Ընտելանանք (64)
https://parstoday.ir/hy/radio/world-i213154-Ընտելանանք_(64)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությունը։ Երբեմն ձեր ուզած կյանքին հասնելու համար անհրաժեշտ է փոխել ապրելակերպը։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում մենք միասին փորձում ենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 07:22 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությունը։ Երբեմն ձեր ուզած կյանքին հասնելու համար անհրաժեշտ է փոխել ապրելակերպը։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում մենք միասին փորձում ենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։

Հարկ է նշել, որ այս հաղորդման ընթացքում ներկայացված առաջարկությունները ընդհանուր են, և դրանցից մի քանիսը կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշակի փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:

Ողջույն սիրելի բարեկամներ։ Այս թողարկման ընթացքում կխոսենք ֆոբիայի կամ վախի, այս խանգարման պատճառների և դրա բուժման լուծումների մասին։ Մնացեք մեզ հետ։

 Վախի տարբեր տեսակներ կան։ Ընդհանրապես, վախերի որոշ տեսակները նորմալ և բնական են, և դրանց գոյությունն անհրաժեշտ է գոյատևելու համար, որպեսզի մարդիկ կարողանան ժամանակին արձագանքել և պաշտպանվել տարբեր վտանգներից։ Իսկ վախի որոշ տեսակներն էլ անբնական են, որոնք կոչվում են ֆոբիա: Ֆոբիան որոշակի առարկայի կամ իրավիճակի նկատմամբ չափից դուրս և իռացիոնալ վախ է, որը խաթարում է կյանքի բնականոն ընթացքը:

Եթե ​​դուք ունեք ֆոբիա, ապա, հավանաբար, զգացել եք ինտենսիվ վախ կամ խուճապ որոշակի իրավիճակներում: Բայց մի անհանգստացեք, կան օգտակար լուծումներ և բուժման մեթոդներ սաստիկ վախերը հաղթահարելու համար, որոնց կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում:

Ֆոբիան շոշափելի վախ կամ անհանգստություն է որոշակի առարկայի կամ իրավիճակի նկատմամբ: Ֆոբիան չափից դուրս և իռացիոնալ վախ է: Եթե ​​դուք ֆոբիա ունեք, դուք կարող եք զգալ խորը սարսափի զգացում, երբ բախվում եք ձեր վախի աղբյուրին: Վախը կարող է լինել կոնկրետ վայրից, իրավիճակից կամ առարկայից: Այս խանգարումը պատկանում է տագնապային խանգարումների դասին։ Ի տարբերություն այլ տագնապային խանգարումների, ֆոբիաների տեսակները կապված են ինչ-որ կոնկրետ բանի հետ, և այս խանգարումը հիշատակվում է կոնկրետ ֆոբիայի անվանումով:

Տարբեր ֆոբիաների ազդեցությունները կարող են լինել անհանգստացնող կամ խիստ թուլացնող: Տարբեր ֆոբիաներ ունեցող մարդիկ հաճախ գիտակցում են, որ իրենց վախը իռացիոնալ է, բայց նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ: Նման վախերը կարող են խանգարել աշխատանքին, դպրոցին և անձնական հարաբերություններին: Ֆոբիան իռացիոնալ վախ է մի բանից, որը դժվար թե վնաս պատճառի: Բառը ինքնին ծագել է հունարեն «phobos» եզրից, որը նշանակում է «վախ» կամ «սարսափ»:

APA (American Psychological Association ) Ամերիկյան հոգեբուժական ինստիտուտը  ներկայացրել է ֆոբիաների երեք տեսակ. սոցիալական ֆոբիաներ, ագորաֆոբիա և հատուկ ֆոբիաներ։ Սոցիալական ֆոբիան հաճախ կապված է սոցիալական տագնապի խանգարման հետ: Այս մարդիկ վախենում են սոցիալական իրավիճակներից և ձգտում մեկուսացման։ Հասարակ շփումները, ինչպիսիք են ռեստորանում սնունդ պատվիրելը կամ հեռախոսազանգին պատասխանելը, կարող են խուճապի նոպա առաջացնել այս մարդկանց մոտ: Ագորաֆոբիան վախն է մարդաշատ վայրերից կամ տնից դուրս որևէ վայրում փորձանքի մեջ ընկելուց: Այս խանգարումով տառապող մարդիկ խուսափում են լինել հասարակական իրավիճակներում և հավաքներում։ Իսկ ինչ վերաբերում է Հատուկ ֆոբիաներին, նրանք տարբեր են և ներառում են մեծ թվով վախեր, այդ թվում՝ միջատների ֆոբիա, վախ՝ կենդանիներից, ներարկվելուց և այլն։

Սոցիալական տագնապը և ագորաֆոբիան ավելի բարդ են, քան հատուկ ֆոբիաները, քանի որ դրանց հրահրիչները հեշտությամբ չեն բացահայտվում: Մյուս կողմից, այս տեսակի վախեր ունեցող մարդկանց կյանքը կարող է ավելի դժվար լինել տնից դուրս գալու և հասարակության մեջ գտնվելու անկարողության պատճառով: Այս տեսակի ֆոբիաները ախտորոշվում են այն ժամանակ, երբ մարդը սկսում է կարգավորել իր կյանքը և կանխել իր վախերի առաջացումը։ Այս խնդիրներով տառապող մարդիկ պետք է խուսափեն այն ամենից, ինչը նրանց մոտ տագնապ է առաջացնում: Իսկ հատուկ ֆոբիաներն ավելի պարզ են թվում, քան մյուս տեսակները, քանի որ դրանց պատճառը կարելի է բացահայտել: Մյուս կողմից, հաճախ առօրյա կյանքում վախերի որոշակի հրահրիչներին հանդիպելը, ինչպիսիք են օձերը, միջատները և այլն, կարող են մշտական ​​չլինել: Ուստի, հավանաբար այս տեսակի ֆոբիան այնքան էլ ուժեղ ազդեցություն չի ունենա մարդու կյանքում։

Որոշ մարդիկ ավելի շատ են հայտնվում այս հիվանդության վտանգի ազդեցության տակ։ Օրինակ  տագնապի զգացողության գենետիկ հակվածություն ունեցողները կարող են հայտնվել ֆոբիաների բարձր ռիսկի տակ: Ֆոբիա ունենալու վտանգի տակ են նաև այն երեխաները, ովքեր ունեն տագնապի խանգարում ունեցող մերձավոր ազգական: Սթրեսային իրադարձությունները, ինչպես օրինակ ջրում գրեթե խեղդվելու իրավիճակ ապրելու փորձը, կարող են ֆոբիա առաջացնել: Բացի այդ, շրջակա միջավայրի գործոնները ներգործող են ֆոբիայի առաջացման համար: Տարիքը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և սեռը, ըստ երևույթին, ռիսկի գործոններ են որոշակի ֆոբիաների համար: Օրինակ՝ կանայք ավելի հակված են կենդանաֆոբիայի։ Երեխաների կամ ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդկանց մոտ հավանականությունը ավելի մեծ է, որ նրանք ունենան սոցիալական ֆոբիա կամ սոցիալական տագնապի զգացողություն: Տղամարդիկ էլ ավելի շատ ֆոբիաներ ունեն ատամնաբույժների և բժիշկների նկատմամբ:

Անհանգստացնող իրադարձությունները ևս կարող են ֆոբիաներ առաջացնել: Փակ տարածքների,  բարձրությունների, կենդանիների կամ միջատների խայթոցների ազդեցության իրավիճակում հայտնվելը կարող է ֆոբիայի աղբյուր դառնալ: Շարունակական բժշկական պայմաններում գտնվող կամ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կարող է ֆոբիաներ առաջանալ: Թմրանյութեր չարաշահող մարդիկ կամ դեպրեսիայից տառապողները, ինչպես նաև նրանք, ովքեր ունեցել են գանգուղեղային վնասվածք, ավելի հակված են այս խանգարմանը: Ֆոբիաները տարբեր ախտանիշներ կարող են ունենալ այնպիսի լուրջ հոգեկան հիվանդությունների դեպքում, ինչպիսին շիզոֆրենիան է: Շիզոֆրենիայի դեպքում մարդիկ ունենում են տեսողական և լսողական պատրանքներ, զառանցանքներ, պարանոյա*, բացասական ախտանիշներ, ինչպիսին է հաճույք չստանալու զգացողությունը։ Ֆոբիաները կարող են իռացիոնալ լինել, բայց տարբեր տեսակի ֆոբիաներ ունեցող մարդիկ չեն ձախողում իրականության թեստում:

Ֆոբիա ունեցող մարդը ունենում է այնպիսի նշաններ ու ախտանիշներ, որոնք ընդհանուր են ֆոբիաների տարբեր տեսակներում: Այս ախտանիշներից են անկառավարելի տագնապի զգացողությունը վախի աղբյուրին հանդիպելիս և վախի աղբյուրից ամեն գնով խուսափելու զգացումը։ Այս մարդիկ չեն կարող ճիշտ պահվածք ունենալ  նյարդայնացնող գործոնների հետ բախվելիս ու թեև գիտակցում են, որ վախը եղել է անսովոր ու չափազանցված, նրանք անկարող են կառավարել զգացմունքները:

Ֆոբիաների ամենատարածված և ամենաթուլացնող ախտանիշը խուճապի նոպան է: Այս նոպայի ախտանիշներից են սրտի ուժեղ բաբախումը, շնչահեղձությունը, արագ խոսելը կամ խոսելու անկարողությունը: Խուճապի նոպայի այլ ախտանիշներից են բերանի չորությունը, ստամոքսի խանգարումը, սրտխառնոցը, արյան բարձր ճնշումը, դողոցը: Կրծքավանդակի ցավի կամ պնդության և շնչահեղձության զգացումը, գլխապտույտը կամ գլխի թեթևության զգացողությունը, առատ քրտնարտադրությունը նույնպես դրա ախտանիշներից են: Իհարկե, ֆոբիա ունեցող մարդը կարող է զգալ այս ախտանիշները, բայց միայն սաստիկ վախի տեսքով և ոչ այնքան ուժեղ, քան խուճապի նոպան: Այնուամենայնիվ, ֆոբիա ունեցող անձի մոտ ախտորոշման համար խուճապի նոպաների առկայությունը պարտադիր չէ։

«Թիթեռները Ստամոքսում» (Butterflies in the stomach) կոչվող զգացողությունը նույնպես ֆոբիա ունեցող մարդկանց մոտ նկատվող ախտանիշներից է։ Այս զգացողությունը ֆիզիկական զգացումը է, որը մարդու մոտ առաջացնում է ստամոքսի գերբնակվածության զգացում և առաջանում է այս օրգանում արյան հոսքի նվազման պատճառով։ Դա տեղի է ունենում ադրենալինի արտազատման արդյունքում, և հանգեցնում է սրտի բաբախումների և արյան ճնշման բարձրացման, ինչի հետևանքով մկաններին ավելի շատ արյուն է ուղարկվում։

................

American Psychological Association (Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա)

** Պարանոյայի խանգարումը հոգեկան հիվանդության տեսակ է, որը կասկածի տեղիք է տալիս ուրիշների նկատմամբ: Այս դեպքում մարդը չի վստահում այլ մարդկանց և կարծում է, որ ուրիշները մտադիր են վիրավորել իրեն։