Գրքի հմայքը (47)
https://parstoday.ir/hy/radio/world-i173312-Գրքի_հմայքը_(47)
Բիբլիոթերապիան հոգեթերապիա է գիրք կարդալով: Մասնագետները տարածել են այս բուժումը տարբեր ոլորտներում և փորձում են օգտագործել այս մեթոդը երեխաների և նույնիսկ մեծահասակների մոտ հոգեկան և ֆիզիկական բազմաթիվ խանգարումների բուժման համար: Գրքով հոգեթերապիան ունի երեք հայտնի փուլ՝ յուրացում (անհատը համընթաց է դառնում պատմության հետ), հոգեբանական մաքրագործում (անձը կարող է ազատվել սեփական հույզերից) և ներքին խորաթափանցություն (մարդը վերականգնում և ապրում է սեփական մտքերը, զգացմունքները և արարքները):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 06:02 Asia/Tehran

Բիբլիոթերապիան հոգեթերապիա է գիրք կարդալով: Մասնագետները տարածել են այս բուժումը տարբեր ոլորտներում և փորձում են օգտագործել այս մեթոդը երեխաների և նույնիսկ մեծահասակների մոտ հոգեկան և ֆիզիկական բազմաթիվ խանգարումների բուժման համար: Գրքով հոգեթերապիան ունի երեք հայտնի փուլ՝ յուրացում (անհատը համընթաց է դառնում պատմության հետ), հոգեբանական մաքրագործում (անձը կարող է ազատվել սեփական հույզերից) և ներքին խորաթափանցություն (մարդը վերականգնում և ապրում է սեփական մտքերը, զգացմունքները և արարքները):

«Բիբլիոթերապիա» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Սամուել Քրոթերսի կողմից 1916 թվականին և նա Atlantic Journal պարբերականում գրել է գրքերի միջոցով հոգեպես անհանգիստ մարդկանց համախմբելու տեխնիկայի մասին: Այս արտահայտության ամենապարզ սահմանումն է՝ «գիրք օգտագործիր բուժման համար», իրականում գիրք կարդալը կարող է օգնել բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր հիմա խնդիր չունեն։

Դիտարկելով տարբեր տեքստեր և աղբյուրներ՝ պարզ է դառնում, որ գրքով հոգեթերապիան ժամանակակից դարաշրջանի նոր և եզակի մեթոդ չէ, և դրա արմատները վերադառնում են մարդկային կյանքում գրքերի հայտնվելու ժամանակներին: Հինավուրց Թեբե քաղաքի (Նեղոսի ափին) գրադարանի մուտքի վրա գրված էր՝ «Հոգու հիվանդանոց»։ Արիստոտելը համոզված էր, որ գրականությունը բուժիչ ազդեցություն ունի, իսկ հին հռոմեացիները գիտեին, որ կապ կա կարդալու և բուժվելու միջև: Ռոբերտ Բերթոնը «Մելանխոլիայի անատոմիան» գրքում բազմիցս անդրադարձել է գրականության օգտագործմանը հուզական խանգարումները նվազեցնելու համար: Բերթոնը Աստվածաշունչը նմանեցնում է դեղատան, որտեղ կարելի է գտնել ցանկացած հիվանդության դեղամիջոց:

Կրոնի և բիբլիոթերապիայի կապը հանգեցրեց հիվանդանոցներում գրադարանների ստեղծմանը, որոնց ամենահին օրինակներից մեկը թվագրվում է տասներեքերորդ դարում։ Պատմության մեջ նշված է, որ Կահիրեի Ալ-Մանսուր հիվանդանոցում, բուժօգնության ժամանակ, հոգևորականների կողմից Ղուրան է ընթերցվել հիվանդների համար:

1810 թվականին ամերիկացի բժիշկ՝ Բենջամին Ռաշն առաջարկել է գիրք կարդալը դարձնել   հիվանդի բուժման ծրագրի մաս և այդպիսով կանխել հիվանդների մոտ հոգեկան խանգարվածությունը: Ռաշի աշխատանքը այս թեմայի շուրջ մեծ ազդեցություն ունեցավ հոգեբուժական պրակտիկայի վրա և հանգեցրեց տասնիններորդ դարի վերջին հոգեկան հիվանդներին մատուցվող գրադարանային ծառայությունների զգալի աճին:

Գրքաթերապիայի մասին առաջին աշխատությունը ներկայացվել է 1848 թվականին Ջոն Մինսոն Գալթի կողմից ամերիկյան բժշկական հաստատությունների տնօրենների համաժողովում։ Նրա հոդվածում ներկայացվեցին գրքաթերապիայի սկզբունքներն ու կիրառությունները, հիվանդների խմբերը և յուրաքանչյուր խմբին համապատասխան ընթերցանության տեսակը։ Մի քանի տարի անց, երբ Գալտը առաջադիմեց իր ուսման մեջ, նա գրքեր կարդալու մեթոդը կիրառեց հոգեկան հիվանդներին բուժելու համար:

Գրքաթերապիայի բնագավառում, բացի հիվանդությանը ծանոթ լինելուց, անհրաժեշտ էր նաև ճանաչել գիրքը, և քանի որ մեծացել էր հավատը այս տեխնիկայի ազդեցության նկատմամբ, բժիշկների և գրադարանավարների միջև համագործակցությունն անհրաժեշտ դարձավ: Այսպիսով, հետզհետե գրքաթերապիան ճանաչվեց որպես գրադարանավարի մասնագիտության կողմերից մեկը: 

Գրադարանավարության և հոգեբուժության առաջին համագործակցությունը սկսվեց Մասաչուսեթսի Մաքլին հիվանդանոցում: Ամերիկյան գրադարանային ասոցիացիան առաջին մասնագիտական ​​կազմակերպություններից էր, որն ակտիվորեն խթանեց գրադարանավարությունը՝ մինչև քսաներորդ դարը հիվանդանոցներում և բժշկական ու հետազոտական ​​հաստատություններում գրադարաններ հիմնելով:

Քսաներորդ դարի սկզբին շատ բժիշկներ խորհուրդ էին տալիս գրքեր կարդալ հոգեկան  խնդիրները լուծելու համար։ Կրթության ոլորտում 1940-ական թվականներից ուսուցիչները սկսեցին կիրառել գրքային թերապիան։ 1960-ականներին գրքաթերապիան զարգացավ որոշ ոլորտներում, ինչպիսիք են թմրամոլությունը, վախը, վերաբերմունքի փոփոխությունը, հասունացումը, մահը և բոլոր արտակարգ ոլորտներոմ, իսկ 1970-ականներին դասավանդվեց գրքային թերապիայի տեսական սկզբունքների առաջին դասերից մեկը: Այդ ժամանակվանից հոգեբանները, մանկավարժները և հարակից մասնագետները սկսեցին հետաքրքրվել գրքաթերապիայով, այն աստիճան, որ տասնամյակների ընթացքում այդ ոլորտում տպագրվեցին բազմաթիվ հոդվածներ: Թեև այդ հոդվածներից շատերը անվստահություն էին հայտնում այս նոր բուժման նկատմամբ, սակայն կար նաև այդ բուժումը զարգացնելու մեծ ցանկություն:

Գրքաթերապիա

Գրքաթերապիայի մեջ գրքերը դիտվում են որպես ընթերցողների մտքերն ու մտածողությունը առաջնորդելու հզոր գործիք. ամբողջական ազդեցությունը գոյանում է ընթերցողի և տեքստի միջև ինտերակտիվ գործընթացի միջոցով, որն օգտագործվում է անհատականությունը, աճը, հարմարվողականությունը գնահատելու և հոգեկան կամ ուղեղային հիվանդությունները մեղմելու համար: Գրքով հոգեթերապիան կարող է ունենալ մեկ կամ մի քանի նպատակ՝ անհատական ​​ինքնագիտակցության զարգացումից և խնդրի վերաբերյալ իրազեկության ու ըմբռնման բարձրացումից մինչև ընթերցողի վերաբերմունքի և վարքագծի փոփոխություն:

Առայժմ գրքաթերապիայի կոնկրետ մեթոդ չի մշակվել։ Գրադարան ստեղծելը կարող է լինել այս գործունեության ամենահամատարած մասը: Այս գրադարանները տարբերվում են հանրային գրադարաններից: Որովհետև նրանք որոշակի նպատակներ են հետապնդում։ Բուժման այս կուրսն ավելին է, քան պարզապես կոնկրետ գիրք մարդուն նվիրելը: Գրքաթերապիան հետազոտության շրջան է, որը պահանջում է մանրակրկիտ պլանավորում, և որի ընթացքում երկու կողմերը (բուժծառայողը և հաճախորդը) պետք է համաձայն լինեն գրքային թերապիայի անցկացման հետ: Թեև գրքաթերապիայի փուլերի մասին շատ կարծիքներ կան, բայց բոլորի համար ընդհանուր է 5 փուլ՝ նույնականացում, տեքստի ընտրություն,  ներկայացում և կրկնօրինակում, հուզական լիցքաթափում և խորաթափանցություն:

Ո՞վ է իրականացնում գրքաթերապիան: Գրքի թերապևտը կարող է լինել դպրոցի ուսուցիչ, գրադարանավար կամ հոգեկան առողջության մասնագետ: Կարևորն այն է, որ գրքաթերապիան պետք է շատ նուրբ արվի, և ոչ բոլորը կարող են իրականացնել այս աշխատանքը։ Ցանկացած շահագրգիռ անձ, ով ունի անձնական կայունություն և այլոց հետ աշխատելու իրական շահագրգռվածություն առանց իրեն գերադասելու, սպառնալիքներ հնչեցնելու կամ բարոյական դասեր կարդալու, կարող է առաջարկվել այս աշխատանքի համար: Նաև խորհուրդ է տրվում աշխատել տարբեր ոլորտների մասնագետների հետ, ինչպիսիք են՝ գրադարանավարները, խորհրդատուները կամ հոգեբանները, որպեսզի միմյանց համագործակցությամբ հնարավոր լինի նպաստել գրքով  հոգեթերապիայի գործընթացին:

Գրքաթերապիայի ազդեցությունը հսկայական է: Սկսած ճանաչողության և իրազեկման զարգացումից և ուրիշների կյանքի պատմությանը ծանոթանալուց մինչև այն կերպարների մոդելավորումն ու նմանակումը, որոնց հետ դիմորդը ծանոթանում է գրքում: Նաև սովորել կանոններ ավելի լավ կյանքի համար և ամրապնդել դրական մտածողությունը և խթանել ընթերցողին մտածել, վերլուծել վերաբերմունքն ու վարքագիծը, թաքնված զգացմունքներն ու փորձառությունները հավաքել իրազեկման համար և օգնել բացահայտելու իրենց և ուրիշների վարքագծի պատճառները և օգնություն ստանալ գրքից՝ որպես ապահով ապաստան կարիքի պահին, սրանք բոլորը համարվում են գրքաթերապիայի դրական ազդեցությունները:

Իհարկե, գրքաթերապիան, բացի իր առավելություններից, ունի նաև սահմանափակումներ, որոնց թվում կարելի է նշել հետևյալը՝ դրա օգտագործումը սահմանափակ է անգրագետների և թերի գրագետների համար, քիչ գրքեր կան, որոնք ընդգրկում են բուժման բոլոր ասպեկտները, իսկ հոգեկան հիվանդությունների ախտորոշման և բուժման և այս ոլորտի նմանատիպ գրքերի մեծ մասը գրվել է համալսարանում դասավանդելու համար և դրանց տեքստը ընկալելի չէ լայն հասարակության համար։ Բացի այդ, որոշ դիմորդներ կարող են հրաժարվել շարունակել ընթերցանությունը, կամ հնարավոր է ծանոթ չլինեն ընթերցանության ճիշտ մեթոդին և պատասխան չստանան շատ սուր հիվանդությունների դեպքում:

Այսօր աշխարհի շատ մասերում գրքաթերապիայի տեխնիկայի չափորոշիչներ չկան, և շատ քիչ են պատրաստված ու հմուտ գրադարանավարները,  իսկ հաշվի առնելով գրքային թերապիայի տեխնիկայի տարբեր ասպեկտների վերաբերյալ սահմանափակ հետազոտությունները, դեռևս չի կարելի ակնկալել, այս մեթոդի համատարած կիրառումը: Իհարկե, աշխարհի մեծ քաղաքներում կան գրքաթերապիայի գրասենյակներ, խորհրդատվական աշխատանք է կատարվում Skype-ով, մի շարք հեղինակներ միացել են նման նախագծերին, բայց ցանկալի կետին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։

Գրքային թերապիան ունի երկու հիմնական կատեգորիա. Այս մեթոդներից մեկը գրքերն են, որոնք օգտագործում են փիլիսոփայությունը հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բուժման համար, ինչպիսիք են հուզական խնդիրները, ամուսնական կյանքը, դեպրեսիան, բաժանումը, աղքատությունը և այլն: Այս կատեգորիան շատ ընդհանրություններ ունի հոգեբանության հետ: Այս գրքերի հեղինակներն օգտագործում են փիլիսոփայության ընդհանուր տեսություններ,այդ թվում Արթուր Շոպենհաուերի տեսությունները, և դրանք կիրառում են հասարակական կյանքում:

Գրքաթերապիայի ակտիվիստների մեկ այլ խումբ օգտագործում է զուտ գրականություն: Օրինակ՝ այս մարդիկ դեպրեսիայի մասին գրական գիրք են ընտրում, որպեսզի կարդան և որոշ ժամանակ անց վերադառնան իրենց թերապևտի մոտ: Ամենակարևոր գրական դեմքերը որոնք առաջարկվում են հոգեթերապիայի համար Դոստոևսկին է և գրողներ, ովքեր համարվում են մարդկային հոգու վերլուծաբաններ, այդ թվում են՝ Ուիլյամ Շեքսպիրը և Մարսել Պրուստը:

Թերապևտներն օգտագործում են այս հեղինակների գրքերն ու հեղինակած պատմությունները իրենց դիմորդներին բուժելու համար և նրանց բուժելուց բացի նրանց մեջ նաև ընթերցանության սովորությունն են սերմանում:

Գրքաթերապիա օգտագործողներն ունենում են անհատական ​​կամ խմբային սեանսներ։ Խմբային ընթերցանության ժամանակ մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր խնդիրներ կամ մտահոգություններ, հավաքվում են և մտքեր փոխանակում: Խմբային գրքաթերապիայի նիստին կարող է լինել մեկը, ով չի տառապում մտավոր խնդիրներից կամ դեպրեսիայից, բայց նրա համար կարևոր է առողջ մնալ և ապագայում չհիվանդանալ: Նման մարդիկ օգտագործում են այս նիստերը իրենց առողջ պահելու նպատակով և գիտակցում են գրքերի արժեքն իրենց ապագայի համար:

Հետաքրքիր է իմանալ, որ վերջին տարիներին գրքաթերապիայի նոր շրջաններում, գրականությունից բացի, թերապիայի այս մեթոդի համար օգտագործվում են նաև երաժշտություն, պիեսներ և արվեստի այլ ճյուղեր։

Թանկագին բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք այս զրույցը: