Հայկական հարցը ստիպեց Էրդողանին հանձնվե՞լ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116634-Հայկական_հարցը_ստիպեց_Էրդողանին_հանձնվե_լ
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան մտադիր չէ Իդլիբի շուրջ տարաձայնության պատճառով սրել հարաբերությունը Ռուսաստանի հետ: Նա հայտարարել է, թե կզանգահարի Պուտինին՝ իրավիճակը քննարկելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2020 12:23 Asia/Tehran
  • Հայկական հարցը ստիպեց Էրդողանին հանձնվե՞լ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան մտադիր չէ Իդլիբի շուրջ տարաձայնության պատճառով սրել հարաբերությունը Ռուսաստանի հետ: Նա հայտարարել է, թե կզանգահարի Պուտինին՝ իրավիճակը քննարկելու համար:

Թուրքիայի նախագահը, որ անցնող օրերին դժգոհում էր Սիրիայում ՌԴ գործողություններից, այդ թվում՝ Իդլիբի ուղղությամբ սիրիական բանակի ռազմարշավի աջակցությունից, կարծես թե հանձնվում է և այդ ուղղությամբ չի գնում առճակատման, որի նախանշանները դրսևորվել էին այդ ուղղությամբ ռազմագործողությունների ընթացքում, որոնք, ի դեպ, հանգեցրել էին թե՛ թուրքական բանակի, թե՛ ռուսական զինուժի ներկայացուցիչների կորստի:

Իրավիճակը այդ առումով հետաքրքիր է՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիայի դժգոհությունը զուգորդվում էր ԱՄՆ նախագահի պաղեստինա-իսրայելական կարգավորման «Դարի գործարքի» ռուս-իսրայելական քննարկումով: Այդ քննարկման համար Իսրայելի վարչապետը ժամանել էր Մոսկվա, իսկ ՌԴ նախագահը նրան «դիմավորեց» թմրանյութ տեղափոխելու համար Ռուսաստանում ձերբակալված և 7,5 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայելի քաղաքացուհու ներումով: Բենիամին Նեթանյահուն Մոսկվայից Իսրայել վերադարձավ, այսպես ասած, հաղթանակով, որը նրան կարող է պետք գալ ներքին ընտրապայքարում:

Ի՞նչ է ստացել Պուտինը այդ նվերի դիմաց՝ արդյոք որոշակի առաջխաղացման համաձայնությո՞ւն Սիրիայում: Համենայնդեպս նկատելի էր, որ «Դարի գործարքը» միանգամից մերժած ու կոշտ քննադատության ենթարկած Թուրքիայի հանդեպ Ռուսաստանը Սիրիայում սկսեց դրսևորել որոշակի «քամահրական» պահվածք, ինչը այդքան էլ բնորոշ չէ ռուս-թուրքական հարաբերությանը: Դա թերևս վկայում էր, որ Մոսկվան ստացել է դիրքային որոշակի ամրություն՝ թերևս «Դարի գործարքի» հանդեպ գոնե առժամանակ լոյալության շնորհիվ:

Մոսկվան Էրդողանի դժգոհությանն ի պատասխան հայտարարեց Պուտինի խոսնակի մակարդակով, թե Իդլիբի ուղղությամբ կա ահաբեկչական աշխուժություն, և իրենք լուծում են այդ հարցը, իսկ եթե Էրդողանն ունի մտահոգություն, թող գա՝ կխոսենք: Նույն ոգով պատասխանեցին նաև Ղրիմի խաղաքարտին, որ փորձեց օգտագործել Թուրքիայի նախագահը:

Եվ ահա, Էրդողանը կարծես թե Իդլիբի հարցում հանձնվում է: Մարտավարակա՞ն է նահանջը՝ թուրքական դիվանագիտությանը բնորոշ, թե՞ իսկապես Անկարայի համար ավելի կարևոր են ՌԴ-ի հետ առնչվող ռազմավարական ծրագրերը, ինչպես նշել է Էրդողանը: Իսկ այստեղ առանցքայինն այն է, որ այդ շարքում եթե ոչ՝ կարևորագույնը, առանցքայինն ու հիմնարարը, ապա առաջնայիններից մեկն Անկարայի համար հայկական հարցն է և այն չեզոքացնելու ռուսական գործոնը: Այդ հանգամանքը Անկարայի համար Ռուսաստանի ռազմավարական նշանակության հանգամանքներից մեկն է, որ ամրագրված է նաև 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով, որի 100-րդ տարելիցը լրանում է մեկ տարի անց:

Ռուսաստանն ու Թուրքիան համաշխարհային նոր իրողություններում կանգնած են նոր դիրքավորման անհրաժեշտության առաջ, որտեղ Ռուսաստանից եկած ազդակը Անկարայի համար այդքան էլ բարեհունչ չէ: Պուտինն առաջարկում է նոր աշխարհակարգի շուրջ քննարկում ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամների առաջնայնությամբ, այսինքն՝ առաջնային շարքից դուրս է դնում Անկարային: Իսկ դա կարող է ստեղծել ռիսկեր այն առումով, որ Մոսկվան կարող է առնվազն մտորել ռուս-թուրքական պայմանագրի հավատարմությունից դուրս գալու մասին: Առավել ևս, որ Հայաստանը կանգնած է բոլորովին նոր որակ ու հնարավորություն ձեռք բերելու ճանապարհին:

Իսկ բանն այն է, որ ինչպիսի բազմաթիվ խնդիրներ էլ ունենա Թուրքիան, հայկական հարցը այդ երկրի համար «կոդային» է, ինչը օրերս խոստովանել էր անգամ Էրդողանի աշխատակազմի ներկայացուցիչը: Նա հայտարարել էր, որ այդ հարցն ունակ է պառակտել Թուրքիան: Այդ հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Էրդողանի մոտ բարձր խորհրդում քննարկվել էին հայկական հարցն ու սպասող մարտահրավերները: Դրանցից առանցքայինն Անկարայի համար իհարկե Մոսկվայի հավատարմությունն է հայերին չեզոքացնելու պայմանավորվածությանը: Էրդողանը Պուտինից ձգտելու է ստանալ հավատարմության նոր երդում: Թույլ կտա՞ դա անել Հայաստանը, Հայաստանի հանրությունը, հայությունը:

1in.am