Արհեստական բանականություն. Մարդկության զարգացո՞ւմ, թե՝ սպառնալիք  մարդկության համար
https://parstoday.ir/hy/radio/world-i199008-Արհեստական_բանականություն._Մարդկության_զարգացո_ւմ_թե_սպառնալիք_մարդկության_համար
Արհեստական բանականության մասին այսօր շատ է խոսվում: Թեև դեռևս գոյություն չունի արհեստական բանականության հստակ սահմանում, սակայն որոշ շրջանակներ այն համարում են հնարավորություն մարդկության համար, մյուսները՝ սպառնալիք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2023 08:01 Asia/Tehran

Արհեստական բանականության մասին այսօր շատ է խոսվում: Թեև դեռևս գոյություն չունի արհեստական բանականության հստակ սահմանում, սակայն որոշ շրջանակներ այն համարում են հնարավորություն մարդկության համար, մյուսները՝ սպառնալիք:

Արհեստական բանականությունը համակարգչային գիտության բաժին է, որի նպատակն է  արտադրել մեքենաներ, որոնց աշխատանքի համար պահանջվում է մարդկային միտք:Արհեստական բանակությունը սկիզբ է դրել մի դարաշրջանի, որտեղ մարդիկ իրենց մտքերը միաձուլում են ռոբոտների հետ: Արհեստական բանականությունը ծրագրված է այնպես, որ մտածի մարդու նման և կարողանա ընդօրինակել մարդու վարքագիծը:

Արհեստական ինտելեկտն ունի երեք մակարդակ, կախված նրանից, թե ինչպես է այն ընկալում արտաքին աշխարհը և ինչպես է արձագանքում իր ընկալածին: 

Ըստ այդմ արհեստական բանականությունը կարող է լինել սահմանափակ, ընդհանուր և գերարհեստական:

1. Սահմանափակ արհեստական բանականություն

Սահմանափակ արհեստական բանականությունն  ի հայտ է եկել շատ ավելի վաղ, քան  մյուս տեսակնեըը: Այսօր կան սահմանփակ բանականության բազմաթիվ օրինակներ: Երբ մենք խոսում ենք սահմանափակ արհեստական ​​բանականության մասին, նկատի ունենք խելացի համակարգեր, որոնք սահմանված խնդիրը կատարում են մարդուց ավելի լավ: Օրինակ՝ խելացի համակարգ, որը կարող է խոսքն ավտոմատ կերպով վերածել տեքստի, դեմքի ճանաչման համակարգեր, որոնք կարող են ճանաչել մարդու ինքնությունը նույնիսկ ամբոխի մեջ,  ինքնակառավարվող մեքենաներ, որոնք ընթանում են արհեստական բանականության օգնությամբ և հետախուզական համակարգեր, որոնք օգնում են ֆինանսական գործընթացներին բանկերում և այլ ֆինանսական գործարքների ժամանակ:

2. Ընդհանուր արհեստական բանականանություն

Ընդհանուր արհեստական ​​բանականությունը վերաբերում է մեքենային, որը կարող է հասկանալ իր շրջապատող աշխարհը մարդու նման և կարող է կատարել այն գործողություններն ու առաջադրանքները, որոնք սովորաբար անում է մարդը: Ներկայումս այս տեսակը գոյություն չունի, սակայն դրա օրինակները կարող ենք տեսնել մարտաֆիլմերում: Նման մեքենան կարող է առանց մարդու օգնության կատարել բոլոր այն խնդիրները, որոնք ժամանակին հանձնարարված էին մարդկանց: Ժամանակի ընթացքում ընդհանուր արհեստական ​​բանականությամբ օժտված ավելի շատ մեքենաներ կարող են լրացնել մարդկանց տեղը շատ ոլորտներում: Ընդհանուր արհեստական բանականությունը կարող է մարդկությանը օգնել լուծել մեծ թվով խնդիրներ, ինչպիսին է օրինակ կլիմայի փոփոխությունը: Բանականության այս տեսակի օգնությամբ կարելի է կատարել սովորական առաջադրանքներից մինչև շատ կարևոր և վտանգավոր առաջադրանքներ: Դա կարող է լինել մեքենա վարելը, խելացի անձնական օգնականը՝ օգտատիրոջ բոլոր կարիքները հասկանալու ունակությամբ, բժշկի օգնականը,  հիվանդությունների ախտորոշման համակարգը և այլն:

Ընդհանուր արհեստական բանականության համակարգերը կարող են լավագույնս կատարել սովորական առաջադրանքներից մինչև շատ կարևոր և վտանգավոր առաջադրանքներ:

3. Սուպեր արհեստական բանականություն

Այս տերմինը կիրառվում է արհեստական բանականության այն տեսակը բնութագրելու համար, որը գերազանցում է մարդկային բանականության և հասկացողության մակարդակը և կարելի է համարել գերմարդկային բանականություն: Գերարհեստական բանականությունն այս պահին գոյություն չունի և դրան հասնելու ժամանակը նույնպես պարզ չէ:  Պարզ չէ նաև թե ինչ խնդիր է լուծելու բանականության այս տեսակը: Եվ արդյոք այն մարդկության համար կդառնա հնարավորությո՞ւն, թե՝ սպառնալիք: Փորձագետների կարծիքներն այս հարցում տարբեր են: Արհեստական ​​ բանականության  այս մակարդակին հասնելու համար խելացի համակարգը պետք է անցնի Թյուրինգի թեստը: Մինչ այժմ որևէ մեքենա չի հասել  չափահաս մարդու ըմբռնման և բանականության մակարդակին, որպեսզի անցնի այս թեստը:

ChatGPT-ն արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված չատբոտ է, որը կարող է պատասխանել ցանկացած հարցի: ChatGPT-ն կարող է հասկանալ բարդ թեմաներին վերաբերող հարցեր,  ինչպիսիք են ֆիզիկան, մաթեմատիկան և ծրագրավորումը:

ChatGPT-ն կարող է լուծել ակադեմիական մակարդակի բարդ խնդիրներ, ստեղծել բլոգի բովանդակություն, գրել երգի բառեր, ստեղծել HTML էջեր և այլն: Այս ծրագիրը կարող է ձեզ հետ զրուցել հասուն մարդու նման  և քննարկել պատմության, փիլիսոփայության, մշակույթի և այլ թեմաների հետ կապված հարցեր: Այն կարող է արտադրել նաև ձեր սիրելի երգչի երգի բառերը և օգնել գրել կոդ:

Այսօր շատերը ChatGPT-ն օգտագործում են Instagram-ի ենթագրերը, ակադեմիական փաստաթղթերը կամ նույնիսկ բիզնես առաջարկները գրելու համար: Մի շարք լրագրողներ նույնպես օգտվում են այս չատից լուրեր պատրաստելու համար, այնուհետև մեկ այլ տեխնմոլոգիայի միջոով տեքստն այնպես փոխում, որ հնարավոր չէ հասկանալ արդյոք այն գրվել է մարդո՞ւ թե՝ ռոբոտի կողմից:

Արհեստական բանականություն. Սպառնալի՞ք, թե՝ հնարավորություն

Չնայած արհեստական բանականությունն օրեցօր ավելի նոր ծառայություններ է մատուցում մարդկությանը, սակայն ավելանում են նաև մտահոգություններն այն մասին, որ դրա ազդեցությունը մարդկության ապագայի վրա կարող է լինել բացասական:

Վերջերս 1100 հետազոտողներ և փորձագետներ, այդ թվում՝ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, նախազգուշացրել են արհեստական ​​ինտելեկտի չափից ավելի օգտագործման կապակցությամբ  և ասել, որ գերարհեստական ​​ինտելեկտը կարող է լայնածավալ փոփոխություններ մտցնել մարդկային նորմալ  կյանքում։

Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ուիլյամ Հեյգը  The Times of England-ում հրապարակված հոդվածում այս կապակցությամբ գրել է. «Աշխարհը պետք է հետևի արհեստական ​​ինտելեկտի հետ կապված զարգացումների արագությանը։ ChatGPT  տեխնոլոգիան այժմ նման է ուրանի հարստացման գաղափարին, որը սկիզբ դրեց միջուկային մրցավազքին: Այն, ինչ հիմա տեղի է ունենում արհեստական ​​բանականության զարգացման համար ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև լարվածության արդյունքում, վտանգ է մարդկության համար»։

Նա նշել է, որ արհեստական ինտելեկտը կփոխի պատերազմների տեսակը, աշխարհաքաղաքականությունը և կսկսվի նոր դարաշարջան, որտեղ մարդիկ իրենց մտքերը միաձուլում են ռոբոտների հետ:

Այս փոփոխությունների հետ ապրելը մարդկանց ու քաղաքական համակարգերի համար լուրջ խնդիրներ կստեղծի:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը զգուշացրել էր, որ արհեստական ​​բանականության  ոլորտում վերջին առաջընթացը լուրջ սպառնալիք է մարդու իրավունքների համար, և արդյունքում վտանգված են  մարդու արժանապատվությունն ու բոլոր իրավունքները։

Այնուամենայնիվ, արհեստական բանականությունը շատ օգտակար է բազմաթիվ դեպքերում երբ մարդիկ ի վիճակի չեն կատարել որևէ գործ, օրինակ՝ ռոբոտների կողմից իրականացվող որոշ վիրահատություններ կամ մարդկանց փոխարեն որոշ վայրեր մուտք գործելը: Հետևաբար, անհրաժեշտ է որոշել արհեստական  բանականության  կիրառման էթիկական շրջանակը և սահմանը, որպեսզի այն չկարողանա մարդկությանը տանել դեպի կործանում: