Նախագահի աշխատակազմը պարզաբանել է՝ երբ կարող է անցկացվել սահմանդրական հանրաքվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i116808-Նախագահի_աշխատակազմը_պարզաբանել_է_երբ_կարող_է_անցկացվել_սահմանդրական_հանրաքվեն
Նախագահի աշխատակազմը պարզաբանել է՝ երբ կարող է անցկացվել սահմանդրական հանրաքվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2020 16:17 Asia/Tehran
  • Նախագահի աշխատակազմը պարզաբանել է՝ երբ կարող է անցկացվել սահմանդրական հանրաքվեն

Նախագահի աշխատակազմը պարզաբանել է՝ երբ կարող է անցկացվել սահմանդրական հանրաքվեն:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ «Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով»։

Պարզաբանման մեջ նշվում է, որ հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

«Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:

Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», - ասված է պարզաբանման մեջ:

VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում, խոսելով սահմանադրական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իր մոտեցման մասին, ասել էր. «Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:

Հունվարի 6-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Verelq.am