին, այնպես էլ գրավաճառը պետք է իմանա տարբեր գրքերի առավելությունների ու առանձնահատկությունների մասին և հաճախորդին ներկայացնի լավագույն խորհուրդը՝ հարմար և կիրառական ստեղծագործություն ընտրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 05:24 Asia/Tehran

Որպես մշակութային արժեք գրքի վաճառքը պահանջում է սկզբունքներ, որոնք մի փոքր դժվարացնում են ոլորտում գործունեություն ծավալողների գործը: Ինչպես բջջային հեռախոս վաճառողը գիտի տարբեր հեռախոսների առանձնահատկությունների մասին, այնպես էլ գրավաճառը պետք է իմանա տարբեր գրքերի առավելությունների ու առանձնահատկությունների մասին և հաճախորդին ներկայացնի լավագույն խորհուրդը՝ հարմար և կիրառական ստեղծագործություն ընտրելու համար:

 Շահ Մոհամմադ Ռայիսն Աֆղանստանում և ամբողջ աշխարհում հայտնի է որպես «Քաբուլի գրավաճառ»: Նա իր գրախանութը բացեց Քաբուլում 1974 թվականին՝ Մոհամմադ Զահիր Շահի դեմ հեղաշրջումից անմիջապես հետո։ Շահ Մոհամմադ Ռայիսի  գրախանութը, որն ունի Աֆղանստանի մասին ավելի քան 20 հազար օրինակ գրքեր,  աշխարհի ամենամեծ մասնավոր համալիրներից  մեկն է: Պարոն Ռայիսի գրախանութը  և ինքը, հայտնի դարձան երբ 12 տարի առաջ Նորվեգիայում լույս տեսավ և վաճառվեց Շահ Մոհամմադ Ռայիսի և Քաբուլում ապրելու  մասին պատմող «Քաբուլի գրավաճառը» գիրքը:

Հիմա, երբ «Թալիբան»ը վերադարձել է իշխանության, Ռայիսը, ով տեսել է տարբեր իշխանությունների վերելքն ու անկումը, չի ցանկանում փակել իր գրախանութի դռները: Այն  ժամանակվանից, երբ թալիբները մտան Քաբուլ, Շահ Մոհամմադ Ռայիսի գրախանութն ընդամենը երկու հաճախորդ է ունեցել: Բայց նա հիմնական ծրագրեր ունի իր գրախանութի համար, նույնիսկ եթե հաճախորդ չունենա։ «Ես ուզում եմ ամեն ինչ թվայնացնել և առցանց դարձնել։ Հին ու հազվագյուտ գրքերի վերահրատարակումը նույնպես իմ ծրագրի մաս է կազմում։ PDF տարբերակը հասանելի դարձնելը կամ առցանց ներկայացնելը եւս մեկ այլ տարբերակ է, որի մասին ես մտածում եմ»,- ասում է նա:

Նա ցանկանում է ամեն կերպ կենդանի ու կանգուն պահել իր գրախանութը, քանի որ սիրում է իր աշխատանքը։

---

Շահ Մոհամմադ Ռայիս

Գրավաճառները, որպես հրատարակչական արդյունաբերության վերջին օղակը, կարևոր և կենսական դեր ունեն գրքեր գնելու և վաճառելու և դրանք հաճախորդներին առաջարկելու գործում: Նրանց վերաբերմունքը, խոսքը և գրքերի մասին տեղեկատվությունը կարող են կարևոր դեր խաղալ գրախանութի հաճախորդների ընտրության համար:

Միգուցե մտածում եք, որ յուրաքանչյուրը, ով գիրք է կարդում կամ լավ գիտի հեղինակների ու թարգմանիչների անունները, կարող է լավ գրավաճառ լինել, բայց դա այդպես չէ, և գրավաճառ դառնալն ունի բազմաթիվ կարելիներ և չի կարելիներ: Այս սկզբունքների հարգումն օգնում են կանգնել մասնագիտության ճիշտ ուղու վրա:

Գիրքն աշխարհի ամենաբազմազան մասնագիտական ​​ապրանքներից է, և գրախանութում գրքերի բազմազանությունը ավելի մեծ է, քան դեղատանը: Իսկ որո՞նք են լավ գրավաճառի առանձնահատկությունները:

Գրավաճառը նախ ինքը պետք է ընթերցասեր լինի: Սա չի նշանակում, որ նա ընթերցում է օր ու գիշեր, բայց դա նշանակում է, որ լավ է ընկալում գրքի զարկերակը:  Գիտի թե ո՞ր երիտասարդ գրողն է վերջերս հայտնի դարձել կամ ո՞ր տարեց գրողն ու թարգմանիչն է սկսել իր նոր գործը։ Իդեալական գրավաճառը, համենայնդեպս վաճառող է, իսկ համբերությունն ու բարի վերաբերմունքը առաջին սկզբունքներն են ցանկացած բիզնեսում:
Իհարկե, գրավաճառը չպետք է մրցակից համարի վիրտուալ գրադարանները։ Կան տարբեր հավելվածներ, որոնք գրքեր են վաճառում տեսողական ձեւաչափով և ավելի էժան են, քանի որ թղթի հետ գործ չունեն: Շատերը դեռ չեն  կարողանում հաշտվել  իրենց բջջային հեռախոսներով և պլանշետներով ընթերացնության հետ։ Նրանցից շատերը առցանց ծանոթանում են գրքին, կարդում դրա էջերը, հետո գնում տպագիր տարբերակը:

Սոցիալական ցանցերը և առցանց  ընթերցող օգտատերերը կարող են լավ գրքերը գովազդել և մարդկանց հաշտեցնել գրավաճառների հետ: Ուրեմն չպետք է խուսափել վիրտուալ միջավայրից կամ այն ​​դիտարկել որպես գրավաճառների մրցակից։

Մի քանի կետ շատ կարևոր է այս աշխատանքի համար.

Առաջին՝ հասարակայնության հետ կապը պահպանելու կարողություն, երկրորդ՝ պատասխանատվություն կրելու կարողություն և երրորդ՝ սովորելու ցանկություն ու կարողություն: Գրքերի ոլորտը շատ լայն է, ինչի համար, գրքեր վաճառողները պետք է ունենան հսկայական գիտելիքներ, որպեսզի  հենվելով դրանց վրա, կարողանան բավարարել լսարանի կարիքները: Գրավաճառը համոզված է, որ իր փորձից ելնելով` գրավաճառի հետաքրքրությունը գրքի նկատմամբ  ոգևորություն է առաջացնում հաճախորդի մոտ և խրախուսում նրան գնել գիրքը: Նախկինում ավանդական գրավաճառները մարդիկ էին, ովքեր սիրում էին գիրքը և հետաքրքրված էին այդ ոլորտով: Այս կարիքն այժմ ավելի շատ է զգացվում գրախանութների տարբեր ձևերով ընդլայնման պատճառով:

Շարունակելով ռադիոհաղորդումը, երաժշտական կարճ դադարից հետո կներկայացնենք գրավաճառության, այս հետաքրքիր աշխատանքի մասին մի քանի վեպ:

--- 

Ջեննի Քոլգանի հեղինակած «Անկյունում գտնվող գրախանութը» խորագրով վեպն  ընթերցանության,  գրքերի և այն մասին է, թե ինչպես կարող են գրքերն ազդել ձեր կյանքի վրա: Այս գրքում հեղինակը փորձել է խոսել ամեն ինչ նորից սկսելու և այն մասին, թե ինչպես է այն վայրը, որը մենք ընտրում ենք ապրելու համար, ազդում մեր տրամադրության վրա:

«Ուղերձ ընթերցողներին» խորագրով գրքի նախաբանում, Ջենի Քոլգանը հոդվածներ է գրել  լոգարանում, անկողնում, ծովափին գտնվող բազմոցի վրա,  փողոցում քայլելիս, ընթերցողների խմբում, ազատ ժամերին, ցերեկային ճամփորդության, գնացքով ճամփորդելու,  հիվանդանոցում, արևոտ օր ծառի տակ,   այգում և այլ վայրերում ընթերացնության մասին:

Պատմության գլխավոր հերոսը, իր իսկ խոսքերով, միջնորդ է. այսինքն՝ ընթերցողին ուղղորդում  է դեպի ճիշտ գիրք, և այսպիսով նա ունի և՛ իր աշխատանքը, և՛ այս աշխատանքը նրան ուրախություն է բերում:  Նա որոշում է նոր կյանք սկսել և գաղթում է հեռավոր գյուղ: Նա գնում է մարդատար մեքենա այն վերածում շարժական գրախանութի։ Այժմ նա կարող է իր շարժական գրախանութով մի տեղից մյուսը գնալ և հեքիաթասացության իր տաղանդով գրքեր նվիրել մարդկանց և փոխել նրանց կյանքը...

---

«Անկյունում գտնվող գրախանութը»

«Գրավաճառի խոստովանությունները» գրքի հեղինակն է Շոն Բայթելը:Բայթելը գրավաճառ է և ղեկավարում է մեծ բուկինիստական ​​գրախանութ: Այս գրքում նա հումորի լեզվով արձանագրել է գրավաճառի իր աշխատանքի մասին հուշերը:

Բայթելն ասում է.«Գրախանութները կարող են ձեզ մեծ հաճույք պատճառել այն գրքերի հետ շփվելու արդյունքում, որոնք մեր աշխարհին տվել են  մշակութային և գիտական վարկ ու հեղինակություն: Նման արժեքավոր իրավիճակ հազվադեպ կարելի է հանդիպել կյանքի այլ աշխատանքներում: Այդ պատճառով, ես  ամեն առավոտ մեծ էներգիայով դուրս եմ գալիս անկողնուց, ոչ թե հոգնեցուցիչ և կրկնվող աշխատանք կատարելու համար, այլ որովհետև կարծում եմ, որ հնարավորություն ունեմ դառնալու առաջին մարդը, ով իր ձեռքը կվերցնի այն  առաջին գիրքը, որը կկարողանա փոխել մարդկության կյանքը»: 

«Գրավաճառի խոստովանությունները»

Հորդանանցի գրող Ջալալ Բարջասն իր «Գրավաճառի գրառումները» վեպի համար արժանացել է 2021 թվականի արաբական Booker մրցանակին : Բարջասը բանաստեղծ է, արձակագիր և թռիչքների ինժեներ: Նա  կարողացել է  համատեղել իր ունակություններն ու    գրելու  հմտությունները։

«Գրավաճառի գրառումները» գրքի իրադարձությունները  տեղի են ունեցել Հորդանանում և Մոսկվայում 1947-2019 թվականներին: Պատմությունը պատմում է Իբրահիմ անունով մի տղամարդու կյանքի մասին, ով գրավաճառ լինելուց բացի, նաև պրոֆեսիոնալ ընթերցող է։  Իր գրախանութը կորցնելուց և շիզոֆրենիայով տառապելուց հետո Իբրահիմը հանցագործություն է կատարում իր սիրելի  վեպերի հերոսների դիմակի հետևում։

Այս վեպը գրառումների հավաքածու է, որոնցից յուրաքանչյուրը պատմում է յուրահատուկ պատմություն: Այս կերպարների առկայության պատճառը վեպի գլխավոր գաղտնիքն է։ Գրավաճառը հաճախ հանդես է գալիս հայտնի վեպերի  կերպարների դերում և  տարօրինակ իրադարձությունների տեղիք տալիս։

Գրքի հեղինակ Բարջասն ասում է․ «Կերպարների այս փոփոխությամբ ես ուզում էի ասել, որ անցյալում այս կերպարների ճգնաժամը նման է ներկայիս գրավաճառի ճգնաժամին։ Ճգնաժամը ճգնաժամ է, և այն ժամանակի ընթացքում չի առաջադիմել և չի փոխվել: Այս վեպը բացահայտող  բնույթ ունի և նաև ապագայի վերաբերյալ ակնկալիքներ է առաջ քաշում։ Սա նշանակում է, որ եթե այնպիսի բացասական տարրեր, ինչպիսիք են կոռուպցիան, աղքատությունը, տգիտությունը և գործազրկությունը շարունակեն մնալ ուժի մեջ, հասարակությունը դատապարտված կլինի անկման, իսկ ապագան կտապալվի:

Գրավաճառի գրառումները

Եթե ​​դուք հետաքրքրված եք գրքերով ու ընթերցանությամբ, ապա հավանաբար ձեզ դուր կգա «Էյ. Ջի. Ֆիքրիի հեքիաթային կյանքը» գիրքը, որի պատմությունը միջին տարիքի գրավաճառի մասին է, ով դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է իր կնոջը և այդ կորստի պատճառով չի հաղորդակցվում շրջապատող աշխարհի հետ, մեկուսացել է և հոգեկան ու ֆիզիկական լավ վիճակում չէ։ Մի օր, երբ նա մտնում է իր գրախանութը, երեխայի լացի ձայն է լսում, և հասկանում, որ ինչ-որ մեկը երեխային թողել է գրախանութում։ Այսպիսով կյանքը նրան տալիս է երկրորդ հնարավորություն և նա ստանձնելով երեխային պահելու և մեծացնելու  պատասխանատվությունը, կյանք վերադառնալու հնարավորություն է ստանում։ 

Վեպի հեղինակ Գաբրիել Զևինը  ծնվել է 1977 թվականին Նյու Յորքում։ Գլխավոր հերոսը խառնածին է, և հեղինակն ասում է, որ ընտրությունը կատարել է այն մարտահրավերների պատճառով, որոնց ինքը բախվել է որպես բազմազգ: Մայայի՝  ընթերցասեր, գրքի սիրահար աղջկա կերպարը նման է հեղինակի մանկությանն ու  պատանեկությանը։

Էյ․Ջի․Ֆիքրիի հեքիաթային կյանքը

«Էյ․ Ջի․ Ֆիքրիի հեքիաթային ​​կյանքը» գրքի մի հատվածում կարդում ենք.
Նա կարծում է, որ դա այնքան պարզ է .... մենք գրքեր ենք կարդում, որպեսզի իմանանք, որ միայնակ չենք:
Մենք գրքեր ենք կարդում, քանի որ միայնակ ենք։
Մենք գրքեր ենք կարդում և այլևս միայնակ չենք։
Մենք միայնակ  չենք։
Ուզում է նրան ասել, որ իմ կյանքն այս գրքերի արանքում է, կարդա դրանք և ճանաչիր իմ սիրտը:
Մենք վեպ չենք։
Մենք կարճ պատմվածք չենք։
Ի վերջո, մենք պատմվածքների ժողովածու ենք: