Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116944-Զոհրաբ_Մնացականյանը_հանդիպել_է_ԱԷՄԳ_գլխավոր_տնօրենի_հետ
Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 12-ին հանդիպեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2020 16:02 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 12-ին հանդիպեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ջատագով, մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի ու ԱԷՄԳ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության նոր հորիզունների ուղենշման և առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետների ու անվտանգ գործունեության, միջուկային էներգետիկայի զարգացման և միջուկային անվտանգության հարցերին: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր գնահատեց միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգության բարձրացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները:

Նախարարն առանձնահատուկ մատնանշեց միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության հարցում: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն երկուստեք ընդգծվեց միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ Հայաստանի և Գործակալության միջև արդյունավետ համագործակցությունն առողջապահության ոլորտում:

Միջուկային էներգետիկայի խաղաղ նպատակներով օգտագործման համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

1in.am