Ընտելանանք (8)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ուզած կյանքին հասնելու համար: «Ընտելանանք» նոր հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ալի Էմիրապետն ասել է. «Մեծագույն իմաստությունն այն է, որ մարդ ինքն իրեն ճանաչի, իսկ բարձրագույն ու մեծագույն տգիտությունն իրեն չճանաչելն է»:
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ինչպես գիտեք, անհատական աճն ու զարգացումը հաջողության և ավելի լավ կյանքի հասնելու կարևորագույն հիմքերն են: Այդ նպատակով նախատեսել ենք մի քանի հաղորդում նվիրել անհատական աճին ու զարգացմանը: Ինքնաճանաչումը շատ կարևոր է լավ սովորություններ ձեռք բերելու համար: Ինքնաճանաչման միջոցով մենք կկարողանանք ճանաչել մեր ուժեղ և թույլ կողմերը, հետաքրքրություններն ու վախերը, ցանկություններն ու ձգտումները, որոնք ի վերջո հանգեցնում են կյանքի նպատակի ճանաչմանը, և օգնում բացահայտել մեր կործանարար մտքերն ու անառողջ սովորությունները և ուղղել դրանք: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկել ենք ինքնաճանաչման հասնելու քայլերն ու այս առնչությամբ անհրաժեշտ վարժությունները, այսօր կծանոթանանք ինքնաճանաչման խոչընդոտներին ու ինքնաճանաչմանը հասնելու ուղիներին։
Կան խոչընդոտներ ինքնաճանաչման հասնելու ճանապարհին։ Հնարավոր է, որ շրջապատում տեսած լինեք, որ միայն քչերին է հաջողվում իրենք իրենց ճանաչել։ Այդ պատճառով, մենք կքննարկենք այս խոչընդոտներից մի քանիսը, որոնցից մեկն ինքն իր հետ առերեսվելու վախն է: Գուցե մի փոքր տարօրինակ է, որ մենք երբեմն վախենում ենք ինքներս մեզանից։ Մտավախություն ունենք, որ այն, ինչ հյուսել ենք մեր մտքում ու տարիներ շարունակ ապրել ենք դրա հետ, կտապալվի։ Միգուցե մենք լավ անցյալ չենք ունեցել, և դա մեզ անհանգստացնում է։ Ուստի մենք վախենում ենք, որ ճշմարտությունը կբացահայտվի, և մենք չենք լինի այն, ինչ ուզում էինք լինել։ Ինքնաճանաչման մյուս խոչընդոտը անփութությունն է: Երբեմն մենք այնքան ենք մոլորվում կյանքում, որ նույնիսկ մտածելու տրամադրություն չենք ունենում և հազարավոր արդարացումներ ենք հորինում դրա համար։ Փաստորեն, մենք բավարար կենտրոնացվածություն չունենք և ընդհանրապես ժամանակ չենք տրամադրում ինքնաճանաչման մասին մտածելու համար։

---
Սովորաբար մտածելը դժվար գործ է և մեծ էներգիա է պահանջում։ Մյուս կողմից, մարդու ուղեղի մեխանիզմը նախատեսված է նվազագույն քանակությամբ էներգիա սպառելու համար, որպեսզի պահպանի իր գոյությունը, ուստի քիչ մարդիկ կան, ովքեր կարողանում են խորը մտածել, և սա ևս մեկ խոչընդոտ է ինքնաճանաչման համար: Կյանքի անվտանգ գոտին չլքելու ցանկությունը ևս մեկ խոչընդոտ է ինքնաճանաչման համար։ Որոշ մարդիկ կյանքում իրենց համար ապահով տարածք են կառուցել և ոչ մի գնով չեն ցանկանում լքել այն, քանի որ չեն սիրում կորցնել իրենց հարաբերական անդորրը, ուստի սովորաբար ապրում են առօրյա կրկնվող կյանքով և հեռու մնում իրենց կյանքի ամենակարևոր մասից՝ ինքնաճանաչման մասին մտածելուց:
Բայց եթե մեկը ցանկանա հաղթահարել այդ խոչընդոտները և հասնի ինքնաճանաչման, ի՞նչ ուղի պետք է ընտրի։ Թերևս ամենառաջին քայլը պետք է լինի ընթերցանությունը: Ինքնաճանաչման մասին լավ գրքեր կարդալը կարող է մեզ սովորեցնել, թե ինչպես մտածել և ընդլայնել մեր մտքերը: Այս հարցում մեզ օգնում է նաև ուրիշների կարծիքը լսելը: Մենք կարող ենք մտածել, որ ճանաչում ենք ինքներս մեզ, բայց ունենք վարքագիծ, որը թաքնված է մեր տեսադաշտից, և միայն լավ ընկերը կամ մեզ շատ մտերիմ անձը կարող է մեզ ասել այդ մասին:
Այսպիսով, դուք պետք է խնդրեք հարազատներից, ինչպիսիք են հայրը, մայրը, եղբայրը, քույրը, կինը, լավ ընկերը ձեզ հիշեցնել ձեր լավ և վատ հատկությունները: Դուք կարող եք առաջին անգամ զարմանալ, թե ինչքան դրական հատկություններ ունեք, որոնց մասին չգիտեք: Երբ այս երկու փուլերն անցաք կամ դրանց անցնելու ընթացքում փորձեք որոշ ժամանակ մեկուսանալ և մտածել ու ինքներդ ձեզանից հարցնել՝ ես որտե՞ղ եմ գտնվում, իսկ ինչո՞ւ եմ ես այս աշխարհում: Այս հարցերը կարող են թվալ պարզ, բայց դրանք կարող են շատ օգտակար լինել ինքներդ ձեզ ճանաչելու համար:

---
Այժմ մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես հասնել ինքնաճանաչման… Բայց մինչ դրան անցնելը, դուք պետք է իմանաք, թե որքան եք ինքներդ ճանաչում ձեզ և ինչ է կատարվում ձեր մտքի խորքերում: Սա նշանակում է, որ ինքնաճանաչման համար դուք պետք է խորը մտածեք և ամեն օր վերահսկեք ձեր վարքագիծը՝ ինքներդ ձեզ լավ հասկանալու համար։ Մենք պետք է խորապես մտածենք մեր մասին, որպեսզի կարողանանք ավելի լավ ճանաչել ինքներս մեզ: Միգուցե ենթադրեք, որ եթե ես մտածում եմ իմ մասին և գիտեմ իմ ներկա վիճակը, ուրեմն դա նշանակում է, որ ես ճանաչում եմ ինքս ինձ: Բայց ինքներս մեզ ավելի լավ հասկանալու համար պետք է լրացնենք ինքնաճանաչման փազլը։ Այս փազլն ամբողջացնելու համար մենք պետք է ճանաչենք մեր հետաքրքրությունները, հնարավորությունները, համոզմունքները, արժեքները և անհատականության տեսակը, որպեսզի կարողանանք ինքներս մեր մասին ավելի համապարփակ պատկերացում կազմել:
Սերը մարդուն բնորոշ զգացմունք է, որը մենք բոլորս բազմիցս զգացել ենք: Երբ մենք մեծ սիրով տարվում ենք ինչ-որ աշխատանքով, այլևս չենք նկատում աշխատանքային ժամերը՝ ցերեկը կամ գիշերը, վաղ առավոտը և քնելը: Մենք ցանկացած պահի կարող ենք սկսել մեր աշխատանքը։ Միգուցե վաղ առավոտյան ժամը երեքին մի միտք ծագի ձեր մտքում ու դուք արթնանաք և անմիջապես սկսեք աշխատել: Ուրեմն այդ զգացումը ուժեղ ցանկություն է և ձգում է ձեզ դեպի ձեր սիրած աշխատանքը, որը ձեզ մեծ ուժ է տալիս ձեզ այն կատարելու համար: Որպեսզի որոշ չափով տեղյակ լինեք ձեր հետաքրքրությունների մասին, անհրաժեշտ է տալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ո՞ր աշխատանքի դեպքում դուք չեք նկատում ժամանակի ընթացքը և անընդհատ ժամացույցին չեք նայում: Եթե դուք միլիոնատեր լինեիք և մեծ հարստություն ունենայիք, ի՞նչ կանեիք։ Նշե՛ք հինգ մարդկանց, ում հետ կցանկանայիք լինել հենց հիմա: Արդյո՞ք այս մարդիկ հիմնականում արվեստագետներ են։ Ֆիզիկո՞ս։ Մարզիկ, կամ…, մտածեք: Բայց կան խոչընդոտներ հետաքրքրությունը բացահայտելու համար։ Այդ խոչընդոտներն են՝ մարդկանց կարծիքը, անհաջողության վախը,ցանկալի եկամուտ ձեռք չբերելը, բացասական մոտեցումն ու հուսահատությունը: Փաստորեն, մենք ունենք հետաքրքրություն ու սեր որևէ աշխատանքի նկատմամբ, բայց այնքան այն թաքցրինք, որ ինքնրես հավատացինք, որ կորցրել ենք այն։
Ընդունակությունը, բնատուր ձիրքը ևս մեկ փազլի մի կտոր է, որը պետք է ամբողջացնել: Ընդունակությունը մի բան է, որը մեզ թույլ է տալիս մի աշխատանք սովորել ավելի քիչ ժամանակում և ավելի քիչ էներգիայով, քան մյուս աշխատանքները: Ենթադրենք, երկու եղբայրներ նույն դասարանում են։ Բայց չնայած նրանք երկուսն էլ սովորում են նույն ուսուցչի հսկողության ներքո, և երկուսի համար էլ պայմանները նույնն են, եղբայրներից մեկը կարող է իր դասը լավ սովորել ավելի քիչ ժամանակում և ավելի քիչ էներգիայով, և գերազանց առաջադիմել, իսկ մյուս եղբայրը պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի կարողանա իր եղբոր նման լավ կատարել տնային աշխատանքը: Այսպիսով, կարելի է կռահել, որ առաջին եղբայրն ավելի ընդունակ է, քան երկրորդ եղբայրը։ Պատասխանեք մի քանի հարցի՝ ձեր ընդունակությունը ճանաչելու համար: Որո՞նք են այն աշխատանքները, որ դուք կարող եք գերազանց և հանգիստ ու խաղաղ մտքով կատարել: Կարծում եք ի՞նչ չօգտագործված ընդունակություն ունեք: Որո՞նք են այն աշխատանքները, որ ձեզ ուժ են տալիս:

----
Համոզմունքները ինքնաճանաչման հասնելու ևս մեկ մասն են: Յուրաքանչյուր մարդ ունի մտքեր և համոզմունքներ, որոնք տեղավորվում են որոշակի շրջանակի մեջ: Ոմանց համար շրջանակը չափազանց փոքր է, և արդյունքում նրանց կողմից ընդունված որոշումներն ու գործողությունները նույնքան փոքր են: Մյուսները շատ ամուր համոզմունքներ են զարգացրել իրենց համար, հետևաբար, մեծ գործեր են անում: Ուստի այս տարբեր համոզմունքները տարբեր կարծիքների տեղիք են տալիս։ Այս համոզմունքները աստիճանաբար ձևավորվում են մեր ընտանիքում, դպրոցում և համայնքում, և նրանք, որոնք անընդհատ կրկնվում են, ձևավորում են մեր վարքագիծը: Բայց միթե մենք գերվա՞ծ ենք հավատալիքներով ու համոզմունքներով և ոչինչ չե՞նք կարող անել։ Բացարձակապես ոչ, հենց այս ինքնաճանաչումն ու ինքնագիտակցությունն է, որ օգնում է մեզ որոշել, թե որ համոզմունքներն են ճիշտ և որոնք՝ սխալ, և ի վերջո լուծել դրանք:
Կյանքի արժեքները մեր կյանքի կողմնացույցն են, որոնք օգնում են մեզ չկորցնել կյանքի նպատակը: Բայց սովորաբար ավելի քիչ մարդիկ են օգտագործում այս կողմնացույցը և թույլ են տալիս, որ այն քայքայվի և պահեստի անկյունում անհետանա փոշիների մեջ: Հետաքրքիր է, որ որոշ մարդիկ նույնիսկ չգիտեն, որ այս մաքուր գոհարն իրենց ներսում է, և կարող են օգտագործել այն: Որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ, մենք պետք է գտնենք մեր կյանքի հիմնական արժեքները: Արժեքներ, որոնցով մենք գտնում ենք մեր կյանքի որոշումների հիմնական պատճառը: