Ընտելանանք (63)
https://parstoday.ir/hy/radio/world-i212094-Ընտելանանք_(63)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությունը։ Երբեմն ձեր ուզած կյանքին հասնելու համար անհրաժեշտ է փոխել ապրելակերպը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2024 09:16 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությունը։ Երբեմն ձեր ուզած կյանքին հասնելու համար անհրաժեշտ է փոխել ապրելակերպը։

«Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով Հարկ է նշել, որ այս հաղորդման ընթացքում ներկայացված առաջարկությունները ընդհանուր են, և դրանցից մի քանիսը կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշակի փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:

Ողջույն, սիրելի բարեկամներ, եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք հոգեպես մոլորվածության զգացումի պատճառները, խնդիր, որին բախվում են բազմաթիվ մարդիկ իրենց կյանքում։ Նրանցից ոմանք  չգիտեն, թե ով են, ինչ ճանապարհով են առաջ շարժվում, և իրենց կյանքում որևէ իմաստ կամ նպատակ չեն գտնում: Այս թողարկման ընթացքում կուսումնասիրենք այս զգացումը հաղթահարելու ուղիները։ Մնացեք մեզ հետ։

Կյանքում մոլորվածության զգացումից ազատվելը շատ կարևոր է։ Որովհետև եթե այս զգացողությունը չվերացնեք ձեր կյանքում, ապա դուք կմնաք անորոշության մեջ: Ինքնաճանաչումը կամ ինքնագտնելու արվեստը շատ կենսական նշանակություն ունի հոգեբանական աճի համար: Երբ դուք կյանքում փարատեք  մոլորվածության զգացումը, կմեծանա կյանքից ձեր բավարարվածությունը, ձեզ կվերադառնան կյանքի պահանջները, կարիքները, ցանկություններն ու ուրախությունները, և դուք կապրեք այդ նույն արժեքներով, որոնք կարևոր են ձեզ համար:

Երբեմն մեզանից շատերը փորձում ենք լինել այնպիսին, ինչպիսին սիրում են ուրիշները: Այս ապրելակերպը կարող է հանգեցնել սթրեսի և անհանգստության մեծացման, քանի որ մենք ստիպված ենք անընդհատ փոխել ինքներս մեզ՝ ուրիշներին դուր գալու համար: Մեզ հետ կապված ուրիշների կարիքներն ու կարծիքները միշտ փոփոխական են: Ըստ ձեզ, այս մարդկանցից յուրաքանչյուրի հետ հարմարվելը միայն նրանց դուր գալու համար, արդյո՞ք մեզ չի հոգնեցնի ու չի հյուծի։ Այսպիսով, միակ ելքը ինքներս մեզ գտնելն ու առաջնահերթություն դարձնելն է:

Կան տարբեր եղանակներ, որոնց միջոցով դուք կարող եք ձերբազատվել կյանքում մոլորվածության զգացումից: Թերևս դրանցից մի քանիսը հարմար են ձեզ, իսկ մյուսները՝ ոչ: Դուք կարող եք ինքներդ ձեզ համար գտնել լավագույն մեթոդը՝ փորձի և սխալի միջոցով:

Նախ և առաջ, պետք է ընդունեք այն զգացումը, որ ունեք։ Զգացմունքների ժխտումը հաճախ ավելի վնասակար է, քան օգտակար: Ամուսնության և ընտանեկան հարցերով թերապևտ Քոլին Մալենի կարծիքով, երբ մենք ընդունում ենք մոլորվածության մեր զգացմունքները, կարող ենք կենտրոնանալ դրա վրա: Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ տխրության, հուսահատության կամ անօգնականության զգացողությունները մարդկային հույզերի բնական մասն են և տեղի են ունենում այն ժամանակ, երբ մեր կյանքը սկսում է ընթանալ այն ուղղությամբ, որը մենք չենք ցանկանում։

Զգացմունքները ճանաչելուց և ընդունելուց հետո դուք պետք է բարեխղճորեն հոգ տանեք ձեր մասին: Դրա համար դուք կարող եք անել այնպիսի բաներ, որոնք ձեզ հանգստացնում են: Օրինակ, դուք կարող եք ձեր առօրյայում ներառել խորը շնչառական վարժություններ, մեդիտացիա կամ յոգայի վարժություններ: Փորձեք հոգատար լինել ինքներդ ձեր նկատմամբ։ Երբ ձեզ մոտ բացասական մտքեր են հայտնվում, ավելի լավ կլինի ինքներդ ձեզ հիշեցնել, որ իրադարձությունները ձեզնից կախված չեն, բայց դրանց արձագանքելը ձեզնից է կախված, և դուք կարող եք դա կառավարել:

Թերևս բազմիցս լսել եք «գրելը հրաշքներ է գործում» արտահայտությունը, բայց դրան լուրջ չեք վերաբերվել։ Այդ արարքը մեծ չափով հեռացնելու է ձեր բացասական մտքերն ու զգացմունքները։ Նույնիսկ փորձեք նկարագրել ձեր ֆիզիկական զգացմունքները: Ձեր մտքերը բերեք թղթի վրա և գրի առեք այն զգացողությունները, որոնք ունեք այդ պահին։ Դա արեք ամեն օր։ Այդպես, երբ մոլորվածության զգացողություն ունեք, կարող եք շարունակել այն գործողությունները, որոնք նախկինում ձեզ լավ տրամադրություն էին պարգևում: Օրինակ, եթե քնելուց առաջ միշտ գիրք էիք կարդում կամ կինո էիք դիտում, ապա դա նորից արեք։ Եթե ​​մտերիմ ընկերոջդ հետ դուրս գալը և նրա հետ զրուցելը ձեզ լավ տրամադրություն են պատճառում, ապա շարունակեք այդ արարքը։ Մի դադարեցրեք դա անել, նույնիսկ եթե դա ձեզ համար դժվար է և դուք այլևս հաճույք չեք ստանում դրանից: Ժամանակի ընթացքում դուք կրկին կվերականգնեք այն լավ զգացողությունը, որը ունեիք նախկինում։

Մոլորվածության զգացումը հաղթահարելու մեկ այլ միջոց է վստահել ինքներդ ձեզ: Եթե մինչ այժմ ​​դուք ապրել եք ուրիշների ակնկալիքները բավարարելու հիման վրա, ապա դա հավանաբար եղել է այն պատճառով, որ ձեր մեջ ինքնավստահություն ստեղծելու տեղ չեք գտել: Երբ դուք դա անեք, կարող եք օգտվել հնարավորություններից և ավելի լավ զգացումով դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց: Եթե ​​մենք անընդհատ փորձենք նայել անցյալին ու վերանայել մեր թույլ տված սխալները, ապա մենք երբեք չենք ձերբազատվի կյանքում մոլորվածության զգացողությունից: Ինքնավստահություն ձեռք բերելու լավ միջոց է գրի առնել այն բաների ցանկը, որտեղ մենք հաջողակ ենք եղել։ Գրել, թե որտեղ մենք հաջողակ ենք եղել, ինչպե՞ս մեզ դրսևորեցինք, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք։ Այս բաները հիշելը կարող է մեզ համար շարժառիթ դառնալ և արդյունքում հետզհետե կանհետանա կյանքում մոլորվածության  զգացումը։

Կյանքում մոլորվածության զգացողությունից հետո ինքներդ ձեզ վերագտնելու համար ամենակարևոր բաներից մեկն է հիշել այն արժեքները, որոնք ունեք կյանքում: Ի՞նչեր են ձեզ համար կարևոր: Ի՞նչ արժեքների եք հետևում: Ընտրեք ձեզ համար միշտ կարևոր եղած մի քանի արժեքներ, այնուհետև արեք այնպիսի բաններ, որոնք համապատասխանում են դրանց: Օրինակ, եթե ուրիշներին օգնելը ձեզ համար արժեք է, ապա տեղական բարեգործական կազմակերպությունում կամավոր աշխատեք: Եթե ​​դուք մտահոգված եք շրջակա միջավայրով, ապա ձեր ժամանակացույցում ներառեք այնպիսի կամավոր գործողություններ, ինչպիսիք են տնկիներ տնկելը կամ լողափն ու բնությունը մաքրելը: Կամ փորձեք ընդօրինակել այն մարդկանց, որոնցով հիանում եք որոշակի պատճառներով:

Երբեմն մոտիվացիոն ելույթները, նույնիսկ եթե դրանց հետ համաձայն չեք, ներթափանցում են ձեր սրտի խորքը՝ միայն լսելով նրանց դրական բառերը։ Ուստի, դիտեք մոտիվացիոն ելույթներ կամ մասնակցեք ձեր կարիերայի հետ կապված միջոցառումներին: Այս միջոցառումների օգնությամբ դուք կարող եք ավելի հեշտությամբ հիշել ձեր նախասիրածությունները։ Դուք կարող եք կապ հաստատել ձեզ համախոհ մարդկանց հետ։ Նման միջոցառումների ոգեշնչող մթնոլորտը և հատուկ էներգիան, կարող են բավարար լինել ձեզ վերականգնելու համար: Ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք գլխավոր դրական արտահայտությունները: Սա կարող է բարձրացնել ձեր ինքնավստահությունը և արժեքավոր լինելու զգացումը: Դրանք ամեն օր բարձրաձայն ասեք ինքներդ ձեզ:

Հոգեթերապևտին այցելելը և աջակցող խմբերին միանալը նույնպես օգտակար քայլեր են, սակայն լավ մեթոդ է համարվում նաև համապատասխան միջոցներով ինքնօգնությունը: Օրինակ, եթե տխրության զգացում ունեք, ապա գտեք այնպիսի գրքեր ու ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ձեզ: Հոգեթերապևտ Ալիսա Մանկաոյի (Alyssa Mancao) խոսքով՝ մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ մեզ անընդհատ ասում են, թե ով ենք մենք և ինչպես պետք է վարվենք: Եթե ​​ցանկանում եք գտնել ինքներդ ձեզ, դուք պետք է զտեք այս տեսակետները և փորձեք քնքուշ լինել այն կերպարի նկատմամբ, ինչ սիրում եք լինել, այլ ոչ թե լինել այն, ինչ ուրիշներն են ուզում: Կարևոր է նշել, որ դա հանկարծակի տեղի չի ունենում, այնպես, ինչպես, Երբ դուք աճում եք, փոփոխություններ են տեղի ունենում ձեր մեջ, և դուք նոր բացահայտումներ եք անում ձեր մասին:

Հիշեք, որ երբ դուք միշտ կենտրոնացած եք ուրիշներին առաջնահերթություն տալու վրա, մոռանում եք ինքներդ ձեզ: Նախ մտածեք ձեր կարիքների մասին: Ձեր ժամանակը և էներգիան կենտրոնացրեք ձեր առաջնահերթությունների վրա և հեռու մնացեք ուշադրությունը շեղող արտաքին հանգամանքներից:  Եթե ​​կան մարդիկ, որոնց վրա չափազանց մեծ ուշադրություն եք դարձնում, ապա առանց պատճառի, կրճատեք այն, ինչ անում եք նրանց համար և տեսեք, թե ինչ է լինում: Նրանք, ամենայն հավանականությամբ, առանց նկատելու կշարունակեն  գնահատել ձեր բարի արարքները, թեև դրանք նվազել են:

Ամեն դեպքում, դուք մինչև այսօր արել եք այնպիսի քայլեր, որոնք պատճառ են դարձել, որ ձեր վիճակը դառնա այսպիսին։ Այժմ պետք է մի կողմ թողնել անցյալի սխալ արարքները՝ դրանք փոխարինելով լավ սովորություններով։ Եթե ​​թողնեք ձեզ վրա բացասաբար ազդող անցյալի սովորությունները՝ դրանք փոխարինելով առողջ վարքագծով, ապա որոշ ժամանակ անց կտեսնեք, թե որքան է փոխվել ձեր կյանքը։ Օրինակ՝ մի կողմ թողեք այնպիսի բացասական սովորություններ, ինչպիսիք են ծխելը, սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելը, բամբասելը, քննադատելը և այլն, և դրանք փոխարինեք այնպիսի առողջ վարքագծերով, ինչպիսիք են՝ սովորելը, մարզվելը, կյանքում ստեղծագործ լինելը, առողջ հարաբերություններ հաստատելը,  բացասական մարդկանցից հեռու մնալը և այլն, որպեսզի կարողանաք բարեփոխել ձեր կյանքի ուղին: Նման բաներ անելու համար պետք է լավ յուրացնել ժամանակի կառավարումը։ Ճիշտ կարգավորեք ձեր քնելու ժամանակը, ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին և անշուշտ, ձեր ամենօրյա գրաֆիկում ներառեք սպորտային վարժությունները: Հետևելով այս ծրագրերին՝ որոշ ժամանակ անց կտեսնեք, թե որքան է ձեր կյանքը փոխվել դեպի դրական ուղղությամբ։

Եթե ​​այս ուղղությամբ օգտագործեք, այսպես կոչված, «ուղեղային փոթորիկը» կամ «ուղեղային տարափը» (Brainstorming), ապա ձեր մտքում կծագեն բազմաթիվ լուծումներ, որոնք կօգնեն ձեզ ընտրել ձեր կյանքի ճիշտ ուղին։ «Ուղեղային փոթորիկը» օգնում է ձեզ գտնել ձեր կյանքի նպատակները, և իմանալ, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք: Օրինակ, դուք կիմանաք, թե որ բնագավառում է ձեր տաղանդը և հեշտությամբ կարող եք կարգավորել ձեր մտքերը, որպեսզի կարճ ժամանակում ձերբազատվեք հոգեկան մոլորվածության զգացումից։ Օրինակ, մեկնեք կարճատև ճանապարհորդության, կյանքի բոլոր ճնշումներից հեռու մտածեք ձեր մասին և տեսեք, թե որն է ձեր կյանքի իմաստը և ավելի լավ է ինչ անել: Համոզված եղեք, որ ձեզ ոչինչ չի պատահի, ուստի հանգիստ մտքով արեք այս գործերը:

Երբ պարզում եք, թե ինչու եք կյանքում սկսել տառապել հոգեկան մոլորվածության զգացումով, անհրաժեշտ է փոխել կյանքի ուղին՝ փոխարինելով անցյալի սխալները նոր սովորություններով ու վարքագծով։ Այսինքն՝ մտածեք, թե ինչն է պատճառ դառնում, որ դուք ձեզ լավ զգաք և ինչ կցանկանայիք անել՝ ներքին խաղաղության հասնելու համար։

Այս առնչությամբ մեկ այլ կետ, որին պետք է անդրադառնալ, այն է, որ երբ դուք պլանավորում եք գտնել ինքներդ ձեզ՝ կյանքում մոլորվածության զգացողությունից հետո, կարող եք բախվել տարբեր մարտահրավերների: Օրինակ, երբ փոխում եք ինքներդ ձեզ, ապա կարող է ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին կամ գործընկերներին դուր չգալ այն նոր մարդը, որը դուք դարձել եք, և խնդիրներ ունենան ձեզ հետ: Հնարավոր է դուք ևս նկատեք, որ ձեր շրջապատի մարդիկ ձեզ հետ են միայն ուրախ ու երջանիկ պահերին և ձեր նվնվոցներն ու բողոքները լսելու տրամադրություն չունեն։ Ժամանակի ընթացքում դուք կբացահայտեք միակողմանի հարաբերությունները և կհասկանաք, թե ով է իսկապես սրտի խորքից մտածում ձեր մասին:

Մեկ այլ խնդիր է անորոշությունը, որը հաճախ պատահում է մեզ այն ժամանակ, երբ նոր արկածներ են առաջանում կամ կյանքի նոր էջ է բացվում։ Պատճառն այն է, որ մենք բոլորս սովորություն ունենք մնալ մեր հարմարավետության գոտում։ Մի վայր, որը մեզ ծանոթ է և վախենում ենք դրանից դուրս գալ: Ուստի կյանքում մոլորվածության զգացողությունը վերացնելու հարցում մենք մնում ենք չկողմնորոշված։ Մի անհանգստացեք։ Երբեմն մենք ստիպված ենք դուրս գալ մեր հարմարավետության գոտուց և զբաղվել անծանոթ բաներով: Հակառակ դեպքում մենք մեզ երբեք չենք գտնի։

Փաստն այն է, որ մոլորվածության զգացողությունը այնքան էլ վատ  բան չէ, քանի որ դուք կարող եք այն դիտարկել որպես մեծ քայլ՝ ավելի լիարժեք կյանք ստեղծելու համար, և առաջին քայլն անել ինքներդ ձեզ հետ կապ հաստատելու համար: