Մյունխենում մեկնարկեց անվտանգության համաժողովը, մասնակցում է ՀՀ վարչապետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117012-Մյունխենում_մեկնարկեց_անվտանգության_համաժողովը_մասնակցում_է_ՀՀ_վարչապետը
ՄՅՈՒՆԽԵՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում մեկնարկեց անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Մյունխենից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը ժամանեց «Bayerischer Hof» հյուրանոց, որտեղ հավաքվել են համաշխարհային առաջնորդները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2020 14:20 Asia/Tehran
  • Մյունխենում մեկնարկեց անվտանգության համաժողովը, մասնակցում է ՀՀ վարչապետը

ՄՅՈՒՆԽԵՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում մեկնարկեց անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Մյունխենից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը ժամանեց «Bayerischer Hof» հյուրանոց, որտեղ հավաքվել են համաշխարհային առաջնորդները:

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, նախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիները: Արդյոք Եվրամիության երկրներն ավելի սերտ են համագործակցում պաշտպանության ոլորտում, արդյոք աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության սպառնալիքների առաջ. այս և այլ հարցեր կլինեն Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող ղեկավարների քննարկման առանցքում:

Եռօրյա համաժողովը հյուրընկալելու է 500-ից ավելի պատվիրակի: Նախատեսված է ավելի քան 40 երկրներից նախագահների, վարչապետների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցություն: Այս տարվա համաժողովում Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։

Մասնակիցների թվում կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: ԱՄՆ-ից սպասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը։ Նախատեսվում են Ռուսաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարների ելույթները:

Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 2019 թվականին Մյունխենի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս տարի ևս նա ներկա կլինի համաժողովի բացմանը։

https://armenpress.am/arm/news/1004994.html