Հայաստանի հետ կապված թուրքական զինուժի գլխավոր շտաբի գաղտնի ծրագիրը բացահայտվել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i113960-Հայաստանի_հետ_կապված_թուրքական_զինուժի_գլխավոր_շտաբի_գաղտնի_ծրագիրը_բացահայտվել_է
Թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքը բացահայտել է Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մշակված ծրագրի անվանումն ու մանրամասները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2019 16:09 Asia/Tehran
  • Հայաստանի հետ կապված թուրքական զինուժի գլխավոր շտաբի գաղտնի ծրագիրը բացահայտվել է

Թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքը բացահայտել է Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մշակված ծրագրի անվանումն ու մանրամասները:

Փաստաթուղթը հրապարակած «Nordic Monitor»-ի հոդվածագիր Աբդուլլահ Բոզքուրթն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հավատում է իր հրապարակած փաստաթղթի իսկությանը:

Թուրքիայի ռազմական տեսուչներն Անկարայի Աքընջըի ավիաբազայի հրամանատարության կողմից վերահսկվող փաստաթղթերի բյուրոյում պլանների ուսումնասիրություն անցկացնելիս պարզել են, որ պլանի որոշ էջեր անհետացել են:

Սկսվել է հետաքննություն ՝ պարզելու, թե ինչպես են նշված փաստաթղթերն անհետացել: Գլխավոր շտաբին էջերի անհետ կորելու մասին զեկուցագիրը ներկայացվել է 2016 թվականի մայիսի 23-ին: Եվ հենց այդ արտահոսքի զեկուցագիրն էր, որ բացահայտել է գործողության անվանումը՝ «ALTAY»: «Գաղտնի պլանը վերջնական տեսքի է բերվել 2001 թվականի հուլիսի 13-ին: Այն պատրաստվել է մարտավարական օդուժի 2-րդ հրամանատարության կողմից, որպես «OĞUZTÜRK» կոչվող օդային հարձակողական պլանի մաս: Զեկուցագրում նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռևս վավեր է, և ընդգծվում է, որ էջերի կորուստը բացասական ազդեցություն չի ունենա ALTAY օպերացիայի վրա», - գրել է Աբդուլլահ Բոզքուրթը «Nordic Monitor»-ում:

Հրապարակումը միջազգային լայն արձագանք է գտել: Հունական ԶԼՄ-ները «սենսացիոն» են որակել այն: «Այս բացահայտումը, ինչպես նաև այլ տեղեկություններ Աթենքի որոշ շրջանակների հիմք են տվել մտածելու, որ Հայաստանը Սիրիայից հետո կլիներ Թուրքիայի հաջորդ թիրախը»,-գրում են հունական լրատվամիջոցները:

Armenpress.am