Հայաստանն աշխարհի հետ կիսում է փախստականների խնդրի լուծման բեռը. ՄԱԿ ներկայացուցիչ
Աշխարհում կան ավելի քան 70 մլն գաղթականներ, որոնցից 25 մլն-ը փախստականներ են:
Այս մասին հուլիսի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթը:
Ընդ որում՝ նա նշեց, որ նրանցից կեսը մինչեւ 18 տարեկան երեխաներ են:
Աննա-Կարին Օսթը նշեց, որ Հայաստանն աշխարհի հետ կիսում է փախստականների խնդրի լուծման բեռը, եւ կարեւորեց իր մոտ փախստականներին ընդունելու հարցում հանրապետության դերը:
ՄԱԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության ծրագրում հստակ նշված է, որ նախատեսվում է բարելավել եւ պարզեցնել ապաստան տրամադրելու գործընթացը, ինչպես նաեւ օգնություն եւ ինտեգրում ապահովել այն անձանց համար, ովքեր արդեն Հայաստանում ապաստան են ստացել:
Աննա-Կարին Օսթն անդրադարձավ եւս մեկ հարցի՝ քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներին:
«Մենք շատ ենք ցանկանում այս հարցը լուծել եւ հույս ունենք այդ հարցով վերադառնալ այս խորհրդարան: Դա լուծելի հարց է: Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ հանդիպել եւ խոսել այս թեմայով»,- ասաց ՄԱԿ ներկայացուցիչը:
News.am