Գրքի հմայքը (51)
Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային աճն ու զարգացումը գնահատելու եղանակներից մեկը նրա ընթերցանության մակարդակն է և գիրք կարդալը։ Իրանն ունենալով մի քանի հազարամյա քաղաքակրթություն և գիտական, մշակութային կենտրոններ, մեծ գրադարաններ և հայտնի գիտնականներ, իր ուրույն տեղն ունի համաշխարհային մշակույթի ու քաղաքակրթության ասպարեզում։ Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք Իրանի ամենամեծ գրադարանային համալիրրին, որը կոչվում է Իրանի Ազգային գրադարան։
Իրանի Ազգային գրադարանը գիտահետազոտական կենտրոն է, որը հիմնադրվել է 1937 թվականին (իրանական 1316 թ.)։ 2002 թվականին Իրանի Ազգային գրադարանը և Ազգային արխիվը միավորվեցին մեկ միասնական կազմակերպական կառուցվածքի մեջ։
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային արխիվն ու գրադարանը, որպես անկախ կազմակերպություն, գտնվում է Իրանի նախագահահի գարսենյակի վերահսկողության ներքո և բացի Թեհրանից, մի քանի գրասենյակներ ունի Իրանի տարբեր նահանգներում։
Երաժշտական կարճ դադարից հետո, կանդրադառնանք Իրանի Ազգային գրադարանի ստեղծման պատմությանը:
----
Իրանի վարչական նոր կառույցներից շատերը, այդ թվում՝ Ազգային գրադարանը ստեղծվել են Նասեր ալ-Դին Շահ Ղաջարի օրոք։ Արքունիքում թագավորական գրադարանի հիմնումը և, դրանից ավելի կարևորը, 1827թ. (իրանական 1242թ.) Դար ալ-Ֆոնուն դպրոցում գրադարանի հիմնումը առաջին քայլերն էին Ազգային գրադարանի ստեղծման ուղղությամբ։ Ազգային գրադարանի կազմավորման հաջորդ փուլը Թեհրանում 1897 թվականին «Մոարեֆ» կրթական ընկերակցության բացումն էր, որը Դար ալ-Ֆոնուն գրադարանի կողքին կառուցեց շենք դպրոցների աշակերտների համար, որը կոչվում էր «Իրանի կրթության ազգային գրադարան», և որն արագացրեց Ազգային գրադարանի հիմնադրումը։ 1937 թվականի սեպտեմբերին Կրթական գրադարանի գրքերը տեղափոխվեցին Հին Իրանի թանգարանի հարեւանությամբ գտնվող նոր շենք, և պաշտոնապես բացվեց «Իրանի ազգային գրադարանը»։ Իրանի ազգային գրադարանի առաջին շենքը կառուցվել է Թեհրանի Սիե թիր անունով գեղեցիկ պողոտայում: Շենքը նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Անդրե Գոդարը:
1996 (1375 թ.) թվականին տեղի ունեցավ Իրանի ազգային գրադարանի նոր շենքի հիմնարկեքը, որի շինարարությունը տևեց մինչև 2004 թվականը։
Ազգային գրադարանի նոր մասնաշենքը նախագծված և կառուցված է այնպես, որ բացի կառավարման, աջակցության և կայանման բաժիններից նաև ունենա 8 կարևոր և մասնագիտացված գրադարաններ, որտեղ հնարավոր կլինի տեղավորել տեղեկատու և ոչ տեղեկատու գրքեր, ձեռագրերի և հազվագյուտ գրքերի հավաքածուներ: Ազգային գրադարանի նոր մասնաշենքը նաև տեխնոլոգիայի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին հարմարվելու հնարավորություն ունի:
Ազգային գրադարանի հիմնական հավաքածուն պահվում է նկուղում,գրքերի շտեմարանում,իսկ մնացած հավաքածուները և տեղեկատու աղբյուրները հասանելի են ընթերցասրահներում և շարաված են գրապահարաններում ։ Ժամանակակից սարքավորումների կիրառմամբ հնարավոր է գիրքը շտեմարաններից տեղափոխել ընթերցողներին տրամադրելու բաժիններ։ Այս շենքում կա 7 միլիոն գիրք։
Մոհսեն Միր Հեյդարն Իրանի ազգային գրադարանի ծրագրի ղեկավարն է եղել, իսկ Յուսեֆ Շարիաթզադեն՝ ճարտարապետական խմբի ղեկավարը։
Ազգային գրադարանի նոր մասնաշենքը շուրջ 97 հազար քառակուսի մետր մակերեսով կառուցված է ութ հարկերում: Այն դիմացկուն է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։ Շենքի նախագծման մեջ օգտագործվել են նախաիսլամական և հետիսլամական ճարտարապետական նախշեր։
Շենքը կառուցված է ուղղանկյուն լայն բետոնե հիմքի վրա, իսկ վերին հարկերի մակերեսն աստիճանաբար նվազելով ստացվել է զիկկուրատի** տեսքով շենք: Իսլամական կամարներն ու ճակատային քարտեզները հիշեցնում են այս շենքի իսլամական ճարտարապետության գեղեցկությունները: Շենքի բրգաձև կառուցվածքը չի սահմանափակվում շենքի հիմնական ծավալով և դրա շարունակությունը տարածվում է մինչև գետին:
Շենքի աստիճանաձև ձևը հնարավորություն է տվել լուսավորել ընթերցասրահները:
Այս շենքում գտնվում են մասնագիտացված ընթերցասրահները, որոնք են՝ Սոհրեվարդի դահլիճը, որը գտնվում է Ազգային գրադարանի շենքի արևմտյան մասում և առաջին հարկում ։ Այս դահլիճն Իրանի իսլամագիտության և իրանագիտության ամենամեծ համալիրներից է։ Այստեղ կարելի է տեսնել արտասահմանյան բուհերի գրքեր, ամսագրեր ու դիսերտացիաներ: Այս բաժնի աղբյուրները ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն են: Իհարկե կան նաև իտալերեն, լեհերեն, հնդկերեն, իսպաներեն, թուրքերեն, հունգարերեն և այլ լեզուներովաղբյուրներ: Սոհրեվարդի դահլիճում իրանագիտության բնագավառի ավելի քան 65 հազար գիրք կա։ Այս բաժնի ամենակարևոր գրքերը 400 անուն ուղեգրություններն են:
«Ռուդաքի» դահլիճը հաշմանդամների համար նախատեսված վայր է, որտեղ հաշմանդամերը կարող են անվասայլակով հանգիստ մուտք գործել։ Կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների համար նախատեսված դահլիճում տեղադրված են հատուկ սարքավորումներ:
Եվ Փարվին Էթեսամիի անվան դահլիճը, կանանց ուսումնասիրությունների մասնագիտացված դահլիճն է:
Մյուս դահլիճներն են՝ Յոթից մինչև 14 տարեկան տարիքային խմբի երեխաների և դեռահասների դահլիճը, Խաջե Նասիր ալ-Դին Թուսիի անվան դահլիճը, տարբեր լեզուներով փաստաթղթերի արխիվ և Քամալ Ալ-Մոլքի անվան դահլիճը, որտեղ տեղադրված են ոչ-գրքային աղբյուրներ, ինչպիսիք են թռուցիկներ, պաստառներ, տեսանյութեր, աուդիո ժապավեններ, գրքույկներ, լուսանկար, սլայդ, նեգատիվ, միկրոֆիլմ, օրացույց, բացիկ և քարտեզ:
---
Ազգային գրադարանի նպատակներից է արժեքավոր ձեռագրերի և հնագույն փաստաթղթերի հավաքագրումը, վերականգնումն ու պահպանումը։ Իրանի գրքի և վավերագրական ժառանգության թանգարանը նույնպես պարբերաբար ցուցադրում և ներկայացնում է այս արժեքավոր ստեղծագործություններից ու աղբյուրներից մի քանիսը: Պատմական, գիտական և մշակութային առիթները հաշվի առնելով, թանգարանի սեզոնային և թեմատիկ ցուցահանդեսներում ցուցադրվում արժեքավոր գործեր, այդ թվում՝ ոչ գրքային աղբյուրներ, ձեռագիր փաստաթղթեր, արվեստի գործեր և այլն:
Խարազմի դահլիճը գրքերի և ձեռագրերի, վիմագրերի և արժեքավոր գրքերի շտեմարան է։ Այս համալիրի գրքերի և ձեռագրերի մեծ մասը իրանցի մեծերի գրություններն են գրականության, պատմության, փիլիսոփայության , միստիկայի, իրավագիտության, բժշկության և աստղագիտության ոլորտներում, ինչպես նաև արտասահմանյան գրքերի առաջին պարսկերեն թարգմանությունների հավաքածուն և մեծ վարպետների գեղագրության նմուշները: Այս բաժնում հասանելի են մոտ 133 հազար տպագիր գիրք Իրանից և աշխարհի այլ մասերից։
Իբն Նադիմ դահլիճում պահվում են ընդհանուր աղբյուրներ ինչպիսիք են հանրագիտարանները, բառարանները, մատենագրությունները, ամփոփագրերը և թեմատիկ ցուցակները: Ռազմի կամ Գիտության ու տեխնոլոգիայի դահլիճը նվիրված է գիտության և տեխնոլոգիայի, ներառյալ մաթեմատիկայի, աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության, պալեոնտոլոգիայի, համակարգչային տեխնիկայի, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության վերաբերյալ գրքերին: Ավիցեննայի անվան դահլիճը նվիրված է հումանիտար գիտություններին։ Ֆարաբի դահլիճում հասանելի է հասարակական գիտությունների, կառավարման, քաղաքագիտության, իրավունքի, արվեստի, երաժշտության և ճարտարապետության վերաբերյալ գրքերի հավաքածու:
Տարվա բոլոր օրերին տարբեր խմբեր այցելում են Իրանի ազգային գրադարան։ Գրադարանը այս խմբերից յուրաքանչյուրի համար ունի հատուկ ծրագրեր՝ ելնելով նրանց կրթական մակարդակից, կարիքներից և ցանկություններից: Այս խմբերից են երեխաներն ու դեռահասները, ակադեմիկոսները, ադմինիստրատորները, մասնագետները, օտարերկրյա և հասարակական խմբերը:
Ազգային գրադարանին հարող գրավիչ վայրերից է Թեհրանի գրքի այգին, որն աշխարհի ամենամեծ գրախանութն է և հիանալի ու յուրօրինակ հավաքածու է տրամադրել գրքով ու ընթերցանությամբ հետաքրքրվողներին։ Այս համալիրում կան տարբեր բաժիններ երեխաների և դեռահասների համար: Թեհրանի գրքի այգում կա ռոբոտաշինության ակումբ, գիտության այգի, մշակութային ապրանքների խանութ, խաղասրահ, ռեստորան և այլն:
----
Մերձավոր Արևելքի ամենահին համալսարանը, Ջոնդիշապուրի անվան հիվանդանոցը և համանուն գրադարանը գտնվել են Ջոնդիշապուր քաղաքում, որն ունեցել է բարգավաճ տնտեսություն: Եվ այս բոլորի շնորհիվ Ջոնդիշապուրը հայտնի է դարձել։
Ջունդիշապուրը ժամանակին աշխարհի գիտական և բժշկական ամենամեծ կենտրոնն էր, և նրա սակավ մնացորդներն այսօր հանդիսանում են Իրանի հարավ-արևմտյան Խուզիստան նահանգի զբոսաշրջային վայրերից մեկը: Ջոնդիշապուր քաղաքը, որը հայտնի է նաև որպես Գոնդիշապուր, Սասանյանների ժամանակաշրջանի կարևորագույն քաղաքներից էր, որի շուրջն ամուր պաշտպանիչ պարիսպներ կային։ Այս քաղաքը կառուցվել է Սասանյան թագավոր Շապուր I-ի հրամանով մեր թվարկության երրորդ դարում։
Ջոնդիշապուրի եզակի առանձնահատկություններից էր քաղաքի կառուցման հետ միաժամանակ համալսարանի կառուցումը։ Ըստ պատմաբանների՝ Շապուր I-ի հրամանով տարբեր ճյուղերի գիտնականներ, հատկապես բժիշկներ, բերվել են Ջոնդիշապուր քաղաք, իսկ մյուս կողմից նրանք տարբեր լեզուներից պահլավերեն են թարգմանել բազմաթիվ հունական բժշկական գրքեր և դրանք հասանելի դարձրել համալսարաններին և ուսանողներին։
Մի քանի տարի է, ինչ Թեհրանում կառուցվել է Ջոնդիշապուրի անվան գրադարան, որը գտնվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ առևտրային համալիրներից մեկի կենտրոնում՝ Թեհրանի արևմուտքում: Թեհրանի Ջոնդիշապուր գրադարանն ունի մոտ 3300 քառակուսի մետր տարածք և գեղեցիկ բաժինների շնորհիվ, հայտնի է որպես այս համալիրի մշակութային սիրտ։ Այս գրադարանի դարակները պարունակում են շուրջ 70 հազար գիրք տարբեր ոլորտներից և մինչև առաստաղ ծածկված են տարբեր թեմաներով ու լեզուներով գրված գրքերով:
Ցավոք, գիրքն Իրան Մոլ համալիրի գրադարանից դուրս բերել դեռևս հնարավոր չէ։ Արդյունքում, այցելուների մեծ մասը գալիս է այս գրադարան ավելի շատ զվարճանալու և գրքերն ու համալիրը դիտելու համար: Ամեն ինչ շքեղ է ու գեղեցիկ։ Ջոնդիշապուրի անվան գրադարանի հիմնական տարածքը շատ ընդարձակ ուղղանկյուն դահլիճ է, որտեղ փռված է Քաշանի 350 մետրանոց նրբագեղ ձեռագործ գորգը։
Դահլիճի շուրջը չորս հոգանոց փոքրիկ սեղաններ են դրված, որպեսզի այցելուները կարողանան նստել իրենց ընկերների ու հարազատների հետ սեղանի շուրջ և կարդալ իրենց սիրելի գիրքը: Դահլիճում կան նաև մեկ տեղանոց բազկաթոռներ, որոնք թույլ են տալիս միայնակ վայելել գրքի ընթերցում: Իհարկե, այս ամենը գրադարանի գեղեցիկ և աչք շոյող ճարտարապետության հետ մեկտեղ այս վայրը գրավիչ է դարձնում քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։
---
**Զիկկուրատ նշանակում է «բարձունք» կամ «լեռան գագաթ» բազմաստիճան պաշտամունքային կառույց Հին Միջագետքում, որը տիպիկ էր շումերական, ասորական, բաբելոնյան և էլամյան ճարտարապետության համար։ Աշխարհում պահպանված ամենամեծ զիկկուրատը Իրանի Խուզեստան նահանգում գտնվող Չողա Զանբիլ զիկկուրատն է, որը գրանցված է Համաշխարհային ժառանգության ցանկում։