Փոդքասթ․Նոր պատուհան(Մաս 11-րդ՝դատարկ շիշը )
Այսօր շշալցված ջրի օգտագործումը մեր առօրյայում դարձել է սովորություն։ Այն տարածում է այնպիսի կենսակերպ, որի արդյունքը միմիայն լինելու է ոչ միայն շրջակա միջավայրի ոչնչացումը, այլև մարդու օրգանիզմին հասցվող վնասը:
Հանուն Աստծո
Նոր լուսամուտ
Հեղինակ՝ Աթեֆե Մուսավյան
Մաս 11-րդ՝ դատարկ շիշը
1866 թվականին Հենրի Նեստլեն ինչ-որ քանակությամբ կովի կաթ, հացի փշրանքներ և շաքարավազ միախառնելուց հետո, իրեն անվանեց կաթի փոշու գյուտարար։ Կաթի փոշին փոխարինեց կրծքի կաթին և երեխաների համար դարձավ պատուհաս։ Այնուհետև սննդի արդյունաբերության այս հսկան ձեռքը դրեց մոլորակի ամենակարևոր ռեսուրսներից մեկի՝ ջրի վրա։ Այն, ինչ սկզբում դժվար էր թվում որպես ապրանք դիտարկել, բայց այսօր «ջուրը ապրանք է գնման համար» արտահայտությունը միանգամայն հասկանալի է եվրոպական երկրներում և, իհարկե, շատ ասիական երկրներում ապրող մարդկանց համար: Մարդիկ, ովքեր հասարակական վայրերում ծարավելու դեպքում հանքային ջուր գնելուց բացի այլ ելք չունեն։
Այսօր վիճակագրական ընդհանուր տվյալները վկայում են՝ հանքային ջրի ընկերությունների և մասնավորապես Nestlé-ի հաջողությունների մասին։ Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքում պարզվել է, որ սպառողների 56%-ը խմելու համար օգտագործում է հանքային ջուր՝ համի, իսկ 55%-ը՝ հարմարության պատճառով: Երեք սպառողից մեկը նաև որպես ըմպելիք է ընտրում հանքային ջուրը, քանի որ վստահում է դրա բուժիչ հատկություններին և դրա աղբյուրին, սակայն այն միտքը, որ հանքային ջուրն ունի մեծ որակ և առողջապահական օգուտներ, կասկածելի է: Այսօր ԱՄՆ-ում, Եվրոպայում և Հնդկաստանում անցկացված իրարահաջորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքային ջուրը շատ ավելի առողջարար և մաքուր չէ, քան ծորակի ջուրը։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հանքային ջրի օգագործումը դարձել համատարած։
-----------
Դարեր շարունակ սովորական երևույթ էր դարձել այն քաղաքներ ճանապարհորդելը, որոնք հայտնի էին իրենց հանքային ջրի աղբյուրներով, ինչը և՛ անհրաժեշտություն, և՛ սովորություն էր հարուստ եվրոպացիների համար։ Սովորություն, որը երբեմն իրականանում էր հիվանդությունները բուժելու, երբեմն էլ ցուցադրելու համար: Այս հնագույն սովորությունը շարունակվեց մի քանի դար, մինչև 1740 թվականին այն ենթարկվեց լայնածավալ փոփոխությունների։ Մաքուր և անվտանգ խմելու ջրի բացակայությունը մի քանիսին ստիպեց մտածել, որ մարդկանց աղբյուրների մոտ բերելու փոխարեն պետք է հանքային ջուր տանել նրանց մոտ։ Այս մտքի արդյունքը Անգլիայի Հարոգեյթ քաղաքում առաջին կոմերցիոն հանքային ջրի հիմնադրումն էր։ Harrogate-ի հանքային ջրերի բիզնեսը իր հիմնադրումից ի վեր ծաղկեց մոտ երկու դար, այնքան, որ այն կարելի էր համտեսել և օգտագործել Լոնդոնից մինչև Բոմբեյ։ Բայց սա դեռ ամենը չէր։ Այս անգլիական ընկերության բախտի աստղը խամրեց 20-րդ դարի գալուստով և անսպասելի իրադարձության պատճառով։ Այո, բռնակվեց որովայնային տիֆ և կառավարությունները քայլեր ձեռնարկեցին ջրի քլորացման համար։
---------
1900-ականների սկզբին առողջապահական ոլորտի մի ակտիվիստ առաջին անգամ լայնորեն քլոր ավելացրեց Լինքոլն քաղաքում օգտագործվող ջրին՝ կանխելու հիվանդության տարածումը, արդյունքում դադարեց ոչ միայն տիֆը, այլև աղտոտված ջրի օգտագործումը։ Կարևոր իրադարձություն, որը շուտով հայտնի դարձավ որպես ջրային հեղափոխություն: Ջրային հեղափոխությունը, որը շուտով մեկը մյուսի հետևից հարվածեց աշխարհի երկրներին, դառը նորություն էր հանքային ջրեր արտադրող ընկերությունների համար, որովհետև արդեն և՛ հարուստներին, և՛ աղքատներին հասանելի էր անվտանգ ջուր։ Այլևս կարիք չկար, որ որևէ մեկը ծախսեր իր գումարը մի բանի վրա, որը հեշտությամբ կարելի է ստանալ խոհանոցի ծորակից։
-----------
1970-ականների վերջին, հանքային ջրի պատմությունը գերլարված էր, քանի որ ջրի հեղափոխության ծանր ստվերը զգացվում էր հանքային ջրի ընկերությունների վրա մինչև 1970-ականների վերջը։ Սակայն Perrier հանքային ջրի ընկերությունը թանկարժեք գովազդով և իհարկե հայտնի դերասանի կախարդական ձայնով կարողացավ հեղաշրջում կատարել դրա դեմ։ Perrier-ը միակը չէր, ով կարողացավ համոզել մարդկանց դադարեցնել քաղաքային ջուր խմելը։ Հանքային ջրերի համատարած գովազդի հետ մեկտեղ հեռուստատեսային և քաղաքային գովազդներում կարելի էր տեսնել նաև այնպիսի սպորտաձևերի տարածում, ինչպիսին է աերոբիկան: Մարզիկների կրկնվող պատկերը, կարծես հանքային ջրի շիշը դարձել էր նրանց մարմնի մի մասը։ Գովազդները հուշում էին, որ այն մարզիկը, ով ջրի շիշ չի կրում, մարզիկ չէ։ Միգուցե դա է պատճառը, որ նույն տարիներին «Թայմս» ամսագիրը այս աղաղակող գովազդների մասին օգտագործում էր «ջրի առևտուր» տերմինը։ Իհարկե, այն, ինչի մասին «Թայմս»-ն ակնարկում էր հեգնանքով, կարճ ժամանակ անց ավելի ծայրահեղ ձև ստացավ։ Քանի որ ապակե շշերը իրենց տեղը զիջեցին պլաստիկ շշերին,որոնք ավելի թեթև և էժան են, քան ապակե շշերը։Այս նոր շշերը կարելի է տեղափոխել, հեշտությամբ օգտագործել և հեշտությամբ նետել: Խելացի և տնտեսական լուծում, որն օգտագործվում է հանքային ջրի ընկերությունների կողմից՝ իրենց արտադրանքն ավելի շատ վաճառելու համար:
------------------------
Հենց առաջին իսկ օրերից, երբ կանխատեսվում էր, որ փաթեթավորված ջրի արդյունաբերությունը մեծ արժեք կստանա, ըմպելիք արտադրող ընկերությունները ատամները սրել էին սպառողների գրպանի համար։ Այս ընկերությունները կարծում էին, որ եթե ջուրը զովացուցիչ ըմպելիքների պես շահութաբեր է լինելու, ինչո՞ւ չարտադրել երկուսն էլ։
Ահա թե ինչու 1990-ականներին Pepsi , Coca-Cola և Nestlé ընկերությունները հիմնադրեցին AQUAFINA, Dasani PURE LIFE ապրանքանիշերը, որոնք ցույց էին տալիս, որ Harrogate-ի հին գաղափարը դեռևս ունի կողմնակիցներ։
Իհարկե, այս խոշոր ընկերությունների ճանապարհին անկանխատեսելի խնդիրներ կային։ 2004 թվականին, երբ Coca-Cola-ն փորձում էր գրավել անգլիական հանքային ջրի շուկան իր նոր ապրանքանիշով՝ Dasani-ով, տարօրինակ բան տեղի ունեցավ։ Ընդամենը 5 շաբաթ էր անցել Dasani-ի առաջին ջրի շշերը թանկարժեք և ցնցող գովազդներով այդ երկրում բաժանվելուց, երբ Daily Star պարբերականը հրապարակեց բացահայտող վերնագիր այս ընկերության մասին։
Daily Star պարբերականը բացահայտեց, որ Coca-Cola ընկերության դուստր ձեռնարկությունը Բրիտանիայում անում է նույն բանը, ինչ անում է ԱՄՆ-ում՝ շշերը լցնելով ծորակի ջրով։
Փաստորեն, Dasani-ին մաքրում էր քաղաքի ջուրը և հանքային աղեր ավելացնելուց հետո, մեկ շիշը 95 պենս գնով վաճառում էր բրիտանացիներին, ինչպես նաև այդ թերթի վերնագրից անմիջապես հետո պարզվեց, որ հանքային աղերը, որոնք ավելացնում էր Dasani-ն քաղաքի ջրի համար քաղցկեղածին էին։
Այս միջադեպից հետո Coca-Cola-ն ստիպված էր ամբողջ Անգլիայից հավաքել իր, այսպես կոչված, հանքային ջրի բոլոր 500,000 շշերը և հեռանալ այդ երկրից:
Բայց սրանով չավարտվեց Coca-Cola-ի ու մարդկանց պատմությունը։ Մի քանի տարի անց հանքային ջրերի արդյունաբերության օգտին բազմաթիվ օրենքների հաստատումը և դրա մասին լայնածավալ գովազդը 2016 թվականը դարձրեց շրջադարձային կետ շշալցված ջրի արդյունաբերության ոլորտում։ Հանքային ջրերի մաքրությունն այլևս միակ կարևոր խնդիրը չէր, այլ ավելի կարևոր էր դրանց յուրահատուկ լինելը։ Աստիճանաբար շուկա հանվեցին սովորական ջրերն իրենց տարօրինակ հատկություններով...
Թթվածնով հագեցած ջուրը, օմեգա պարունակող ջուրը, սպիտակուց պարունակող ջուրը, սև ջուրը, ճարպոտ ջուրը, օվկիանոսի հատակից ստացված ջուրը, բևեռային սառցաբեկորներից ստացված ջուրը և շատ այլ ջրեր նոր հավելումներով գրավեցին երկրների շուկաները։
---------
Վերջին երկու տասնամյակների ընթացքում հետազոտողները հայտնել են, որ հանքային ջրի շշերի մեջ մարսողական վիրուս է հայտնաբերվել։ Վիրուս, որը բազմաթիվ խնդիրներ կառաջացնի ստամոքսի և աղիների համար։ Իհարկե, վերջին տարիներին քննարկման առարկա է դարձել ոչ միայն մարդու օրգանիզմի համար այս շշերի վնասակարությունը, այլև դրանց անվերամշակելի լինելը պատճառ է դարձել առավել քան երբևէ քննադատության ենթարկվեն հանքային ջրեր արտադրող ընկերությունները։Այս քննադատություններն ավելացել են Խաղաղ օվկիանոսում աղբի կղզի հայտնաբերվելու պատճառով։ Այս աղբակղզին, որն ավելի մեծ տարածք ունի, քան երեք երկրներ՝ Ֆրանսիան, Իսպանիան և Գերմանիան, վերջին տարիներին 100 անգամ մեծացել է, և դրա մեծ ծավալը բաղկացած է պլաստիկ շշերից։ Անօրգանական թափոնների այս հսկայական կուտակումները մարդկային կյանքին սպառնալուց բացի, վնասում են Երկրի էկոհամակարգը և առաջացնում են կենդանիների և բույսերի բազմաթիվ տեսակների ոչնչացում:
Այժմ ավելի քան չորս տասնամյակ է անցել Perrier հանքային ջրերի հեռուստատեսային գովազդից, սակայն ջրի արդյունաբերության հայտնի ապրանքանիշերի և դրանց անընդհատ աճող արտադրանքների թիվը ապացուցում է, որ փաթեթավորված ջրի օգտագործումը դարձել է սովորություն մեր առօրյա կյանքում։ Սովորություն, որը, ինչպես անցյալ դարերին, այնպես էլ 70-ականներին երբեմն արվում է սնապարծության նպատակով, երբեմն էլ այսպես կոչված «ավելի առողջ կենսակերպ» ցույց տալու համար։ Սովորություն, որի ստեղծմանը թերեւս ամենից շատ նպաստում են հայտնի մարդիկ։ Նրանց ձեռքում գտնվող ջրի շշերը ոչ միայն գովազդում են ապրանքանիշը, այլև տարածում են մի ապրելակերպ, որը ոչ միայն կհանգեցնի միջավայրի հետագա ոչնչացմանը, այլև մեծ վնաս կպատճառի մարդու առողջությանը։ Վերջին տասնամյակների ընթացքում խոշոր ընկերությունների ահռելի գովազդը և շահույթ փնտրելու մոտեցումը պատճառ են դարձել, որ մոլորակի միակ կենսատու հեղուկը վերածվի պլաստիկ շշերի ներսում գտնվող վնասակար հեղուկի։
Շշեր, որոնք, թվում է, մարդկանց համար ավելի շատ մահ են պարունակում, քան կյանք...