Գրքի հմայքը (50)
Շամս ալ–Դին Մոհամմադ կամ Շամս Թաբրիզին, իրանցի բանաստեղծ և միստիկ, հայտնի բանաստեղծ Ջալալեդդին Մոհամմադ Բալխիի հոգևոր ուսուցիչն էր։ Նա ոգեշնչեց Մոլանային գրել իր ամենագեղեցիկ բանաստեղծություններն ու ստեղծագործությունները: Բայց Շամս Թաբրիզիից մնացել է միայն մեկ գիրք՝ «Մաղալաթ» (Հոդվածներ) անունով, որը հավաքել են նրա աշակերտները։
Որոշ գրողներ իրենց մասնագիտական կյանքի ընթացքում շատ գրքեր չեն գրում, բայց նույն ստեղծագործությունները մի քանի անգամ վերատպելով իրենց ստեղծագործողի անունը դասում են աշխարհի ամենահայտնի հեղինակների շարքում։ Բայց երբեմն պատմությունը լրիվ հակառակն է լինում, և գրական գործիչը հայտնի է դառնում իր հրատարակած գրքերի քանակով։
Ցուցակը գլխավորում է իսպանացի գրող Կորին Տելյադոն՝ ավելի քան 4000 կարճ վեպերով, աշխարհի ամենաբեղուն գրչով հեղինակն է ճանաչված։ Վիպասանը, ով մահացավ 2009 թվականին, իր ստեղծագործություններից ընդհանուր առմամբ 400 միլիոն օրինակ վաճառեց։ 1994 թվականին Տելյադոն դարձավ ամենաբեղուն իսպանալեզու գրողը և գրանցվեց համաշխարհային ռեկորդների գրքում:
Գերմանացի Ռոլֆ Կալմոզակն իր կենդանության օրոք հրատարակել է ավելի քան 2900 գիրք, իսկ նրա մահից հետո հրատարակվել է նրա գրչին պատկանող ավելի քան 100 ստեղծագործություն։ Ռոլֆ Կալմոզակը ծնվել է 1938 թվականին, մահացել է 2007 թվականին։
Իսպանացի գրողները կարծես ավելի ակտիվ են եղել, քան իրենց գրչակիցներ: Ցանկում երրորդը իսպանացի բանաստեղծ և դրամատուրգ Լոփ դե Վեգան է, ով մահացել է 1635 թվականին: Նրանից մնացել է 2200 գիրք։
Ռումինացի Նիկոլա Յուրգան իր կարիերայի ընթացքում հրատարակել է 1359 գիրք: Նա գրել է նաև 25000 հոդված։ Նիկոլա Յուրգան մահացել է 1940 թվականին:
Աշխարհի հինգերորդ ամենաբեղուն հեղինակը անգլիացի կենսագիր Չարլզ Հեմիլթոնն է։ Հեմիլթոնն իր վերջին գիրքը գրել է իր կյանքի վերջին տարում՝ 1961 թվականին։ Բառերի թիվը, որոնք այս հեղինակն օգտագործել է իր 1200 վեպերում, 100 միլիոն է։ Հեմիլթոնն իր գրքերը հրատարակել է 20 կեղծանուններով։
Ոչ բոլոր գրողներն են շատ գրքեր գրում իրենց կյանքի ընթացքում, և երբեմն նրանք հայտնի են դառնում իրենց մի քանի գործերով: Որոշ մարդիկ նույնիսկ աշխարհահռչակ են դառնում գրողների վրա ունեցած իրենց կյանքի և մտքերի ազդեցությամբ:
Շամս Թաբրիզի անունով հայտնի Շամս ալ-Դին Մուհամմադ Բեն Ալի Բեն Մալեք Թաբրիզին (1186-1247թթ.) այդպիսի կյանք է վարել և նրանից քիչ գրավոր գործեր են մնացել։ Տարբեր ժողովներում ու իրավիճակներում նրա արտասանած ճառերը հավաքվել են նրա հետևորդների կողմից և տպագրվել «Շամս Թաբրիզիի հոդվածներ» վերտառությամբ գրքում:
Շամս Թաբրիզիի ծնողների մասին գիտենք այնքան, որ նա իր հոդվածներում նրանց բնութագրել է որպես մեղմ ու բարի։ Շամս Թաբրիզին իր հոր մասին գրել է.- «Բարի տղամարդ էր... սիրահարված չէր, լավ մարդն ուրիշ է, սիրահարվածն ուրիշ»:
Շամս Թաբրիզիի կյանքը քողարկված է, քանի որ նա ամեն հարցում տարաձայն էր իր ժամանակի մարդկանց հետ։ Նա թաքցնում էր իր համբավն ու միստիկ մտքերը և ժամանակն անցկացնում ճգնությամբ ու ճանապարհորդությամբ։ Նա սիրում էր ճամփորդել և այն քաղաքներում, որտեղ գնում էր, երբեմն երեխաներին Ղուրան էր սովորեցնում և մի որոշ ժամանակ գործվածքներ էր գործում և գոյացած եկամուտով հոգում իր ապրուստը։
Ըստ հավաստի պատմական աղբյուրների և փաստաթղթերի, Շամս Թաբրիզիի դամբարանը գտնվում է Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, Շամս կոչվող թաղամասում և Շամս Թաբրիզի հնագույն մինարեթի կողքին։ 1813 թվականին այդ տարածք այցելած դիվանագետ և գրող Ջեյմս Հուստինիան Մորիյեն իր ուղեգրության մեջ գրում է. «Խոյի հյուսիսային ծայրում կա Շամս Թաբրիզի անունով հայտնի մարդու դամբարանը, ով պոեզիայի ու գիտության սիրահհար էր և եղել է իրանցի մեծանուն բանաստեղծ Մոլավիի վարպետ-ուսուցիչը:
Իր գրվածքներում Շամսը խոսում էր երազների մասին, որոնցում Աստված վստահեցնում էր նրան, որ ժամանակին կգտնի ճիշտ ուղեկցին: Շամս Թաբրիզին1244թ. դեկտեմբերի 6-ին, ժամանել է Կոնիա, որտեղ իրագործվել է նրա երազանքը։ Այնտեղ նա հանդիպեց Մոլավիին և իր ուժեղ անհատականությամբ և ջերմ ոգով կերպարանափոխեց Մոլանային: Մինչ Շամս Թաբրիզիի հետ հանդիպելը Մոլավին կրոնական գիտություններ դասավանդող գիտնականներից ու իրավաբաններից էր, երբ հանդիպեց Շամս Թաբրիզիին, Մոլավին հմայվեց նրանով և թողեց դասերն ու քարոզները և դարձավ Շամսի նվիրյալ աշակերտը։
Շամսը, ինչպես ինքն էր ասում, խոսքի ու գրի մարդ չէր, բայց նա էր, որ դրդեց Մոլանային ստեղծագործել ու գրել՝ առանց նրանից նման բան խնդրելու։ Փաստորեն, Մոլանայի վրա ունեցած իր ազդեցությամբ, նրան տարավ այլ աշխարհներ։ Աշխարհներ, որոնք նրան դարձրին Մոլանա։ Շամսը ցուցամոլ չէր։ Նա քարոզիչ կամ խոսնակ չէր։ Ինքը բազմիցս ասել է. «ես այս աշխարհում մարդկանց հետ գործ չունեմ, ես նրանց համար չեմ եկել: Նրանք, ովքեր իրավ աշխարհի ուղեցույցն են, ես քննադատում եմ նրանց»:
Շամսի ամենաակնառու գործը Մոլանան է, որովհետև եթե Մոլանան չլիներ, Շամսն անկասկած կկորեր պատմության մեջ։ Իհարկե, Շամսը նրան նոր գիտելիքներ չսովորեցրեց, այլ նոր հայացք տվեց։ Այս մոտեցման լույսի ներքո էր, որ Մոլանան Շամսին հանդիպելուց հետո ամեն ինչ այլ կերպ էր տեսնում։ Աստծուն, մարդուն, արարչությունը և նույնիսկ իրեն այլ կերպ տեսավ, և սա մտածելու տեղիք է տալիս, և իրականում հենց այդ պատճառով Մոլանան դարձավ այլ Մոլանա:
Եթե Շամսին հանդիպելուց առաջ նա մարդկանց հարգում և նրանց հետ վերաբերվում էր ըստ նրանց հավատքի, հակումների, սրբավայրերի նկատմամբ նրանց հարգանքի չափով, ապա այդ հանդիպումից հետո բոլոր մարդիկ մարդ լինելու պատճառով, հարգված էին նրա մոտ:

Շամսի երկրորդ աշխատությունը Կոնիայում Մոլանայի ուղեկիցների հավաքներում նրա ելույթներն են, որոնք որոշ մարդիկ արտագրել են և, անշուշտ, նրա որոշ խոսքերը չեն կարողացել գրել, և որոշ բառեր կամ արտահայտություններ վրիպել են։ «Շամս Թաբրիզի հոդվածները» գիրքը նրա և Մոլանայի կամ նրա հետևորդների ու ժխտողների միջև փոխանակված հարցերի ու պատասխանների ժողովածու է, ինչպես նաև գրքում կան հոդվածներ, հաճելի զրույցներ ու հեքիաթներ, որոնք հնչել են նրա լեզվով Կոնիայում գտնվելու ընթացքում։ Հետագայում դրանք հավաքեցին Մոլանայի և Շամսի հետևորդները, և դա է պատճառը, որ շատ մասերում դարձվածքների ու բովանդակության խզում է տեղի ունեցել:
Շամսը՝ինքը, ոչինչ չի գրել և իր չգրելը բացատրել է այսպես. «Ես երբեք սովոր չեմ եղել գրելուն: Քանի որ չեմ գրում, բառը մնում է իմ մեջ և ամեն պահ նոր դեմք է տալիս ինձ»։ Բադի ալ-Զաման Ֆորուզանֆարը գրել է՝ Շամսի հոդվածների և Մոլանայի «Մասնավի Մաանավի» ինքնատիպ ստեղծագործության միջև ամուր կապ կա, և Մոլանան իր «Մասնավի» գրքում օգտագործել է Շամսի հոդվածների բազմաթիվ ասացվածքներ, պատմություններ և այլ գրություններ:
Շամս Թաբրիզիի հոդվածները պարսկերեն լեզվով են, և նրա հեքիաթների թեման կարելի է բաժանել երկու մասի։
Բացահայտ, ուղղակի և ակնհայտ թեմաներ, այնպես, որ ընթերցողը հեշտությամբ կարող է ընկալել դրանք: Այդ թվում են պատմություններ, որոնց բովանդակությունը կարելի է հասկանալ պատմվածքից առաջ ասված խոսքերից: Օրինակ, մի պատմվածքից առաջ ասվել է՝ մարդու մեջ կա արատ, որը ծածկում է հազար արվեստ և կա մեկ արվեստ, որը կծածկի հազար արատ։ Այս բովանդակությունը՝ այսինքն տգեղության մեջ գեղեցիկը տեսնելը պարզ ու գեղեցիկ այլաբանությամբ արտահայտված է այդ խոսքին հաջորդող պատմության մեջ:
Անուղղակի թեմաները պատմվածքի բովանդակության ընկալումը թողնում են ընթերցողին: Հեքիաթների այս խմբում երբեմն հեքիաթի տոնայնության և հերոսների որոշ բառերի ու արարքների կրկնության ու շեշտադրման պատճառով, ընթերցողը հեշտությամբ է հասկանում հեքիաթի իմաստն ու թեման: Անշուշտ, դրանցից մի քանիսը որոնման ու վերընթերցման կարիք ունեն:
«Խոսքի թիկնոց» գրքի հեղինակ՝ դկտ․ Ղոլամռեզա Խաքին համոզված է, որ Շամս Թաբրիզիի հոդվածները, իրենց բոլոր թվացյալ շփոթությամբ և անկանոնություններով հանդերձ, համահունչ և մասնատված կտորների հավաքածու են, որոնք այն վերածել են գերտեքստի:
Ջալալեդդին Մոհամմադ Մոլավիին 37 տարեկանում հաջողվեց հանդիպել Շամսին։ Շամսը Մոլանային այնպես կերպարանափոխեց, որ դասերն ու քարոզները մի կողմ թողեց ու գիտելիքի շատ ավելի բարձր մակարդակի բարձրացավ: Այնուհետև Մոլանան արվեստի լեզվով արտահայտել է իր հոգևոր ապրումներն ու փորձերը՝ «Մասնավի մանավի»-ում՝ հեքիաթի և մասնավիի տեսքով, իսկ «Քոլիաթ Շամս»-ում՝ գազելի տեսքով։
Մոլանան իր գազելներից մեկում այսպես է դրսևորել իր ապրումները.
Այնպես հարբած եմ, այնպես հարբած եմ ես այսօր,
Դուրս եմ եկել այս աշխարհից ես այսօր:
Նման բան չի տեղավորվում իմ մտքում,
Այդպիսին եմ, այդպիսին եմ ես այսօր:
Հոգով սիրո երկնքով անցա ես,
Թեպետ մարմնով աշխարհում եմ ես այսօր:
Խելքիս պախարակեցի, ասելով՝
Դուրս ելիր, ազատ եմ քեզնից ես այսօր:
Լվացի՛ր ձեռքերդ ինձնից, ո՛վ խելք,
Մեջնունի հետ եմ կապվել ես այսօր:
Հովսեփն իմ ձեռքն է տվել միրգը,
Իմ երկու ձեռքերն եմ կտրել ես այսօր:
...
Երբ վերադարձավ, վազում էի նրա հետևից,
Մի պահ անգամ չեմ դադարել ես այսօր:
...
Ծամդ մի կապիր Շամս ալ -Դին Թաբրիզ,
Ձկան պես ծով ծամիդ մեջ լողացել եմ ես այսօր: