ԱՍՀ նախարարության պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանը «Պեկին+25» նախարարական համաժողովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i113993-ԱՍՀ_նախարարության_պատվիրակությունը_ներկայացրել_է_Հայաստանը_Պեկին_25_նախարարական_համաժողովին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գլխավորել է հայաստանյան պատվիրակությունը՝ «Պեկին+25» Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների նախարարական համաժողովի շրջանակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 06:01 Asia/Tehran
  •  ԱՍՀ նախարարության պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանը  «Պեկին+25» նախարարական համաժողովին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գլխավորել է հայաստանյան պատվիրակությունը՝ «Պեկին+25» Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների նախարարական համաժողովի շրջանակում։

Համաժողովի նպատակն է եղել ներկայացնել մասնակից երկրների՝ գենդերային հավասարության հաստատմանն ու կանանց հզորացմանն ուղղված ռազմավարական գործողությունները, ինչպես նաև հարթակ տրամադրել տարբեր ոլորտներում նորարարական լուծումների և փորձի փոխանակման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Կանանց համաչինական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ - չինական համագործակցության հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերությունների դերը փորձի փոխանակման և համատեղ օրակարգի ձևավորման գործում։

 Նա նաև ներկայացրել է Հայաստանի փորձն ու հանձնառությունը՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, Հայաստանում աղքատության վերացման և սոցիալական պաշտպանության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում երեխաների ակտիվ ներգրավվածությանը, տարբեր մարզերում աղջիկների ֆուտբոլային թիմերի ձևավորմանը:

Համաժողովի ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվել է հռչակագիր, որում ներառվել են նաև զինված հակամարտությունների գոտում բնակվող և դրանց հետևանքով տեղահանված կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության հարցերը։

Armenpress.am