Ընտելանանք (19)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքն ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է փոխել ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ողջույն, սիրելի ունկնդիրներ։ Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք զույգերի հաղորդակցման հմտությունների մասին: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք երեխաների հաղորդակցման հմտություններին։ Մնացեք մեզ հետ։
Երեխաների հաղորդակցման հմտություններն այն հմտություններն են, որոնք կազմում են երեխաների սոցիալական հաջող հարաբերությունների հիմքը և հանգեցնում մարդկանց միջև ընկերական և մտերիմ հարաբերությունների ձևավորմանը: Այս հմտությունները սովորելը կարևոր է երեխաների համար, քանի որ դրանք օգնում են նրանց ձեռք բերել ինքնավստահություն և իրենց զգալ կարևոր և սիրված՝ երբ մտնում են հասարակություն և ծանոթանում իրենց հասակակիցների հետ: Երեխաների մեծամասնությունը պետք է իմանա պարզ և համապատասխան մեթոդներ ՝ հարազատների հետ շփվելու համար։ Նրանցից ոմանք կարող են երկար խաղալ և աշխատել միասին, բայց չեն կարողանում ակտիվ հարաբերություններ հաստատել միմյանց հետ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է երեխաներին և դեռահասներին հաղորդակցման հմտություններ սովորեցնել։
---
Երեխաների հաղորդակցման հմտությունները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման հմտություններ։ Մարմնի լեզուն և տեսողական կապը երեխաների ոչ խոսքային հաղորդակցման հմտություններից են և ներառում են ժեստերը, ձեռքերի և ոտքերի շարժումները, նստելը կամ կանգնելը, դեմքի արտահայտությունը, գլխի շարժումը և արտաքին տեսքը: Տեսողական կապը ցույց է տալիս ցանկություն և հետաքրքրություն զրույցի նկատմամբ: Բարևելը, ինքն իրեն ներկայացնելը և զրույց սկսելը երեխաների խոսքային հաղորդակցման հմտություններից են։
Երեխաների մեծամասնությունը շփվում է ընկերների և հասակակիցների հետ՝ օգտագործելով այնպիսի բառեր, ինչպիսիք են բարևելը, դեմքի արտահայտության փոխելը, ձայնի տոնայնությունը, նստելու կամ կանգնելու ձևը: Կարևոր չէ, թե ինչ խոսքեր են ասում միմյանց բարևելիս, կարևորն այն է, որ միմյանց ողջունեն ուրախ և ընկալունակ տոնով ու դեմքով։ Սովորաբար, երեխաները ներկայանում են իրենց առաջին հանդիպման ժամանակ և փորձում են ցույց տալ իրենց հետաքրքրությունն ու շփվելու ցանկությունը՝ կանչելով միմյանց անունները:
Այս փուլերն անցնելուց հետո անհրաժեշտ է, որ երեխաներից մեկը մոտենա ընկերոջը և հետաքրքիր թեմա առաջ քաշի խոսելու համար։ Երբեմն պատահում է, որ երեխաները չեն կարողանում խոսելու թեմա գտնել: Նման իրավիճակներում նրանք կարող են պարզ հարց տալ վերջերս կատարած իրենց աշխատանքի և գործունեության մասին։ Զրույցի սկզբում անհրաժեշտ է երկուսի համար էլ հետաքրքիր և գրավիչ թեմա առաջ քաշել, որպեսզի նրանք խրախուսվեն միմյանց հետ զրուցելու համար։

Կարևոր է զարգացնել երեխաների հաղորդակցման հմտությունները, քանի որ, անկասկած, այն երեխաները, ովքեր ունեն մտերիմ և կարեկից ընկերներ, ավելի երջանիկ, ավելի հաջողակ են, քան պասիվ և մեկուսացված երեխաները: Որովհետև նրանք կարող են միմյանց հետ կիսվել իրենց կարծիքներով, երազանքներով, արկածներով, հաջողություններով և նույնիսկ անհաջողություններով և հաճույք ստանալ միմյանց կողքին լինելուց: Երեխաները, ովքեր չեն կարողանում հեշտությամբ իրենց համար մտերիմ ընկեր ընտրել, ստիպված են միշտ մենակ կանգնել մի անկյունում և դիտել մյուս հասակակիցների խաղը։
Հետևաբար, երեխաներին հաղորդակցման հմտությունների ուսուցումը պետք է ներառել այլ ուսուցումների շարքում, որոնք ծնողները պետք է պլանավորեն: Որովհետև երեխաների առաջին ծանոթությունները իրենց հասակակիցների հետ խորը ազդեցություն են ունենում նրանց սոցիալական հարաբերությունների վրա: Այդ նպատակով, երաժշտական կարճ դադարից հետո, կանդրադառնանք երեխաներին հաղորդակցման հմտություններ սովորեցնելու որոշ մեթոդների։
---
Երբ ձեր երեխան խոսում է որևէ մեկի հետ, խրախուսեք նրան նայել դիմացինի աչքերի մեջ և խոսել նրա հետ՝ արդյունավետ հաղորդակցվելու և ինքնավստահությունը զարգացնելու համար: Անհրաժեշտ է նաև թույլ տալ ձեր երեխային ունենալ տարբեր զգացումներ: Այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են ուրախությունը, զայրույթը, հուսահատությունը, հուզմունքը, չարաճճիությունը, տարօրինակությունը, նյարդայնությունը, հոգնածությունը, սարսափը, վտանգը և այլն: Երեխաներին զգացմունքների մասին սովորեցնելիս շատ կարևոր է, որ դուք նաև պատմեք ձեր երեխային, թե ինչն է ձեզ ուրախացրել կամ անհանգստացրել, այնպես որ, երբ նա իրեն վատ է պահում, մենք պետք է լուրջ լինենք և ասենք, որ նեղված ենք:

Ձեր երեխան պետք է սովորի արտահայտել իր զգացմունքները թե՛ խոսքային և թե՛ ոչ խոսքային եղանակով, շփվել այլ մարդկանց հետ և արձագանքել սոցիալական խթաններին: Օգնեք ձեր երեխաներին սովորել պատշաճ ողջույններ և պատասխաններ: Երեխաներն օգնության և առաջնորդության կարիք ունեն՝ ուրիշների հետ ճիշտ շփվելու, ամաչկոտությունը հաղթահարելու, արձագանքները կառավարելու և զգացմունքները պատշաճ կերպով արտահայտելու համար: Ձեր երեխաները պետք է իմանան, որ նրանք ազատ են՝ խոսելու, հարցեր տալու և արտահայտելու իրենց կարիքները, ցանկությունները, կարծիքներն ու գաղափարները:
Միայնակ երեխան կարող է դժվարությամբ շփվել աշխարհի հետ: Ուղեկցեք ձեր երեխային և հնարավորություն տվեք նրան գտնվել տարբեր իրավիճակներում և առերեսվել տարբեր մարդկանց հետ: Ժամանցային պարապմունքները, խաղահրապարակները, զբոսայգիները և սպորտային միջոցառումները և այլն, նրանց շփվելու հնարավորություն են տալիս։ Երբ երեխաները շփվում են այլ երեխաների կամ մեծահասակների հետ, նրանք զարգացնում են մի շարք միջանձնային հմտություններ, որոնք հիմնական նշանակություն ունեն նրանց անհատականության համար:
Այն երեխաները, որոնք առանց վախի շփվում և արտահայտում են իրենց զգացմունքները, հասուն տարիքում ավելի լավ են կարողանում դիմագրավել բարդ իրավիճակները: Թույլ տվեք ձեր երեխաներին պահպանել լավ հաղորդակցման ուղիները և զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են երկխոսությունը, խնդիրների լուծումը, ոչ խոսքային հաղորդակցությունը, հաստատակամությունը, սակարկելը և հրապարակային ելույթը:
Քանի որ ծնողները երեխայի առաջին ուսուցիչն են տարբեր հմտություններ սովորելու հարցում, նրանք պետք է կարողանան տարբեր հմտություններ սովորեցնել իրենց երեխային, որպեսզի երեխան կարողանա տարբեր միջավայրերում օգտվել այդ հմտություններից: Որոշ միջոցների իմացությունը կօգնի զարգացնել ձեր երեխայի հաղորդակցման հմտությունները: Այդ միջոցներից մեկը երեխային բավարար հնարավորություններ տալն է: Որոշ ծնողներ սովորություն ունեն խոսել նախքան դիմացինի խոսքը ավարտելը: 5-ից 10 վայրկյան սպասելու կանոնի օգտագործումը լավ միջոց է՝ ձեր երեխային մտածելու և արձագանքելու բավական ժամանակ տալու համար:

Հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ այն հանգամանքին, որ պետք չէ շատ ուղղել երեխայի սխալները։ Երեխային որպես լիարժեք զրուցակից ընդունելը ևս մեկ հմտություն է, որը ծնողները պետք է սովորեն: Երբ խոսում եք ձեր երեխայի հետ, նայեք նրանց աչքերին և սպասեք, որ նա պատասխանի։ Քանի որ երեխաները ընդօրինակում են իրենց ծնողներին, ձեր խոսելու և շփվելու ձևը կարող է օրինակ դառնալ ձեր երեխայի համար: Մեր օրերում ծնողների մեծամասնությունը հեռուստացույցն օգտագործում է որպես երեխաներին զվարճացնելու միջոց, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց զբաղված գրաֆիկին։ Խորհուրդ է տրվում սահմանափակել հեռուստացույցի միացման ժամանակը:
Ինքնաբուխ խաղերը, հասակակիցների կամ մեծահասակների հետ շփումը լավ հնարավորություններ են երեխաների հաղորդակցման հմտությունները զարգացնելու համար: Երբ դուք գիրք եք կարդում ձեր երեխայի համար, կարող եք ցույց տալ նրան գրքի նկարները, բացատրել նկարների մասին և խրախուսել նրան խոսել ձեզ հետ: Սա կզարգացնի երեխայի երեւակայությունը և կնպաստի լեզվի կառուցվածքներին, նախադասություններին ու բառերին ծանոթանալուն : Տվեք երեխաներին հարցեր: Այս երկար հարց ու պատասխանները կստիպեն ձեր երեխային մտածել և տրամաբանել:

Անհրաժեշտ է նաև կրկնել բառերն ու արտահայտությունները, հատկապես, երբ ձեր երեխան փոքր է։ Սովորելու գաղտնիքը կրկնությունն է, և այսպես երեխաները կարող են բարելավել իրենց արտահայտվելու և հաղորդակցման հմտությունները: Նաև, երբ ցանկանում եք որոշում կայացնել երեխայի վերաբերյալ կամ զգուշացնել նրան իր թույլ տված սխալի մասին, ժամանակ տրամադրեք նրա հետ զրուցելու համար և հարցրեք նրա տեսակետը: Ապա եզրակացություն արեք՝ նշելով պատճառը։ Այս կետը պահպանելը մեծ համբերություն է պահանջում, բայց դա երկարաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն կունենա, քանի որ բացի նրա արտահայտությունը ուժեղացնելուց, այն արդյունավետ է տրամաբանելու, քննարկելու, կարեկցելու և այլ սոցիալական հմտությունների ձևավորման համար:
Անհրաժեշտ է նաև, որ դեռահասների ծնողները տեղյակ լինեն դեռահասների հաղորդակցման հմտությունների մասին և սովորեցնեն նրանց, քանի որ դա մեծ ազդեցություն է ունենում նրանց հետ ձեր հարաբերությունների որակի վրա։ Օրինակ՝ ունենալ ակտիվ լսելու հմտություն, որը թույլ է տալիս ոչ միայն լսել մարդկանց ասած խոսքերը, այլև հասկանալ այն զգացմունքները, որոնք նրանք արտացոլում են իրենց ոչ խոսքային վարքագծի միջոցով: Այս երկուսն էլ կարևոր են փոխանցվող ընդհանուր ուղերձն հասկանալու համար: Այս հմտությունը բարդ է և պետք է վարժություններ արվեն։
Ինքնավստահությունը հարաբերության ոճ է, որը բնութագրվում է սեփական կարծիքը, զգացմունքները կամ համոզմունքները ուղղակիորեն և վստահորեն արտահայտելու ունակությամբ՝ հարգելով ուրիշների իրավունքները և սոցիալական իրավիճակները: Համարձակությունն ազդում է մարդու ինքնագնահատականի և ինքնավստահության վրա, ուստի կասկած չկա, որ համարձակության վարժություն անելը շատ օգտակար է դեռահասների համար։ Դա բարդ հմտություն է, որը կարելի է ձեռք բերել մասնագետի կողմից ներկայացվող վարժությունների միջոցով: Ինքնավստահությունը կարելի է սովորեցնել տանը և դպրոցում պարզ վարժությունների միջոցով: Թերևս, ամենակարևորը դեռահասներին վստահեցնելն է, որ վատ բան չկա իրենց իրավունքները պահանջելու, հարցեր տալու, զրույցը սկսելու և իրենց կարծիքն ու զգացմունքները հայտնելու մեջ: Ոչ մի վատ բան չկա ուրիշներին հարգալից կերպով ոչ ասելու մեջ:

Մեկ այլ կարևոր ուսուցում այս ոլորտում էմոցիոնալ ինքնագիտակցության պրակտիկան է: Հասկանալ, թե ինչու մենք ունենք հատուկ զգացմունքային մոտեցում, և իմանալ, թե ինչպես կառավարել այդ հույզերը, լինի դա ինքնամոտիվացիա, ուրիշների զգացմունքները ճանաչելու կարողություն, թե կարեկցանք: Այս բոլորը մեր կյանքի տարբեր ոլորտներում հաջողության և երջանկության բանալին են: Միշտ էլ շատ կարևոր է արտահայտվելու ձևը։ Մարդու վարքագծի ոչ խոսքային ասպեկտներում պետք է ուշադրություն դարձնենք տեսողական կապին, ձայնի տոնայնությանը, դեմքի արտահայտություններին, ժեստերին, սոցիալական հեռավորությանը, մարմնի լեզվին։
Հարգելի բարեկման շնորհակալություն մեզ ուղեկցելու համար։ մնացեք խաղաղությամբ։