Հայաստանը մի շարք առավելություններ ունի ԵԱՏՄ–ում. տնտեսագետը՝ Նուր Սուլթանի նիստի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i107880-Հայաստանը_մի_շարք_առավելություններ_ունի_ԵԱՏՄ_ում._տնտեսագետը_Նուր_Սուլթանի_նիստի_մասին
Հայաստանը պետք է իրացնի ունեցած ինտելեկտուալ ներուժը ԵԱՏՄ–ում։ Նա մրցակցային առավելություններ ունի գիտելիքահեն ոլորտներում, կարծում է փորձագետը։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մայիս 30, 2019 05:32 Asia/Tehran
  • Հայաստանը մի շարք առավելություններ ունի ԵԱՏՄ–ում. տնտեսագետը՝ Նուր Սուլթանի նիստի մասին

Հայաստանը պետք է իրացնի ունեցած ինտելեկտուալ ներուժը ԵԱՏՄ–ում։ Նա մրցակցային առավելություններ ունի գիտելիքահեն ոլորտներում, կարծում է փորձագետը։

Հայաստանը մի շարք մրցակցային առավելություններ ունի Եվրասիական տնտեսական միությունում, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 29–ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կազմակերպությունն այսօր զարգանում է և նոր հնարավորություններ բացում միության անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար։

Մանասերյանի խոսքով` Հայաստանը կարող է ԵԱՏՄ–ում առաջատար երկիր դառնալ շատ ուղղություններով։ Մասնավորապես, դրանք բարձր տեխնոլոգիաներն են, նանոտեխնոլոգիաները։ Հայաստանը բարձրակարգ կադրեր ունի այդ ոլորտներում, այդ տեխնոլոգիաների դեֆիցիտը զգացվում է ԵԱՏՄ բոլոր երկրներում։

«Հայաստանը պետք է իրագործի ԵԱՏՄ–ում ունեցած ինտելեկտուալ ներուժը։ Մեր երկիրը մրցակցային առավելություններ ունի գիտելիքահեն ոլորտներում։ Եվ ընդհանուր շուկայի առկայությունը նպաստում է այդ խնդրի լուծմանը», – կարծում է Մանասերյանը։

Նշենք, որ Նուր Սուլթանում կայացած նիստում Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հուլիսին կմեկնի Սինգապուր, որտեղ կքննարկվեն ԵԱՏՄ–ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին հարցեր։

Մանասերյանը կարծում է, որ ցանկացած երկրի հետ համագործակցությունն օգտակար է ԵԱՏՄ–ի համար ոչ միայն իրացման նոր շուկաների առումով, այլ նաև փորձի փոխանակման։ Սինգապուրի փորձը տնտեսության գիտելիքահեն ոլորտների զարգացման մեջ, այդ երկրի սկզբունքայնությունը և հետևողականությունը կարող են բարեփոխումներ իրագործելու օրինակ ծառայել Հայաստանի և ԵԱՏՄ–ի մյուս երկրների համար։

armeniasputnik.am