Նորություններ (81)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։
Այս հաղորդումը կսկսենք տեխնոլոգիական ոլորտին վերաբերող հոդվածով:

Թեհրանի համալսարանի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտնականները նախագծել են ձիթապտղի յուղի որակի չափման արդյունավետ սարք, որն աշխատում է ճշգրիտ և էկոլոգիապես մաքուր մեթոդով: Սարքը ձիթապտղի յուղի որակը որոշում է մի քանի րոպեից պակաս ժամանակում:
Հետազոտող խմբի ղեկավարը նշում է, որ ձիթապղտի յուղի շուկայում առկա են բազմաթիվ խարդախություններ, որոնք կարող են ոչ միայն նյութական կորուստների պատճառ դառնալ, այլ նաև վտանգել մարդկանց կյանքը՝ թունավորումների պատճառով:
Սովորաբար արտադրողները ձիթպտղի բարձրորակ ձեթին ավելացնում են ավելի ցածր որակ ունեցող ձեթ, սակայն այնպես, որ որակի փոփոխությունը չի զգացվում:
Հետևաբար ձիթապտղի ձեթում այլ ձեթի առկայութունը հայտնաբերելը հեշտ չէ, իսկ մեթոդները ժամանակատար են ու թանկ:
Իսկ իրանցի մասնագետների կողմից նախագծված սարքը զանգվածային արտադրության դեպքում կարող է բավարարել սննդի տեսուչների և գնորդների կարիքները՝ պարզելու ձիթապտղի յուղի մաքրությունն ավելի կարճ ժամանակում և ավելի ցածր գնով։
Հետազոտող խմբի ղեկավարի խոսքով՝ սարքն աշխատում է համատեղելով ուլտրաձայնային և էլեկտրոնային մեթոդները և բարձր ճշգրտությամբ որոշում է յուղի մաքրությունը։ Ուլտրաձայնային համակարգում օգտագործվում են երկու մեգահերց ուլտրաձայնային հաղորդիչ և ընդունիչ զոնդեր, որոնք համեմատում են տարբեր նմուշների բնութագրերը:
Էլեկտրոնային համակարգում օգտագործվում են ութ մետաղական օքսիդ կիսահաղորդչային սենսորներ, որոնցից յուրաքանչյուրը արձագանքում է ձիթապտղի յուղի հոտի որոշակի սպեկտրին:
Թեհրանի համալսարանի դոցենտի խոսքով՝ հետազոտության ընթացքում երկու համակարգերի համակցված տվյալները վերլուծվել են տարբեր տեսակի ալգորիթմներով, ինչպիսին է արհեստական նեյրոնային ցանցը: Երկու համակարգերի միաժամանակյա օգտագործումը վերացնում է թույլ կողմերը և բարձրացնում ձիթապտղի յուղի որակի հայտնաբերման ճշգրտությունը մինչև 95%:
Այս համակցված համակարգը ստացել է Իրանի գիտական և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության արտոնագիրը և գիտական ստուգման վկայագիրը և աննշան փոփոխությունների դեպքում այն կարող է օգտագործվել նաև կեղծված սննդամթերքի հայտնաբերման և ձիթապտղի յուղից բացի այլ սննդամթերքի որակը որոշելու համար:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են գիտահետազոտական նվաճումների, տեխնոլոգիաների շուկայական և հեղինակավոր ազգային և միջազգային կոնֆերանսների ցուցահանդեսում, ինչպես նաև Elsevier, Springer, Wiley, Food Chemistry, ood Science & Nutrition, Food Analytical Methods, Journal of Food Science and Technology և Agricultural Machinery Journal ամսագրերում:
Պարոդոնտիտն ամենատարածված բորբոքային հիվանդություններից է, որն ուղեկցվում է քրոնիկական բորբոքմամբ և ատամների շուրջ հյուսվածքների քայքայմամբ։ Հիվանդությունն առաջացնում են հիմնականում գրամ-բացասական բակտերիաները:
Ծանր պարոդոնտիտով տառապում է աշխարհի բնակչության մոտավորապես տասնմեկ տոկոսը: Այն վեցերորդ ամենատարածված հիվանդությունն է մարդկանց շրջանում: Այս հիվանդությունը անդառնալի վնաս է հասցնում ատամը պահող հյուսվածքներին, այդ թվում՝ պարոդոնտալ կապանին, ալվեոլային ոսկորին և ցեմենտոբլաստային բջիջներին, ինչը կարող է հանգեցնել ատամների վաղաժամ կորստի։
Չնայած բուժումներին՝ ատամը շրջապատող շարակցական հյուսվածքն անհնար է ամբողջությամբ վերականգնել, հատկապես այն դեպքերում, երբ առկա են պարոդոնտալ հյուսվածքի զգալի շեղումներ։ Թեև կորցրած ատամները կարող են փոխարինվել իմպլանտներով, այնուամենայնիվ, կան խնդիրներ, ինչպիսիք են ոսկրի որակը և քանակը և դրա ամբողջականությունը իմպլանտի տեղում: Մարդու գագաթային պապիլայի առաջնային ցողունային բջիջների ցեմենտոբլաստային բջիջները կարող են օգնել խնդրի լուծմանը:
Այդ մեթոդի ուսումնասիրությամբ զբաղվել են Իսլամական Ազատ համալսարանի, Համեդանի բժշկական գիտությունների համալսարանի և Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ալկալային ֆոսֆատազի ակտիվությունը և կալցիումի նստվածքը զգալիորեն աճել են տարբերակված բջիջներում:
Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարբերակման միկրոմիջավայրը հարմար է գագաթային պապիլայի ցողունային բջիջները դեպի ցեմենտոբլաստ բջիջներ ուղղելու համար: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Procedures Online միջազգային պարբերականում։

Ռեժիսոր Ալի Աթշանիի «Թղթե երազանք» ֆիլմը, որը ֆինանսավորվել և արտադրվել է Սադրա Դորուդյան Հոմայունիի և Քասրա Դորուդյան Հոմայունիի կողմից, արժանացել է Հունգարիայի «Սև գլխարկ» 43-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:
Փառատոնին ներկայացվում են ամբողջ աշխարհից ֆիլմեր, նպատակ ունենալով բացահայտել նոր տաղանդավոր կինոգործիչներին՝ անկախ տարիքից և ֆիլմի թեմայից: Փառատոնի նպատակն է ցուցադրել և աջակցել այն ստեղծագործություններին, որոնք ցույց են տալիս կինոգործչի իրական ներուժը, և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ստեղծագործողները ստիպված չեն լինի անհանգստանալ Հոլիվուդի ստեղծած չափանիշներով:
Հունգարական փառատոնը մրցանակներ է շնորհում «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն անիմացիա», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն փորձարարական ֆիլմ», «Լավագույն երաժշտական տեսահոլովակ», «Լավագույն գիտաֆանտաստիկ-ֆանտաստիկ ֆիլմ», «Լավագույն սարսափ ֆիլմ», «Լավագույն դրամատիկ ֆիլմ», «Լավագույն կատակերգություն», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ երգ», «Լավագույն ձայնային ձևավորում», «Լավագույն հատուկ էֆեկտներ», «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում։
Սցենարը գրել է Ջաբեր Ղասեմ Ալին՝ հիմնվելով Ալի Աթշանիի գաղափարի վրա, իսկ Քամրան Թաֆթին, Մինա Վահիդը, Զեյնաբ Մելաքին և Ամիր Հոսեյն Ռեզազադեն խաղացել են ֆիլմի գլխավոր դերերը։

Միջազգային փառատոներում փայլել է իրանական մեկ այլ ֆիլմ՝ Մորթեզա Ֆաթեմիի «Անմայր» ֆիլմը: Սա ռեժիսորի առաջին աշխատանքն է: Ֆիլմի պրոդյուսերներն են Մոհամմադ Ռեզա Մեսբահին և Ալի Օջին: «Բենգալուրո 14-րդ միջազգային կինոփառատոնում» այն արժանացել է Ասիայի բաժնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Այս մրցանակը համատեղ շնորհվել է Իրանից «Անմայր» և Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակի դափնեկիր Կամիլա Էն Դինիի «Առաջ, հիմա և հետո» ֆիլմերին։
Բենգալուրոյի միջազգային կինոփառատոնը, որն անցկացվել է մարտի 22-ից 30-ը, FIAPF-ի ուշադրության կենտրոնում գտնվող միջազգային մրցութային փառատոներից է, որը հիմնականում կենտրոնացած է ասիական ֆիլմերի ցուցադրության վրա։ Այս շրջանում թատերական բաժնում ցուցադրվել են «Ամեն ինչ, ամենուր և միանգամից», «Արգենտինա 1985», Դարրեն Արոնոֆսկու «Կետ» և «Լեյլայի եղբայրներ» ֆիլմերը։
Մրցութային բաժնում ներկայացված էին տասնչորս ֆիլմեր, այդ թվում՝ «Երրորդ համաշխարհային պատերազմ», «Շահրբանու» և «Անմայր» ֆիլմերն Իրանից։ Այս ֆիլմում խաղացել են Ամիր Աղային, Միթրա Հաջարը, Փեյման Ջամշիդին, Փարդիս Փուր Աբեդինին, Ալի Օջին, Բիթա Ազիզը, Սառա Մոհամմադին և Ֆաթեմեհ Միրզային։
