Դավիթ Շահնազարյանը` ժնևյան բանակցությունների մասին. «Եղել են համաձայնություններ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i116462-Դավիթ_Շահնազարյանը_ժնևյան_բանակցությունների_մասին._Եղել_են_համաձայնություններ
Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ հնչեցրած իր փաստարկներին, որին արձագանքել էր ԱԳՆ–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2020 05:15 Asia/Tehran
  • Դավիթ Շահնազարյանը` ժնևյան բանակցությունների մասին. «Եղել են համաձայնություններ»

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ հնչեցրած իր փաստարկներին, որին արձագանքել էր ԱԳՆ–ն։

Դավիթ Շահնազարյան. «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մոլորեցնում է մեր հասարակությանը»

Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ այն, ինչ ասել է՝ կապված հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների հետ, իրականություն է, և դա նոր չի քննարկվում։

«Իսկ մյուս երկու կետերի՝ ինտենսիֆիկացման ու լայն շրջանների մասին ասվածը կա նաև արտգործնախարարների ու համանախագահների հայտարարություններում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Շահնազարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: Նրա խոսքով` դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ նշել էր, որ  Շահնազարյանի արած վերլուծություններում որևէ աղերս չի տեսնում իրականության հետ   Շահնազարյանը տարակուսում է, թե ի՞նչ վերլուծությունների մասին է խոսքը, հերքում չկա:

Նա եռանախագահողների և արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ առանձնացնում է այն իրողությունը, որ կողմերը քննարկել են 2019թ.-ին ձեռք բերված համաձայնությունների իրականացման հարցերը: Նա մեղադրում է ՀՀ ԱԳՆ-ին հանրությանը մոլորեցնելու համար:

«Շատ լավ հիշում եք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում էին ընդհանրապես բանակցություններ խոսքն օգտագործել՝ նշելով, որ տեղի են ունենում հանդիպումներ, տեսակետների փոխանակում: Ժնևյան հանդիպումներից հետո մեր արտգործնախարարը վերջապես արտասանեց բանակցություն խոսքը: Այժմ պարզվում է, որ մեր հասարակության այն հատվածը, որն իսկապես մտահոգված է այս ամենով, ուղղակի ցնցված է: Կրկնում եմ` եղել են համաձայնություններ և ոչ թե պայմանավորվածություններ: Ընդ որում՝ այս բառի թարգմանությունը մեր ԱԳՆ–ն միտումնավոր ճիշտ չէր ներկայացրել: Արդեն խոսվում է համաձայնությունների իրականացման մասին»,- ասաց քաղաքական գործիչը:

Շահնազարյանը նշում է նաև այն հանգամանքը, որ թեև Զոհրաբ Մնացականյանը բազմիս ասել է, որ մեզ համար կարևոր են բանակցությունների հարցում Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը, սակայն այս անգամ նշված արտահայտությունը չկար ժնևյան հայտարարության տեքստում:

armeniasputnik.am