Հայաստան բժշկական դիմակների նոր խմբաքանակ է ներկրվելու
https://parstoday.ir/hy/news/armenia-i117699-Հայաստան_բժշկական_դիմակների_նոր_խմբաքանակ_է_ներկրվելու
Բժշկական դիմակների խնդիր ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ, առկա է դիմակների համաշխարհային դեֆիցիտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2020 05:25 Asia/Tehran
  • Հայաստան բժշկական դիմակների նոր խմբաքանակ է ներկրվելու

Բժշկական դիմակների խնդիր ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ, առկա է դիմակների համաշխարհային դեֆիցիտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դիմակներ չկան շատ երկրներում կամ եթե կան, ապա եղածը թանկացել է: Այստեղ անհրաժեշտություն կա մեծացնել դիմակների արտադրության հզորությունը: Մեր կարիքների համար մենք ներկրել են 165 հազար դիմակ, առաջիկայում 50 հազար էլ կներկրենք: Դրանք առաջին հերթին խիստ անհրաժեշտ են բժշկական հաստատություններում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նա նկատեց, որ քննարկվում է Հայաստանում դիմակների արտադրություն կազմակերպելու հարցը, սակայն գործարարները հասկանում են, որ հնարավոր է բռնկումները շուտով վերանան, և այդ դեպքում իրացման խնդիր կլինի: Նախարարն ընդգծեց, որ բոլոր հնարավոր աշխատանքներն արվում են քաղաքացիների համար դիմակների հասանելիությունն ապահովելու համար:

«Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, պետք չէ փողոցում քայլելիս դիմակներ կրել: Այն անհրաժեշտ է կրել, եթե շփվում եք շնչառական վիրուսով մարդու հետ: Կամ պետք է դիմակ կրի հենց շնչառական վիրուս ունեցող քաղաքացին»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է դիմակների գներին, ապա Արսեն Թորոսյանը նշեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործիքակազմով հսկում է, որ արհեստական աճ չլինի: Նախարարը նաև նկատեց, որ «շուկայում սպեկուլյացիաներ կան»:

Armenpress.am