Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները չեն հանդիսանում խաղաղ գործընթացի գործոն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116701-Ադրբեջանի_ոչ_կառավարական_կազմակերպությունները_չեն_հանդիսանում_խաղաղ_գործընթացի_գործոն._ՀՀ_ԱԳՆ_խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2020 10:51 Asia/Tehran
  • Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները չեն հանդիսանում խաղաղ գործընթացի գործոն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցն ու ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը.

Հարց. Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: Արդյոք կա՞ նման զարգացում:                                                                         

Պատասխան. Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։

Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան հրադադարի համաձայնագրից: 

Armenpress.am