Հունվար 04, 2020 08:52 Asia/Tehran
  • ԱԳ նախարարը Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման կապացությամբ խորհրդակցություն է հրավիրել

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 3-ին խորհրդակցություն է հրավիրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»,- նշել է Աննա Նաղդալյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի պատերազմ է հայտարարել Իրանին՝ անցկացնելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությունը, համարում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնական, «Միջազգային ճգնաժամային խմբի» նախագահ Ռոբերտ Մալլին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Իրաքի «Ալ Խաշդ աշ Շահաբի» աշխարհազորը հայտարարել է Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով իր 5 անդամների և «երկու հյուրերի» զոհվելու մասին։ Զոհվածների թվում է եղել գեներալ Սուլեյմանին։ Հարվածի համար պատասխանատվությունն ստանձնել է ԱՄՆ-ն, Թեհրանը հաստատել է բարձրաստիճան ռազմական գործչի զոհվելը։

ՏԱՍՍ-ի համաձայն՝ հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ, որի մերձակայքում տեղակայված են ամերիկյան ռազմակայանները, հզոր պայթյուններ են որոտացել։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն Ամերիկայից»։

Armenpress.am

 

Պիտակ